Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան հայ գերիների հարցով դիմել է Թրամփին

Christian Newswire-ում հրապարակվել է Միացյալ Նահանգների քրիստոնյա առաջնորդների նամակը, որով նրանք դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝  Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 23  հայ և մեկ կրոնափոխ քրիստոնյա ադրբեջանցու ազատ արձակման ուղղությամբ հրատապ ու վճռական քայլեր ձեռնարկելու խնդրանքով:

Նշվում է, որ նրանց թվում է նաև Ռուբեն Վարդանյանը, որը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: Նա արդեն 21-րդ օրն է շարունակում է հացադուլը, ինչն էլ հանգեցնում է նրա առողջության խիստ վատթարացմանը Ադրբեջանի բանտային պայմաններում:

Նամակի հեղինակները հղումներ են անում նաև խոշտանգումների վերաբերյալ հավաստի զեկույցներին և շարունակվող չարաշահումներին՝ ընդգծելով, որ Թրամփի առաջնորդությունը բացառիկ դիրք ունի այս ճգնաժամը լուծելու հարցում և որ անհրաժեշտ են  հրատապ գործողություններ՝ քրիստոնյաների կյանքերը փրկելու համար:

Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման. նա ազատ կարձակվի միայն 2030 թ.

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել ավելի քան 3,2 միլիոն դոլար պետական ​​միջոցների յուրացման մեջ և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է վրացական Mtavari Arkhi հեռուստաալիքը։

Նա մեղադրվում էր Պետական ​​անվտանգության ծառայությունից 9,2 մլն լարի յուրացնելու մեջ՝ անձնական կարիքների համար՝ հագուստ, որդու կրթություն, մեքենաների վարձույթ, կոսմետիկ պրոցեդուրաներ և այլն։ Ազատազրկման ժամկետը կհաշվարկվի Սաակաշվիլիի ձերբակալության պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Այսպիսով, նա ազատ կարձակվի միայն 2030 թվականի հոկտեմբերի 1-ին։

«Էսքան ձգձգել են մորս մարմնի փոխանցումը ու դեռ ասում են, որ իբր չենք վերցնու՞մ». Վերա Աղասյանի որդի

Forrights

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած մեկօրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանվեց 120 հազար հայ: Արցախում մնացին միայն շուրջ երկու տասնյակ արցախցի, որոնց մասին հստակ տեղեկատվություն չկա։ Անցած տարի ադրբեջանական APA գործակալությունը հղում անելով  Ադրբեջանի առողջապահության նախարարությանը, տարածեց տեղեկատվություն, ըստ որի՝  հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մնացած 70-ամյա Վերա Աղասյանի մոտ սրտի կանգ է արձանագրվել և նա մահացել է։

Վերա Աղասյանի հարազատներն անմիջապես դիմել էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտե, որպեսզի միջնորդեն ու կնոջ մարմինը տեղափոխեն և հուղարկավորեն Հայաստանում, սակայն այդ կապակցությամբ իշխանությունների կողմից Բաքվի հետ տարված երկխոսությունում մինչև հիմա առաջընթաց չկա։ Երեկ լրատվամիջոցներում կրկին անդրադարձ եղավ Վերա Աղասյանի մարմինը Հայաստան տեղափոխելու հարցին։ ԶԼՄ- ները հղում էին արել APA գործակալության տեղեկատվությանը, ըստ որի Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը նշել է .

«Իրականացվել են անհրաժեշտ բոլոր փաստագրման ընթացակարգերը մարմինը հանձնելու համար, եւ անգամ ընթացիկ տարվա փետրվարին հարցն անմիջականորեն հասցվել է հայկական պատվիրակությանն իրազեկելուն սահմանին առանց միջնորդների մասնակցության հանդիպման ժամանակ։ Սակայն հայկական կողմն արդեն 5 ամիս է՝ ոչ մի կերպ չի արձագանքում մարմինը վերցնելու հարցին»։

Խնդրի առնչությամբ մենք կապ հաստատեցինք Վերա Աղասյանի որդու՝ Արսենի հետ, որը վրդովված է լրատվամիջոցներում շրջանառվող ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվություններով ու հարափոփոխ լուրերով։

«Չեմ ուզում վիրավորել որևէ լրատվամիջոցի, բայց խնդրի հետ կապված դիմել ենք Կարմիր խաչին, Ազգային անվտանգության ծառայությանը։ Ո՞նց կարող է մենք չուզենանք մեր ծնողի դիակը հասցնենք այստեղ, մենք բոլոր կառույցներին դիմել ենք, տարվել էր համապատասխան աշխատանք ու նշվել էր օրը, երբ պիտի Հակարի կամրջի մոտ փոխանցեին մորս մարմինը։ Սակայն այդ նույն օրը՝ նոյեմբերի 11-ին, որ նաև մորս ծննդյան օրն էր, զանգել են մեզ և տեղեկացրել, որ Ադրբեջանը չեղարկել է գործընթացը։ Երկու օր էլ ենք սպասել, նորից դիմել Ազգային անվտանգությանը։ Հիմա 4-5 ամիս անցել է ու որևէ առաջընթաց չկա, բայց տեղի-անտեղի զանգում են ինձնից պարզաբանում պահանջում, այնինչ համապատասխան մարմիններին պետք է դիմել։ Բոլոր մեր փորձերն ապարդյուն են անցել։ Ազգային անվտանգությունը, Կարմիր խաչը, երկրի ղեկավարությունն էլ չի կարողանում հարցին լուծում տա»,- վրդովված տեղեկացրեց Արսենը։

