Թրամփն անձա՞մբ կմեկնի Իսլամաբադ՝ Իրանի հետ համաձայնագիր կնքելու համար

Թեհրանը հայտարարեց Հորմուզի նեղուցը բացելու որոշման մասին, որը գրեթե ամբողջությամբ շրջափակված էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմ սկսելուց ի վեր։ ԱՄՆ նախագահն արդեն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին։ Սակայն Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը կմնա լիովին ուժի մեջ մինչև Վաշինգտոնի և Թեհրանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։

«Լիբանանում հրադադարի համաձայնագրի համաձայն՝ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց՝ հրադադարի մնացած ժամանակահատվածի համար», – սոցիալական ցանցերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նա հավելել է, որ նավերը կարող են շարունակել «համաձայնեցված երթուղով»։

Հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր Թեհրանը չի հայտարարել նեղուցի ապաշրջափակման մասին՝ պահանջելով, որ հրադադարը տարածվի նաև Լիբանանի վրա, մինչդեռ Իսրայելը շարունակում է հարվածել «Հեզբոլլահին»։

Հորմուզի նեղուցի բացման մասին լուրից հետո ԱՄՆ նախագահը մեկ այլ թվիթ է գրել՝ նշելով, որ «Իսրայելը այլևս չի ռմբակոծի Լիբանանը»։ «ԱՄՆ-ն արգելում է նրանց դա անել։ Բավական է!!!», – հայտարարել է Թրամփը։

Չնայած Դոնալդ Թրամփի կողմից Իսրայելի և Լիբանանի միջև հայտարարված հրադադարին, որը ուժի մեջ մտավ ուրբաթ կեսգիշերին, վերջին 24 ժամվա ընթացքում իրավիճակը քիչ է փոխվել։ Նախորդ երեկոյան  Իսրայելը կրկին հարված հասցվեց «Հեզբոլլահ»-ին։

Մինչդեռ նավթի գները 11%-ով նվազեցին Օրմուզի բացման մասին լուրից հետո։

Նեղուցը բացելը հիմնական պահանջներից մեկն էր ապրիլի 11-12-ին Պակիստանի մայրաքաղաքում ԱՄՆ-Իրան բանակցությունների ժամանակ։ Երկրորդ փուլը, ինչպես սպասվում է, կրկին տեղի կունենա Իսլամաբադում։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան «Ռոյթերս»-ին ասել է, որ նեղուցի գործարքի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել Իրանի միլիարդավոր դոլարների ակտիվները ապասառեցնելու վերաբերյալ՝ առանց ժամկետ նշելու։

Թրամփն ասաց, որ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ կլինեն հետագա բանակցություններ, և դրանք «հավանաբար տեղի կունենան այս շաբաթավերջին»։ Նա հավելեց, որ «կարող է» մեկնել Իսլամաբադ գործարքի կնքումից հետո. «Ես դեռ այդ որոշումը չեմ կայացրել»։

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդներ Մակրոնը և Սթարմերը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեցին Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու առաքելության ստեղծման մասին։ Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարեց, որ Գերմանիան պատրաստ է մասնակցել առաքելությանը։

Մեկնարկել է արցախցի նկարիչ Արսեն Գևորգյանի ցուցահանդես-վաճառքը

Այսօր Երևանում մեկնարկել է արցախցի երիտասարդ նկարիչ Արսեն Գևորգյանի նկարների ցուցահանդես-վաճառքը։ Արսենը Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է։ Նկարել սկսել է 2-րդ դասարանից հաճախում էր գյուղի արվեստի դպրոցում գործող նկարչական խմբակը։ Մասնակցում էր մի շարք մրցությների, փառատոնների։ 12-րդ դասարանում դպրոցում կազմակերպվել է նրա նկարների ցուցահանդեսը։

Արցախի տեղահանությունից հետո Արսենն իր նկարներից գոնե մեկը չի կարողացել իր հետ բերել

