«Ես Արցախում երեք շիրիմ եմ թողել, խնդրում եմ օգնեք տեղափոխել Հայաստան»

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին արցախցի մի կին դիմեց Արցախում մնացած շիրիմները Հայաստան տեղափոխելու խնդրանքով։

«Ես Արցախում երեք շիրիմ եմ թողել, խնդրում եմ օգնեք տեղափոխել Հայաստան»,– Փաշինյանին դիմեց արցախցի կինը։

«Տեսախցիկների առջեւ եկեք այդ թեմայով չխոսենք, նրբություններ կան, թողեք ձեր կորդինատը իմ օգնականին»,– պատասխանեց Փաշինյանը։

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով

Հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթանցմամբ պայմանավորված ապրիլի 13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ․ լեռնային և բոլոր նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում պասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին նաև մերկասառույց։

Ապրիլի 13-ին մայրաքաղաք Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Երևան քաղաքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները ապրիլի 13-ին լեռնային և բոլոր նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի կոչ-հայտարարությունը

Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովը կայացաւ Ապրիլի 11-12, 2026-ին, Փարիզի մէջ, Հայաստանէն, Արցախէն եւ Սփիւռքի 26 երկիրներէ ժամանած աւելի քան 150 հեղինակաւոր մտաւորական, քաղաքական, հանրային եւ համայնքային գործիչներու մասնակցութեամբ։

Խորհրդաժողովը հանգամանօրէն քննեց համազգային մարտահրաւէրներու եւ աշխարհաքաղաքական նոր իրողութիւններու պայմաններուն մէջ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններու ներկայ պարզած պատկերը եւ համահայկական օրակարգերու շուրջ զօրաշարժի անհրաժեշտութիւնը։

Խորհրդաժողովի բացման նիստին իրենց ողջոյնի խօսքերը յղեցին Գարեգին Բ. եւ Արամ Ա. Վեհափառները, Արցախի Հանրապետութեան խորհրդարանի նախագահ, Արցախի Հանրապետութեան նախագահի պաշտօնակատար Աշոտ Դանիէլեանը։ Խորհրդաժողովին յաջողութեան մաղթանք փոխանցեց Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը:

Չորս կէտերէ բաղկացած օրակարգերուն շուրջ քննարկումներէ վերջ, խորհրդաժողովը կատարեց համապատասխան հաստատումներ, ընդգծեց առաջնահերթութիւններն ու այդ ուղղութեամբ ձեռնարկուելիք քայլերը։

Ա. ՍՓԻՒՌՔԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԵՐԸ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ

Սփիւռքի դերը հայութեան առջեւ ծառացած հիմնահարցերու լուծման մէջ ունի ռազմավարական կարեւոր նշանակութիւն։ Այսօր, երբ հայկական պետականութիւնը կը գտնուի անվտանգային լուրջ սպառնալիքներու առջեւ եւ կը թիրախաւորուին ազգային ինքնութեան հիմնասիւները, հրամայական է ազգային օրակարգերու շուրջ համահայկական զօրաշարժը։ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի ու նպատակների անքակտելիություն…

Ներկայ հանգրուանին, Սփիւռքի քաղաքական օրակարգի առաջնահերթութիւններն են.

– Հայաստանի պետականութեան հզօրացում. Հայաստանի Հանրապետութեան հզօրացման եւ անվտանգութեան ամրապնդմանն ուղղուած ծրագրային համապարփակ ռազմավարութեան մշակում եւ գործադրում։

– Հայոց Ցեղասպանութեան ճանաչում եւ հատուցում. Հակառակ Հայաստանի ներկայ իշխանութիւններու վարած քաղաքականութեան, Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հատուցման գործընթացը կը մնայ հրամայական։

– Արցախեան հիմնահարց. Արցախի հարցը կը շարունակէ մնալ օրակարգի վրայ՝ ընդգրկելով հետեւեալ գործնական քայլերը.

