Թրամփ․ «Սիրիայի ապագայի բանալին Թուրքիայի ձեռքում է»

Ազատություն

Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի համոզմամբ, այժմ Սիրիայում ծավալվող զարգացումների առանցքային դերակատարը Թուրքիան է։

«Այժմ Սիրիայում անորոշ իրադրություն է։ Ես, սակայն, կարծում եմ, որ Սիրիայի ապագայի բանալին Թուրքիայի ձեռքում է», – Ֆլորիդայում գտնվող իր առանձնատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը։

Բիզնեսի բառապաշարն օգտագործելով՝ Դոնալդ Թրամփը Թուրքիայի սիրիական քաղաքականությունը «թշնամական կլանում» է որակել, որը սակայն, նրա խոսքով, «հնարավորություն տվեց խուսափել բազմաթիվ մարդկային կորուստներից»։

«Ես Էրդողանի հետ շատ լավ լեզու էի գտել։ Նա շատ հզոր բանակ է ստեղծել», – նշել է ԱՄՆ ընտրված նախագահը՝ հավելելով, – «Թուրքերը հազար տարի շարունակ ցանկանում էին վերահսկել [Սիրիան], իսկ այն մարդիկ, որ իշխանության են եկել, այժմ վերահսկվում են Թուրքիայի կողմից։ Դա նորմալ է»։

Մոսկվայում պայթեցվել է ռադիացիոն, քիմիական և կենսապաշտպանական զորքերի պետը

Երեքշաբթի վաղ առավոտյան Մոսկվայի բնակելի շենքի մոտ պայթյուն է որոտացել, որի զոհերն են ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը և նրա օգնականը։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաստատել է, որ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում «գործարկվել է պայթուցիկ սարք, որը տեղադրված է եղել բնակելի շենքի մուտքի մոտ կանգնած սկուտերում»։

Ավելի ուշ BBC-ի Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրները հայտնել են, որ պայթյունը հատուկ գործողություն էր հետախուզության կողմից, որը գեներալին համարում էր «ռազմական հանցագործ և բացարձակապես օրինական թիրախ»՝ «ուկրաինացի զինվորականների դեմ արգելված քիմիական զենք կիրառելու» հրամանի պատճառով։ »:

Ստեփանակերտի հայկականությունը ոչնչացնելու սկիզբն է դրված

Step1.am-ի զրուցակցին է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

-Պարոն Հովհաննիսյան, թշնամին շարունակու է Արցախի տարածքում ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, ամբողջովին ոչնչացվել են առանձին բնակավայրեր։ Թիրախում նաեւ Ստեփանակերտ քաղաքն է, որի հատկապես հին թաղամասներն են ոչնչացվում։ Ի՞նչ նպատակ են հետապնդում այս գործողությունները։

-44-օրյա պատերազմի ընթացքում, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո եւ առավել եւս 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, երբ Արցախի բնակիչները բռնագաղթեցին, Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում է մշակութային էթնոցիդի քաղաքականություն։ Այդ գործողություններն ընդգրկում են թե հոգեւոր մշակութային ժառանգությունը, թե աշխարհիկ շինությունները։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ազատամարտիկների միության շենքերի ոչնչացումը հենց այդ քաղաքականության հետեւանքն է։ Այսինքն՝ Ադրբեջանը մեր մշակութային ժառանգության ոչնչացման լայնածավալ գործողություններ է իրականացնում, որն ուղղված է հայկական ինքության դեմ, որպեսզի հայկական ինքնությունը ոչնչացվի Արցախի տարածքում։

Կոնկրետ եթե անդրադառնանք Ստեփանակերտի հին ու պատմական թաղամասերի, մասնավորապես, Թումանյան փողոցի ոչնչացմանը, որտեղ պահպանվել էին 19-րդ դարի եւ 20-րդ դարասզբի շենք-շինությունները, ապա սա մեկ նպատակ ունի։ Ստեփանակերտի հիմնական բնակչությունը միշտ էլ եղել են հայեր, թուրք-թաթարական հետք չի եղել Ստեփանակերտում։  Եվ հիմա իրենք ոչնչացնելով Ստեփանակերտի հին թաղաամասերը՝ փորձում են ոչնչացնել նաեւ հայկական ինքնությունը, որպեսզի ասեն՝ եթե ասում եք՝ սա ձեր քաղաքն է եղել, ցույց տվեք պատմական որեւէ փաստ։ Այսինքն Ստեփանակերտի հայկականությունը ոչնչացնելու սկիզբն է դրված, եւ պատահական չէ, որ հենց արմատից են սկսում։