-Երբ դպրոցում կազմակերպվեց իմ նկարների ցուցահանդեսը և մեկ ամիս շարունակ այդ նկարները զարդարում էին մեր դպրոցի պատերը, ես մտածեցի, որ ինչո՞ւ հետագայում չզբաղվեմ իմ սիրած գործով։ Իմ առջև նպատակ դրեցի դառնալ նկարիչ և մեծ ցուցահանդեսներ կազմակերպել տարբեր տեղեր։

Նոր էի զորակոչվել ծառայության, երբ սկսվեց պատերազմը։ Այդ ժամանակ ես մարտական դիրքերում էի։ Այդպես էլ չգնացի տուն ու չկարողացա ինձ հետ բերել իմ նկարները։ Միայն երկու փոքրիկ նկար ունեմ, որը միշտ պահում եմ իմ ծոցագրպանում։ Դրանք նկարներ են մեր խրամատներից, որ արել էի վերջին օրերին։

Տեղահանությունից որոշ ժամանակ հետո կրկին սկսեցի նկարել։ Ինձ աջակցեցին ՎԻՎԱ բարեգործական հիմնադրամը, ՀՅԴ երիտասարդականը միությունը։ Մտածում եմ վաճառված նկարների գումարի մի մասը նվիրաբերել Վիվա Հիմնադրամին, որը շատ է օգնել ինձ։

Նկարներս անում եմ հիշողությամբ, տարբեր պատմություններից։ Համատեղում եմ իրար ու արդյունքում ստանում իմ ուզած նկարը։ Օրինակ մեր տունը նկարել եմ հիշողությամբ։ Այդ պահին ես մտքով սլացել էի տուն, հիշել նրա ամեն մի մասնիկը։

Արցախցի նկարչի նկարներում մեկտեղվել են 20-ամյա երիտասարդի հոգու ցավը, կարոտը, հիշողությունները, այն մեծ հույսն ու հավատը, որ ուժ են տալիս պատերազմից թոհուբոհով անցած տղային։

Արսեն Գևորգյանի ցուցահանդես-վաճառքը կշարունակվի երեք օր՝ Երևանի Զաքյան 8 հասցեում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Հռոմի պապը մեղադրեց «մի քանի բռնակալների» աշխարհը թալանելու մեջ

Հռոմի պապ Լևոն XIV-ը քննադատեց այն քաղաքական գործիչներին, ովքեր կրոնը շահագործում են իրենց նպատակներին հասնելու համար: Հռոմի պապը նաև հայտարարեց, որ մեր աշխարհը ներկայումս թալանվում է «մի բուռ բռնակալների» կողմից: Նրա խոսքերը հնչեցին Վաշինգտոնի հետ իր հակամարտության ֆոնին՝ Իրանում ԱՄՆ գործողության քննադատության պատճառով։

«Երանելի են խաղաղարարները, բայց վա՜յ նրանց, ովքեր կրոնը շահագործում են ռազմական, քաղաքական կամ տնտեսական շահույթի համար՝ սրբազանը խավարի և կեղտի մեջ մխրճելով», – ասաց պապը Կամերուն կատարած այցի ժամանակ, որը հեռարձակվել էր DRM News-ի կողմից։

Հռոմի պապի խոսքով՝ խաղաղությունը պահպանվում է «շատ աջակից եղբայրների և քույրերի» կողմից, բայց այն շարունակում է ավերվել «մի բուռ բռնակալների» կողմից։

«Խաղաղ համակեցությունը մի բան է, որը մենք չպետք է հորինենք, այլ ընդունենք: Դրան հասնելու համար մենք պետք է սիրենք արևաններին որպես մեր եղբայրների և քույրերի», – ասաց Լևոն XIV-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հռոմի պապին մեղադրեց «սարսափելի արտաքին քաղաքականության մեջ» և հավելեց, որ ինքը «չի ուզում այնպիսի Հռոմի պապ, որը քննադատում է Միացյալ Նահանգների նախագահին»։ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կոչ արեց Լևոն XIV-ին «զգույշ» լինել աստվածաբանական հարցերի վերաբերյալ իր հայտարարություններում։