Գերիներու անյապաղ ազատ արձակման հարցի հետապնդում։

Արցախի ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութիւն եւ հաւաքական վերադարձի իրաւունքի միջազգայնացում։

Բռնագրաւուած Արցախի հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն։

Արցախի պետական կառոյցներու գործունէութեան լիարժէք աջակցութիւն։

Արցախի Հանրապետութենէն բռնի տեղահանուած հայրենակիցներու՝ ՀՀ-ի մէջ քաղաքացիական իրաւունքներու պաշտպանութեան եւ ընկերային-տնտեսական խնդիրներու լուծման ուղղութեամբ աշխատանքներ։

Բ. ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԷՔՆԵՐՈՒ ԵՒ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԴԵՐԸ ՍՓԻՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԷՋ

Հայկական ինքնութիւնը խարսխուած է հայոց պատմութեան, Հայց. եկեղեցւոյ, լեզուի, մշակոյթի եւ ազգային արժէքներու վրայ, որոնք սփիւռքահայութեան գոյութեան հիմնական յենասիւներն են։ Ներկայ օրհասական պայմաններուն մէջ, Հայց. եկեղեցին, ինչպէս անցեալին, այսօր եւս կը շարունակէ մնալ ոչ միայն հոգեւոր խարիսխ, այլ նաեւ հայ ժողովուրդի ազգային եւ հոգեւոր ինքնութեան հիմնաքար։

Դատապարտելով ՀՀ իշխանութիւններու սանձազերծած պայքարը հայկական արժէքներու եւ Հայց. Առաքելական եկեղեցւոյ դէմ՝ անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւեալ առաջնահերթութիւնները.

– Դիմադրութիւն. ազգային ինքնութեան դէմ ուղղուած որեւէ քայլ եւ գործողութիւն պէտք է արժանանայ կազմակերպուած եւ միասնական հակազդեցութեան։

– Համախմբում. կանխել պառակտումը եւ ստեղծել ամուր համախմբում Եկեղեցւոյ շուրջ։

– Կրթութիւն եւ դաստիարակութիւն. ամրապնդել եւ ընդլայնել սփիւռքահայ կրթական, մշակութային ու հոգեւոր համակարգը՝ ի խնդիր աւելի մեծ թիւով նոր սերունդներու հայեցի ինքնութեան եւ դաստիարակութեան։ Նոր սերունդին մօտ պիտի զարգացնել ազգային ընդհանուր շահերուն գիտակցելու ու ատոնց տիրութիւն ընելու կամքը։

Գ. ՀԱՅԱՍՏԱՆ–ՍՓԻՒՌՔ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ ԵՒ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ.

Ազգային արժէքային համակարգը Հայաստանի Հանրապետութեան եւ ամբողջ հայ ազգի ուժի հիմնական աղբիւրն է: Զայն պէտք է համարել Հայաստան-սփիւռք յարաբերութիւններու մշակման եւ համահայկական օրակարգի անփոխարինելի հիմքը: 44-օրեայ, ինչպէս նաեւ Արցախի վերջին պատերազմներէն եւ հայաթափումէն ետք, Հայաստանի իշխանութիւններու վարած քաղաքականութիւնը սփիւռքահայութեան մօտ ստեղծած է խորունկ հիասթափութիւն եւ յուսախաբութիւն, որուն հետեւանքով անոր մօտ կը նկատուին հայրենիքէն ներքնապէս հեռանալու մտահոգիչ միտումներ: Խիստ դատապարտելի է ՀՀ ներկայ իշխանութիւններուն կողմէ՝ կազմակերպուած սփիւռքը անտեսելու, պառակտելու եւ հայրենիքին նկատմամբ անոր զօրակցութիւնը արհամարհելու վնասակար քաղաքականութիւնը: Մտահոգիչ է նաեւ ՀՀ իշխանութիւններու ձեռնածալ մնալը՝ Միջին Արեւելքի գոյութենական վտանգներ ապրող հայկական գաղութներուն նկատմամբ: Առ այդ, Հայաստան-սփիւռք յարաբերութիւններու առաջնահերթութիւններն են.