Ոչնչացնելով Արցախի պատմամշակութային ժառանգությունն ու արցախցիներին պատկանող գույքը՝ հնարավո՞ր է փակել արցախցիների սեփականության իրավունքի ու վերադարձի իրավունքի հարցերը։

-Եթե ճիշտ եւ նպատակասլաց աշխատանք կատարվի, կարծում եմ, ոչ։ Բայց այստեղ մենք խնդիր ունենք՝ արցախահայության վերադարձի իրավունքի մասին Հայաստանի կառավարությունը չի խոսում, խոսում են միայն հասարակական կազմակերպությունները, Արցախի ԱԺ կողմից ստեղծված հանձնախումը, ինչպես նաեւ սփյուռքյան մեր կազմակերպությունները, միջազգային որոշ փորձագետներ։ Նույնիսկ վերջին շրջանում որոշ երկրների, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ֆրանսիայի հայտարարությունները ցույց են տալիս, որ Արցախի հարցը երբեւէ չի կարող փակվել, եթե այդ հայրենիքի իրական տերերն հայրենազրկվել ու բռնագաթել են։ Խնդիրն այն է, որ գիտենք ՀՀ այսօրվա իշխանությունների դիրքորոշումը, այսինքն՝ այդ հարցում պետական քաղաքականության բացակայության պայմաններում, բնականաբար, իրավիճակը դժվարանում է։ ՀՀ իշխանություններն այսօր վարում են մի քաղաքականություն, որտեղ Արցախն ընդհանրապես տեղ չունի։

-Դուք Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցերով եք զբաղվում, ի՞նչ աշխատանք եք տանում՝ փաստագրելու կամ տարբեր ատյաններում ներկայացնելու Բաքվի ռեժիմի վայրագությունները։

-Ես հիմնականում զբաղված եմ մշակութային ժառանգության խնդիրների հանրահռչակմամբ, համագործակցում ենք այն կազմակերպությունների հետ, որոնք հենց զբաղված են մշակութային ժառանգության հիմնախնդիրներով։ Դա Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամն է, https://monumentwatch.org/ կայքն է, որտեղ իրենք մշտադիտարկումներ են իրականացնում։ Տարբեր կազմակերպությունների հետ համագործակցում ենք, որպեսզի իրազեկենք իրավիճակի մասին։ Եվ, ցավոք սրտի, գրեթե այնպիսի շաբաթ չի լինում, որ մենք ցավալի լուրեր չունենանք։ Այսինքն՝ սա արդեն մասսայական ոչնչացման մեթոդ է։ Արդեն հրապարակված է, որ երկրի երեսից ամբողջովին ջնջվել են Շուշիի շրջանի Քարին տակ ու Լիսագոր բնակավայրերը, նույնը կարելի է ասել Հադրութի շրջանի Մոխրենես ու Խծաբերդ բնակավայրերի մասին։ Ավերված ու ոչնչացված են հայկական եկեղեցիներ, գերեզմանոցներ, հուշարձաններ, ամբողջական հուշահամալիրներ եւ այլն։ Այսինքն՝ մեր պետականության ու ազգային խորհրդանիշների դեմ կատարվում է մշակութային ցեղասպանություն՝ մեր ինքնությունն Արցախում արմատախիլ անելու նպատակով։

Ռոզա Հովհաննիսյան

ԱՄՆ դեսպանը հիշեցրեց, թե ով է Ալիեւի իսկական “հայրը”

Վաշինգտոնի հասցեին մեղադրանքներն անհեթեթ են, առանց ԱՄՆ-ի ադրբեջանական «Դարի պայմանագիրն» անհնար կլիներ, Բաքվում հայտարարել է Ադրբեջանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին։ Խոսքը ԽՍՀՄ քանդվելուց հետո 1994-ի սեպտեմբերին խոշոր նավթային պայմանագրի մասին է, որի շնորհիվ Ադրբեջանը պահպանվեց։ 1994-ի մայիսին հայկական ուժերը շարունակում էին առաջընթացը, Բաքվում իրարանցում էր, եւ այդ պայմանագրի շնորհիվ Ալիեւը կարողացավ ջրի երեսին մնալ։    