Պարզվել է, որ Հռոմի պապի եղբայրներից մեկը, որը բնակվում է Միացյալ Նահանգներում, սկսել է սպառնալիքներ ստանալ։

Նեթանյահուն պնդում է «ուժային լուծումների» և Լիբանանի օկուպացիայի ճանաչման վրա

Լիբանանում հրադադարը պաշտոնապես ուժի մեջ է մտել, սակայն վերջին ժամը, անշուշտ, լարվածության թուլացման տպավորություն չի թողել։ Իրականում, այն գրեթե էսկալացիայի տպավորություն էր թողել, հաղորդում է «Ալ Ջազիրան»։ Հրադադարի ուժի մեջ մտնելուց մեկ ժամ առաջ իսրայելական ինքնաթիռները տասնյակ ավիահարվածներ են հասցրել հարավային Լիբանանում։

«Հեզբոլլահը» ևս հայտնել է իսրայելական զորքերի վրա հարձակումների մասին՝ թե՛ Լիբանանի ներսում, թե՛ սահմանից այն կողմ։ Նրանք հարվածել են մի բնակավայրի, որտեղ, նրանց պնդմամբ, տեղակայված են իսրայելական ռազմական ենթակառուցվածքներ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրն ունի «պատմական» հնարավորություն՝ Լիբանանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու, հաղորդում է «Times of Israel»-ը։

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը «փոխել է ուժերի հավասարակշռությունը Լիբանանում», մատնանշելով անցյալի գործողությունները, ինչպիսիք են 2024 թվականի փեյջերներով հարձակումը, խմբավորման հրթիռային զինանոցի ոչնչացումը և նրա առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունը։

Նա հավելեց, որ Իսրայելը համաձայնել է «ժամանակավոր 10-օրյա հրադադարի»՝ բանակցությունները առաջ մղելու փորձ կատարելու համար, սակայն ընդգծեց, որ հիմնական պահանջները մնում են անփոփոխ. «Հեզբոլլահի զինաթափումը և ուժի վրա հիմնված կայուն խաղաղություն»։

Նեթանյահուն ընդգծեց, որ մերժել է Հեզբոլլահի հրադադարի պայմանները՝ «Իսրայելի դուրսբերումը Լիբանանի բոլոր տարածքներից մինչև միջազգային սահմանը և «լռություն լռության դիմաց» հրադադար», սակայն խմբավորումը այնուամենայնիվ համաձայնել է հրադադարին։

Նա ընդգծեց, որ իսրայելական զորքերը կմնան Լիբանանում։

Եթե ​​իսրայելական զորքերը մնան Լիբանանում, դա կնշանակի երկրի բաժանում՝ ինքնիշխանության հավանական կորստով։ Իսրայելը բազմիցս հայտարարել է իր տարածքը ընդլայնելու ցանկության մասին՝ Լիբանանի և Սիրիայի հաշվին։

Միևնույն ժամանակ, Սիրիայում տեղակայված ամերիկյան զորքերը լիովին դուրս են բերվել։

Սիրիան, որը դարձել է Թուրքիայի վասալ պետություն, ողջունել է «Միացյալ Նահանգների որոշումը՝ դադարեցնելու իր ռազմական առաքելությունը Սիրիայում»։

Ամերիկյան և նախկինում ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայից նման է դրա հավանական բաժանման և ինքնիշխանությունից զրկելու նախապատրաստություններին։

Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն. Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումների ընթացքում:

«Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր և միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ», – ասել է Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանն ասել է նաև, որ դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ՝ ընդգծելով, որ վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ: Նա հավելել է, որ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը ևս պետք է պարզվեն:

Ռուսաստանը կարող է ներխուժել Բալթյան երկրներից մեկը. նոր ճակատ

Ռուսաստանը իրավունք ունի ինքնապաշտպանության, զգուշացրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Ֆինլանդիային և Բալթյան երկրներին` ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Վերջին դեպքում, միջազգային իրավունքի համաձայն, ուժի մեջ է մտնում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը, որը սահմանում է պետությունների ինքնապաշտպանության անբաժանելի իրավունքը զինված հարձակման դեպքում», – ընդգծել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Բալթյան երկրները վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ հայտնել են իրենց օդային տարածք անօդաչու թռչող սարքերի մուտքի մասին, որոնք հետագայում նույնականացվել են որպես ուկրաինական։