– Հայաստան-սփիւռք ռազմավարական գործակցութիւն. վերականգնել եւ որակական նոր մակարդակի բարձրացնել համակարգային (ինստիտուցիոնալ) կապերը սփիւռքի հետ։

– Համահայկական կարողականութեան եւ ցանցային հնարաւորութիւններու օգտագործման արդիւնաւէտ մեքանիզմներու ստեղծում. ապահովել Սփիւռքի մասնագիտական մարդուժի առաւելագոյն մասնակցութիւնը պետական զանազան նախագիծերու եւ օղակներու մէջ՝ պատասխանատուութիւններ ստանձնելու հեռանկարով։

– Հայաստան-սփիւռք միասնական տարածքի ձեւաւորում. քաղաքական, դիւանագիտական, տնտեսական, գիտական, ռազմարդիւնաբերական, տեղեկատուական եւ կրթա-մշակութային միասնական քաղաքականութեան մշակում եւ գործադրում։ Այս իմաստով, մեծ է սփիւռքի մասնագիտական մարդուժին դերը հայկական փափուկ ուժի կիրառումին մէջ։

– Արեւմտահայերէնը վտանգուած է. արեւմտահայերէնի պաշտպանութեան ու զարգացման գործը կ՚ենթադրէ ոչ միայն Սփիւռքի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետութեան ներգործօն դեր:

– Սփիւռքի դերակատարութեան բարձրացում. մասնագիտական քննարկումի նիւթ դարձնել Հայաստանի Հանրապետութեան պետական կառավարման եւ համահայկական հարցերու հետապնդման մէջ սփիւռքահայութեան դերակատարութեան հնարաւոր տարբերակները՝ հասնելու համար համազգային համախոհութեան եւ ՀՀ-ի քաղաքական համարգէն ներս իրաւական լուծումներու։

Դ. ՍՓԻՒՌՔԻ ԶՕՐԱՇԱՐԺ ԵՒ ՎԵՐԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ ՅԱՆՈՒՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՒ

Համահայկական օրակարգերու նկատմամբ Սփիւռքի միասնականութեան, հզօրացման եւ վերակազմակերպման անհրաժեշտութիւնը աներկբայ է:

Հրամայական է սփիւռքահայութեան համախմբումը համազգային նպատակներու շուրջ, սփիւռքեան կառոյցներու եւ առահասարակ գործելակերպի արդիականացումը, գաղութներու միջեւ ուղղակի համագործակցութիւնը եւ ներուժի հետեւողական ամրապնդումը:

Սփիւռքի վերակազմակերպման գործընթացին մէջ յատկապես կենսական է երիտասարդութեան լիարժէք ներգրաւումը:

Սփիւռքի զօրաշարժը պէտք է կատարուի ռազմավարական ծրագիրներու շուրջ՝ նկատի ունենալով հետեւեալ առաջնահերթութիւնները.

Աշխարհասփիւռ հայ ժողովուրդի եւ Հայաստանի Հանրապետութեան հզօրացում՝ իբրեւ մէկ ազգի երկու բաղադրամասեր։

Ազգային պետութիւն կերտելու գործընթացի սատարում։

Հայ Դատի եւ համազգային նպատակներու հետապնդում:

Վերոնիշյալ հաստատումներու եւ մատնանշուած առաջնահերթութիւններու լոյսին տակ Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովը կը շեշտէ, որ ներկայ աշխարհաքաղաքական բարդ պայմաններուն մէջ, սփիւռքի կենսունակութիւնն ու հզօրութիւնը անքակտելիօրէն կապուած են մայր հայրենիքին։

