Դա արդեն խարան է. այդ դո՞ւք չեք, որ ձեր անօրինական ձերբակալված անձանց համար ձայն չեք հանում

Քաղաքացիներն այսօր բողոքի ակցիա են անում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ իրենց նամակն ու պահանջները ներկայացնելով ՄԱԿ-ին։ Ակցիայի կազմակերպիչները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի մշտական համակարգողին։ Դրանում մասնավորապես նշվում է․

«Մենք խորը մտահոգություն ենք հայտնում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակցիների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանն Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ։ Մեր մտահոգությունները շատ հստակ են՝ այս որոշումը անհամատեղելի է ՄԱԿ-ի նպատակների եւ արժեքների հետ՝ հաշվի առնելով Ադրբեջանի անպատասխանատու վարքագիծը մարդու իրավունքների հարցերում։ Ադրբեջանի բանտերում շարունակում են անօրինական պահվել հայ գերիներ, սա հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ մարդու իրավունքներին։ Ադրբեջանում բացակայում է անկախ դատական համակարգը, ինչը բացառում է հայ գերիների գործերի արդար քննությունը եւ նրանց ազատ արձակումը։ Ադրբեջանն իրականացրել է Արցախի բնակչության բռնի տեղահանում, ինչը համարվում է ցեղասպանության տեսակ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի։ Ադրբեջանը չի կատարել այս շենքի՝ ՄԱԿ-ի պահանջները Արցախի հարցի վերաբերյալ։ Մտավախություն կա, որ COP29-ից հետո Ադրբեջանի իշխանությունները ընդհանրապես կարող են խոչընդոտել հայ գերիների ազատ արձակումը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ արձակվել Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայ գերինեին, հակառակ դեպքում վերանայել COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը՝ մինչեւ բոլոր հայ գերիների ազատ արձակումը»։

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամենասխալ քայլը եղել է այն, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են այդ նույն կոնֆերանսը Հայաստանում ընդունել։ Դա կոպիտ քաղաքական եւ աշխարհաքաղաքական սխալ էր։ Ըստ Ալավերդյանի՝ Բաքվի բանտերում անօրինական պահվող հայ գերիների հարցը Հայաստանը պետք է պետական մակարդակով հնչեցներ։ Բայց մինչ այս պահը դա տեղի չի ունեցել։

«Ինձ ահավոր վրդովեցնում է, որ մենք 2020 թվականի դեկտեմբերից սկսած ունենք անօրինական ձերբակալված անձինք, եւ այս աստիճանի անտարբերություն է։ 2020 թվականի դեկտեմբերից չպետք է լիներ մի հարթակ, որտեղ ՀՀ կողմից պետական մակարդակով չէր հնչեցվի այդ հարցը։ Դա նոնսենս է, զարմանում են բոլորը, որովհետեւ որեւէ անգամ այդպիսի դեպք չի եղել, որ որեւէ երկիր այս աստիճանի հանցագործություններ գործած լինի, ինչպես Ադրբեջանը, եւ ՀՀ-ն պետական մակարդակով չխոսի այդ մասին։ Դա արդեն խարան է մեր բոլորի վրա, տասնյակ տարիներ դա մեր աչքը կարող են մտցնել, այդ դո՞ւք չեք, որ ձեր անօրինական ձերբակալված անձանց համար ձայն չեք հանում։ Ես չեմ կարծում,որ COP29-ի անցկացման վայրը կփոխեն, արդեն ուշ է, բայց որ կարելի է ինչ-որ բան այնտեղից կորզել, դա հաստատ է։ Օրինակ՝ գերիների եւ անօրինական ձերբակալված մարդկանց ինչ-որ ձեւ հնարավոր է վերադարձնել։ Եվ միջազգային հանրության անդամները, պետություններն ավելի շատ կգնան այդպիսի բաների, որովհետեւ դա զարդարում է իրենց՝ որպես մարդասիրական իրավունքի ջատագովներ»,- նշեց Ալավերդյանը։

