Ալեն Սիմոնյան․ Գերիների հարցով հրապարակային չենք խոսում

«Շնորհավորում եմ բոլորիս՝ ձեռք բերված պայմանավորվածությունների, պատմական այցի եւ այն հնարավորությունների համար, որոնք Հայաստանի համար բացվեցին։ Պետք է ընդգծեմ ՀՀ անվտանգության մակադրակի ընդհանուր բարձրացումը եւ այն օրակարգի, որը մենք ի կատար ենք ածում, այսինքն՝ խաղաղության օրակարգը, որը մեկ տարվա, երկու տարվա չէ, այլ տասնամյկաներիի է, եթե ոչ՝ հարյուրամայակների»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատարած այցին Հայաստան։

Հարցին, թե հայ գերիների վերադարձի հարցում շոշափելի արդյունք կա՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Հաճախ դուք ինձ այդ հարցը տալիս եք, մենք ասում ենք, որ հրապարակային այդ մասին չենք խոսում։ Այդ ասածից հետո ինչ-որ քանակությամբ մարդիկ վերադառնում են ՀՀ։ Որեւիցե բան այդ մարտավարության մեջ չի փոխվել, մշտապես խոսվում է թե գերիների մասին, թե անհայտ կորածների ճակատագրի, թե բոլոր այլ խնդիրների մասին։ Պետք է ասեմ, որ շատ դրական ենք գնահատում այն աշխատաոճը, որը երկուստեք որդեգրել ենք Ադրբեջանի հետ։ Կարծում եմ՝ եթե այս ճանապարհով շարունակենք առաջ ընթանալ, մեր երկու երկրներն այլեւս մոտ ապագայում որեւէ խնդիր չեն ունենա»։

Եթե ​​Հայաստանի ատոմակայանը փակվի. Ի՞նչ ռումբի մասին է խոսում Ֆիդանը

Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ներկայիս վիճակը։

Ֆիդանը, ուղիղ եթերում խոսելով ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային զենքի շուրջ լարվածության համատեքստում, նշել է հետևյալը.

«Այժմ ի հայտ են գալիս սցենարներ, որոնց համաձայն՝ Թրամփի օրոք հատկապես ուժեղացած ամերիկյան նոր անվտանգության դոկտրինի և ԱՄՆ-ի կողմից իր դաշնակիցների համար ավանդական պաշտպանական հովանոցից հնարավոր զրկելու պատճառով, որոշ երկրներ կարող են արագորեն ընտրել միջուկային զենքի ստեղծման ուղին։

Ապագայում ավելի ու ավելի շատ պետություններ, հավանաբար, կսկսեն ձգտել միջուկային զենքի, և դրանք կլինեն ոչ թե Իրանը կամ Մերձավոր Արևելքի այլ երկրներ, այլ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի պետությունները»։

Ֆիդանը չի պատասխանել «Պե՞տք է արդյոք Թուրքիան ունենա միջուկային զենք» հարցին։

Միացյալ Նահանգները երկար տարիներ միջուկային զենք է պահել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տարածքում, սակայն թուրքական կառավարությունը դրանց հասանելիություն չի ունեցել։ Մերձավոր Արևելքում լարվածության սրման ընթացքում ՆԱՏՕ-ն իր միջուկային զենքը դուրս է բերել Թուրքիայից՝ տեղակայելով այն Իսպանիայում և այլ բազաներում։

«Միջազգային անվստահությունը» հանգեցրել է նրան, որ Թուրքիան դեռևս չունի գործող ատոմակայան. Ռուսաստանի կողմից ներկայումս կառուցվող Աքքույու ատոմակայանը դեռևս շահագործման չի հանձնվել։

Թուրքիան բազմիցս հրապարակավ պահանջել է փակել Մեծամորի ատոմակայանը Հայաստանում, որը գտնվում է ներկայիս թուրքական սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Չնայած ինտենսիվ լոբբինգի, Թուրքիան մինչ օրս չի կարողացել հասնել այս նպատակին։ Ավելին, Թուրքիան ատոմակայանի առկայությունը Հայաստանում համարում է ատոմային ռումբի համարժեք։

Երեկ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան կատարած այցի ժամանակ ստորագրվեց համաձայնագիր Հայաստանում ամերիկյան ոճի մոդուլային ատոմակայաններ կառուցելու մասին: Սա ներկայացվեց որպես տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու փորձ (ՀԱԷԿ-ը, որի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, գործում է ռուսական նախագծով ռեակտորով), չնայած Ռուսաստանը ներկայումս անմիջականորեն չի շահագործում ՀԱԷԿ-ը: Արդյո՞ք ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը նշանակում է, որ ՀԱԷԿ-ը կփակվի, և արդյո՞ք սա ԱՄՆ-ի «տուրք» է Թուրքիային:

Անկարան բազմիցս մտահոգություն է հայտնել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների առկայության վերաբերյալ. ամերիկյան կազմակերպությունների կողմից վերջերս Հայաստանում գերհամակարգիչ բացելու որոշումը (հզոր չիպերի փոխանցման մասին Վենսը հայտարարեց Երևանում) որակվեց որպես սպառնալիք Թուրքիայի ազգային անվտանգությանը:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը նույնպես մտադիր է համագործակցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ արհեստական ​​բանականության ոլորտում, բայց ամերիկյան միջուկային տեխնոլոգիաները Բաքու կամ Անկարա փոխանցելու մասին խոսք չկա:

Իրանը, իր հերթին, հայտարարեց, որ կարող է ուրանի հարստացումը կրճատել մինչև 60%, եթե ԱՄՆ-ն հրաժարվի պատժամիջոցների քաղաքականությունից: Իրանում ևս ռուսական ՀԷԿ է գործում։

Ռուբեն Վարդանյանի դատավարությունը Բաքվում կշարունակվի փետրվարի 10-ին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում Արցախի նախկին վարչապետ Ռուբեն Վարդանյանի դատավարությունը կշարունակվի փետրվարի 10-ին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսը այսօր՝ փետրվարի 10-ին կմեկնի Երևանից Բաքու։

Երեկ Երևանում տեղի ունեցավ բողոքի ցույց՝ հայ բանտարկյալների ազատ արձակման պահանջով, և Վենսին բազմաթիվ նամակներ ուղարկվեցին՝ խնդրելով նրան աջակցել գերիների ազատ արձակման հարցում։ Սակայն ԱՄՆ փոխնախագահը և Նիկոլ Փաշինյանը հրապարակավ չեն մեկնաբանել այս հարցը։

Տյառընդառաջի տոնական ձեռնարկ Երազ այգում

Սիրով հրավիրում ենք Տյառընդառաջի տոնական ձեռնարկի Երազ Այգում
«ԴԻԱԼՈԳ» կազմակերպությունը և «ՔԻՐՍ» նախագիծը հրավիրում են ձեզ միասին նշելու հայկական ամենաջերմ ու լուսավոր տոներից մեկը՝ Տյառընդառաջը։
Տոնը, որը խորհրդանշում է ընտանիքի օրհնություն, սեր, միասնություն և նոր սկիզբ, այս տարի կնշենք յուրահատուկ մթնոլորտում՝ ազգային շնչով ու արցախյան ջերմությամբ։
Սա պարզապես միջոցառում չէ․ սա հանդիպում է հիշողությունների, մշակույթի և համայնքային ջերմության շուրջ։ Միասին վառ պահենք մեր ավանդույթների կրակը, ստեղծենք անմոռանալի երեկո
Փետրվարի 13
Երազ Այգի
16:00` ցուցհանդես-վաճառքի մեկնարկ
18:00՝ ծրագրի մեկնարկ
Մուտքն ազատ է

Indie Peace կողմից անցկացվեց երկօրյա մասնագիտական սեմինար

Երևան | 6–7 փետրվարի, 2026 թ.
Indie Peace կազմակերպության կողմից անցկացվեց երկօրյա մասնագիտական սեմինար՝ «Աշխատանք անհետ կորածների ընտանիքների հետ. ոչ միանշանակ կորուստ» թեմայով։
Սեմինարին մասնակցեցին հոգեբաններ և անհետ կորածների հարազատներ, ինչը հնարավորություն տվեց թեման քննարկել ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական դիտանկյունից։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին ոչ միանշանակ կորստի հոգեբանական առանձնահատկությունները, դրա տարբերությունները մահվան հաստատված փաստով պայմանավորված կորստի և սգի ապրումներից, ինչպես նաև այն հիմնական մոտեցումները, որոնք կարևոր են անհետ կորածների ընտանիքների և հարազատների հետ աշխատելիս։
Մասնակիցները ծանոթացան ժամանակակից տրավմաթերապևտիկ մեթոդի՝ Պատկերի փոխակերպման թերապիայի (Image Transformation Therapy, ImTT) շրջանակում կիրառվող Ցավի / սարսափի ազատման պրոտոկոլին, որը նախատեսված է տրավմատիկ փորձառությունների հետ աշխատանքի համար։
Սեմինարը ներառում էր նաև գործնական հատված, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան փորձարկել պրոտոկոլը և քննարկել դրա կիրառման հնարավորությունները տարբեր խմբերի հետ, այդ թվում՝ անհետ կորածների ընտանիքների, ինչպես նաև մասնագետների ինքնախնամքի շրջանակում։

Վենսն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր՝ փետրվարի 10–ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Նշենք, որ վաղ առավոտից հուշահամալիր տանող բոլոր մուտքերի մոտ վարչապետի անվտանգության աշխատակիցներն են ու ոստիկաններ։

Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ ազատության իրավունքն անօտարելի է. Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօրվա բողոքի ցույցի ժամանակ ասաց, որ հայ գերիները գտնվում են Բաքվի բանտում մի շատ պարզ ու անօտարելի իրավունքի իրացման համար, եւ դա Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ ազատության իրավունքն է։

Ըստ նրա՝ ազատության եւ ինքնորշման ձգտող ժողովուրդների ներկայացուցիչները չեն կարող համարվել ահաբեկիչներ, եւ դա ԱՄՆ փոխնախագահ Վենսը շատ լավ պետք է իմանա։

«Դա մենք չենք ասում, դա ասում է միջազգային իրավունքը։ Հետեւաբար, նրանց չի կարելի ենթարկել կեղծ դատավարությունների, թե իբր նրանք ահաբեկիչներ են։ Մեր խնդրանքը միջազգային հանրությանը եւ այս պարագայում ԱՄՆ-ին այն է, որ չի կարող լինել խաղաղություն, երբ բուժված չեն վերքերը։ Չի կարող լինել խաղաղություն՝ առանց հումանիտար հարցերի կարգավորման»,- հայտարարեց Գեղամ Ստեփանյանը։

Հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի կազմակերպիչները նաեւ նամակ ընթերցեցին՝ ուղղված Հայաստանում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Վենսին։

Սա չիպեր են, որ աշխարհի երկրների մեծ մասում չկան․ Վենս

Հայաստանը շատ հիասքանչ երկիր է, որի հետ համագործակցելով ԱՄՆ-ն շատ հպարտանում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարության արարողության ժամանակ նշեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Նախագահ Թրամպը ուղարկում է անձամբ ձեզ և նաև Հայաստանի ժողովրդին իր անձնական բարևները։ Նախագահ Թրամփը և վարչապետ Փաշինյանը իրար հետ շատ մեծ բանի են հասել. խաղաղությունը չի կերտվում զգույշ մարդկանց կողմից, խաղաղություն անցյալում չի կերտվում, խաղաղություն կերտվում է ապագայում և քանի որ վարչապետ այսպիսի մեծ առաջընթաց է ունեցել իմ հետ աշխատելով և նախագահ հետ աշխատելով, մենք ոչ միայն Հայաստանի համար խաղաղություն ենք կերտում միասին, այլ նաև բարգավաճում ԱՄՆ-ի հետ միասին։

Այսօր մենք ուզում ենք հայտարարել այնպիսի բաներ, որոնք առանց ձեր առաջատարության, առանց ձեր հանձնառությունների հնարավոր չէր լինի, ինչպես նաև առանց մեր երկրի նախագահի առաջատարության։ Ես իրոք հավատացած եմ, որ այսօր մի նոր սկիզբ է Հայաստանի և Միացյալ Նահանգների գործակցության համար, գործընկերության համար։

Ես ուզում եմ մի քանի բան հայտարարել. պարոն վարչապետը արդեն նշեց, բայց ևս անգամ կընդգծեմ, թե  ինչի վրա ենք շարունակելու աշխատել։ Նախևառաջ, ինչպես նա նշեց, այս հիասքանչ տեխնիկական համաձայնագիրը ԱՄՆ-ն հպարտորեն հաստատեց NVIDIA ընկերության համար։ Դա նշանակում է նոր շուկաներ, նոր աշխատանք, ինչպես ամերիկյան աշխատուժի և ընկերությունների համար, այնպես էլ Հայաստանի համար։ Սա չիպեր են, որ աշխարհի երկրների մեծ մասում չկան, գոյություն չունեն, չեն էլ կարող լինել։ Հիմա այստեղ կառուցվելու են և արդեն կառուցվում են Հայաստանում վարչապետի առաջատարության արդյունքում»,–ասաց նա։

Նոր տեխնոլոգիաներ, աշխատատեղեր Հայաստանում․ Վենս

«Նոր դրոն տեխնոլոգիա ենք վաճառելու Հայաստանին, նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղություն ապահովելու լավագույն ձեւը այն է, որպեսզի աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիները տարածվեն ու տեղադրվեն։ ԱՄՆ-ն 11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք է հաստատել Հայաստանի համար։ Մենք համոզված ենք, որ այն խաղաղությունը, որը պետք է կերտվի, կմնա, կայուն կլինի։ Դա նշանակում է լրացուցիչ աշխատատեղերի բացում, լրացուցիչ ներդրումներ»,- այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում ասաց ԱՄՆ ափոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Ի շարունակություն երկու բազմամյա անվտանգային համագործակցությանը և արդեն երեք տարի անընդմեջ շարունակվող արծիվ գործընկեր զորավարժություններին, Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․ «Մենք ոչ միայն խաղաղություն ենք կերտում Հայաստանի համար, այլ նաեւ բարգավաճում՝ ԱՄՆ հետ միասին։ Ես իրոք հավատացած եմ, որ այսօր մի նոր սկիզբ է Հայաստանի եւ ԱՄՆ գործընկերության համար»։