Մեր միասնականութիւնը պէտք է խարսխուի յաւերժական ազգային արժէքներու եւ պետականութեան ամրապնդման տեսլականին վրայ՝ իբրեւ համընդհանուր օրակարգ։ Հայաստանի, Արցախի և հայ ժողովուրդի ազգային-պետական շահերը եւ նպատակները անքակտելի են։

Մենք կը մերժենք ՀՀ ներկայ իշխանութիւններու որդեգրած պառակտիչ եւ վանողական մօտեցումները։

Փոխարէնը, կոչ կ՚ուղղենք ստեղծելու առողջ, համակարգուած եւ հաւասարակշռուած յարաբերութիւններ, որոնք միակ երաշխիքն են հզօրացնելու հայ ազգը եւ անսասան պահելու հայկական պետականութիւնը։ Համազգային պատասխանատուութեան գիտակցութեամբ, եւ, մեր ներուժը պէտք է ծառայէ բացառապէս համազգային նպատակներու՝ ապահովելով հայութեան անվտանգ եւ երաշխաւորուած ապագան։

Այս նպատակով կը կարեւորենք ՀՀ բոլոր քաղաքացիներու—անկախ իրենց գտնուած վայրէն—մասնակցութիւնը ՀՀ Ազգային ժողովի ընտրութիւններուն, առ այդ կոչ կ՚ընենք, Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներուն—ներառեալ արտերկիր գտնուողներուն, իրենց միջոցներով երթալ Հայաստան—մասնակցիլ ընտրութիւններուն։

Անհրաժեշտութիւն է փոխել ՀՀ գործող իշխանութիւններու ապազգային ուղեգիծը եւ հաստատել պետութեան զարգացման ազգային-պետական ուղեգիծ։

ՍՓԻՒՌՔԻ ԶՕՐԱՇԱՐԺԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Սուրբ Աննա եկեղեցու բակում լուռ ակցիա` ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի

Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր լուռ բողոքի ակցիա է իրականացվում՝ ի պաշտպանություն այս եկեղեցում տեղի ունեցած միջադեպով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի։

Իսկ ի՞նչ անեն 70,000 ՀՀ անձնագրերի տեր արցախցիները, որոնք զրկված են ընտրելու իրավունքից

«Սպուտնիկ Արմենիայի» հետ հարցազրույցում Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը պատասխանեց հարցին, որ արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը միտումնավոր հետաձգվում է ընտրություններից առաջ՝ նրանց ընդդիմադիր հայացքների պատճառով։

Նելլի Դավթյանը նշել է. «Այո, կա որոշակի ուշացում։ Սակայն դա, բնականաբար, պայմանավորված չէ նախընտրական շրջանով, այլ նրանով, որ մենք հունվարի 1-ին գործարկեցինք նոր ծրագիր։ Օբյեկտիվորեն մեր համակարգը խիստ գերծանրաբեռնված է. չորս ամսում մենք արդեն ստացել ենք այնքան դիմում, որքան կմշակեինք մեկ տարվա ընթացքում։ Բայց մենք արդեն մոտ ենք արագացված գործընթացին վերադառնալուն, և ես չեմ բացառում, որ նույնիսկ եթե տեղահանված անձը որոշի այսօր դառնալ ՀՀ քաղաքացի, նա ժամանակ կունենա ՀՀ անձնագիր ստանալու և ընտրություններին մասնակցելու։ Այժմ մեր իրավասության ներքո գտնվող բոլոր գործերի արդյունքները կստացվեն ընտրություններից առաջ, և մենք ոչ մի մերժում չենք գրանցել»։

Նելլի Դավթյանի խոսքով՝ 36,000 արցախցիներ ստացել են նոր անձնագրեր, որոնցից 12,000-ը անչափահասներ են, 6700 դիմումներ ընթացքի մեջ են։