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին Forrights.am-ին տեղեկացրեց, որ չեն կարող մեկնաբանել որևէ իշխանության կողմից արված հայտարությունները, կապված նման խնդիրների կարգավորումների ու համաձայնության հետ, որովհետև իրենց գործունեությունը կոնֆիդենցիալ բնույթ է կրում.

«Այդ առումով նախապես որևէ բան ասել չեմ կարող։ Սակայն մեր կողմից պատրաստակամությունը նույնն է մնում և երբ կողմերն այդ հարցում գան որոշակի համաձայնության, մենք պատրաստակամ ենք աջակցելու, ինչի մասին բազմիցս ասել ենք երկու կողմերին։ Ընտանիքի հետ էլ կապի մեջ ենք, բայց որևէ այլ հարց այս պահին մեկնաբանել չեմ կարող։ Մենք միջնորդ ենք հանդիսանում ու ավելի ճիշտ կլինի իշխանություններն իրենց դիրքորոշումը հայտնեն։ Երկու կողմերի համաձայնության դեպքում մենք պատրաստակամ ենք նպաստել հետագա քայլերի իրականացմանը»։

Վերա Աղասյանը ծննդով Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքից է։ Ամուսնացել ու ապրել է Խրամորթ գյուղում։ Որդու ասելով՝ միայն մայրը չէր մնացել Ստեփանակերտում, այլև եղբայրն ու այլ հարազատներ։ Նրանք ոչ մի կերպ չեն համաձայնել թողնել Արցախը ու նախընտրեցին մնալ այնտեղ՝ մտածելով, որ լավ է մեռնել ծննդավայրում կամ գուցե մի օր արցախցիները կվերադառնան։ Վերա Աղասյանի որդու խոսքով՝ մոր մահվան վերաբերյալ միակ տեղեկատվությունը տարածվել է Ադրբեջանի կողմից։

«Հիմա իմ եղբորիցս 3-4 ամիս է տեղեկություն չունեմ, այլ բարեկամներ էլ ունեմ, որ Ստեփանակերտում են մնացել ու նրանցից էլ լուր չունեմ։ Հեռախոսներն արգելափակել են։ Եթե սկզբից զանգում էին, խոսում, այժմ ոչ մեկի հետ չենք կարողանում կապի դուրս գալ։ Լավ, ասենք մայրս մահացել է, բա 11 հոգի մարդ կա այնտեղ ՝ Ստեփանակերտից, Մարտակերտից, Մարտունուց, Հադրութից, Խնապատից, նրանց ճակատագրով հետաքրքրվող կա՞։ Բոլորին էլ ճանաչում էի, բոլորի հետ էլ խոսում էի ու հիմա կապ չկա։ Էսքան ձգձգել են մորս մարմնի փոխանցումը ու դեռ ասում են, որ իբր չենք վերցնու՞մ։ Չի կարելի չէ՞ մարդուն էդքան տանջած, բոլոր փաստաթղթերը ստորագրել ենք, պատրաստվել, սպասել, բայց ամեն ինչ անօգուտ։ Ի՞նչ ասեմ, իսկ գուցե չի էլ մահացել, միայն տեղեկացրել են, որ Ստեփանակերտի քաղաքացի Վերա Աղասյանը մահացել է ամսի 20-ին, բայց այլ հստակ տեղեկատվություն, փաստ, լուսանկար չկա։ Ամեն ինչ գլխովս անցնում է, ինչ իմանամ ճշմարտությունը։ Միթե՞ էս ամիսների ընթացքում հնարավոր չեղավ խնդիրը լուծել»,- սրտնեղած ու հուսահատված ասած Վերա Աղասյանի որդին։

Զառա Մայիլյան

Հեռախոսազրույց ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզության ղեկավարների միջև

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատքլիֆը պայմանավորվել են գործակալությունների միջև կանոնավոր շփումների մասին՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առճակատումը նվազեցնելու համար, հաղորդում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու հատուկ ծառայությունների փոխգործակցության և ճգնաժամային իրավիճակների կարգավորման հարցեր։

Արցախցի Թագուհին մտադիր է ընդլայնել բիզնեսը

Թագուհի Սարգսյանն Արցախի Ստեփանակերտ քաղաքից է։ 2023-ի Արցախի հայաթափումից հետո ընտանիքի հետ բնակություն է հաստատել Երևան քաղաքում։