Նա հավելեց, որ Հայաստանի իշխանություններն այս հարցերի մասին չեն խոսում, քանի որ նրանք եկել են հստակ ծրագրով։ Այն է՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, եւ երկրորդ՝ Հայաստանը դարձնել Ադրբեջանի ու Թուրքիայի կցորդ։ «Դուք տեսնում եք, թե ինչ վերաբերմունք ենք այս իշխանությունները ցուցաբերում արցախցիների նկատմամբ։ Ամոթ բան է, որ մինչ այսօր Հայաստանում կայացած չէ Արցախի վտարանդի կառավարությունը, որեւէ մեկը մեզ չի հասկանա»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

 

Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ․ Ծնողները հայտարարեցին, որ սխալ ԴՆԹ-ների պատասխաններ են տվել իրենց

Քաղաքացիներն այսօր բողոքի ակցիա են անում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ իրենց նամակն ու պահանջները ներկայացնելով ՄԱԿ-ին։ Ակցիայի մասնակցիների թվում են նաեւ Բաքվի բանտերում գտնվող գերիների ու անհետ կորածների հարազատները։

Անհետ կորածների ծնողները լրագրողների հետ զրույցում ասացին, որ համոզված են՝ իրենց որդիները Բաքվի բանտերում են, իսկ Հայաստանի իշխանությունները քայլեր չեն անում նրանց վերադարձնելու համար։

Ծնողները հայտարարեցին, որ սխալ ԴՆԹ-ների պատասխաններ են տվել իրենց։ «Բացահայտեք հատկապես էն երեխեքին, որոնց կեղծ ԴՆԹ-ներ են տվել, ծնողներին չեն կարող խաբել։ Չի կարող լինել մի ծնող, որն այնքան ստոր լինի, որ իմանա դա իր երեխան է, թողնի անատոմիկներում։ Կեղծ ԴՆԹ-ները վերացրեք, մեր երեխեքին մտցրեք ցուցակ ու պահանջեք նրանց վերադարձը։ 2020 թվականի դեկտեմբերին թուրքի մարմիններ են հասել Հայաստան, հարց տվող կա՞, այդ թուրքի մարմիններն ո՞ւմ տվեցին։ Արայիկ Հարությունյանն ինքն իր բերանով է ասել, երբ ծնողները գնացել են Ստեփանակերտ։ Ինքն իր բերանով ասել է՝ թուրքի մարմիններ տարան Հայաստան, ես ասացի՝ թողեք գերիների հետ կփոխանակենք, չթողեցին։ Բերեցին ո՞ւմ տվեցին, Եռաբլուրը պղծեցին թուրքի մարմիններով։ Այդքան սրբապիծ չի կարելի լինել, ամենավերջին սրբապղծությունը Հայաստանի անատոմիկներում կատարվեց՝ մի մարմինը կիսեցին 4 մասի, բաժանեցին ծնողներին։ Ո՞վ չտեսավ Աբովյանի նկուղներում մեշոկներով մարմինները, ո՞վ ոտքի կանգնեց, հարցրեցի՞ն՝ դա ո՞ւմ երեխան է»,- ասաց ծնողներից մեկը։

Ակցիայի մասնակցիներից մեկն էլ ասաց․ «Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, ասում է՝ ես կարող էի փրկել երեխեցին, բայց չեմ փրկել։ Բա գլխավոր դատախազ, ի՞նչ եք մտածում, մարդը խոստովանում է, որ ինքն է մեղավոր, ինչո՞ւ է ազատության մեջ»։

