Տրամփի ընտրվելուց հետո Բաքվի գագաթնաժողովը իմաստազրկվել է․ BBC

ВВС

Երեկ Ադրբեջանում բացվեց COP29 կլիմայական գագաթնաժողովը: Գագաթնաժողովի երկու շաբաթվա ընթացքում մասնակից երկրները պետք է որոշեն, արդյոք կավելանա զարգացած երկրների կողմից կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորումը: Միաժամանակ, գագաթնաժողովին շատ միջազգային առաջնորդներ չեն կարողացել մասնակցել, իսկ COP29-ի կազմակերպիչ երկրում միջոցառման նախօրեին սկանդալ է առաջացել:

COP29-ի օրակարգի կարևորագույն կետն է՝ համաձայնություն ձեռք բերել կլիմայական ծրագրերի ֆինանսավորման նպատակով զարգացող երկրներին տարեկան մինչև մեկ տրիլիոն դոլար տրամադրելու վերաբերյալ: Ներկայումս այդ ֆինանսավորման ծավալը կազմում է 100 միլիարդ դոլար, որի ժամկետը լրանում է այս տարի: 2020 թվականից ի վեր հարուստ, կամ զարգացած երկրները միշտ չէ, որ կատարել են այդ պարտավորությունները, ինչն էլ, ինչպես նշում է Reuters գործակալությունը, հանգեցրել է կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի երկրների շրջանում աճող անվստահության:

Նախորդ տարի Դուբայում տեղի ունեցած նմանատիպ գագաթնաժողովում երկրները համաձայնության եկան աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքից, սակայն այդ ժամանակից ի վեր դրա օգտագործումն ու վաճառքը շարունակում են աճել, իսկ որոշ երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում և Ադրբեջանում, նոր հանքավայրեր են զարգացվում:

Զարգացած երկրների կողմից կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման ավելացման հարցի քննարկումները կանցնեն ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարության ֆոնին, ըստ որի՝ ԱՄՆ-ը պատրաստվում է կրկին դուրս գալ Փարիզյան համաձայնագրից (նա համարում է, որ կլիմայական փոփոխությունները հորինվածք են): Ինչպես նշում է Reuters գործակալությունը, ԱՄՆ-ի կողմից այսպիսի քայլը կարող է հանգեցնել նրան, որ մյուս երկրները հրաժարվեն նախկին պարտավորություններից կամ նվազեցնեն իրենց նպատակները կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում:

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները հիասթափություն են պատճառել նրանց, ովքեր մտահոգված են կլիմայի փոփոխություններով, այս մասին COP29 գագաթնաժողովում հայտնել է ԱՄՆ պատվիրակության ղեկավար Ջոն Պոդեստան: Այնուամենայնիվ, նա խոստացել է, որ երկրում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը կշարունակվի:

Նավթագազային ոլորտը կազմում է Ադրբեջանի տնտեսության գրեթե կեսը և ավելի քան 90%-ը արտահանման մեջ: Նավթը գլխավոր արտահանվող արտադրանքն է, իսկ երկրորդ տեղում՝ գազը, որը Ադրբեջանը առաջարկում է որպես «անցումային շրջանի» վառելիք:

Եվրոպան փորձում է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից: Reuters գործակալության կանխատեսմամբ՝ այս տարի Ադրբեջանի գազի արտահանումը դեպի Եվրոպա կգերազանցի 12 միլիարդ խորանարդ մետրը (անցյալ տարի այն կազմել էր 11.8 միլիարդ խորանարդ մետր):

Գագաթնաժողովի նախօրեին BBC-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ COP29-ի գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովը քննարկում է իրեն ներդրող ներկայացնող մարդու հետ պետական նավթագազային Socar ընկերությունում ներդրումների հնարավորությունը՝ լինելով նրա ղեկավար խորհրդի անդամ: Այդ տեսանյութում Սուլթանովը նույնպես գազը կոչում է «անցումային վառելիք» և խոսում Ադրբեջանի՝ գազի արդյունահանման ավելացման և նոր խողովակաշարերի ենթակառուցվածքների ստեղծման պլանների մասին:

Իրանի նախագահն էլ չգնաց Բաքու․ Թեհրանը կրկին զգուշացրել է

Իրանի փոխնախագահ Շին Անսարին մեկնել է Ադրբեջան՝ կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովին մասնակցելու։