Ավելի վաղ Ռուսաստանը սպառնացել էր Եվրոպային «կտրուկ սրմամբ»՝ Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի արտադրության և մատակարարման աճի պատճառով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ այս քաղաքականությունը, իբր, Եվրոպային ներքաշում է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։ Այն նաև զգուշացրել է «անկանխատեսելի հետևանքների» մասին, եթե այդ անօդաչու թռչող սարքերը օգտագործվեն Ռուսաստանի տարածքում։

Ավելին, ռուսական կողմը փաստացի ակնարկեց, որ քննարկում է Եվրոպայում արտադրական օբյեկտների վրա հարձակումը: «Եվրոպական հանրությունը պետք է իմանա «ուկրաինական» և «համատեղ» ձեռնարկությունների հասցեները և գտնվելու վայրերը, որոնք Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր և բաղադրիչներ են արտադրում իրենց տարածքում», – հավելեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Մի քանի օր առաջ Ռուսաստանի Պետդուման թույլատրեց զորքեր տեղակայել արտասահմանյան երկրներում՝ միջազգային և ազգային դատարանների կողմից արտասահմանում կալանավորված ռուսներին «պաշտպանելու» համար։

Վերլուծական համայնքը ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի կողմից Բալթյան երկրներից մեկը ներխուժման հնարավորությունը: Սա հատկապես բացահայտորեն քննարկվում է Հունգարիայում Օրբանի պարտությունից հետո, որը ռուս-ուկրաինական պատերազմում ԵՄ-ի ուղղակի միջամտության հիմնական խոչընդոտն էր: Չնայած ԵՄ-ն միշտ բացահայտորեն աջակցում էր Ուկրաինային, Հունգարիան դեռևս տորպեդավորում է ֆինանսական և այլ օգնությունը Ուկրաինային: Եթե ԵՄ ղեկավարությանը հաջողվի այս շաբաթ համաձայնության գալ Հունգարիայի հետ՝ Ուկրաինային տրամադրվող օգնությունը ապաշրջափակելու համար, դա կարող է Ռուսաստանին դրդել միջոցներ ձեռնարկել հենց Եվրոպայի դեմ։

Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, որտեղ ԱՄՆ-ն բացահայտ խրախուսում է Իսրայելի ներխուժումը և Լիբանանի հնարավոր օկուպացիան, նաև ՆԱՏՕ-ի հնարավոր փլուզման մասին խոսակցությունների ֆոնին, Ռուսաստանը կարող է անպատիժ ներխուժել եվրոպական երկիր: Անհավանական է, որ Թրամփը, ով քննադատել է ԵՄ երկրներին Մերձավոր Արևելքում աջակցության պակասի համար, կխոչընդոտի Ռուսաստանի առաջխաղացումը Եվրոպայում կամ թույլ կտա ՆԱՏՕ-ի ներգրավումը։

Թրամփը հայտարարեց Լիբանանում հրադադարի մասին

ВВС

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները համաձայնել են հայտարարել հրադադարի ռեժիմ հինգշաբթի կեսգիշերից։

«Ես հենց նոր հիանալի զրույցներ ունեցա Լիբանանի պատվարժան նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։ Այս երկու առաջնորդները համաձայնել են պաշտոնապես հայտարարել 10-օրյա հրադադար՝ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու շահերից ելնելով», – գրել է Թրամփը իր Truth Social ցանցում։

ԱՄՆ նախագահը պնդում է, որ հրադադարը կհայտարարվի արևելյան ժամանակով ժամը 17:00-ին, կամ տեղական ժամանակով կեսգիշերին։

Թրամփը հիշեցրել է, որ երեքշաբթի օրը Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների միջև 34 տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցությունները, և հայտարարել է, որ հանձնարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, փոխնախագահ Ջ.Դ. Վենսին և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Ռեյզինին «աշխատել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար»։