Սիրով ու կարոտով է հիշում Արցախում անցկացրած ամեն մի օրը

 – Ծնվել, մեծացել, սովորել ու ապրել եմ Ստեփանակերտում։ Ուսման բերումով մի քանի տարի բնակվել եմ Երևան քաղաքում՝ սովորելով Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։ Ավարտել եմ “Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն” ֆակուլտետը։ Ուսումս ավարտելուց հետո վերադարձել եմ Արցախ ու մի քանի ամիս հետո աշխատանքի անցել ԱՀ ԱԺ-ում, որտեղ աշխատել եմ մինչև Արցախի բռնի տեղահանումը։

Արցախում հիմնական աշխատանքիս զուգահեռ, քրոջս՝ Մանեի հետ Ստեփանակերտում բիզնես էինք բացել։ Նշանադրության, հարսանիքների, ծնունդների և այլ ուրախ առիթների համար ձևավորում էինք անում։ Մեր բիզնեսը բավականին հաջողված էր։ Անգամ շրջափակման ժամանակ էինք պատվերներ ստանում և այդ սուղ պայմաններում կարողանում էինք մարդկանց ուրախություն պարգևել, նրանց առիթները գեղեցկացնել։

Նկարել մանկուց եմ սիրում, և նկարչության արվեստն իմ մեջ կատարելագործվել է տարիների ընթացքում։ Նկարելու շնորհքն ինձ փոխանցվել է իմ հայրիկից։ Երբ Ստեփանակերտում սկսեցինք դիզայներական աշխատանքներ անել, հենց նկարելն էր ինձ ոգեշնչում և ավելի զարգացնում երևակայական միտքս։

Թագուհու ընտանիքը բոլոր արցախցի ընտանիքների պես դժվարությամբ է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ Արցախի կորստից հետո կյանքն ասես կանգ էր առել, սակայն հետզհետե նրանք հասկացել են, որ պայքարել ու ապրել է պետք, իսկ դրա համար հարկավոր էր որևէ գործ ձեռնարկել։ Թագուհին գործի դրեց նկարչության իր տաղանդը՝ ստեղծելով Taguhi Art բրենդը։

 -Ընտանիքս մեծ է՝ ես, մայրս, քույրս, տատիկս ու պապիկս։ Ցավոք, հայրս, ով Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակից էր, կյանքից վաղաժամ է հեռացել։ Նա մահացել է 2002 թվականին․ գերեզմանը գտնվում է Արցախում։ Տեղահանությունից հետո, երբ հաստատվեցինք Երևանում, շատ էինք ընկճված ու կոտրված, սակայն գիտակցեցինք, որ պետք է մի բանով զբաղվենք։ Հետզհետե մտանք հունի մեջ։

Ես որոշեցի շապիկների ձևավորմամբ զբաղվել։ Նկարելուց հաճույք եմ ստանում, ու դա միշտ իմ հոբբին է եղել։ Հոբբիս դարձրի եկամտի աղբյուր։ Աշխատում եմ հատուկ կտորի համար պրոֆեսիոնալ ներկերով։ Տարբեր գույների շապիկների վրա նկարում եմ այն, ինչ նախընտրում են հաճախորդները, իհարկե, մեծ ուշադրություն եմ սևեռում արցախյան թեմայի վրա։

Քրոջս և ընկերուհիներիս հետ երկար էինք մտածում բրենդի անվան մասին։ Դիմեցի գրաֆիկ-դիզայների, բացատրեցի՝ ինչ տիպի տարբերանշան եմ ուզում և որ անպայման պետք է լինի Արցախի տատիկն ու պապիկը։ Ի վերջո, կարողացանք մեր ուզած պատկերը ստանալ։ Երեք անգամ “Taguhi Art” բրենդով մասնակցել եմ արցախցիների համար կազմակերպած ցուցահանդես-վաճառքի։

Աշխատում եմ օնլայն պատվերով։ Հաճախորդներս հիմնականում արցախցիներ են։ Չեմ դժգոհում․ արդեն բավականին պատվիրատուներ ունեմ։ Իմ հայրենակիցները գիտեն, որ այդ աշխատանքով եմ զբաղվում, ու եթե որևէ օրիգինալ նվեր են ուզում, ապա դիմում են ինձ։ Լինում են դեպքեր, երբ հաճախորդներիս հետ երկար քննարկում եմ պատվերի ամեն մի դետալը և արդյունքում ստանում նրանց ուզած նկարը։ Ձևավորում եմ ինչպես մեծերի, այնպես էլ մանկական հագուստներ,- ասում է Թագուհին։