Սա նշանակում է, որ միայն 24,000 արցախցիներ, գումարած մի քանի հազար անձինք, ովքեր ընտրություններից առաջ կստանան անձնագրեր, կկարողանան քվեարկել։ Իսկ ի՞նչ անել ավելի քան մնացած 70,000 չափահաս արցախցիների հետ, ովքեր ունեն հայկական անձնագրեր, բայց չեն կարող քվեարկել։

Ի վերջո, ոչ ոք 070 կոդով անձնագրերը կամ փախստականի այլ կոդերով ՀՀ անձնագրերը «անվավեր» չի հայտարարել: Ճիշտ է, «ժամանակավոր պաշտպանության վկայականի» համար դիմելիս արցախցիները ստիպված են եղել դիմումի մեջ նշել «Ես որևէ պետության քաղաքացի չեմ» բառերը, բայց դա չի կարող ընկալվել որպես ՀՀ քաղաքացիությունից հրաժարում։

ՀՀ կառավարությունը չի կարողացել լուծել Հայաստանում բնակվող և սեփական կառավարություն ընտրելու հիմնարար իրավունքից զրկված 070 կոդով անձնագրեր ունեցող 70,000 քաղաքացիների քաղաքական իրավունքները։

Հայկական Սփյուռքի համաժողով Փարիզում․ որտեղ է Արցախը

Փարիզում երեկ մեկնարկել է աշխարհի 25 երկրների ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողովը, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին և նպաստել ազգային ներուժի զորաշարժին։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մեր երկրի առջև ծառացած օրհասական մարտահրավերների պայմաններում Սփյուռքի ռազմավարական դերը դառնում է անփոխարինելի։ Այս օրերին քննարկումների կենտրոնում են լինելու՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր հորիզոններն ու առկա ճգնաժամի հաղթահարումը, Հայկական ինքնությանը սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում ազգային կառույների և Հայ Առաքելական եկեղեցու դերակատարությունը, Համահայկական միասնական օրակարգի ձևավորումը»։

Հայաստան-Արցախ-Սփյուռք երկար տարիներ գործող կարգախոսի իմստազրկելուց հետո չի գործում նույնիսկ Հայաստան-Սփյուռք կապը, որը 1980-ականների վերջին վերականգնվել և կայացել է հենց Արցախյան հարցի շուրջ՝ որպես դարերի ընթացքում ազգային իրավունքների վերականգնման եզակի օրինակի։

Արդեն 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստան-Սփյուռք կապը սկսվել է վերանայվել։ Եթե մինչ այդ Հայաստանի կառավարությունը գործ էր ուննում պայմանական “դաշնակցական”՝ առավել հզոր և ազդեցիկ սթյուռքային կազմակերպությունների հետ, ապա 2018-ից հետո՝ “հակադաշնակցական”։ Սփյուռքի հետ աշխատանքի պետկոմիսար է նշանակվել մի մարդ, որը չի թաքցնում “դաշնակցական” մասի հանդեպ անհանդորժաղականությունը։

Մինչդեռ “դաշնակցական” լոբբին շարունակում է գործել Հայաստանից դուրս։ Մի կողմից, իր ազդեցության շնորհիվ, այն կարողանում է Արցախի հարցը պահել միջազգային օրակարգի մեջ, հասնելով Եվրոպական և շատ երկրների խորհրդարաններում հայանպաստ բանաձևերի ընդունմանը։ Մյուս կողմից, այդ երկրների վրա հակազդում է Հայաստանի կառավարությունը, որը տվյալ երկրներում հայ համայնքի պահվածքը համարում է ռևանշիզմ՝ “խաղաղության” դեմ ուղղված։ Շատ երկրներ վերանայել են իրենց վերաբերմունքը հայ համայնքի վերաբերյալ։ Միայն Կանադան է միանշանակ պնդում, որ “Արցախյան էջը փակված չէ”։