Ծնողներից մեկն ասաց․ «Անհետ կորածների ընտանիքներին ստելով կեղծ ԴՆԹ-ներ են տվել՝ իբրեւ բերանները փակելու համար։ Բայց մենք որոնողական աշխատանքներ իրականացրեցինք, մեր քիթը մտցրեցինք այնտեղ, որտեղ առհասարակ դրա իրավունքը չունենք, մենք փաստերով իմացանք, որ ԴՆԹ-ները կեղծել են, ստել են ժողովրդին։ Մի ԴՆԹ համըկնումը Արմավիրի մարզում տալիս են վեց տարբեր ընատնիքների։ Մենք փաստերով ենք խոսում, մի ըտանիքի տալիս են երեք ոտք։ Մեր պահանջը հետեւյալ է՝ կառավարությունն անհետ կորածների ցուցակներից հեռացրել է ԴՆԹ ունեցողների երեխեքի անունները, բայց մենք պահանջում ենք, որ մեր երեխեքի անունը պետք է լինի այդ ցուցակների մեջ։ Եվ դրանից հետո մենք մեր երեխեքին ողջ ու առողջ ենք ուզում։ Մեր երեխեքը գնացել են մեր երկիրը պահելու, իսկ եթե այսօր քաղաքական դաշտում մեր երեխեքին որպես խաղաքարտ են պահում, շատ սխալ են անում։ Մարդիկ հաստատ գիտեն, թե իրենց երեխեն որտեղ է, բայց հաստատվածների մեջ չկան, ինչո՞ւ չկան»։

 

Սուպեր կապույտ լուսին․ Բյուրականի աստղադիտարան

2024 թվականի օգոստոսի 19-ին ականատես կարող ենք դառնալ հետաքրքիր աստղագիտական իրադարձության՝ Սուպեր կապույտ լուսնի: Այս մասին հայտնում են Բյուրականի աստղատիտարանից։

«Այս երևույթը միավորում է երկու եզակի երկնային իրադարձություններ՝ գերլուսին և կապույտ Լուսին, որն իր գագաթնակետին կհասնի Երևանի ժամանակով 22։25֊ին։ Ի՞նչ է ԳԵՐԼՈՒՍԻՆԸ (Սուպերլուսինը)․ Գերլուսին տեղի է ունենում այն դեպքում, երբ լիալուսնի փուլը և Լուսնի՝ Երկրին ամենամոտ կետում գտնվելու դիրքը (պերիգե) համընկնում են։

Լուսնի ուղեծիրը Երկրի շուրջ իդեալական շրջանաձև չէ, այլ էլիպսաձև է, ինչի հետևանքով նրա հեռավորությունը Երկրից տատանվում է ամսվա և տարվա ընթացքում: Միջին հեռավորությունը կազմում է մոտ 382,900 կիլոմետր (238,000 մղոն):

Նշենք նաև, որ «Գերլուսին» տերմինը պաշտոնական աստղագիտական տերմին չէ: Այն առաջին անգամ առաջարկվել է աստղագետ Ռիչարդ Նոլիի կողմից 1979 թվականին։ Ի՞նչ է Կապույտ Լուսինը․ Չնայած անվանը, Լուսինն իրականում կապույտ չի երևա։ Կապույտ Լուսինն հիմնականում վերաբերում է մեկ օրացուցային ամսվա ընթացքում երկու լիալուսինների առաջացմանը»,- հայտնում են Աստղադիտարանից։

Հազարամյա պատմություն ունեցող արցախյան գյուղերում ծնված. Ռաիսա Մադաթյան

Կորցրինք մեր հայրենիքը, մնացինք անտուն, դռնեդուռ

-Շուտով կլրանա չորս տարին, որ ամուսինս մեզ հետ չէ․ ցավս բոլորովին չի մեղմանում, այն իմ սրտում է, մշտարթուն։ Ինչքան էլ փորձեմ, երեխաներիս համար չեմ կարող լրացնել նրա տեղը։ Հոգատար հայր էր, նվիրված ամուսին, սրտացավ բարեկամ, հավատարիմ ընկեր,- ասում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արմենակ Մադաթյանի կինը՝ Ռաիսան։

1993 թվականին են ընտանիք կազմել ու տեղափոխվել ազատագրված Շուշի, որտեղ ծնվել են նրանց երեք երեխաները։ Արմենակը Ավետարանոց գյուղից էր, Ռաիսան՝ Քարին տակից։ Հազարամյա պատմություն ունեցող արցախյան պատմական գյուղերում ծնված այս մարդիկ ցանկացան ապրել հինավուրց բերդաքաղաքում։ Արմենակը աշխատանքի անցավ ԱՀ ուժային տարբեր կառույցներում։ Մինչև երկարատև ծառայության համար թոշակի անցնելը անվերապահորեն նվիրված էր հասարակական կարգի և անվտանգության պահպանման գործին։ Թոշակի անցնելուց հետո իր պարտքը համարեց լրացնել Արցախի աշխարհազորայինների շարքը:

Կրկնակի տեղահանվելուց հետո երրորդ անգամ է ցանկանում տուն ու տեղ դնել տիկին Ռաիսան։ Երբ այցելեցինք Երևան քաղաքում վարձակալած նրա տունը, մի փոքրիկ Արցախ հայտնաբերեցինք այնտեղ։ Պատուհանագոգերի մի մասում չիր ու չամիչ էր չորանում, իսկ մյուսում՝ կանաչեղենի տեսականին։ Փոքրիկ տան ամեն մի անկյունը Արցախով էր շնչում։ Դաժան օրեր տեսած, դժվարությունների միջով անցած կինը մեզ դիմավորում է ժպիտով՝ փորձելով ցույց չտալ հոգու մեծ ցավը։ Տան ամենապատվավոր տեղում Արմենակ Մադաթյանի անկյունն էր․

-2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, բոլորս տանն էինք։ Տղաս՝ Կարենը, որ ծառայում էր ԱՀ ՊԲ-ում, այդ ժամանակ արձակուրդում էր։ Հրետանու առաջին զարկերից հետո որդիս ու ամուսինս դուրս եկան տանից՝ տեսնելու, թե ինչ է կատարվում։ Քիչ անց վերադարձան, որդիս հագավ զինվորական շորերը և միացավ ծառայակից ընկերներին, իսկ ամուսինս կամավոր մեկնեց դիրքեր։ Աղջիկներիս հետ գնացինք նկուղ ու այդտեղ մնացինք մինչև հոկտեմբերի 5-ը, ապա հարևանների հետ դուրս եկանք Շուշիից ու մեկնեցինք Հայաստան։ Տանից ոչինչ չենք վերցրել, որովհետև մտածում էինք՝ շուտով կվերադառնանք։ Ամենից շատ մեր ընտանեկան ալբոմների համար եմ ցավում․ չէ՞ որ մեր ողջ կյանքն այդ նկարների մեջ էր ամփոփված։

Համարյա ամեն օր կապվում էի ամուսնուս ու որդուս հետ։ Վերջին անգամ նոյեմբերի 3-ին խոսեցի Արմենակի հետ․ ձայնը ճնշված էր, մտազբաղ էր խոսում։ Ասաց՝ Ավետարանոցս էլ չկա, Քարին տակը վտանգված է ու լռեց երկար, ապա շարունակեց՝ երեխաներիս լավ կպահես։ Դա մեր վերջին խոսակցությունն էր։

Այլևս չկարողացա կապվել ամուսնուս հետ։ Տարբեր տեղերից մարդիկ զանգում էին ու հարցնում Արմենակի մասին, հետո հասկացա, որ բոլորն արդեն գիտեին, որ նա զոհվել է, բայց չէին ցանկանում ասել։ Զանգեցի Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին․ նրա եղբայրն ու Արմենակը մի խրամատում էին՝ Շուշի քաղաքի մուտքի մոտ։ Քաղաքապետի ձայնից հասկացա՝ կատարվել է սարսափելին․ Արմենակն ու նրա եղբայրը զոհվել են դիպուկահարի կրակոցից, իրենց իսկ կողմից փորված խրամատում։ Այդ օրը թշնամին գրավում է նաև Քարին տակը։ Միանգամից կորցրի իմ ամենաթանկը՝ ամուսնուս, հարազատ գյուղս ու Շուշին,-պատմում է տիկին Ռաիսան։

Միայն նոյեմբերի 14-ին է հաջողվում թշնամու վերահսկողության տակ անցած տարածքից հանել տղաների աճյունները և 17-ին հողին են հանձնվում Երևանի Եռաբլուր պանթեոնում։

2020 թվականի վերջին Մադաթյանների ընտանիքը Արցախ է վերադառնում և փորձում վերսկսել կյանքը։ Պետության կողմից նրանց բնակարան է տրամադրվում, որտեղ, սակայն,  հասցնում են ապրել ընդամենը մեկ տարի։