Առաջիկայում Թագուհին նոր ծրագրեր է նախատեսում։ Նա պատրաստվում է ավելի ընդլայնել տեսականին՝ անցնելով պայուսակների, գլխարկների, սփռոցների, տաբատների և աքսեսուարների ձևավորման: Մտադիր է նոր մտահղացումները կյանքի կոչել մոտ ամսվա ընթացքում ու հանդես գալ թարմացված տեսականիով։ Մեր զրույցի վերջում նա ասում է

-Ինքս ինձ խոսք եմ տվել, եթե Աստված կամեցավ, ու մենք վերադարձանք Արցախ, ապա ես անպայման խանութ կբացեմ, որտեղ ցուցադրված կլինեն միայն ձեռքի աշխատանքներ՝ Արցախի թեմայով:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ուկրաինան համաձայնել է 30-օրյա զինադադարի, ԱՄՆ-ն վերսկսում է ռազմական մատակարարումները և հետախուզական տեղեկատվության փոխանակումը

Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Ջիդդայում կայացած բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Նրա ամենակարևոր տարրերը. Ուկրաինան պատրաստ է համաձայնել «30-օրյա ժամանակավոր զինադադարին, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունման և միանշանակ իրականացման դեպքում»:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Միացյալ Նահանգները կվերսկսի Ուկրաինային անվտանգության ապահովումը և հետախուզական տեղեկատվության փոխանակումը:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում է։ Նա նշել է, որ հրադադարը ուժի մեջ կմտնի, եթե Ռուսաստանը դրական պատասխան տա։ Այնուհետ, ըստ պետքարտուղարի, պետք է սկսվեն խաղաղության բանակցությունները։

Ալիև. մարդ առաց ծննդյան և մահվան կոնկրետ ամսաթվի

russia-artsakh.ru

Մարտի 4-ին ՏԱՍՍ-ը հայտնել է, որ պարոն Սոբյանինը մասնակցել է Հեյդար Ալիևի հուշարձանի հիմնաքարի տեղադրման արարողությանը: (https://tass.ru/obschestvo/23300893)

Միաժամանակ Telegram-ի ալիքներից մեկը հայտնել է. «Սոբյանինը որոշել է Ալիև ավագի հուշարձանը կանգնեցնել Մոսկվայում։ Հեյդար Ալիևիչը լավ որդի է մեծացրել։ Հուշարձանը կտեղադրվի Հաղթանակի 80-ամյակի տարում։ Իսկ ավագ-Ալիևը 1941-ին խուսափեց զորակոչվելուց բանակ, 1970-ին էլ Ադրբեջանին սկսեց պատրաստել ԽՍՀՄ-ից լիովին անկախ ապագա գոյության համար (դա ինքն էլ հրապարակավ խոստովանեց)… Հերոս Մոսկվայում հուշարձան կանգնեցնելու իսկը ժամանակն է»։ (https://t.me/tasmanian_diablo/4323)

Հեյդար Ալիևի լայնորեն հրապարակված և մեջբերված կենսագրության մեջ կեղծված են նույնիսկ նրա ծննդյան («Հեյդար Ալիևի թափառական ծննդյան օրը», (http://russia-artsakh.ru/node/14557) և մահվան ամսաթիվը։ Եվ եթե Հեյդար Ալիևի մահվան ամսաթիվը չորս ամիս թաքցվում էր հանրությունից՝ նրա որդուն՝ Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում կարգելու համար, ապա Հեյդար Ալիևի ծննդյան օրն ու տարեթիվը փոխվել է բարձրաստիճան պաշտոնյայի՝ նրա հորեղբոր՝ Հասանի օգնությամբ՝ «կարմիր բանակում» կռվելուց խուսափելու համար։

Հարկ է նշել, որ պատերազմի սկսվելուց առաջ Հեյդարի փաստաթղթերում նշվում էր, որ նա ծնվել է 1922 թվականին Հայաստանի Սիսիանի շրջանում, հայրենի Ջալալի ցեղի սեզոնային գաղթի ժամանակ։ Դա նշանակում էր, որ նա բանակ կզորակոչվեր արդեն 1940թ.։ Սակայն Հեյդար Ալի Ռզա օղլուի նոր փաստաթղթերը «վկայում» են, որ նա ծնվել է մեկ տարի անց՝ 1923 թվականին, արդեն բուն Նախիջևանում։

1939 թվականի ամռանը Հեյդար Ալիևը ընդունվել է Ադրբեջանի արդյունաբերական ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ 1941 թվականի հունիսի 22-ին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Ավարտելով իստիտուտի ընդամենը երկու տարին` Հեյդար Ալիևը, դե ֆակտո 19-ամյա երիտասարդը, առանց որևէ հատուկ կրթության, տեղափոխվեց Նախիջևան և նշանակվեց աշխատելու տեղի ՆԿՎԴ-ում: Սկզբում որպես սովորական աշխատող, բայց նույնիսկ այս պաշտոնը պաշտպանում էր բանակ զորակոչից (Հասան հոպարը օգնեց): Հետաքրքիր է, որ նրա մյուս դասընկերներից ոչ մեկին բանակից չեն ազատել։

