Բաքուն ուսանողներ է բերում Ստեփանակերտի համալսարան, որ “բազմապատկեն բնակչությունը”

Ադրբեջանի կառավարությունը 26 քաղաքական կուսակցությունների 24 անդամների, պետական ​​կառույցների եւ պետական լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջագայության է տարել Լեռնային Ղարաբաղ:

«Բաքվի 26 կոմիսարների» թվում էր նաեւ ընդդիմադիր «Ռեալ» կուսակցության նախագահ Նաթիգ Ջաֆարլին, ում դուր է եկել Ստեփանակերտի աշխարհագրական դիրքը, կլիման եւ “զարգացման” ներուժը:

Ըստ Ջաֆարլիի, Ղարաբաղ համալսարանում (Արցախի պետական համալսարան) ներկայում 1.500 ուսանող եւ 300 դասախոս կա եւ Ադրբեջանը նախատեսում է առաջիկա երկու տարում այդ թիվը 10.000 հասցնել:

Ջաֆարլին ասաել է նաեւ, որ համալսարանն ունի «բավարար ներուժ»՝ քաղաքի բնակչության թիվը 250,000–300,000-ի հասցնելու համար, սակայն կառավարությունը պետք է թույլ տա «այլ ձեռնարկություններին» զուգահեռ աշխատել։

OC Media-ին չի հաջողվել ինքնուրույն ստուգել Ստեփանակերտի բնակիչների մասին պնդումները, իսկ քաղաքական գործիչը չի պատասխանել տարածաշրջանում հայերի առկայության մասին OC Media-ի հարցերին։

Այցը տեղի է ունեցել մարտի 6-ին:

ԱՄՆ. Ռուսաստանը չի կարող գրավել ամբողջ Ուկրաինան, և Ուկրաինան չի կարողանա վերադարձնել իր բոլոր կորցրած տարածքները

Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների, Միացյալ Նահանգները նախատեսում է Սաուդյան Արաբիայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պարզել՝ արդյոք Կիևը պատրա՞ստ է զիջումների գնալ Ռուսաստանին՝ պատերազմը դադարեցնելու համար։

«Մենք ցանկանում ենք տեսնել, թե արդյոք ուկրաինացիները շահագրգռված են ոչ միայն խաղաղությամբ, այլ իրատեսական խաղաղությամբ», – ասել է աղբյուրը: «Եթե նրանց հետաքրքրում են միայն 2014 կամ 2022 թվականների սահմանները, դա ինչ-որ բան է ասում»: Եթե ​​Ուկրաինան նորից բարձրացնի 1991 թվականի սահմանների հարցը, ապա դա անլուրջ կլինի, ասում է մեկ այլ աղբյուր։

Միաժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ Ուկրաինան, հավանաբար, ստիպված կլինի զիջել այն տարածքները, որոնք օկուպացված են Ռուսաստանի Դաշնության կողմից 2014 թվականից։
Ըստ Ռուբիոյի՝ և՛ Կիևը, և՛ Մոսկվան պետք է գիտակցեն, որ Ռուսաստանին չի հաջողվի գրավել ողջ Ուկրաինան, ինչպես Ուկրաինան չի կարողանա վերադարձնել 2014 թվականից ի վեր կորցրած բոլոր տարածքները։

Եվրախորհրդարանը մարտի 13-ին քվեարկության կդնի Բաքվում հայ գերիների հարցով հրատապ բանաձևը

Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում մարտի 12-ին տեղի կունենա քննարկում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` ԵԽ լիագումար նիստում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտման դեպքերի վերաբերյալ դեբատների շրջանակում եվրախորհրդարանականների ուշադրության կենտրոնում կլինեն նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրի ներքո։

Մարտի 13-ին քվեարկության կդնի Բաքվում հայ գերիների հարցով հրատապ բանաձևը։

Արցախի ԱԺ-ը դիմել է Շվեյցարիայի խորհրդարանին․ քննարկումը մարտի 18-ին

Ինչպես տեղյակ եք, 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Դաշնային խորհուրդը, ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Ազգային ժողովը:

«2025 թ․ մարտի 18-ին մեզ համար շատ կարևոր այս հարցը քննարկվելու է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում։