Թրամփը հավելեց, որ կհրավիրի Աունին և Նեթանյահուին Սպիտակ տուն։

Լիբանանում հրադադարը Իրանի պահանջներից մեկն էր Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։ Այս բանակցությունները սկսվել են շաբաթավերջին Պակիստանի Իսլամաբադում, սակայն առաջին հանդիպումն ավարտվել է անհաջողությամբ։

Իսրայելը Լիբանանում պատերազմ է մղում «Հեզբոլլահի» դեմ։

«Հեզբոլլահը» ներկայացնող լիբանանցի պատգամավոր Իբրահիմ ալ-Մուսավին AFP-ին ասել է, որ խումբը կպահպանի հրադադարը, եթե Իսրայելը դադարեցնի իր հարձակումները։

Պատերազմի քարոզչությունն արգելվեց․ ի՞նչ է դրա տակ հասկացվում

Ազգային ժողովի այսօրվա նիստում խորհրդարանն արգելեց հեռուստատեսությամբ և ռադիոյով պատերազմի քարոզչությունը։

Պարզ չէ, արդյո՞ք ազգային ազատամարտի հերոսների մասին պատմությունները, ՀՀ իրավունքների մասին հիշատակելը կամ Ադրբեջանին քննադատելը կդիտարկվեն որպես “պատերազմի քարոզչություն”։ Կասկած չկա, որ այս օրենքը կարող է պատճառ դառնալ որոշ ուժերի նախընտրական քարոզչությունը արգելափակելու համար։

Արցախյան պատվիրակությունը Բրյուսելում հանդիպել է եվրապատգամավորների հետ

Երեկ Բրյուսելում EAFJD-ի՝ Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD) աջակցությամբ տեղի ունեցան բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ՝ Արցախի ներկայացուցիչների և Եվրախորհրդարանի անդամների միջև: Քննարկումներ են տեղի ունեցել Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի (ԵԽ) և Եվրախորհրդարանի պատգամավոր Յանիս Մանիատիսի (@TAG)՝ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության փոխնախագահի հետ, որոնց հետ քննարկվել են Արցախի ժողովրդի առջև ծառացած կարևոր մարդասիրական և քաղաքական մարտահրավերները:

EAFJD-ի նախագահ Կասպար Կարամպետյանի և CDCA Belgique – Comité de Défense de la Cause of Arménienne – Hay Tad Belgium նախագահ Տիգրան Հովհաննիսյանի ուղեկցությամբ, Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, ինչպես նաև Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը, Արա Պուլուզյանը (ՀՅԴ-Արցախ) և Լեռնիկ Հովհաննիսյանը (Թեմական խորհուրդ) փորձել են Արցախի ձայնը հասցնել միջազգային կազմակերպություններին:

Արդյո՞ք Իսրայելն իրավունք ուներ թիրախային սպանելու Իրանի առաջնորդներին

Իրանն ուզում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել Իրանի ղեկավարության սպանության համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Մենք պետք է անենք դա։ Եվ կարծում եմ, ոչ միայն Իրանը, այլև ամբողջ միջազգային հանրությունն է խնդրում պատասխանատվության ենթարկել։ Որովհետև այն, ինչ արել են ԱՄՆ-ն և Իսրայելը, հանցագործություն է միջազգային խաղաղության և անվտանգության դեմ։ Դա ռազմական հանցագործություն է, հանցագործություն մարդկության դեմ», – ասել է Բաղային։
Նրա խոսքով` ընդհանուր (1949 թվականի Ժնևյան բոլոր չորս կոնվենցիաների համար – խմբ.) 1-ին հոդվածի համաձայն, բոլոր պետությունները պարտավորվում են պահպանել և ստիպել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը։
«Քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից կատարված վայրագությունները խախտում են այս սկզբունքները, կարծում եմ, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները պետք է կոչ անեն, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատասխանատվության ենթարկվեն», – հավելել է նա։