Դրա մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։

Նշվում է, որ ի սկզբանե նախատեսված էր, որ Իրանի նախագահը կմասնակցի այդ համաժողովին, սակայն Իսրայելի ղեկավարի ներկայության պատճառով փոխվել է ներկայացվածության մակարդակը։

«Իրանի ռազմական հրամանատարներն ու առաջնորդը միշտ հստակ զգուշացրել են. «Եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի Հայաստանի և Իրանի միջև աշխարհագրական սահմանները փոխելու համար, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ», – ասվում է զեկույցում։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։

Ֆրիդոմ Հաուսի զեկույցը չի համընկնում ներհայաստանյան դիսկուրսին, որտեղ մեղադրում են արցախցիներին

Այսօր «Ֆրիդոմ Հաուս»-ը Երևանում ներկայացրեց «Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամբողջական տեքստը:

«Մարդու իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը պատմեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո Արցախից տեղահանության շուրջ ընկալումների առանձնահատկությունների մասին:

Նա նշեց, որ ռազմական ագրեսիան իրականացվել է 9 ամսվա բլոկադայից հյուծված բնակչության նկատմամբ: Արաքս Մելքոնյանի խոսքով, որը մասնակցել է զեկույցի պատրաստմանը, հակառակ Բաքվի հայտարարություններին, թիրախավորվել է հենց խաղաղ բնակչությունը:

Արդեն սեպտեմբերի 19-ի առավոտյան սկսվեց սպոնտան տեղահանությունը այն գյուղերից, որոնք ենթարկվել էին ագրեսիայի: Քանի որ տղամարդիկ մարտական ​​ծառայությունում էին, գյուղերում մնացել էին կանայք ու երեխաները, իսկ բլոկադայի պատճառով վառելիք չկար, եւ մարդիկ ոտքով՝ անտառներով հասնում էին Ստեփանակերտ և ռուսական խաղաղապահների բազա:

Երբ սեպտեմբերի 20-ին հրադադար հաստատվեց, այս մարդիկ այլևս չկարողացան վերադառնալ իրենց տները՝ գյուղերը գրավված էին, կամ ճանապարհները շրջափակված էին ադրբեջանցիների կողմից: Նրանք մնացին Ստեփանակերտում՝ բառացիորեն փողոցում:

Միակ ելքը տեղահանությունն էր, քանի որ ստեղծված պայմաններում արժանապատիվ ու անվտանգ կյանքը հնարավոր չէր: Քաղաքականության հանցագործների անպատժելիությունը, ապագայի անհայտությունը այլընտրանք չէին թողնում, առավել ևս, երբ ասում էին, որ Ղարաբաղում ուզում են թողնել մի քանի հազար մարդու:

Ոչ ոք չէր ցանկանում մնալ, ընդգծեց Արաքս Մելքոնյանը, քանի որ դա անհնար էր:

Մամուլի ասուլիսին ներկա Արցախի օմբուդսմեն Գեգամ Ստեփանյանը նշեց, որ զեկույցում արձանագրվածը չի արտացոլվում ներհայկական դիսկուրսներում:

Հիշեցնենք, որ Հայաստանում հաճախ մեղադրում են արցախցիներին իրենց տները լքելու համար՝ պնդելով, որ դա եղել է կամավոր, կամ նրանք ինչ-ինչ պատճառներով չեն ընդունել ՀՀ իշխանությունների որոշ առաջարկներ, կամ էլ Հայաստան են եկել իշխանափոխություն կատարելու նպատակով: Տարածվում է այն թեզը, որ արցախցիները կարող էին մնալ, մինչդեռ «Ֆրիդոմ Հաուս»-ի զեկույցը հակառակն է պնդում:

Այս հարցը պատասխանը չի ստացել մամուլի ասուլիսում:

Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքից մի կտոր ընծայաբերվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնին

Հայոց առաջին լուսավորիչ, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հիմնադիր Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքից մի կտոր ընծայաբերվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Նշվում է, որ մասունքը, որը պահվում էր Պրահայի կաթոլիկ եկեղեցում, նոյեմբերի 10-ին Մայր տաճարում Սուրբ պատարագի ավարտից հետո, եկեղեցուն հանձնել է Հայաստան ժամանած Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները։
Նշենք, որ կաթոլիկ եկեղեցին սրբերի մասունքները հայկական եկեղեցուն է փոխանցել երեք անգամ՝ 1970, 1994 և 2024 թվականներին։
Ամենահին հայպատումները պատմում են, որ առաջին քրիստոնեության քարոզիչները Հայաստանում եղել են հենց առաքյալներ Թադեոս և Բարթողիմեոսը։ Նրանք են Հայաստան բերել քրիստոնեության լույսը։