Այդ առիթով՝ քննարկման նախաշեմին՝ մարտի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպանատան առջև կազմակերպվելու է հավաք, որի ժամանակ շնորհակալություն ենք հայտնելու Շվեյցարիայի խորհրդարանին ստորին պալատի կողմից ձեռնարկված քայլերի համար և կոչ ենք անելու վերին պալատին ևս ընդունել բանաձևը, ինչպես նաև դիմելու ենք Շվեյցարիայի կառավարությանը օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կհանձնե՞ն, թե՞ Հայաստանում կդատեն Քոչարյանին, Սարգսյանին և կռված գեներալներին

Ամենայն հավանականությամբ Ադրբեջանը պահանջում է Բաքվին հանձնել արցախյան պատերազմներին մասնակցած նախկին նախագահներին եւ բարձրաստիճան զինվորականներին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Արա Ղազարյանը:

«Ադրբեջանը կարող է ցանկն ընդլայնել, քանի որ դա ուղղակի հռետորաբանություն է՝ շատ լավ իմանալով հանդերձ, որ Հայաստանը իր քաղաքացիներին չի հանձնում եւ երկրորդ, շատ լավ իմանալով, որ միջազգային իրավունքում ոչ մի պետություն ոչ իր երկրի քաղաքացուն, ոչ այլ երկրի քաղաքացուն չի հանձնի, եթե կան հիմքեր կասկածելու, որ ընդունող պետությունում այդ քաղաքացիները կենթարկվեն խոշտանգումների կամ էլ արդարադատության ի սպառ բացակայությամբ նրանց հանդեպ կարող են իրականացնել քրեական հետապնդում»,-ասաց նա:

«Ամենայն հավանականությամբ դա դիտարկվելու է որպես քաղաքական հետանպնդում, դեռ չհաշված այն հիմքը, որ ՀՀ Սահմնադրությունը արգելում է նրանց արտահանձնել»,-ասաց նա:

Փաստորեն, գործը հասավ “մակառբաշուն”՝ նախկին նախագահների արտհանձման պահանջն այլեւս սովորական երևույթ է, որը ոչ մեկի չի զարմացնում։ Տհենց բանե՞ր ենք հանձնել։

Ավելին՝ այդ պահանջի կոնտեքստում չի քննարկվում, որ դրանով Բաքուն ու Երևանը փորձում են Ղարաբաղյան շարժման, պատերազմների և Արցախի “օկուպացիայի” մեջ մեղադրել “ղարաբաղյան կլանը”։ Քնարկվում է միայն, որ Բաքվում դատարանը արդար չէ, դրա համար պետք չէ նրանց հանձնել։ Մեկ էլ ասվում է՝ Հայաստանը չի արտահանձնում իր քաղաքացիներին։ Այսինքն, եթե դա չլինի, կհանձնեն։

Այս ամենի եզրակացությունը մեկն է՝ նաղկին նախագահներին և զինվորականներին պատրաստվում են դատել հենց Երևանում, ընդ որում, ոչ թե կոռուպցիայի, Հայաստանի բոլոր ակտիվները ռուսներին տալու կամ այդպես էլ չբացահայտված “մարտի 1-ի” համար։ Կդատեն հենց նույն մեղադրանքով, ինչն ասում է Ալիևը։ “Ղարաբաղյան կլանը”՝ ռուսների ցուցումով “ուզուրպացրել է իշխանությունը Հայաստանում, որպեսզի “օկուպացնեն” ուրիշին պատկանող Ղարաբաղը և թույլ չտան տարածաշրջանը “խաղաղ” զարգանա։

Նիկոլ Փաշինյանը երեկ արդեն հնչեցրել է նման մեղադրանք։

«Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում: Դուք դա չեք ասի, ես ասեմ. որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես», – նշել է երեկ Փաշինյանը:

Այսինքն՝ նա մեղադրում է Ռոբերթ Քոչայանին և Սերժ Սարգսյանին /կարծես Լևոն Տեր Պետրոսյանը կապ չունի Ղարաբաղյան շարժման հետ/,  որ նրանք ընտրություններ են կեղծել, “իրենց բերողների” ցուցումով ուզուրպացրել են իշխանությունը Հայաստանում, որ ամբողջ ռեսուրսները վատնեն “Ղարաբաղը պահելու” անիրատեսական նպատակի համար և թույլ չտան Հայաստանը անկախ պետություն լինի։ Իսկ ռազմական “խունտան” նույիսկ կռվել է դրա համար։