-Ամուսինս պատգամել էր երեխաներին լավ պահել․ պարտավոր էի․․․ Ամեն ինչ նորից սկսեցի ստեղծել, զավակներս օգնում էին ինձ։ Ստեփանակերտի արվարձանում հողամաս ձեռք բերեցի, ու տղայիս հետ սկսեցինք հողագործությամբ զբաղվել։ Տարբեր մշակաբույսեր ցանեցինք ու առատ բերք ստացանք։ Շրջափակման ժամանակ բերքը բաժանում էի մեր հարևաններին ու բարեկամներին։ Ուժերի գերլարումով դիմակայեցինք շրջափակմանը և մտածում էինք շուտով կբացվի կյանքի ճանապարհը, սակայն, ավա՜ղ, այս անգամ ավարտն ավելի աղետալի էր։ Կորցրինք մեր հայրենիքը, մնացինք անտուն, դռնեդուռ։ Նորից զոհեր տվեցինք, նորից երեխաներ որբացան ու կանայք այրիացան։ Չգիտեմ՝ ինչ է սպասվում արցախահայությանը։ Ցավալի է, որ Հայաստանից մեծ արտագաղթ է նկատվում։ Տղաս ևս մեկնել է արտագնա աշխատանքի, սակայն մենք մտադիր ենք Հայաստանում տուն ձեռք բերել ու այստեղ ապրել,- շարունակում է խոսքը տիկին Ռաիսան, ապա վերստին վերադառնում 2020 թվական, վերհիշում հայրենի Քարին տակը, մտաբերում ծննդավայրի ամեն մի անկյունը և ասում՝ թշնամին 90-ականների վրեժը լուծեց ու գետնին հավասարեցրեց մեր գյուղը։ Նա չկարողացավ մարսել, որ 90-ականներին Քարին տակ գյուղը կարողացավ հերոսաբար պայքարել ու կանգուն մնալ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Կուրսկում երրորդ կամուրջն են պայթեցրել․ ռուսական զորքերը կարող են հայտնվել “կաթսայում”

Կուրսկի շրջանի առաջին կամուրջը, որը ենթարկվել է ուկրաինական օդային հարվածների, գտնվում է Գլուշկովո գյուղի մոտ։ Այն պայթեցվել է օգոստոսի 16-ին, իսկ մեկ օր անց պայթեցվել է Զվաննիի կամուրջը։ Այսօր՝ օգոստոսի 19-ին, ռուս Z-թղթակից Ռոմանովը հաստատել է Կուրսկի շրջանի Կորենևսկի շրջանի Կարիժ գյուղի երրորդ կամրջի պայթեցումը, հայտնում է «Ուկրաինա 365» հեռուստաալիքը։ Այս տարածքում ամենամեծ կամուրջը եղել է Գլուշկովոյում։ Այժմ այդ կամրջով կարելի է քայլել միայն ոտքով, սակայն զինտեխնիկան այլեւս հնարավոր չի լինի տեղափոխել։

Հակառակորդը հայտնվել է «կաթսայի» մեջ՝ 700 կմ2 ընդհանուր մակերեսով։ Առայժմ Կարիժայում քանդված կամրջի մասին տեղեկությունը հաստատել են միայն Z-զինթղթակիցները։ Եթե ​​լուրերը հաստատվեն, ապա օկուպանտները ստիպված կլինեն կա՛մ հանձնվել, կա՛մ հնարավորինս հեռու փախչել Ուկրաինայի զինված ուժերից, բայց առանց զինտեխնիկայի։ Այս մասին գրում է «Диалог.UA».