Միևնույն ժամանակ, 1980-ականներին Հեյդարի ծննդյան փաստագրական տվյալներ չկան, ոչ էլ ծննդյան վկայական: Այն չկարողացավ գտնել անգամ ԽՄԿԿ Կենտկոմի վերահսկողության հանձնաժողովը, որն իրականացնում էր Գ.Ալիևի գործունեության հետաքննությունը։

Դե, ծայրերը շփոթելը և ամեն ինչ տակնուվրա անելը հենց այն է, ինչ շատ լավ գիտեր Հեյդար Ալի Ռզա օղլու Ալիևը։

Արդեն ԽՍՀՄ ՊԱԿ-ի բարձրաստիճան սպա, «վաթսունականների վերջին, անցյալ դարի յոթանասունականների սկզբին, կատարելով ԽՍՀՄ ՊԱԿ-ի հանձնարարությունը, նա դարձավ Քրդստանի բանվորական կուսակցության և Թուրքիայում քրդական ապստամբական շարժման կազմակերպիչներից մեկը։ Շատ տարիներ անց, արդեն լինելով Ադրբեջանի Հանրապետության նախագահ, նա «կիսվեց» դրանով իր «սիրելի եղբոր»՝ Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ՝ դրսում իր հազարավոր ցեղակիցներին սպառնալիքի տակ դնելով, այդ թվում՝ աշիրեթ շիքակին, որին պատկանում էր իր ցեղը»:

2000-ականների սկզբին Մոսկվայում հրաժարվեցին Ալիևի հուշարձանը կանգնեցնել, այդ պարտականությունը վերցրեց Ուլյանովսկը 2009 թվականի նոյեմբերին: Միևնույն ժամանակ, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տնօրեն Քենան Ալիևը (դե, էլի Ալիև) ասել է, որ Ադրբեջանի հանգուցյալ առաջնորդի հուշարձանների տեղադրումը դառնում է հանրապետության արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը։ «Մի քանի տարի առաջ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը փորձեց բարձրացնել Ալիևի հուշարձանը կանգնեցնելու հարցը։ Ալիեւը երկար ժամանակ աշխատել է Կրեմլում, մոսկվացիները նրան լավ են հիշում։ Սակայն մոսկվացիները խանդավառությամբ չընդունեցին այս գաղափարը և հրաժարվեցին դրանից։ Բայց Ռուսաստանը մեծ երկիր է, մենք որոշեցինք կանգ առնել Ուլյանովսկում, այնտեղ լավ է պահպանվել մեկ այլ առաջնորդի հիշատակը» (https://www.svoboda.org/a/1886839.html):

Հիմա, կարծես թե եկել է հերոս քաղաք Մոսկվային «ուրախացնելու» ժամանակը։

Մինչդեռ Կրեմլի թողտվությամբ օկուպացված Լեռնային Ղարաբաղում նացիստական ​​Բաքվի ռեժիմը Ալիև կրտսերի գլխավորությամբ ամենուր ոչնչացնում է Հաղթանակի մարշալների, հերոսների և Հայրենական մեծ պատերազմի շարքային զինվորների հուշարձանները։ Քանի որ 2020*ից հետո Բաքվի նացիստական ​​ռեժիմը ՌԴ ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության լիակատար անգործությամբ խլում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ավելի ու ավելի շատ տարածքներ, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացրել է էթնիկ զտումներ, այդ հուշահամալիրներն ու գերեզմանները ոչնչացվում են ամենուր կամ արդեն ավերվել են։

Պարոն Ս. Կոպիրկինի նստավայրից 150 կմ հեռավորության վրա, որի դիվանագետները ցինիզմ ունեն շնորհավորելու պատերազմի 100-ամյա հայ վետերանին, ադրբեջանցի Ալիևի նեոնացիստները ոչնչացնում են հայ մարշալների, գեներալների, սպաների, հերոսների հուշարձանները և պղծում Մեծ հայրենականի շարքային զինվորների գերեզմանները։ Եվ դա չի անհանգստացնում ոչ պարոն Կոպիրկինին, ոչ տիկին Զախարովին, ոչ էլ պարոն Լավրովին («Ցինիզմ է շնորհավորել վետերաններին՝ հանգիստ հետևելով Արցախում նրանց գերեզմանների պղծմանը», http://russia—artsakh.ru/node/21239

Այսպիսով, շնորհավորում ենք մեր սիրելի մոսկվացիներին: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Մոսկվայում կանգնեցվում է բանակից խուսափած Հեյդար Ալիևի հուշարձանը։

Իսկապես, «սևը սպիտակ է», «ճշմարտությունը սուտ է»…

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Արցախի մասին քննարկումը ծեծկռտուքի վերածվեց

Հայաստանի եւ Արցախի մտավորականների կազմակերպած քննարկման ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ։

«Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանն ասաց, որ «թե Արցախի, թե Հայաստանի ղեկավարությունը՝ սկսած Լեւոնից, Արցախը գրավել ու տվել են ադրբեջանցի կոչվածներին»։ Նա կեղծիք որակեց մտավորականների հավաքի ժամանակ հնչեցրած մտքերը։ «Այսինքն՝ այս բոլորը կեղծիք է, որ հիմա ներկայացնում եք այստեղ, եթե դուք իրականությունը չգիտեք, ո՞նց եք ասում, որ Արցախը պետք է ազատագրենք։ Հայաստանի Հանրապետությունը բռնակցված տարածք է, որը 1921 թվականին Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով բռնակցվել է ԽՍՀՄ-ին»,- ասաց նա։

Քննարկմանը մասնակցում էր նաեւ պահեստազորի գնադապետ Աշոտ Սարգսյանը, ով փորձեց հակադարձել Ռոբերտ Սիմոնյանին, ասելով, որ այսօր քննարկման թեման այլ է։

«Դո՞ւք էլ եք ՖՍԲ-ի աշխատող»,- գնդապետին դիմեց Ռոբերտ Սիմոնյանը։ Ի պատասխան Աշոտ Սարգսյանը հարվածեց նրան՝ ասելով․ «Հերիք է հիմար, հիմար խոսես, սրիկա, ապերախտ»։ Փոխադարձ քաշքշուկ ու հրմշտոց տեղի ունեցավ։

Լավ է մեր տներում սոված-ծարավ, քան կուշտ փորով ուրիշի տան-դռան կարոտով. ինչո՞ւ են արցախցիները կարոտում բլոկադան

Հազար երանի, հազար… Երանի այդ օրերին, դժվար, բայց լավ օրեր էին, մենք մեր տանն էինք, հացի հերթի լուսանկարի տակ մեկնաբանություններ են թողնում արցախցիները:

Սփյուռքահայերը մեր աչքերում միշտ հարուստ, ձեռք հասցնող, երջանիկ մարդիկ են թվացել, բայց ես մի սփյուռքահայի հետ զրույցում խոստովանել եմ, որ մի պահ ինձ սփյուռքահայ եմ զգացել 2023թ. սեպտեմբերին, զգացել, թե ինչ ցավ է դա, չնայած Երեւանն ինձ համար խորթ տեղ չէ՝ այստեղ ապրել ու աշխատել եմ մի քանի տարի, բարեկամներ ու շատ ընկերներ ունեմ: Բայց այս ամնգամ ամեն ինչ այլ է…

Ֆրանսիացի լրագրող, լուսանկարիչ եւ վավերագրող Աստղիկ Հակոբյանի (Astrig Agopian) նախնիները փրկվել են ցեղասպանությունից, սակայն նա նույնպես խոստովանում է, որ տրավմաները զգացնել են տալիս, որի մասին գրել էի օրեր առաջ:

Ահա թե ինչ է պատմում նա:

Պատկերացրեք, ընդամենը մի քանի ժամ ունեք լքելու ձեր տունը, գիտակցելով, որ այլեւս չեք կարողանալու վերադառնալ այնտեղ:

Որպես ներգաղթյալների դուստրի եւ մի ազգի ներկայացուցչի, որն ավելի շատ սփյուռքում է ապրում, քան իր երկրում, մշակութային ժառանգության հարցը միշտ տանջել է ինձ:

Վայրերը, որտեղից իմ ընտանիքն է ձագում, այլևս գոյություն չունեն։ Կամ գոնե ոչ այն տեսքով, ինչպես նախկինում էին: Ես մեծացել եմ՝ տեսնելով, թե ինչպես են մեր մեծերը տենչում իրենց տան համար, լսում էի պատմություններ այն մասին, թե ինչպես են նրանք հալածվել եւ փախել, շնչասպառ պահելով բանալիները, հույսով, որ մի օր կվերադառնան իրենց տներ, որ վաղուց ավիրվել են:

Հայկական ժառանգության մի մասը նաեւ տրավմաների ու ցավերի մի շարան է, որ փոխանցվում է սերնդեսերունդ: Պատմականորեն հայերը բնակվել են Արևելյան Անատոլիայում, այն շրջաններում, որոնք ժամանակին Օսմանյան կայսրության, իսկ այժմ ժամանակակից Թուրքիայի մաս է կազմում: Նրանք, ովքեր ողջ են մնացել ցեղասպանության ժամանակ, կորցրել են ամեն ինչ:

Ամեն ինչ, բաց ոչ իրենց ինքնությունը` ի շնորհիվ ուտեստների, բարբառի ու հիշողությունների:

Այս կոլեկտիվ տրավման ազդում էր նաեւ իմ վրա։ Ես փորձել եմ մերժել իմ ինքնությունը, չեմ ցանկացել տանել իմ հայկական ժառանգության տխրությունը ու տրավման: Այսպիսով, ես փորձեցի ուժ ու եռանդ չխանայել, որքան հնարավոր է  ֆրանսիացի լինելու համար, պահպանելով  իմ հայկական ժառանգության միայն դրական կողմերը. ընտանիք, լեզու, երաժշտություն ու խոհանոց, ասես մեր հավաքական տրավման չի ձեւավորել այդ ամենը:

Որպես զարգացող լրագրող՝ ես կենտրոնացա աշխարհաքաղաքականության, տարածքիների, մարգինալության եւ հիշողության վրա: Ինչեւէ, ես չէի սպասում, որ պատմությունը կկրկնվի հայերի հերթական զանգվածային արտագաղթի  եւ հերթական հավաքական տրավմայի տեսքով: Ես պետք է փաստագրեի այդ ամենը:

2023թ. սեպտեմբերին, մի քանի պատերազմներից ու երկարատեւ շրջափակումից հետո, Արցախը դատարկվեց իր ողջ հայ բնակիչներից։ Ոչնչացվեցին մշակութային ժառանգության օբյեկտների մեծ մասը:

Երեք տարի լուսաբանելով Արցախը եւ հարցնելով մարդկանց, թե ինչպես են նրանք ապրում մշտական ​​անորոշության, պատերազմների ու ճնշումների տակ, լսում էի. “կարծես թե վաղը չկար”:

Այս կայքը պատմում այն մարդկանց (արցախահայերի) պատմությունները, ովքեր ճիշտ այնպես, ինչպես իմ տատիկներն ու պապիկները, հեռացել էին` իրենց հետ վերցնելով տան բանալիները` գիտակցելով, որ այնտեղ վերադառնալ չեն կարող:

Հ.Գ. Ո՞րերորդ սերունդն է… ու դեռ շարունակում է տրավմաներ զգալ: Ի՞նչ ասել արցախցիների մասին: Դժվար թե լիարժեք հասկացել են իրենց հետ տեղի ունեցածը: Կրկնակի դժվար է հայրենիքումդ “սփյուռքահայ” լինել:

 

Մարութ Վանյան

Լուսանկարները` հեղինակի

Տատիկն Արցախի մի գյուղից է, Ստեփանակերտ եկել է, երբ դուրս գալու բոթն արդեն տարածվում  էր: Մեկ գիշեր 1-ին դպրոցի իր “մահճակալում”, հետո դեպի Հակարի

Սիրիայում ապրող հայերը կանգնած են կյանքին ու ժառանգությանը սպառնացող վտանգի առջև. Երուսաղեմի հայոց պատրիարքություն

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, պետություններին, կրոնական ու մարդասիրական կազմակերպություններին և անհատներին՝ անհապաղ իրենց ուշադրությունը կենտրոնացնել Սիրիայի բոլոր քրիստոնաների պաշտպանության ու պահպանության վրա։

«Երբ ականատես եք լինում Սիրիայում շարունակվող խժդժություններն ու ավերիչ հակամարտությանը, մեր սրտերը լցվում է խորը վշտով և մտահոգությամբ բոլոր տառապողների համար։ Մասնավորապես մեզ հուզում է մեր հայ քրիստոնյա եղբայների ու քույրերի ծարն վիճակը, որոնք սերունդներ շարունակում ապրում են այդ հողի վրա, ուր ապաստանել են 1915 թվականի սարսափելի Հայոց ցեղասպանությունից հետո։
Սիրիան եղել է վերապրածների ու նրան ժառանգների տունը, որոնց  ներկայությունն այնտեղ քրիստոնյա հայերի տոկունության և հավատքի վկայությունն է։

Այսօր Սիրիայում գտնվող բոլոր քրիստոնյան համայնքների անվտանգությունն ու ապահովությունը դարձյալ վտանգված է բռնության և քաոսի պատճառով։

Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում ոչ միայն բոլոր անմեղ կյանքերի պաշտպանության, այլ հատկապես այն հայերի համար, որոնք 20-րդ դարի առաջին ցեղասպանության տեսած ժողովրդի կենդանի վկաներն են։

Սիրիայում հայերը հիմնականում ապրում են Հալեպում, Դամասկոսում և այլ քաղաքներում, նրանք արդեն շատ են դիմակայել։ Նրանք վերականգնել են իրենց կյանքը ցեղասպանությունից հետո, ստեղծել են կենսունակ համայնքներ և ակտիվորեն նպաստում են Սիրիայի մշակութային, հոգևոր կառույցների զարգացմանը։ Բայց և այնպես նրանք այժմ կանգնած են իրենց կյանքին և ժառանգությանը սպառնացող վտանգի առջև։ Նրանց եկեղեցիները, դպրոցները, տները հայտնված են շարունակվող քաղաքացիական պատերազմների կրակի տակ և դարձյալ տեղահանության վախ կա»,- նշված է  Երուսաղեմի հայոց պատրիարքության հայտարարության մեջ։