Սա չափազանց լուրջ մեղադրանք է, և չի բացառվում, որ Քոչարայնի, Սարգսյանի և դաշտային գեներալինետի դեմ այս “հանցագործության” հատկանիշներով քաղաքական գործեր հարուցեն և դատեն։ Որ Փաշինյանը դատված չլինի Հայաստանը ճիշտ ուղու վրա վերադարձնելու համար։

Նաիրա Հայրումյան 

 

Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի և Մերձմոսկվայի վրա. կան զոհեր

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ ՀՕՊ համակարգերն արդեն խոցել են ուկրաինական 69 անօդաչու թռչող սարքեր, որոնք փորձում էին գրոհել քաղաքը։

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները և Telegram ալիքները, հարձակման և բեկորների ընկնելու հետևանքով մի քանի վայրերում վնաս է գրանցվել։

Մասնավորապես, նրանց տվյալներով, անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են Մոսկվայի Դոմոդեդովսկայա փողոցի բազմահարկ շենքին, Դոմոդեդովո երկաթուղային կայարանի տարածքում, Դոմոդեդովո քաղաքի ավտոկայանատեղին, Վիդնոյե քաղաքի բնակելի շենքերին, ինչպես նաև Ռամենսկոեում։

Մոսկվայի մարզի Լենինսկի քաղաքային թաղամասում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետեւանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել, հայտնել է շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

«Ինչպես նաև, անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել Ռամենսկոեում բնակելի շենքի վրա, որտեղ վնասվել է առնվազն յոթ բնակարան՝ Սեվերնոյե Շոսսեի շենքի 19-ից 22-րդ հարկերից: Նրանցից 12 մարդ տարհանվել է, այդ թվում՝ երեք երեխա։ Բժիշկները տուժածներին տեղում օգնություն են ցուցաբերել։ Տարհանվածների մի մասին տեղավորել են մոտակա դպրոցում, մնացածներն այժմ բնակվում են հարազատների մոտ»,- գրել է նա հեռագրում։

«ԱԹՍ-ների մասին զանգեր են հնչել Կոլոմնայից, Զարայսկից, Սերեբրյանյե Պրուդիից, Սերպուխովից, Ռամենսկոեից, Ոսկրեսենսկից, Լուխովիցիից, Բրոնիցիից, Դոմոդեդովոյից, Լենինսկոյից, Պոդոլսկից, Էլեկտրոստալից և Կոտելնիկիից», – հավելել է նահանգապետը։

Վորոբյովը հրապարակել է նաև հարձակումների հետևանքների լուսանկարներ։

«Միրատորգ»-ի աշխատակիցներից մեկը զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են Դոմոդեդովոյում անօդաչու թռչող սարքերի բեկորների վրա բաշխման կենտրոնի տարածքում: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Տուժածները հոսպիտալացվել են։ Միրաթորգը խոստացել է ամենայն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մահացածների և վիրավորների ընտանիքներին։ Բաշխիչ կենտրոնը կբացվի մի քանի ժամից։

Ըստ Baza-ի՝ բեկորներն ընկել են ավտոկայանատեղիում, իսկ մահացածն աշխատել է որպես անվտանգության աշխատակից։

Աշոտը պայքարում է լիարժեք ապրելու համար․ նրա հետ մեկտեղ պայքարում է նրա կինը՝ Մելինեն

 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունից անցել է մոտ մեկուկես տարի։ Այդ արհավիրքից հրաշքով փրկված, վերջին աստիճանի այրվածքներ ստացած Աշոտ Բեգլարյանը դեռևս պայքարում է հնարավորինս լիարժեք ապրելու համար։ Նրա հետ մեկտեղ պայքար է տանում կինը՝ Մելինեն՝ դժվարությամբ հավատալով, որ կարողացել են հաղթահարել անհնարինը։ Տեղահանումից հետո նրանց ընտանիքը բնակություն է հաստատել Օշական գյուղում։ Մելինեն մասնագիտությամբ ռազմական բուժքույր է, սակայն որոշել է այլ բնագավառում փորձել հնարավորությունները։ Նա ատլասե ժապավենից ծաղիկներ է պատրաստում ունի պատվիրատուներ և նպատակադրվել է ընդլայնել իր փոքրիկ բիզնեսը։