Ստորագրվեց Միջուկային էներգիայի խաղաղ նպատակով օգտագործման ոլորտում ՀՀ եւ ԱՄՆ կառավարության միջեւ համագործակցության մասին բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը։ Վենսն ասաց, որ ամերկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան։ “Մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այնքան վստահ զգում, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիներ արտահանի այլ երկիր։ Սկզբում մոտ 5 մլրդ դոլար գումարի մասին ենք խոսում, ներդրումներ կարվեն, հետագայում երկրորդ փուլում՝ եւս 4 մլրդ։ Սա փոխշահավետ իրավիճակ է եւ Հայաստանի համար, եւ ԱՄՆ, ստեղծվելու են շատ աշխատատեղեր եւ ԱՄՆ-ում, եւ Հայաստանում»,- նշեց նա։

ԱՄՆ փոխնախագահը նաեւ ասաց․ «Ես իրոք հպարտ եմ, որ ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ, որը երբեւէ այցելել է այս երկիր։ Սա ամբողջ աշխարհի հնագույն քրիստոնյա պետություններից ու ազգերից մեկն է։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում այս երկիրն ամբողջ աշխարհի համար»։

«Արցախ»-ը կհնչի, բայց անվանումը չի նշվի

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ գեղասահքի միջազգային ֆեդերացիան քննարկել են Ադրբեջանի կողմից ներկայացված բողոքը:

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը կարճ ծրագրում հանդես է գալու Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» երաժշտական ստեղծագործության ներքո։

Ադրբեջանական կողմը բողոք էր ներկայացրել, որ «Արցախ» անվանումով երաժշտական ստեղծագործության օգտագործումը Օլիմպիական խաղերի շրջանակում կունենա քաղաքական ենթատեքստ եւ հակասում է Օլիմպիական խարտիայի սկզբունքներին:

ՄՕԿ-ը հայ գեղասահորդների ծրագրի անվանումը փոխել է պաշտոնական ցանկում։ Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում հայ գեղասահորդների երաժշտական ուղեկցման անվանումը պաշտոնապես նշված է որպես «Արա Գեւորգյանի երաժշտություն»։

Կարինա Հակոբյանը եւ Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրով հանդես կգան փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագրով օլիմպիական սառույց դուրս կգան փետրվարի 16-ին: Այս մասին հայտնում է news.am-ը։

Իհարկե, դրանով Արցախի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության հետեւանքներն ամբողջապես չեն վերացվի

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարով է եկել Հայաստան, բայց շատ ավելի լավ կաներ, որ սկզբում գնար Բաքու և իր հետ բերեր մեր բոլոր հայրենակիցներին։ Մենք բոլորս գիտենք, որ հայ գերիներն այնտեղ պատանդներ են բռնապետ Ալիեւի ձեռքին։ Պատանդ նշանակում է, որ նրանք օգտագործվում կամ օգտագործվել են քաղաքական առեւտրի նպատակով։ Ուստի, ԱՄՆ ղեկավարությունը հնարավորություն ունի որպես տարածաշրջանում խաղաղության եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ շահագրգռված կողմ՝ մեկ հստակ քայլ կատարելու, որը կմոտեցնի իրական խաղաղությունը։

Իհարկե, դրանով մեր ժողովուրդները չեն հաշտվի, դրանով Արցախի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության հետեւանքներն ամբողջապես չեն վերացվի, սակայն սա հումանիտար շատ մեծ դրական քայլ կլինի դեպի առաջ եւ նոր հնարավորության դռներ կբացի հետագա հիմնախնդիրների հասցեագրման ու երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար»,- այսօրվա ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ Բաքվի բանտերում դատապարտվում եւ խոշտանգվում են բոլոր հայերը, որովհետեւ այնտեղ գտնվող բոլորը մեզ են ներկայացնում։

Եվ քանի դեռ կա մեկ հայ ադրբեջանական բանտում, չի կարող լինել խաղաղություն եւ հաշտություն, հավելեց Բեգլարյանը։

«ԱՄՆ փոխնախագահ Վենսին խնդրումմ ենք, ինչու ոչ՝ նույնիսկ պահանջում ենք, որ Բաքվում հստակ բարձրացնի առաջին հերթին բոլոր 19 հայ պատանդների անհապաղ ազատ արձակումը։ Այնուհետեւ բարձրացնի անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ գործնական քայլերի կատարման եւ Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման ուղղությամբ գործնական մեխանզիմների ներդրման հարցերը»,- ասաց Բեգլարյանը։

Ակնհայտ է, որ ադրբեջանցիներն ուզում են ջնջել Արցախում հայկական հետքը