Այս ազդեցության տակ Սթյուռքի նույնիսկ “դաշնակցական” հատվածի խոսույթում Արցախի իրավաքաղաքական հարցը աննկատ վերածվել է “արցախցիների Արցախ վերադառնալու, գերիների ազատման և Արցախում հուշարձանների պահպանման” պահանջի։

Սակայն անցած տարվա մայիսից սկսած, երբ Շվեյցարիայում Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն բարձրացրեց Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող՝ Արցախում մնացած եկեղեցիների սեփականության իրավունքը, Եկեղեցու դեմ արշավանք սկսվեց Հայաստանում, որին լուռ աջակցում էին դրսից։ Արդյունքում Գարեգին Բ-ի ուղերձներից անհետացավ Արցախում մնացած եկեղեցիների հարցը։ Իսկ Փարիզյան համաժողովին ուղղված Գարեգին Բ-ի խոսքում Արցախը չի հիշատակվում։

“Արցախ վերադառալու” հարցը ևս հանվել է օրակարգից՝ ի սկզբանե անիմաստ լինելու պատճառով։

Մնում է միայն գերիների վերադա՞րձը։ Համաժողովի որոշումներից կերևա, Սփյուռքը համարո՞ւմ է Արցախյան և ազգային իրավունքների հարցը փակված։

Այնուամենայնիվ, համաժողովին հանդես է եկել Արցախի Ազգային ժողովի նախագահը Աշոտ Դանիելյանը։

“Արցախի էջը փակված չէ։ Սա միայն խոսքեր չեն. սա անշրջելի պարտավորություն է։ Եռամիասնությունը՝ Արցախ- Հայաստան- Սփյուռք, չի եղել և չի կարող լինել ձևական կարգախոս։ Արցախը, որպես հաղթանակի խորհրդանիշ, այս եռամիասնությունը հիմնական առանցքն է”, ասել է Աշոտ Դանիելյանը։

“Երբ պետական քաղաքականությունը անտեսում կամ թերագնահատում է մեր ազգային արժեքները, երբ կրոնական, մշակութային և ավանդական ժառանգության պահպանությունը հարցականի տակ է դրվում, հատկապես սփյուռքում առաջանում է հուսահատություն և անվստահություն, ինչը աղետաբեր է մեր բոլորի համար։ Այդ քաղաքականությունը ոչ միայն քայքայում է համազգային միասնությունը, այլև թույլ է տալիս թշնամական ուժերին շարունակել ազգային արժանապատվության ոտնահարման, նվաստացման և ժողովրդի կրած պարտության շղթայի հարատևումը”, ասել է Աշոտ Դանիլյանը։

“Ոչ մի հայ իրավունք չունի լռել, երբ մեր հայրենիքը և մեր պատմական ժառանգությունը՝ Մեսրոպ Մաշտոցի հիմնած առաջին դպրոցը Ամարասում, Գանձասարը, Շուշին, Դադիվանքը և այլ սրբավայրեր գերեվարված են կամ անտարբերության և չպայքարելու հետևանքով դառնում են միայն հիշողություններ։ Սա ոչ միայն քաղաքական հարց է. սա գոյաբանական հարց է՝ մեր ինքնության պահպանման համար”, ասել է նա։

Վենսն ասաց, որ Իրանի հետ գործարք չի հաջողվել կնքել

РБК

ԱՄՆ-ն և Իրանը չկարողացան համաձայնության գալ Պակիստանում կայացած բանակցությունների ժամանակ, ասաց փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

«Մենք վերադառնում ենք Միացյալ Նահանգներ, քանի որ համաձայնության չհասանք», – ասաց նա։

Վենսը սա անվանեց «վատ լուր» ավելի շատ Իրանի, քան Միացյալ Նահանգների համար։

Նա ասաց, որ ամերիկյան կողմը «շատ հստակ ուրվագծել է» իր «կարմիր գծերը». ինչ էր Վաշինգտոնը պատրաստ համաձայնել և ինչ՝ ոչ։