“Հաճախակի ենք լսում արցախցիների մահվան ելքերով ավտովթարների մասին”

 Լիանա Աղաջանյանն Արցախի Ասկերան քաղաքից է տեղահանվել։ Բռնագաղթի դժոխային ճանապարհը հաղթահարելուց հետո նրանց մեծ ընտանիքը հաստատվել է Երևան քաղաքում։ Բոլոր արցախցիների պես իրենց կամքին հակառակ են լքել հայրենի հողը և տանից հեռացել ձեռնունայն։ Կարևորը՝ կարողացել են ողջ ու առողջ դուրս գալ և երեք մանկահասակ երեխաների հետ անցնել թշնամու կողքով։ Սակայն չգիտեին, որ նախախնամությունը բոլորովին այլ ճակատագիր է նախատեսել իրենց համար: Բռնատեղահանումից մի քանի ամիս անց ողբերգական մահով դժբախտ պատահարի զոհ է դարձել Լիանայի ամուսինը՝ Կարենը։ Երեք զավակների հայրը ընտանիքի մինուճար որդին էր։

Լիանան չի կարողանում հարմարվել դաժան իրականության հետ։ Ապրում է մղկտացող սրտով ու փորձում իր մեջ խեղդել անասելի ցավն ու կարոտը։ Հանուն երեխաների նա ցանկանում է ուժ հավաքել և գիտակցում է՝ որքան էլ դժվար լինի, նա պետք է պայքարի։

-Կարենն անցել է ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմների միջով։ Մինչև վերջին օրը նա դիրքերում էր։ Այնքա՜ն փորձություններով է անցել Կարենը, այնքա՜ն դժվար օրեր հաղթահարել ու հանկարծ զոհ դարձել դժբախտ պատահարի։ Ես ցավում եմ բոլոր այն մանուկների համար, որոնք անհայր են մնացել։ Եվ այս դժվար օրերին, երբ ցանկանում ենք մի փոքր ուշքի գալ, մեզ շարունակում են հետապնդել դժբախտ պատահարները։ Արցախցիներիս համար հեշտ չէ հարմարվել նոր միջավայրին և մեծ քաղաքի ակտիվ կյանքին։ Հաճախակի ենք լսում արցախցիների մահվան ելքերով ավտովթարների մասին։ Օրեր առաջ պատահարի զոհ դարձավ նաև հորեղբորս 48-ամյա կինը՝ կրկին տակնուվրա անելով կոտրված մեր սրտերը։

Արցախում աշխատում էի հարկային ծառայությունում։ Այդ ընթացքում կարողացա ձեռք բերել նաև մատնահարդարի մասնագիտություն։ Այստեղ աշխատանքի եմ անցել վարսավիրանոցում և ավելի եմ հմտացել այդ գործում։ Միաժամանակ անցել եմ դիմահարդարման դասընթացներ ու ստացել հավաստագիր։ Իհարկե, դժվարություններ կան, բայց Փառք Աստծո, ամուսնուս ծնողների հետ մեկտեղ կարողանում ենք հոգալ մեր ընտանիքի կարիքները, լուծել երեխաների խնամքի և կեցության հետ կապված հարցերը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Իրանը կոչ է անում Թրամփին նոր քաղաքականություն որդեգրել Թեհրանի նկատմամբ

Իրանը կոչ է անում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին նոր քաղաքականություն որդեգրել իր նկատմամբ։

Մինչև նոյեմբերի 5-ի ԱՄՆ նախագահական ընտրությունները թեկնածու Թրամփին սպանելու բացահայտված պլանի գործով ամերիկացի իրավապահները մեղադրանք են առաջադրել Իրանի քաղաքացու դեմ:

Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թրամփին կոչ է արել վերանայել «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, որը նա կիրառել է Իսլամական Հանրապետության դեմ իր առաջին ժամկետում։