ՀՀ ՊՆ–ն հերքում է. մեր ստորաբաժանումները կրակ չեն բացել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողի տարածած հաղորդագրությունը` մեր ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել:
Հավելենք, որ օգոստոսի 15–ի երեկոյան և օգոստոսի 16–ի առավոտյան ադրբեջանական կողմը կրկին նմանօրինակ ապատեղեկատվություններ էր տարածել, որոնք հերքել էր ՀՀ ՊՆ–ն։

Ո՞նց թե, ինչու Պուտինը գնաց Ալիևի մոտ։ Բա ո՞ւր գնա

Համաշխարհային լրատվամիջոցները, զարմացած աչքերը թարթելով, հարցնում են, թե ինչու հանկարծ Պուտինը գնաց Ալիևի մոտ։ Թեև Ալիևը, ըստ արևմտյան խաղի կանոնների, «մեր» մարդն է, և քանի որ ընդունում է Պուտինին, դա նշանակում է, որ դա անհրաժեշտ է։ Ընդհանրապես, Ալիեւն ամեն ինչ անում է այնպես, ինչպես պետք է, հատկապես Ուկրաինայի համար։

Այն, որ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելուց մեկ օր առաջ Ալիևն ու Պուտինը ստորագրեցին ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր, դա նորմալ է։ Ինչպես միանգամայն նորմալ էր, որ Ալիևը ռուսների օգնությամբ 3 տարի թույլ չտվեց անգամ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին մտնել Ղարաբաղ, մեկ տարի լիակատար շրջափակման մեջ պահեց 120 հազար մարդու, իսկ 2023-ի սեպտեմբերին արյունալի ագրեսիա կատարեց և տեղահան արեց բնիկ հայ բնակչությունը, իսկ ռուսները հայերից խլած զենքը ուկրաինական ճակատ ուղարկեցին։ Ոչ մի անձնական բան, միայն բիզնես:

Ի վերջո, Բաքուն, ի հեճուկս Իրանի, բարեկամ է Իսրայելի հետ, իսկ դա հիմնական պարամետրն է, դու ում կողմից ես։

Փաստորեն, Արևմուտքին պետք է նման մի ալիև, որի միջոցով կարող են կեղտոտ գործարքներ կնքել Պուտինի հետ և մաքուր ձեռքերով շրջանցել սեփական պատժամիջոցները։ Եվրոպայում դեռ ոչ ոք չի չեղարկել ռուսական գազը, իսկ Բաքվից առանց դրա էլ նավթի ու գազի հոտ է գալիս։

Հանուն նման գործարքի կարելի է ամբողջությամբ հրաժարվել հայկական խնդրի լուծման արևմտյան ձևաչափերից և այն հանձնել Պուտինին, Էրդողանին և Ալիևին։ Բարի ախորժակ ասելով։

Այնպես որ, պետք չէ զարմանքից թարթել աչքերը և հարցրել, թե ինչու Պուտինը գնաց Ալիևի մոտ. Էլ ո՞ւմ մոտ պետք է գնա։

Բաքվում կլիմայական գագաթնաժողովի անցկացումը ծաղր է. BBC-ն տարակուսում է

Նավթ և գազ արտահանող երկիրը, որտեղ աղբը չի հավաքվում, որտեղ լրագրողներն ու իրավապաշտպանները բանտում են, այս տարի կլիմայի փոփոխությանը նվիրված միջազգային խոշոր համաժողով կանցկացնի։ Սա վրդովեցնում է կանաչ էներգիայի համար պայքարող կազմակերպություններին և միջազգային դիտորդներին, ովքեր կարծում են, որ Ադրբեջանը ցանկանում է «կանաչապատել» իր հեղինակությունը համաժողովի օգնությամբ, գրում է BBC-ն։ Համաշխարհային լրատվամիջոցները նշում են, որ Բաքվում գագաթնաժողովի անցկացումը ծաղր է ՄԱԿ-ի և կլիմայի պաշտպանության քաղաքականության նկատմամբ։

Բրիտանական ընկերությունը չի նշում, որ Երևանը համաձայնել է, որպեսզի Բաքուն ընդունի COP29-ը այն բանից հետո, երբ Ալիևը վերադարձրել է 23 հայ գերիների՝ մնացածներին պատանդ թողնելով։ Պաշտոնական Երեւանը դեռ Բաքվում COP29-ը չեղարկելու կոչ չի արել։