Բեգլարյան․ Զոհված զինծառայողների ընտանիքները պետք է լրացուցիչ արտոնություններ ունենան բնակապահովման ծրագրում 

Օրեր առաջ հասարակական գործիչները ահազանգեցին զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանների գնման դիմաց ձևակերպված վարկերի մարման պահանջի մասին։ պարզվեց, որ բանկերը այդ ընտանիքներից պահանջում էին մարել վարկերը, որոնք ձևակերպվել էին Արցախի կառավարության աջակցությությամբ: Այս մասին Step1.am-ը խոսեց Արտակ Բեգլարյանի հետ:

-Օրեր առաջ պարզ դարձավ, որ բանկերը զոհված զինծառայողների ընտանիքներից պահանջել են մարել Արցախի Հանրապետության կառավարության կողմից երաշխավորված և նույն կառավաթյան կոմղից վարկի միջոցով ձեռք բերված բնակարանների վարկերը; Ինչքա՞ն է կազմում այդ ընտանիքների թիվը, ո՞ր շրջաններից են նրանք և որտե՞ղ են ձեռք բերել գույքը:

-Այդ ընտանիքները զոհված զինծառայողների տեղահանված ընտանիքներն են, որոնց մի մասը ցանկանում էր տուն ձեռք բերել Արցախում, մյուս մասը՝ ՀՀ-ում: Ըստ մեր տվյալների, մոտ 80 ընտանիք հասցրել էին օգտվել ծրագրից, իսկ մի քանի տասնյակ ընտանիք ստացել էին արտոնագրերը, սակայն չեն հասցրել գնել տները: Այդ ընտանիքները Արցախի գեթե բոլոր շրջաններից են:

-Իսկ այն ընտանիքները, որոնք Արցախում արդեն իսկ տուն էին ձեռք բերել, այժմ ի՞նչ ծրագրերից կարող են օգտվել:

-Այն ընտանիքները, որոնք Արցախում տուն էին ձեռք բերել պետության աջակցությամբ, հիմա հավասարեցվել են մյուս տեղահանված ընտանիքներին և ստանում են նույն աջակցությանը, ինչի հետ մենք համաձայն չենք, քանի որ համարում ենք, որ նրանք պետք է ունենան այլ արտոնություններ ևս:

-Մենք գիտեք, որ ձեր թիմը առաջիներից էր, որ բարձրացրել և ներկայածրել էր բանկերի հետ կապված այս խնդիրը։ Ինչպիսի՞ վիճակագրություն ունեք:

-Այս ցավալի դեպքին առընչվել են մոտ 80 ընտանիք: Այդ տների մի մասը ձեռք էր բերվել կառավարության աջակցությամբ, ըստ որի 20 տարվա ընթացքում Արցախի կառավարությունը պետք է փակեր վարկերը: Նշեմ նաև, որ գումարը կազմել է 20 մլն դրամ, որի չափով պետության անունով վարկ էր ձևակերպվել: Նաև պետք է նշել, որ ՀՀ կառավարությունը կարող էր պարտավորությունը իր վրա վերցնել, այլ ոչ թե այդ ընտանիքներին հավասարեցնի առանց արտոնության փախստականների:

-Այսինքն՝ ստացվում է, որ անկախ նրանից, ինչ արտոնություն ունեին զոհված զինծառայողի, անհետ կորածի, հաշմանդամների ընտանիքը, բնակապահովության ծրագրի շրջանակներում որևէ արտոնություն չունե՞ն:

-Փաստացի այդպես է ստացվում․ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ ունի ընտանիքը, բնակարանի ձեռք բերումը իրականացվում է նույն ծրագրի շրջանակներում: Այստեղ կցանկանայի խոսել նաև այն մասին, որ առավել օպտիմալ կլինի, եթե ՀՀ կառավարությունը այդ պարտավարությունները վերցնի իր վրա, այդպիսով լուծելով գոնե այդ ընտանիքների բնակապահովման հարցը: Առհասարակ պետք է նշեմ, որ անկախ ամեն ինչից, զոհված զինծառայողների ընտանիքների բնակապահովման ծրագրերը պետք է տարբերվեն մյուս խմբի ծրագրերից, և այդ ընտանիքները պետք է ունենան լրացուցիչ արտոնություններ:

-Իսկ կարո՞ղ եք նշել, առհաասարակ ի՞նչ արտոնություններ ունեն 44-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքները:

-Եթե դիտարկում ենք  ՀՀ-ի գրանցում ունեցող զոհված զինծառայողների ընտանիքների բնակապահովման ծրագրերը, ապա նրանց համար գործում է բնակարանների ձեռք բերման առանձին ծրագիր, իսկ Արցախի գրանցում ունեցող զոհված զինծառայողների ընտանիքները ներառվել են տեղահանվածների բնակապահովման ընդհանուր ծրագրի մեջ` առանց լրացուցիչ արտոնությունների:

Ալվարդ Գրիգորյան