 -Համացանցում եմ տեսել, թե ժապավենից ինչպես են ծաղիկներ պատրաստում։ Մի քանի անգամ նայելուց հետո իմ մեջ հետաքրքրություն է առաջացել, ու ես որոշել եմ փորձել ուժերս։ Ձեռք եմ բերել համապատասխան նյութեր, աշխատում եմ բացառապես բարձրորակ ատլասե ժապավեններով։ Աշխատանքներս տեղադրել եմ “Атласные Розы” իմ սոցիալական էջում։ Աշխատանքներս անմիջապես արձագանք են գտել, և ստացել եմ առաջին պատվերները։ Տեսնելով, որ պահանջարկն ավելանում է, ընդլայնել եմ գործունեությունս։ Վարդերից ծաղկեփնջեր եմ պատրաստում տարբեր առիթների համար՝ թե՛ տխուր և թե՛ ուրախ։ Հիմնականում իմ աշխատանքները եռագույն երանգների մեջ են։ Ճիշտ է, ժամանակատար ու դժվար աշխատանք է, սակայն ես սիրով եմ կատարում, առանձնապես՝ երբ տեսնում եմ, որ հաճախորդներս գոհ են մնում։ Պատվիրատուներն իրենք են ընտրում ծաղիկների գույները, քանակը, որից հետո ես յուրօրինակ ծաղկեփնջեր եմ պատրաստում։ Ֆլորիստիկայի արվեստը նույնպես ինքնուս եմ սովորել, և իմ հմտությունների ու երևակայության արդյունքում հաջողվում է գեղեցիկ գործեր ստեղծել։ Կանանց տոնի նախօրեին բավականին պատվերներ ստացա։ Դժգոհ չեմ իմ եկամտից, միայն առաքման խնդիր ունեմ, որովհետև ինքս մեքենա չեմ վարում, իսկ ամուսինս ի վիճակի չէ։ Մնում է դիմել տաքսու ծառայություններին, որոնք էլ ծախսատար են,- պատմում է Մելինեն։

Մելինեին չի հաջողվել մասնակցել Երևան քաղաքում արցախցի կանանց համար հաճախակի կազմակերպվող տարբեր դասընթացների, որոնց արդյունքում շատերին հնարավորություն է տրվել մասնակցելու դրամաշնորհային ծրագրերի։ Ամուսնու առողջական վիճակին հետևելն ու երեխայի խնամքը ուսերին էր։

 -Ամուսինս պայթյունից մի կերպ է ողջ մնացել։ Չէինք հավատում, որ կապաքինվի։ 10 ամիս Աշոտը բուժում է ստացել Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Բժիշկներն արեցին անկարելին, որպեսզի փրկեն նրա կյանքը։ Ստիպված էին անդամահատել ձախ ոտքը։ Լրիվությամբ կտրված է աջ ձեռքի դաստակը, իսկ ձախ ձեռքի մատներից միայն բութ մատն է գործում։ Լրիվությամբ թույլ է աջ ոտքը։ Աշոտը տեղաշարժվում է հաշմանդամի էլեկտրական սայլակով։

Այս ողջ ընթացքում մենք մեծ դժվարությունների միջով ենք անցել, որոնց վերջը դեռևս չի երևում։ Շուտով նա պետք է կրկին վիրահատվի, որը թվով 13-րդ վիրահատությունն է լինելու։ Փետրվարի 12-ից բուժում է ստանում “Զինվորի տուն” վերականգնողական կենտրոնում, որտեղ պետք է մնա մինչև մարտի 22-ը։

Մինչվիրահատական կուրսից հետո միայն կկատարվի հաջորդ վիրահատությունը։ Առաջին խմբի զինվորական հաշմանդամություն է ստացել։ Ամուսինս 2014 թվականից ծառայում էր ԱՀ ՊԲ-ում։ Մասնակցել է Ապրիլյան քառօրյա, 2020-ի 44-օրյա և Արցախյան վերջին պատերազմներին։ 2023-ի սեպտեմբերի 19-ին նա մարտական ծառայության մեջ էր։