«Սակայն նրանք որոշեցին չընդունել մեր պայմանները», – ասաց փոխնախագահը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասաց, որ բանակցությունները ընդգրկել են Հորմուզի նեղուցը, միջուկային հարցը, փոխհատուցումները և պատժամիջոցների վերացումը։ Նա դրանք բնութագրեց որպես լարված։

Բանակցությունների հաջողությունը կախված է ԱՄՆ մտադրությունների լրջությունից, չափազանց պահանջներից հրաժարվելուց և իրանական շահերի ճանաչումից, պնդեց Բաղային։

Մակրոնը պատրաստվում է Երևանում կայանալիք գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում հայտնել է, որ քննարկել են Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։

Մակրոնը նշել է, որ զրույցի ընթացքում կողմերը կոչ են արել հարգել և պահպանել Լիբանանում հրադադարը, ապահովել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը և ընդգծել են երկարատև դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Ուկրաինային՝ նա նշել է, որ քննարկվել են «Կամավորների կոալիցիայի» շրջանակում իրականացվող համատեղ ջանքերը՝ արդար և կայուն խաղաղության հասնելու նպատակով՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան և Ուկրաինայի համար հուսալի անվտանգության երաշխիքներով։

Մակրոնը նաև նշել է, որ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի համատեքստում վերահաստատում է Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին, որը նպատակ ունի նպաստել բաց սահմաններին և Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

Նա հավելել է, որ կողմերը կարևորել են երկխոսության և երկկողմ համագործակցության հետագա խորացումը։

Ավելի լավ կլիներ, որ իրական չլիներ․ ահավոր ամոթ է

ՈՒՂՂՈՒՄ ԵՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Այսօր ավելի վաղ ստատուս էի գրել՝ տառացիորեն հետևյալը. «Երեկ ԱԲ֊ի մասին իմ հարցարզրույցից հատված էի տարածել՝ այսօր Tigran Grigoryan֊ը թարմ օրինակով օգնեց, որպես ասածներիս ապացույց։
Նախ՝ պիտի ընթերցողներից ներողություն խնդրեմ, քանի որ շտապել էի եզրակացություններում, ու մտածել էի, որ տվյալ տեսանյութը արհեստական բանականությամբ է ստեղծված։ Ավելի ուշադիր զննությամբ հասկացա, որ տեսանյութը 99% իրական է։ Ընդ որում՝ ցավում եմ, որ դա իրական է և որ ինչ֊որ մեկը Հայաստանում կարող է նման անթույլատրելի ատելության խոսք տարածել։ Ես արդեն այդ և նմանատիպ ևս մեկ տեսանյութ այդ ալիքում բողոքարկել եմ՝ որպես ատելության խոսք։
Այդուհանդերձ՝ իմ նախնական ստասուսի ոչ մի տառից չեմ հրաժարվում, ավելին՝ վերահաստատում եմ։ Սա իսկապես լավ օրինակ է, թե ինչքան դժվար է դառնում այսօր՝ ԱԲ տեխնոլոգիաների թռիչքային զարգացման ժամանակաշրջանում, հասկանալ՝ ինչն է ճշմարիտ, և ինչն է սուտ։
Մեզ՝ որպես հասարակ օգտատերերի, մինում է չշտապել, ամեն ինչ ստուգել, վերստուգել և նույնիսկ այդ պարագայում՝ շարունակել կասկածել։

ԱՄՆ-ն և Իրանը սկսեցին ուղիղ շփումը Իսլամաբադում և անցան Լիբանանում հրադադարի քննարկմանը

DW на русском 

ԱՄՆ-ն և Իրանը սկսեցին ուղիղ կապ հաստատել Իսլամաբադում և անցան Լիբանանում հրադադարի հարցի քննարկմանը, որի վրա Իրանը բազմիցս պնդել է: Թեհրանը նաև ձգտում է իր ակտիվների ապասառեցմանը և պատժամիջոցների վերացմանը, հաղորդում է DW-ի թղթակիցը դեպքի վայրից։