«Թրամփը պետք է ցույց տա, որ չի հետևում անցյալի սխալ քաղաքականությանը», – լրագրողներին ասել է Զարիֆը։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ամերիկյան մեղադրանքներն անվանել է «լիովին անհիմն»։

Թրամփի որդին գրել է, որ Զելենսկին շուտով կզրկվի «նպաստից»

DW

ԱՄՆ ընտրված նախագահի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, հանդես է եկել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության ֆինանսավորման կրճատման վերաբերյալ մեկնաբանությամբ։ Նա Instagram-ում տեղադրել է տեսանյութ, որի վրա գրել է. «POV (անգլերենից՝ Point of view, Պատկերացրու)՝ 38 օրից դու կզրկվես քո նպաստից»։

Տեսանյութի հիմքում եղել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախկին փոխնախագահի թեկնածու Սառա Փեյլինի հրապարակած տեսանյութը։ Դրանում երևում է, թե ինչպես է Դոնալդ Թրամփը կանգնած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողքին։ Տեսախցիկը կենտրոնանում է Զելենսկու խոժոռ դեմքին, կադրն աստիճանաբար դառնում է սև-սպիտակ, վերևից սկսում են ընկնել դոլարի թղթադրամներ, իսկ հետո հայտնվում է Թրամփ կրտսերի գրությունը։

38 օրից, դեկտեմբերի 17-ին, ընտրիչները իրենց նահանգներում կվավերացնեն ԱՄՆ նախագահի և փոխնախագահի ընտրության արդյունքները։

Կաթողիկոսի մոտ եմ գնացել գերիների հարցով, առաջարկ եմ արել, չմերժեց, արդյունքը հետո կտեսնենք. Անդրանիկ Քոչարյան

Գերիների հարցով ես անձնապես էլ եմ զբաղվել. ես  նշել եմ հնարավորությունը, որը ես տեսել եմ, որ եկեղեցու միջոցով կարող էինք արդյունք արձանագրել: Ես ինքս գնացել եմ վեհարան, այդ առաջարկով հանդես եմ եկել: Հիմա չեմ կարող  գնահատել արդյունքը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին՝ Գարեգին Բ կաթողիկոսն իրեն մերժե՞լ է, նա պատասխանեց. «Ոչ, չմերժեց, գործողություններ եղան, արդյունքի մասին, բնականաբար, պետք է ապագայում նայվի, թե այդ գործողությունն արդյունք տվեց, թե այլ գործողություններ: Բայց գերիների հարցում առանց հանրայնացնելու պետք է զբաղվել մինչեւ վերջին գերու հետ գալը: Հիմա տեսնում եք, որ առաջին պատերազմի զոհվածների, անհետ կորածների խնդիր է արծարծվում եւ այդ շրջանակներում էլ կարող է ստեղծվեն հնարավորություններ գերիների, անհետ  կորածների հանձնախմբերը աշխատեն միասին եւ փորձենք հասնել ամբողջական լուծման»:

Երևանում կայացել է արցախցի լուսանկարիչ Վլադիմիր Գևորգյանի Շուշի լուսանկարների ցուցահանդեսը

Երևանում կայացել է արցախցի լուսանկարիչ Վլադիմիր Գևորգյանի <<Պիցրանանք Շուշի>> խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որին ներկայացվել են հինավուրց բերդաքաղաք Շուշին պատկերող 45 լուսանկարներ։ Ցուցահանդեսը նախաձեռնել է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության, ՀԱՍԵ Արցախի թեմի և ՀԲԸՄ-ի աջակցությամբ։

Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ցուցահանդեսն առհավատչյան է նրա, որ արցախցիներն ապրում են Արցախով։ Հոգով, մտքով շարունակում են հասնել Արցախ ու բարձրանալ Շուշի։

Իրենց կարծիքներով ու շնորհավորական խոսքերով հանդես են եկել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, զոհված որդիների հայր Միքայել Հաջյանը։ Ցուցահանդեսը կգործի նաև նոյեմբերի 11-ին, Մելիք Ադամյան 2/2 հասցեում։

Freedom House-ը ներկայացրել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի ամբողջական տարբերակը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրավիրել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի մամուլի ասուլիս: 2024 թ․ հուլիս ամսին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում հրապարակվեց զեկույցի ամփոփագիրը։ Ամբողջական զեկույցը հրապարակվել է նոյեմբերի 11-ին մամուլի ասուլիսի շրջանակում։

Զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և Truth Hounds կազմակերպությունների կողմից:

Freedom House կազմակերպության Հայաստանում ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը նշեց, որ դա առաջին փորձն է հավաքագրել փաստերն այն մասին, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում վերջին 4 տարվա ընթացքում։ Նա նշեց, որ փաստերը հաստատում են՝ տեղի ունեցած հարձակումները, ահաբեկումը, մարդու գրեթե բոլոր իրավունքների խախտումները եւ ի վերջո տեղահանությունը պլանավորված քաղաքականության մասեր են, որի նպատակը՝ անհնար դարձնել հայերի կյանքն Արցախում։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Ալեն Շադունցը հիշեցրել է, որ փաստահավաք առաքելության ժամանակ խորացված հարցազրույցներ են վարվել Արցախի 71 բնակավայր ներկայացնող 330 անձի հետ։ Պարզվում էին եւ սահմանամերձ գյուղերի հետ կապված իրադարձությունները, եւ ռուս խաղաղպահների հետ հարաբերությունները։ Այդ հարցազրույցները համեմատվում էին նաեւ տվյալ իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի հռետորականության հետ, հնչող ատելության խոսքի, ինչը եւ ապացուցում է բոլոր գործունեությունների կանխամտածված բնույթը։

Ալեն Շադունցն ասաց, որ նույն քաղաքականությունը շարունակվում է հիմա՝ մշակութային ժառանգության ոչնչացմամբ եւ սեփականության իրավունքի խախտմամբ։

Նա ասաց, որ զեկույցի գլխավոր եզրակացույունը՝ տեղի են ունեցել էթնիկ զտումներ, եւ նման պայմաններում ապրելը անհնարին էր։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանի խոսքով, հարցվածները նշել են, թե 2020 թ․ պատերազմից հետո շատերը վերադարձել են Արցախ, հավատալով, որ ռուս խաղաղապահները կապահովեն իրենց անվտանգությունը եւ արժանապատիվ կյանքը առնվազն 5 տարի։ Բայց հետո պարզվեց, որ օկուպացված բնակավայրերի բնակիչները չեն կարող վերադառնալ իրենց տները, եւ հենց ռուսներն էին զսպում նրանց։ Դա նշանակում է, որ ոչ մի ինտեգրում չի կարող լինել։ Առավել եւս, որ ռուսների ներկայությամբ խափանվում էին գյուղատնտեսական եւ այլ գործունեությունները։ Հետո սկսվեց շրջափակումը, եւ պարզ դարձավ Բաքվի ձգտումը՝ նվազեցնել կենսունակության ներքին ռեսուրսը, հետո խզել կապն արտաքին աշխարհի հետ։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբան Սերգեյ Գրիգորյանը ներկայացրեց բլոկադայի ժամանակաշրջանը, հիշեցնելով, որ 2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը փակելուց հետո 2023-ի ապրիլին Բաքուն անցակետ տեղադրեց Կորնիձորում։ Իսկ արդեն հուլիսիսց ամբողջությամբ դադարեց նույնիսկ մարդասիրական օգնությունը։ Դա ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության, այլեւ Միջազգային դատարանի որոշումների կոպիտ խախտում էր։

Դա էթնիկ զտումների ծրագրի մի կոմպոնենտ է, որը զուգակցվում էր ահաբեկություններով, հարձակումներով, բոլոր կյանքի համար անհրաժեշտ կոմունիկացիաների դադարեցումով, եւ ի վերջո տեղահանությամբ։

Երևանի և Բաքվի միջև պայմանագրի “արագ ծննդաբերությունը” ընդհատվեց։ Ինչու՞ Թրամփը զանգեց Արամ I-ին

Նոյեմբերին ԱՄՆ-ի վարչակազմը ակտիվորեն խթանում էր Երևանին ու Բաքվին արագորեն ստորագրել «խաղաղության համաձայնագիր», և պաշտոնական Երևանն էլ ձայնակցում էր այս ջանքերին։ Ասվում էր, որ համաձայնագիրը կարող էր ստորագրվել COP29-ի շրջանակներում Բաքվում՝ ներառելով հայ պաշտոնյաների մասնակցությունը և գերիների վերադարձը։ Սակայն պայմանագիրը չկնքվց, եւ գործընթացը կանգ առավ ԱՄՆ ընտրությունների արդյունքում, երբ հաղթեց Դոնալդ Թրամփը։