Գիտեմ՝ առջևում մեզ ծանր օրեր են սպասվում, սակայն պատրաստ ենք դրանք ևս հաղթահարել։ Ինչպես բոլոր արցախցիները, մենք ևս ունենք սոցիալ-կենցաղային խնդիրներ, ապրում ենք անորոշ ապագայով։ Ամուսնուս հայրը նույնպես տուժել է պայթյունից, սակայն ապաքինվել է ու այս պահին աշխատանքի փնտրտուքի մեջ է։ Դժոխքի միջով անցած, ամիսներ շարունակ սարսափներով ապրած մեր ընտանիքը պարտավոր է ուժ գտնել ու առաջ նայել,- ասում է Մելինեն։

Աշոտն ու Մելինեն կրկնակի տեղահանված են։ Աշոտը Արցախի բերդաքաղաք Շուշիից է, իսկ Մելինեն՝ Ասկերանի շրջանի Մոշխմհատ գյուղից։ 2020-ի պատերազմը նրանցից խլել է հայրենի օջախները։

 -2020-ի օգոստոսի 9-ին է կայացել մեր նշանադրության արարողությունը՝ հայրենի Մոշխմհատ գյուղում։ Մի քանի օր հետո՝ սեպտեմբերի 12-ին, մեր ընտանիքը հրավիրվել է Շուշի։ Ուրախ էինք, երազանքներով ու նպատակներով լի։ Պատրաստվում էինք ընտանիք կազմել, ապրել պատմական քաղաքում, սակայն վրա հասավ չարաբաստիկ 27-ը։ Երկուսս էլ անտուն ու անօթևան մնացինք։ Ամուսնացանք 2 տարի անց՝ բնակություն հաստատելով Ստեփանակերտ քաղաքում։  Սոֆիան 8 ամսական էր, երբ կրկին բռնեցինք գաղթի ճամփան, բայց այս անգամ Արցախի լրիվ հայաթափմամբ։ Երբ կորցրի հարազատ բնօրրանս, ահավոր ծանր էր, սակայն կար Արցախը․ թեկուզ կոտրված ու վիրավոր, բայց կար, ու մենք ապրում էինք մեր հողում։ Իսկ հիմա լրիվությամբ թևաթափ ենք, կորցրել ենք ամենաթանկը։ Արցախի կորստի ցավը ոչ մի բանի հետ չի կարող համեմատվել։ Սակայն ես վերադարձի հույսս չեմ կորցնում,-խոսքը եզրափակում է Մելինեն։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

“Լաթաքիայում ունենք հայ համայնք, զգուշավորության միջոցառումներ եղել են, բայց հայկական համայնքն առ այս պահը թիրախում չէ”

Step1.am-ի զրուցակիցն է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը։

Պարոն Գանդահարյան, մի քանի օր է՝ Սիրիայի ծովափնյա նահանգներում բախումներ են, թիրախում հիմնականում ալավի համայնքն է, որոնց շրջանում կան մեծ թվով զոհեր։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում ընդհանուր առմամբ։

-Կարծում եմ, որ Սիրիայում տեղի ունեցողը կապված է տարածաշրջանային գործընթացների հետ, հիմնականում գործողություններն ուղղված են ալավիների դեմ։ Պետք է նկատի ունենալ մի քանի հանգամանք․ այս ամենը հաջորդեց Սիրիայի անցումային կառավարության նախաձեռնած ազգային երկխոսության համագումարին։ Այնտեղ անցումային իշխանությունների ղեկավարի կողմից նաեւ հնչեց հանձնարարական, որ մշակվելու է նոր Սահմանադրություն՝ լուծելու տարբեր համայնքների ու ազգային փոքրամասնությունների ներգրավածությունը Սիրիայի պետական ու հասարակական կյանքում։

Այնպես են մեկնաբանում, որ Ասադի ռեժիմի մնացորդների ու կառավարական ուժերի միջեւ է բախումը, բայց նաեւ զինյալ խմբավորումների, որովհետեւ այս պահին Սիրայի բանակը դեռեւս ձեւավորված չէ։ Սա նոր իշխանությունների հաստատումից հետո ամենադաժան դեպքն էր, հազարավոր զոհերի մասին են խոսում, որոնց թվում են նաեւ քաղաքացիական անձինք։ Սիրիայի ծովափնյա նահանգները, ծովային ու ցամաքային հենակետերն ավելի շուտ ռուսական ուժերի վերահսկողության տակ են։ Բայց նախկին վարչակարգը հենվել էր հիմնական երկու հենասյուների վրա՝ իրանյան եւ ռուսական, որոնք վերջին իշխանափոխությունից հետո ջլատվեցին։ Եվ աշխարհաքաղաքական միջավայրը, որտեղ տեղի են ունենում այս դեպքերը, պետք է անպայման նկատի ունենալ։