«Խորհելով ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև անցյալ տարվա համագործակցության հաջողությունների շուրջ, ես մտաբերում եմ կասկածի ցինիկ ձայները։ Բազմաթիվ մեղադրանքներ են հնչել Միացյալ Նահանգների հասցեին, Ադրբեջանին տապալելու վայրի և անհեթեթ դավադրությունների մասին»,- ասել է դեսպան Լիբբին և պնդել, որ առանց Վաշինգտոնի 30 տարի առաջ չէր կնքվի «պատմության ընթացք փոխած «Դարի պայմանագիրը»», ասել է դեսպանը։

Ադրբեջանի “հայր” են համարում Հեյդար Ալիեւին, նրա որդին աշխարհի բոլոր ծայրերում տեղադրում է նրա հուշարձանները։ Սակայն ԱՄՆ դեսպանը հիշեցնում է, որ միայն շնորհիվ ԱՄՆ-ին Ադրբեջանը դարձավ պետություն։ Ալիեւը դա գիտի, ինչպես նեւ գիտի, որ իր հայրը հիանալի հասկանում էր Ղարաբաղի դերը։

Դեսպան Լիբբին Արցախյան պատերազմից հետո հարկ չէր համարում օկուպացված Շուշի այցելել, սակայն մի օր ստիպված էր գնալ եւ նկարվել այնտեղ։ Նման “զիջումները” այնպես չեն անցնում․ հիմա Ալիեւը ձեւացնում է, իբր ինքն է ամեն ինչ արել։ Ալիեւն այնքան է ոտը ձգել, որ Էրդողանը ստիպված ասաց՝ “մե՜նք վերցրեցինք Ղարաբաղը”։ Իսկ Պուտինը դեռ 2020-ի նոյեմբերին է ասել, որ ինքն է Արցախի մեծ մասի օկուպացման փաստաթղթի հեղինակը։

Ադրբեջան կոչվածը շատ հայրեր ունի։

 

“Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե Հայաստանի կառավարությունն ինչու է ձախողման տանում բնակարանային ծրագիրը”

Գորիս մինուս է ու քամի: Տեղադրում են քաղաքի գլխավոր տոնածառը, խանութների լուսափեղկերն են տեղադրում, ցիտրուսներ վաճառում, երեխաները ճայթուկներ են նետում` զվարճանում, ակնաղբյուրեցի տիկին Երջանիկի ժենգյալով հացի հոտը տարածվել է Վիենայի պուրակում:

Հրապարակում թարմացրել են Արցախի գունաթափ դրոշը: Եկեղեցում քահանան նույնպես Սիրիայի իրադարձություններից է խոսում, ով իր բացաըտրությունն ունի. Հայտնության գրքի մարգարություներն են պարզապես կատարվում:

Բոլորը կհիշեն, թե ինչպես էր Գորիսի դրամատիկական թատրոնի շենքը` հարակից տարածքով 2023թ. վերածվել փախստականների ճամբարի։ Մոխրագույն-քառակուսի այս շենքի մոտ տաքսիստները կանգնում են ամբողջ օրը, ակնհայտ է, որ գործ չկա: Կամ տաքսի, կամ բանակ, ասում է նրանցից մեկը: Ասում է նաեւ, որ մի 1000-1200 արցախցիներ կլինեն մնացած այստեղ:

Արցախցիների ես գրեթե չեմ հանդիպում Գորիսում, իսկ այսօր ում հանդիպեցի, պատրաստ էր վիզը կտրել, թե 4 կամ 5 հարյուր մնացած լինեն:

Ինչեւէ, որպեսզի պատահական վիճակագրություն չստացվի, փորձենք  տվյալներ ճշտել Գորիսի համայնքապետարանից: Համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը Step1.am-ին հայտնել է, որ Գորիսում այսօր Արցախից շուրջ 370 ընտանիք է ապրում: Թիվն անընհատ փոխվում է, քանի որ ներքին միգրացիա կա:

Գորիսի կոմունալ ծառայության նախկին շենքը ձեւափոխվում եւ մեկ, երկու, երեք սենյականոց բնակարաններ է կառուցվում, որտեղ ըստ քաղաքապետ Առուշ Առուշանյանի, գորիսեցիները նույնպես բաժին կունենան (պարզվում է այստեղ էլ դոմիկներում ապրողներ կան), սակայն առաջնահերթությունն արցախցիներին է տրվելու:

200 մլն․ դրամ նախագծով այս շենքն ունենալու է 18 բնակարան: Այն կառուցվում է Գորիսի համայնքապետարանի եւ բարերաների աջակցությամբ: Ստացվում է մնացածը վարձով են ապրում եւ պարզ չէ, թե ներքին միգրացիան ինչ պատկեր կունենա ապագայում:

Դեռեւս մեկ տարի առաջ քաղաքագետ Ալեքսանդ Իսկանդարյանը CivilNet-ի տաղավարում ասել է, որ եթե արցախցիների խնդրով լուրջ չզբաղվի Հայաստանի կառավարությունը, մենք կարող ենք կորցնել այդ մարդկանց, ինչպես դա եղավ սիրիահայերի պարագայում: Առաջարկ է եղել արցախցիներին Սյունիքում բնակեցնել, քանի որ աշխարհագրորեն ու մշակույթով մոտ են միմյանց:

Տեղի է ունեցել այն, ինչ տեղի ունեցել, Հայաստանում հարյուր հազարից ավել փախստական է հայտնվել: Դա շատ լուրջ փիվ է Հայաստանի համար: Նախնական շրջանում նրանց ընդունելը պատշաճ կերպով կազմակերպվել է, ֆինանսական աջակցություն է տրամադրվել, շատերը բարեկամներ, ընկերներ են ունեցել, ովքեր իրենց բնակարանները ձրի են տրամադրել։

Սակայն սա երկարաժամկետ խնդիր է, աշխատանքի, կեցության հարց է առաջանում, որի համար փող կա: Չէ որ Հայաստանը Արցախի համար հսկայական գումարներ էր հատկացնում, բանակ եւ այլն: Մի բան է ղարաբաղցին գորիսեցու համար, մեկ այլ բան երեւանցու, ասել է Իսկանդարյանը:

Սակայն մեկ տարի անց պարզ է դառանում, որ ոչ միայն արցախցիներ չբնակվեցին այնտեղ (ցանկալի խտությամբ գոնե), այլ մարզի բնակչությունը շեշտակի նվազել է:

Արցախի նախկին օմբուդսմեն եւ պետնախարար Արտակ Բեգլարյանը Արցախի հեռուստատեսության հետ հարցազրույցում ասել է, որ մարդիկ հիմանկանում Երեւան են գնում զբաղվածության պատճառով: Բեգլարյանն ասել է նաեւ, որ փորձագիտական հաշվարկներով արցախցիների 80%-ն այսօր բնակվում է Երեւանում եւ նրա հարակից բնակավայերեում:

Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե Հայաստանի կառավարությունն ինչու է ձախողման տանում բնակարանային ծրագիրը: Լուրջ ռազմավարական խնդիրներ կան, որոնք ըստ իս, բխում են Հայաստանի իշխանությունների քաղաքական կուրսից: Այսինքն նպատակ կա որեւէ կերպ մեզ չխթանելու, կամ չաջակցելու մեր համախմբմանը, մեր կոմպակտ բնակությանը, մեր ինքնության պահպանմանը:

Արցախի ներկայիս օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի պնդմամբ,  ՀՀ կառավարության իրականացրած ծրագրով ընդամենը 1.500 արցախցի է աշխատանք գտել, եւ 40+10 հազար աջակցության ծրագրի կասեցումը արցախցիներին փաստի առաջ է կանգնեցնելու:

Հայաստանում տարածված կարծիք կա, որ արցախցիների գերակշռող մասը պետական հիմնարկներում է աշխատել, պետբյուջեից աշխատավարձ ստացել, որը ՀՀ համամեատ ավելի բարձր է եղել, դրա համար էլ Հայաստանում չեն կարողանում աշխատանք գտնել, հարմարվել:

Արցախցիների բարձր աշխատավարձի ու պետբյուջեից սնվելու մասին Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ չոր փաստեր է ներկայացրել, որը լրիվ հակառակ պատկերն է արտացոլում:

Խանումյանը տնտեսագետ Աղասի Թավադյանի հետազոտությունն է օրինակ բերում, ըստ որի Հայաստանում մասնավոր աշխատանքի գրեթե 80% կենտրոնացված է Երևանում։

Հայաստանում առնվազն 4 մարզում պետական տեղերի եւ մասնավոր տեղերի հարաբերակցությունը հօգուտ պետականի ավելի բարձր է, քան Արցախում էր, այսպես, Գեղարքունիքում պետական են աշխատատեղերի 65,4 տոկոսը, Արագածոտնում՝ 61,2 տոկոսը, Շիրակում՝ 56,5 տոկոսը, Տավուշում 52,8 տոկոսը։ Եթե այսօր Արցախը շարունակեր գոյություն ունենալ, այս ցանկում նա կհաջորդեր Տավուշին։

Բարձր աշխատավարձի մասին պնդումը եւս չափազանցված է, պետական ծառայության ոլորտում աշխատավարձերը զգալիորեն, որոշ դեպքերում անգամներով զիջում էին հայաստանյան աշխատավարձերին, քիչ ինչ բարձր էին ուսուցիչների, բուժաշխատողների աշխատավարձերը։

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նաեւ շեշտվում է, որ տարիներ շարունակ գումարներ են ուղարկել Արցախ, որպեսզի այնտեղ բարեկեցություն լինի եւ այլն, այս միտքը տարբեր մակարդակներով կրկնվում է հանրության շատ շերտերի կողմից։ Արցախի գոյությամբ ստեղծված անվտանգային ու տնտեսական միջավայրի շնորհիվ ՀՀ բյուջեն հարկերի տեսքով ավելի շատ գումար էր հավաքագրում (մեծամասամբ հանքարդյունաբերության ոլորտից), քան Արցախի տրամադրվող միջպետական վարկի գումարն էր։

Սրանք չոր փաստեր են, որոնք լավ կլինի, որ հաշվի առնվեն կարծիք հայտնող տարբեր գործիչների, նամանավանդ՝ պաշտոնյաների կողմից, եթե իհարկե նպատակը կեղծ թեզերի շուրջ արցախցիների նկատմամբ ատելություն առաջացնելը չէ, գրում է Խանումյանը:

Հ.Գ. Դեռ անցած ամիս Գորիսում Ստեփանակերտ տանող տրաֆարետի մոտ մեծ բիլբորդ կար` ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ գրությամբ: Արդեն Բրուսե՞լ ենք հասել, որ հանվել է պաստառը: Կանգնելով բիլբորդի ու տրաֆարետի մոտ, գիտակցում ես, որ իրականում ոչ Եվրոպա, ոչ էլ Ստեփանակերտ չենք կարող գնալ: “Ներքին” միգրացիան շարունակվում է:

Մարութ Վանյան

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կոչ է արել Եվրոպային աջակցություն տրամադրել Հայաստանին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այսօր առավոտյան Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհուրդ ժամանելուն պես հայտարարել է Հայաստանին Ֆրանսիայի աջակցության մասին:

«Ես կոչ եմ անում Եվրամիությանը զարգացնել իր հարաբերություններն այդ երկրի հետ, որի հետ Ֆրանսիան շատ կապված է: Մենք պետք է կրկին Հայաստանին տրամադրեմք այն ամբողջ աջակցությունը, որի վրա նա իրավունք ունի հույս դնել»,-ասել է արտգործնախարարը:

Զգուշացում արցախցիներին խաբեության մասին

Սիրելի արցախահայություն, տարածեք
Նոր խաբեություն է տարածվել: Զանգահարում են Ձեզ, ներկայանում «Գրանդ Հոլդինգ» ընկերությունից ու առաջարկում տնային տեխնիկա՝ պայմանով, որ առաքման գումարը վճարեք:
Հեռախոսահամարը հիմնական սա է՝ 095148167 Արման:
Մի քանի խմբում տեսել եմ հայտարարությունը: Մի տրվեք սադրանքներին: Եթե տուժել եք, գրեք այստեղ:

Բաքվում “դավադրություն” են բացահայտել սահմանի մաքսակետի դեմ

Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունը հայտարարում է «պետականության դեմ հանցագործություն ծրագրող» անձանց ձերբակալությունների մասին։

Հաղորդվում է, որ գործի շրջանակներում բերման են ենթարկվել երեք անձինք, ովքեր «այլ քաղաքացիների մասնակցությամբ ստեղծել են հանցավոր շրջանակ, սոցիալական ցանցերում փակ խմբերում գաղտնի հանդիպումներ, քննարկումներ կազմակերպել՝ պետական կառույցների դեմ դիվերսիա իրականացնելու նպատակով»։

Հաղորդագրության համաձայն՝ հարձակման թիրախներից էր Ադրբեջանի պետական սահմանի մաքսակետը, նպատակն, ըստ գերատեսչության, «վնասել երկրի պաշտպանունակությանն ու տնտեսական անվտանգությանը, ինչպես նաև պատանդներ վերցնել»։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայից ի վեր Ադրբեջանը միակ երկիրն է, որն այդպես էլ չի բացել ցամաքային սահմանները քաղաքացիների համար։ Դա բացահայտ քաղաքական որոշում է, որը վաղուց բողոքներ է առաջացնում երկրում։ Վրաստանից, Ռուսաստանւց Ադրբեջան մտնելու համար  մարդիկ պետք է ինքնաթիռից օգտվեն, իսկ դա բավականին թանկ է եւ անհարմար։ 

Բայց մարդիկ դիմանում են ճնշումներին․ չէ որ հիմա կարող են գնալ Ստեփանակերտում հայերի տներում ապրել եւ սովորել Արցախի համալսարանում։     

Բաքուն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ նոր մեղադրանքներ է առաջադրել

Ադրբեջանի դատախազությունը մեկ տարուց ավելի Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ է առաջադրել, հաղորդել է նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով, ըստ պաշտպանների հայտարարության, Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկար։

Թելալյանի ուշագրավ նշանակումը ԵԱՀԿ-ում՝ ինչ են պայմանավորվել թուրքերն ու հույները

Վերջերս ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարվեց Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին։ Միաժամանակ Հունաստանից Մարիա Թելալյանը նշանակվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն։

Թուրք-հունական «կոնսենսուսը» քննարկվում է հուլիսից. Էրդողանը առաջարկել է Թուրքիայի ներկայացուցիչ նշանակել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, փոխարենը Հունաստանը կառաջարկի իր թեկնածուին ԺՀՄԻԳ-ի ղեկավարի պաշտոնում։ Աթենքն առաջարկել է ազգությամբ հայ կնոջ։

Մի քանի տարի առաջ Էրդողանը Մանածկերտի ճակատամարտի հերթական տարեդարձի կապակցությամբ ասել էր, որ թուրքերն այստեղ են արդեն 1000 տարի եւ չեն պատրաստվում ոչ մի տեղ հեռանալ։ Նա փաստորեն խոստովանել է, որ թուրքերը եկվորներ են այս հողում, սակայն Էրդողանը նախընտրում է չխոսել, թե ով է եղել այստեղ 1000 տարի առաջ։ Թեև վիճակագրությունը, պատմությունը, գենետիկան, տեղանունները և բազմաթիվ հուշարձաններ ասում են, որ Անատոլիան և Փոքր Ասիան հազարավոր տարիներ եղել են հայերի և հույների բնօրանը։

Թրամփի ընտրվելուց հետո Էրդողանը բացեիբաց խոսում է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների և Օսմանյան կայսրության փլուզման արդյունքների վերանայման, Լոզանի և Սևրի պայմանագրերի մասին՝ չթաքցնելով, որ թուրքամետ ուժերի ներխուժումը Սիրիա հետապնդում էր Սիրիայի հյուսիսը «վերադարձնելու» նպատակը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո նախկին օսմանյան Մերձավոր Արևելքը բաժանվեց Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև: Մեծ Բրիտանիայի ժառանգած մասում հետագայում առաջացան Իսրայելն ու Հորդանանը։ Ֆրանսիան կորցնում է իր «պրոտեկտորատը»՝ Լիբանանն ու Սիրիան։