Այսօր Բաքվում սկսվեց COP29-ը, եւ պարզվեց, որ աշխարհի առաջնորդները՝ Բայդեն, Շոլց, Մակրոն, Պուտին, Սի Ծինպին և այլք՝ հրաժարվել են մասնակցել կոնֆերանսին։ Դեռ չի հայտարարվում Թրամփի մասնակցության մասին։ Հայաստանը մինչեւ վերջ չհայտարարեց իր մասնակցության մասին, թեկուզ Արարատ Միրզոյանը նշել էր, որ պատրաստ է մեկնել Բաքու, եթե հաջողվի պայմանավորվել գերիների վերադարձի շուրջ։

Պաշտոնական բանակցությունները կանգ առան, ինչը նշանավորում է, որ գերիների հարցում համաձայնության չի հաջողվել հասել։ Հնարավոր է, որ Թրամփի ընտրվելը դանդաղեցրել է «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, և այդ գործընթացը կվերսկսվի Թրամփի գլոբալ քաղաքականության նոր համատեքստում։

Այս պահին Թրամփի ներկայացուցիչները դեռ չեն հայտնել, թե ինչպես են նրանք պատկերացնում Հայկական հարցի լուծումը։ Այնուամենայնիվ, ակնհայտ է մի բան՝ Թրամփը մինչ ընտրությունները զանգահարեց Կաթողիկոս Արամ Առաջինին և խոսեց հայկական հարցերի մասին։ Նա չզանգահարեց Փաշինյանին, հնարավոր է՝ ուզում էր ընդգծել, որ հայ ժողովրդին տեսնում է որպես դիասպորա՝ ազդեցիկ ազգ, բայց առանց պետության։ Բայց չի բացառվում, որ Փաշինյանին չզանգահարելը նշանակում է, որ նա չի ճանաչում նրան որպես հայ ժողովրդի իրավունքների ու շահերի արտահայտող։

Թրամփը մտադիր է նշանակել հատուկ ներկայացուցիչ, որը զբաղվելու է Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների ամրապնդմամբ։ Արցախի հարցով նա հայտարարեց, որ տեղի են ունեցել էթնիկ զտումներ, և 120 հազար քրիստոնյա վտարվել է իրենց հայրենիքից։

Աշխարհաքաղաքական այս սուր շրջադարձը չի նշանակում իշխանության փոփոխություն Հայաստանում, քանի որ Հայաստանի քաղաքական լանդշաֆտը այնքան դատարկված է, որ ԱՄՆ նոր կառավարությանը դժվար կլինի գտնել համապատասխան գործընկեր։ Չափազանց խոսուն է, որ Թրամփը զանգահարել է սթյուռքի ներկայացուցիչներին, այլ ոչ թե Հայաստանի ղեկավարությանը։

«Դեպի Գանձասար գնացող ճամփեն հրթիռակոծել էին, դեռ փոշին էր բարձրանում, ճամփին էլ դիակ, էլ վիրավոր…»

Forrights

«Խաղաղ ժամանակ եղել եմ արհեստավոր, երբ պատերազմ է եղե, եղել եմ հրետանավոր»,- կարճ իր կյանքի մասին այսպես է պատմում 45- ամյա արցախցի Հակոբ Գրիգորյանը։

Երեք երեխաների հայր Գրիգորյանը 2020-ի պատերազմի ժամանակ ոտքերի շրջանում վիրավորում է ստացել, սակայն կարճ ժամանակ անց վերադարձել է առաջնագիծ։ Իսկ 2023-ի սեպտեմբերին գնացել է նորակոչիկ որդի կողքին լինելու, նաեւ ծառայող տղաներին հաց է հասցրել։

«Բլոկադայի ժամանակ տղաս զորակոչվեց, երկու անգամ ոտքով գնացինք տեսանք։ Այլ ձեւ գնալու տարբերակ չկար։ Մտածում էինք՝ տղա է, թող գնա ծառայի։ Երբ պատերազմը սկսվեց, աղջիկները դպրոցում էին, գնացի բերեցի ռմբակոծությունների տակ ու էլ մտածելու բան չկար՝ նստեցի մեքենան, որ գնամ տղայիս գտնեմ»,- պատմում է Գրիգորյանը։