Բայց սա միայն ալավիների խնդիրը չէ, որովհետեւ նրանք դիմագրավում են նաեւ քրդական գործոնին։ Թուրքիան շատ ակտիվ է այդ առումով, որովհետեւ Սիրիայի քրդերը եւս շարունակում են մնալ Թուքիայի անվտանգության կարեւորագույն սպառնալիքներից մեկը։ Եվ այս ամբողջի համատեքստում պետք է նկատել, որ Թուրքիան երկու հիմնական խնդիր ունի՝ նախ սիրիական հսկայական փախստական զանգված կա, որոնք ապաստանել են Թուրքիայում։ Եվ ինքը առաջադրանք ունի նրանց բոլորին վերադարձնել Սիրիա։ Բայց այդ փախստականների թեման ինքը շահարկում է իր արտաքին քաղաքականությունում։ Երկրորդը, քրդերի թեման է։ Բացի քրդերից, կա նաև դրուզների խնդիրը, որոնք Իսրայելի սահմանամերձ շրջաներում են։ Իսրայելը ներխուժել է սիրիական տարածք, վերահսկում է Սիրիայի եւ տարբեր արաբական պետությունների սահմանամերձ շրջաններ, Գոլանի բարձունքներում վերակահավորել է իր ռազմական դիրքերը։ Այսինքն՝ ոչ միայն Թուրքիան, այլ նաեւ Իսրայելն է այս ամենից առիթավորվել։

Եվ եթե գլոբալ նայենք իրավիճակին, նոր ուժերի տեղաբաշխման ընդհանուր գործընթաց է տեղի ունենում ռազմաքաղաքական հարթության վրա։ Իհարկե, այս ամենը վերահսկվում է նաեւ ԱՄՆ կողմից, կարմիր գծերն ու սահմաններն են ճշտվում։ Երեկ կարեւոր քառակողմ հանդիպում կայացավ Սիրիայի, Հորդանանի, Թուրքիայի ու Լիբանանի միջեւ։ Անշուշտ, բոլորը շեշտում են Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու գերիշխանությունը, բայց ըստ էության գետնի վրա այլ գործընթաց է։ Սա ընդամնեը մեկ մասնիկն է ընդհանուր միջինարեւելյան վերափոխվող նոր խճանկարի։

-Հարավային Կովկասի վրա ի՞նչ ազդեցություն կարող է թողնել սա։

-Վերանայվում է նաեւ այն ուժերի հարաբերակցությունը, նախկին ազդեցությունները, որոնք Հարավային Կովկասում էլ կշիռ ունեն կամ որոնց կշիռը թուլանում է։ Օրինակ՝ ռուսաստանյան գործոնը Միջին Արեւելքում նույնը չէ։ Նախկին պատերազմում ամբողջ Սիրիան ռուսական տիրույթում էր, հիմա, չնայած որոշ ծովային հենակետեր պահպանել է, բայց նախկին դիրքերը չի պահպանում։ Միացյալ նահանգներն էլ Հարավային Կովկասում որոշակիորեն ակտիվացրել են իրենց առկայությունը։ Համենայնդեպս մինչեւ այս պահն ընթանում է Հարավային Կովկասից ռուսական գործոնի դուրս մղման ընդհանուր աշխարհաքաղաքական գործընթաց։

Մյուս կողմից, պետք է հաշվի առնել այն, որ Իսրայելը դիտարկվում է որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, որն Ադրբեջանի հետ տարբեր բնագավառներում, հատկապես ռազմական, խորացնում է իր համագործակցությունը։ Եվ, իհարկե, Թուրքիայի գործոնը, որը շատ ակտիվացել է՝ քրդական գործոնը պատճառաբանելով Սիրիայում ռազմական ներկայություն ունենալու համար։