Հունաստանի և Թուրքիայի “կոնսենսուսը” կարող է պայմանավորված լինել նրանով, որ Եվրոպան՝ ի դեմս Հունաստանի, Թուրքիային և Իսրայելին ազատություն է տալիս Մերձավոր Արևելքում՝ մի պայմանով, որ նրանք չվերանայեն Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները բուն Եվրոպայում։ Դրա դիմաց Եվրոպան խոստանում է չհիշել Սեւրի պայմանագիրը։

Սեւրի պայմանագիրը «փոխարինվեց» Լոզանի պայմանագրով։ Բայց ներկայիս Թուրքիայի հյուսիսային սահմանները Հայաստանի (ներառյալ Նախիջևանի) և Վրաստանի հետ Լոզանի պայմանագրում նշված չեն։ Այդ սահմանները որոշվել են 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերով, որոնց օրինականությունը չի ճանաչվել։

Մինչ Լոզանի պայմանագրի վերանայումը, Թուրքիան արդեն լուծել էր Արցախում առկա խնդիրները Ռուսաստանի օգնությամբ և պատրաստվում է Հայաստանի և Վրաստանի «ինկորպորացիային»՝ համարելով, որ դրանք անարդարացիորեն են «խլվել» Օսմանյան կայսրությունից։

Արդյո՞ք Հարավային Կովկասը թուրք-եվրոպական գործարքի «մենյուում» է։ Եւ ինչպե՞ս կարձագանքի Մարիա Թելալյանը, երբ Սինիրլիօղլուն առաջարկի հետ կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը։

Ուկրաինան կարող է արդյունավետորեն փոխարինել ԱՄՆ-ին ԵՄ-ում – FP

Առանց ԱՄՆ-ի օգնության ապրել սովորելու համար ԵՄ երկրներին երկար տարիների նպատակային ներդրումներ կպահանջվեն պաշտպանական ոլորտում, հայտնում է Foreign Policy-ն։

Ուկրաինան արդեն ցույց է տվել աշխարհին, որ կարող է դիմակայել Պուտինի բանակին, այդ իսկ պատճառով Ուկրաինաn ԵՄ երկրներում Պուտինին զսպելու հարցում առանցքային դեր կունենա մոտ ապագայում։

Իր նոր «Հաղթանակի ծրագրում» Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին որպես թիվ 1 կետ: Այնուամենայնիվ, ոչ բոլոր արևմտյան երկրներն են ողջունել Ուկրաինայի նախագահի ծրագիրը: Թրամփի իշխանության գալուց հետո ԵՄ երկրները որոշեցին ուժեղացնել Ուկրաինայի ռազմական հզորությունը։ Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը կրկին բարձրացրել է Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հարցը։

Ռուսական ագրեսիայի դեմ իրենց սահմաններն ամրապնդելու համար ԵՄ երկրները պետք է շարունակեն ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս դեպքում Ուկրաինան կարող է դառնալ ԱՄՆ-ին արդյունավետ այլընտրանք Եվրոպայում՝ որպես անվտանգության երաշխավոր, գրել է FP-ն։

Լայնածավալ պատերազմի ավարտից հետո ուկրաինացի զինվորականները կարող են փոխարինել Եվրոպայում ամերիկյան զորքերի որոշ ստորաբաժանումներ։ Այս մասին նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հոկտեմբերին՝ ելույթ ունենալով Ռադայում։

«Մենք նախատեսում ենք, եթե մեր գործընկերները համաձայնվեն, Եվրոպայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի առանձին զորամիավորումները փոխարինել ուկրաինական ստորաբաժանումներով։ Ուկրաինացիներն ապացուցել են, որ կարող են լինել այն ուժը, որին ռուսական չարիքը չի կարող հաղթահարել»,- ասել է նախագահը։

Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Վարազդատ Լալայանը (109+) երկամարտի 467 կգ արդյունքով (215 + 252) ոսկե մեդալ նվաճեց Բահրեյնում անցկացվող աշխարհի առաջնությունում։
Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը։
Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը բավարարվեց չորրորդ տեղով։