«Կա զգուշավոր լավատեսություն, որ կողմերը կերկարաձգեն հրադադարը և կշարունակեն բանակցությունները՝ խաղաղ և երկարաժամկետ կարգավորման հասնելու համար: Մենք հույս ունենք, որ բանակցությունները շուտով կհանգեցնեն իմաստալից և կառուցողական արդյունքների», – DW-ին ասել է DW-ի աղբյուրը Իսլամաբադում։

Վաշինգտոնը պատրաստ է քննարկել պատժամիջոցների մեղմացումը, բայց պահանջում է զիջումներ Թեհրանից միջուկային և հրթիռային ոլորտներում: ԱՄՆ-ն նաև ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի անվերապահորեն: Միևնույն ժամանակ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (Centcom) հայտնել է, որ երկու ամերիկյան ռազմանավ անցել են Հորմուզով՝ նեղուցի ականազերծումը սկսելու համար: Այն նախկինում ականապատվել էր իրանցիների կողմից:

Հակաարցախյան ռիլը կեղծ է, Արհեստական բանականությունն է գեներացրել․ Տիգրան Գրիգորյան

Այս ռիլը, որում իբր ինչ-որ մարդ աջակցում է Փաշինյանին ու թիրախավորում արցախցիներին, երեկ Տիկտոկում էի տեսել ու միանգամից հասկացել, որ կեղծ է՝ արհեստական բանականությանը բնորոշ ձայնի որակի պատճառով։ Այսօր այն արդեն ակտիվորեն տարածվում է ֆեյսբուքում, որոշ արցախցիներ նույնիսկ կոչ են արել պատկան մարմիններին քրեական հետապնդում հարուցել այս «մարդու» նկատմամբ։
Այսօր այս կարճ վիդեոն ստուգեցի նաև deepware.ai-ի մոջոցով, որը deep fake վիդեոները ստուգելու օգտակար գործիք է։ Ինչպես և ակնկալում էի՝ կասկածներս հաստատվեցին։ Ի դեպ, ստուգեցի ինչպես լինքը տեղադրելով, այնպես էլ վիդեոն վերբեռնելու միջոցով։ Այս ԱԲ վիդեոն գեներացվել է Avatarify մոդելի կիջոցով։
Հատկանշական է, որ Street-Talk Armenia տիկտոկյան էջը, որում տեղադրվել էր այս վիդեոն, ԱԲ կողմից գեներացված կեղծ vox pop-երի ռիլեր հրապապարկող էջ է, որտեղ հիմնականում գերակայում է հակաիշխանական կոնտենտը։ Փաստերի ստուգմամբ զբաղվող լրագրողները կարող են զբաղվել՝ https://www.tiktok.com/@streettalk_armenia?_r=1… ։
Ինչպես և կանխատեսում էինք՝ արցախցիների դեմ ատելության խոսքը՝ այդ թվում նաև ԱԲ կողմից գեներացված, գործիք է դարձել ներքաղաքական պայքարում։ Եվ այն հանգամանքը, որ մարդիկ հակված են հավատալ այսպիսի կեղծ կոնտենտին, առաջին հերթին իշխանությունների պատասխանատվությունն է, քանի որ նրանք, նրանց կողմից վերահսկվող լրատվամիջոցները նույնքան վտանգավոր, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի այլանդակ քարոզչություն և ատելության խոսք են տարածում փախստականների դեմ։ Այս թեմայով մեր նոր զեկույցների շարքից առաջինը կհրապարապվի մոտակա օրերին։
Հ․Գ․ Ռիլը տեղադրում եմ մեկնաբանություններում՝ այս թեմաներում մասնագիտացած գործընկերները կարողանան օգտագործել։