-Սիրիայի հայ համայնքին վտանգ սպառնո՞ւմ է, ի՞նչ իրավիճակ է։

-Սիրիայի ծովափնա նահագներում ընթացող մարտերում զոհվել են երկու հայեր՝ հայր եւ որդի, բայց հայ համայնքը հատուկ թիրախավորված չէ։ Հիմա թիրախում ալավի համայնքն է եւ համայնքի զինյալ խմբավորումները։ Բախումները ծովափնյա շրջանում են, որը համեմատաբար կայուն ու խաղաղ է մնացել սիրիական նախորդ ռեժիմի օրոք պատերազմի ժամանակ։ Հիմա իրավիճակը փոխվել է։ Հայ համայնքը հիմնականում Հալեպում, Դամասկոսում, Քեսաբում ու Կամիշլիում է, որտեղ մարտեր չեն ընթանում։ Լաթաքիայում ունենք հայ համայնք, զգուշավորության միջոցառումներ եղել են, բայց հայկական համայնքն առ այս պահը թիրախում չէ։

Սիրիայի վիճակը հիմա անորոշ է, եթե ազգային երկխոսությամբ նոր Սահմանադրության շրջանակներում ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու գիծը աշխատի, այդ դեպքում, կարծում եմ, որ փուլ առ փուլ ավելի հանգիստ իրավիճակ կստեղծվի։ Բայց ծովափնյա շրջանի բռնկումը բնականաբար որոշ մտահոգությունների տեղիք է տալիս, թեկուզ այնպես չէ, որ սա ներսիրիական համընդհանուր բախումների մթնոլորտ է։ Կարծում եմ, որ սա տարածաշրջանի քաղաքական քարտեզի վերաձեւավորման գործընթաց է, եւ Սիրիան դրա մեկ մասնիկն է։ Եթե հայտարարությունները, որոնք միջազգային ընտանիցքից ու արաբական երկրներից հնչում են՝ կրակն անմիջապես դադարեցնելու մասին, կյանքի կոչվեն, կլինի համեմատաբար հանգիստ։ Բայց ցնցումներ դեռ կլինեն, որովհետեւ պետությունը, կառավարությունը եւ քաղաքական, եւ ռազմական իմաստով կայացած չեն։ Սա անցումային շրջան է, իսկ անցումային շրջանն ուղեկցվում է ցնցումներով։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախում հեռարձակված «Գոյամարտ»-ը վերադառնում է

ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից գրանցվել և գործունեության իրավունք է ստացել ««Գոյամարտ» պատմատեղեկատվական վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

«Գոյամարտ»-ը, որպես հաղորդաշարի ազդականչ, առաջին անգամ Արցախի Հանրապետության հեռուստատեսության եթերում հնչել է 1993թ. հոկտեմբերի 17-ին և ամենշաբաթյա հաճախականությամբ շարունակվել մինչև 2023թ. սեպտեմբերը:

30 տարիների ընթացքում «Գոյամարտ»-ը հաղորդումների, վավերագրական և ռազմաուսումնական տեսաֆիլմերի ձևաչափով հեռուստադիտողի դատին է ներկայացրել ավելի քան 2000 թողարկում:

«Վայրիվերումներով լի մեր ոչ հեռավոր անցյալը վերհիշելու, այդ պատուհանից ներկան գնահատելու և, իհարկե, հնարավորինս, ապագան ուղենշելու անհրաժեշտության մղումով «Գոյամարտ»-ի ստեղծման ակունքներում կանգնած մի շարք համախոհներ որոշել են անդրադառնալ նախկին ու ներկա իրողություններին և փորձել հնարավորինս անաչառ վերլուծություններով ներկայացնել ինչպես հայրենական փառավոր հաղթանակների, այնպես էլ ցավալի պարտությունների պատճառահետևանքային կապերը»,- ասվում է հաղորդագրությունում։

Բաքուն առաջարկում է Երևանին՝ անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել

Ազատություն

Բաքուն առաջարկում է անհայտ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել։ Այս մասին նշվում է Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի զեկույցում։

Ընդգծելով, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կան Առաջին և Երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորածներ, իսկ ռազմական գործողությունների տարածքում հայտնաբերված մասունքները կարող են պատկանել երկու կողմերին էլ՝ Բաքուն շեշտում է, որ այս մեխանիզմի ներդրումը նույնականացումը հաստատելու արդյունավետ միջոցներից մեկը կարող է դառնալ։