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները

Ադրբեջանը շարունակաբար դիմում է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով վերացնել միջանկյալ միջոցը, որով Ադրբեջանը պարտավորվում է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին։ Ադրբեջանը հավաստիացնում է, որ բոլոր գործընթացներն ընթանում են թափանցիկ և հրապարակային։

ՄԻԵԴ-ը 2026 թ․ ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ Ադրբեջանի կառավարությանը կրկին պարտավորեցնելով շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների և բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է նաև ներկայացնել հայ գերիների դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռ կայացրած դատավորների հիմնավորումները՝ գործում առկա ապացույցների վրա հիմնված։

Զեկույցի ներկայացման հաջորդ վերջնաժամկետը 2026 թ․ օգոստոսի 31-ն է։

Ռուսական ընկերությունները կմասնակցեն Արցախի «վերականգնմանը». նոր պայմանագիր

Բաքվում ելույթ ունենալով՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ռուս գործարարները հետաքրքրված են օկուպացված Արցախում շինարարական աշխատանքներին մասնակցելու հարցում։

«Մենք խրախուսում ենք ռուսական բիզնեսին ակտիվորեն մասնակցել այստեղ իրականացվող շինարարական նախագծերին։ Մասնավորապես, ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը լայն հնարավորություններ է բացում նման համագործակցության համար», – նշել է նա։

Օվերչուկը բերել է տարածաշրջանում ռուսական բիզնես գործունեության հաջող օրինակներ։ Նա հայտնել է, որ Ջաբրայիլ և Սանկտ Պետերբուրգ քաղաքների միջև համագործակցության շրջանակներում կարևոր կապեր են հաստատվել։

«Միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում Զանգիլանի շրջանի գյուղերում կառուցվում են մանկապարտեզներ՝ Աստրախանի շրջանի միջոցներով», – ասել է Օվերչուկը։

Իր հերթին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Ադրբեջանը հրավիրում է ռուսական ընկերություններին ավելի ակտիվորեն մասնակցել այդ տարածքներում իրականացվող ներդրումային նախագծերին։

Վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց, որ Հայաստանը «փակել է» Արցախյան հարցը և «խորհուրդ է տալիս» Ռուսաստանին անել նույնը։ Նա այս հայտարարությունն արեց ի պատասխան Պուտինի այն խոսքերին, որ «Ղարաբաղը մնում է ամենացավոտ կետը» երկու երկրների հարաբերություններում։ Պուտինը և Փաշինյանը փոխանակվեցին «մեղադրանքներով» այն մասին, թե նրանցից ով է առաջինը ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ գործնականում համաձայնելով այս պնդման հետ։

Չնայած Փաշինյանը, որը վերադարձել է Երևան, պարբերաբար վստահեցնում է, որ չունի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մտադրություն, Եվրամիությունն արդեն իսկ ստեղծել է երկրորդ առաքելություն, որի նպատակը ոչ թե Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանային անվտանգության մոնիթորինգը չէ, այլ ռուսական հիբրիդային սպառնալիքներից պաշտպանությունը։

Պուտինի և Փաշինյանի հանդիպումից հետո Օվերչուկը հայտարարեց, որ արևմտյան ներկայությունը խախտում է «տարածաշրջանում 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով հաստատված ստատուս քվոն»։ Երկու շաբաթ անց Օվերչուկը մեկնեց Բաքու, իսկ այնտեղից՝ օկուպացված Կովսական, որտեղ հայտարարեց Ռուսաստանի ներդրումների մասին Ղարաբաղում։

«Խաղաղության կամուրջի» շրջանակներում Ադրբեջանից վերադարձած հայկական ՀԿ-ները խոստովանեցին, որ Ադրբեջանը առկախել է Հայաստանի հետ «խաղաղության գործընթացը»։ Իր հերթին, Երևանը պնդում է, որ ԱՄՆ-ն կորցրել է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ։

Ռուս-թուրքական ստատուս քվոն տարածաշրջանում ամրապնդվում է, և դրա գագաթնակետը կարող է լինել Պուտին-Էրդողան հանդիպումը Շուշիում, որտեղ Կարսի պայմանագիրը կփոխարինվի Շուշիի պայմանագրով։