Հիշելով ճանապարհին իր տեսածը նա ասում է՝ եղել է հրետակոծություն՝ իր բոլոր հետեւանքներով.«Դեպի Գանձասար գնացող ճամփեն հրթիռակոծել էին, դեռ փոշին էր բարձրանում, ճամփին էլ դիակ, էլ վիրավոր… հասկացանք, որ շարունակելը վտանգավոր է, վիրավորրին հասցրինք գյուղի բուժկետ…Աստծուն խնդրել եմ, որ մեր արածը տեղ հասնի, վիրավորը ողջ մնա… հետ գնացինք, հարցուփորձ անելով իմացանք, որ տղաներին գյուղից հանել են, շրջանաձեւ պաշտպանության են անցել, հերթապահություն են անում։

Հրամանատարությանը տեսա։ Նրանցից անչափ գոհ եմ, քանի որ ճիշտ ու գրագետ մոտեցում են ունեցել։ Նորակոչիկներին՝ մալադոյներին առանձնացրել են, պահել են ամենավերջին ռեզերվի համար, քանի որ նրանք իրանց գործին դեռ լավ չէին տիրապետում»։

Հակոբը հիշում է, որ այդ պահին իրեն զգացել է երկու քարի արանքում, քանի որ մի կողմից ցանկանում էր որդու կողքին լինել, բայց մյուս կողմից էլ ընտանիքը ռմբակոծվող Ստեփանակերտում էր։ «Ի վերջո որոշեցի վերադառնալ Ստեփանակերտ։ Չցանկացա տղայիս հետս վերցնել, հանել ծառայությունից։ Ո՞նց կլինի, եթե ինքը կարող է մնալ ու ինչ-որ մեկի կյանքը փրկել։ Եթե որդուս վերցնեի, հետս բերեի Ստեփանակերտ, ինձ բան չէին ասի, բայց ինքս որոշեցի, որ նա պետք է մնա ծառայության մեջ… Երկու օր անց լուր տարածցվեց, որ այն տեղանքը, որտեղ որդիս էր, թուրքերը վերցրել են։ Ո՞նց են վերցրել, անցած գիշերն այնտեղ էի։ Սկսեցի մտածել, թե այդ դեպքում ինչ է եղել տղաների հետ, որդուս հետ։ Ոչ մի ինֆորմացիա հնարավոր չէր գտնել։ Մի զինվորի հոր պատահաբար հանդիպեցի, ասաց, որ որդին կարողացել է զանգել, որ տղաները նահանջել են, Սեյրիշեն գյուղում են։

Մեր տանը, հարեւանների տանը ինչքան սնունդ կար, հավաքեցի ու գնացի տղաների մոտ։ Հասա, մեքենաները ծառերի տակ պահած, տղաներ ամբողջությամբ ցեխի մեջ… Որդուս որ տեսա, շատ հուզվեցի»։

Վստահանալով որ որդին լավ է, Գրիգորյանը կրկին վերադարձել է Ստեփանակերտ, իսկ երկու օր անց զինվորները զորացրվել են եւ որդին վերադարձել է ընտանիքի մոտ։

Ստեփանակերտը լքելիս Հակոբը որոշել է իր հետ վերցնել իր մեդալներն ու անձը հաստատող փաստաթղթերը։ Դրանք պահել է մի մեքենայի մեջ, որը ինքն է վարել, իսկ կնոջն ու երեխաներին ուղեկցել է այլ մեքենա. «Մտածեցի, որ եթե մեդալներն ու իմ իրերը գտնեն, ինձ բռնեն, մերոնք այդ մեքենայի մեջ չլինեն»։

Բարեբախտաբար Հակոբի մեքենան առանց խոչընդոտ անցել է Հակարի կամուրջն, ու Գորիսում ընտանիքը վերամիավորվել է։

Ընտանիքն այժմ ապրում է Կոտայքի Արամուս համայնքում։ Հակոբը զբաղվում է արհեստավորի իր գործով, ասում է՝ չգիտի, թե ինչ է իրենց սպասում, սակայն այս պահին ամենակարեւորն այն է, որ ընտանիքը ապահով է, իսկ որդին արդեն կամաց-կամաց հաղթահարում է պատերազմում իր ապրածի ու անցածի ծանր հեգաբանական հետեւանքները։

Անի Գևորգյան