«Սա կարող է նաև նպաստել տարածաշրջանում համագործակցությանն ու հաշտեցմանը», – ասված է զեկույցում։

Երևանը դեռ չի արձագանքել Բաքվի այս առաջարկին։

Երևանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է՝ պատրաստ է անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար համագործակցել Ադրբեջանի հետ:

Ովքե՞ր են սպանում Սիրիայում ալավիներին. «նրանք նման էին չեչենների կամ ուզբեկների»

BBC-ն հրապարակել է մերձավորարևելյան իր թղթակից Լինա Սինջաբի հոդվածը

Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան միասնության կոչ է արել այն բանից հետո, երբ կիրակի օրը շարունակվել են սպանությունները այն շրջաններում, որտեղ բնակվում է տապալված նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ալավիական փոքրամասնությունը:

Հաղորդվում է, որ հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տները միջերկրածովյան Լաթաքիա և Տարտուս նահանգներից, որտեղ բնակվում է ալավիական համայնքը: Տեղի բնակիչները նկարագրում են թալանի և զանգվածային սպանությունների, այդ թվում՝ երեխաների, տեսարաններ:

Առափնյա Բանիաս քաղաքի Հայ ալ-Քուսուրի թաղամասի բնակիչներն, որը հիմնականում ալավիներով է բնակեցված, ասում են, որ փողոցները լցված են դիերով: Ականատեսների վկայությամբ՝ այնտեղ սպանվել են տարբեր տարիքի տղամարդիկ։

Ալավիները կազմում են Սիրիայի բնակչության մոտ 10%-ը։ Երկրի բնակիչների մեծ մասը սուննի մահմեդականներ են։ Գահընկեց արված նախագահ Բաշար ալ Ասադը նույնպես պատկանում է ալավիական կրոնական շարժմանը։

«Նրանք անծանոթ էին, ես չեմ կարող որոշել նրանց ինքնությունը կամ լեզուն, բայց նրանք կարծես ուզբեկներ կամ չեչեններ էին»,- հեռախոսով ասաց ականատեսներից մեկը՝ Ֆարեսը։

«Նրանց հետ կային նաև մի քանի սիրիացիներ, բայց ոչ պաշտոնական անվտանգության ուժերից։ Սպանություններ կատարողների թվում կային նաև խաղաղ բնակիչներ», – հավելել է նա։

Տղամարդն ասել է, որ տեսել է ընտանիքներ սպանված իրենց տներում, ինչպես նաև արյունոտ կանանց ու երեխաներին: Որոշ ընտանիքներ փորձել են թաքնվել իրենց տների տանիքներին, սակայն չեն կարողացել փախչել։ Սարսափելի է»,- ասել է Ֆարեսը։

Ֆարեսն ասաց, որ իրավիճակը կայունացավ, երբ սիրիական բանակը և անվտանգության ուժերը ժամանեցին Բանիաս՝ դուրս մղելով այլ խմբերին քաղաքից և ընտանիքներին միջանցքներ տրամադրելով անվտանգ տարածքներ մուտք գործելու համար:

Շարունակությունն այստեղ

Հայկական կողմը 5 ամիս է՝ չի վերցնում Վերա Աղասյանի դին. Բաքու

Հայկական պատվիրակությունը չի արձագանքում Վերա Աղասյանի մարմինը վերցնելու հարցին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը։ Այդ մասին տեղեկացնում է news.am-ը։

Նա հիշեցրել է, որ հայկական կողմը եւ անցած տարի հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի՝ ծնվ. 1954թ., զավակները տեղեկացվել են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից նրա մահվան մասին։

«Իրականացվել են անհրաժեշտ բոլոր փաստագրման ընթացակարգերը մարմինը հանձնելու համար, եւ անգամ ընթացիկ տարվա փետրվարին հարցն անմիջականորեն հասցվել է հայկական պատվիրակությանն իրազեկելուն սահմանին առանց միջնորդների մասնակցության հանդիպման ժամանակ։ Սակայն հայկական կողմն արդեն 5 ամիս է՝ ոչ մի կերպ չի արձագանքում մարմինը վերցնելու հարցին»,- տեղեկացրել է նա։