Ինչպես նաեւ BBC-ն չի նշում, որ Պուտինն այսօր պետական ​​այցով մեկնում է Բաքու։ Հիշեցնենք, որ ռուսական դոկտրինում կանաչ էներգիան համարվում է ազգային անվտանգության սպառնալիք։ Բացի այդ, Պուտինի և Ալիևի հանդիպումը բացահայտորեն հուշում է, որ ռուսական էներգառեսուրսները Բաքվի միջոցոով կհոսեն Եվրոպա, և սա նույնպես ծաղր է աշխարհին, որը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։

Համաշխարհային լրատվամիջոցները գրում են, որ երկրներն ու կազմակերպությունները Բաքվի գագաթնաժողովին չեն ուղարկի ամենաբարձր մակարդակի պատվիրակություններ։ Հնարավոր է, որ բարձրաստիճան պաշտոնյաներ չլինեն, և գագաթնաժողովը կարող է ժամանակի վատնում լինել։

Լուրն այն մասին, որ Ադրբեջանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29), երկրում հպարտության ալիք է առաջացրել տեղի մամուլի, պաշտոնյաների և քաղաքական գործիչների շրջանում, գրում է BBC-ն։

Բայց Բաքվի բնակիչներն ասում են, որ արդեն խոսակցություններ կան, որ համաժողովի ընթացքում փողոց դուրս գալը թույլատրվելու է օրական ընդամենը երկու ժամով, ինչպես դա եղել է համաճարակի ժամանակ։ Ադրբեջանը, ի դեպ, համաճարակի սկսվելուց ավելի քան չորս տարի անց դեռևս փակ է պահում իր ցամաքային սահմանները՝ Covid-ի դեմ պայքարի պատրվակով։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը Ադրբեջանում կլիմայական համաժողովի անցկացումը «անհանգստացնող շահերի բախում» է անվանում։ Իրավապաշտպանները նշում են, որ երկիրը «կլիմայի նկատմամբ անբարյացակամ է», արդյունահանում է նավթ և ծրագրում է եռապատկել գազի արդյունահանումը։

Ադրբեջանի բնապահպանական պատկերը շատերի մոտ է հարցեր առաջացնում։

«Կլիմայի պաշտպանի դեր խաղալու հանածո վառելիքի շահառուներին հրավիրելը ժամանակի վատնում է», – ասում է Oil Change International-ը՝ Ադրբեջանի վարքագիծն անվանելով նրա հեղինակության «կանաչապատում» «սպիտակեցում»):

Միևնույն ժամանակ, բրիտանական ВВС-ին չի նշում, որ 2020-2023 թվականներին Բաքուն Արցախում իրականացրել է պատերազմ, ցեղասպանություն և տեղահանել բնիկ բնակչությանը և այժմ Հայաստանին ստիպում է ամբողջությամբ հանձնվել և կազմաքանդել պետականությունը։

Մահացել է Ալեն Դելոնը

Մահացել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը, նա 88 տարեկան էր։ Այդ մասին AFP-ին հայտնել են նրա երեխաները: Հաղորդագրության մեջ մահվան պատճառը չի նշվում։

«Ալեն Ֆաբիենը, Աննուշկան, Էնթոնին և [նրա շունը] Լուբոն մեծ ցավով հայտնում են իրենց հոր մահվան մասին։ Նա խաղաղ մահացել է Դուշիի իր տանը՝ շրջապատված երեք երեխաների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2019 թվականին, կաթվածից հետո, Ալեն Դելոնը շվեյցարական L’Illustre հրատարակությանը ասաց, որ ինքը դեմ չէ էվթանազիային։ «Ես ատում եմ այն ​​ժամանակները, որտեղ մենք ապրում ենք, դրանից սիրտս խառնում է», – ասել է նա 2018 թվականին:

ՌԴ ԱԳՆ-ը ուշադիր կարդում է հայկական դասագրքերը՝ աչք փակելով մնացածների վրա

«Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել ութերորդ դասարանի համար պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի – 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները»։  Այս մասին օրերս հայտարարել է ՌԴ ԱԳՆ։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ այս դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները, իսկ Թուրքմանչայի խաղաղությունը կոչվում է Արևելյան Հայաստանի «անեքսիա»։

Հետո հայտարարվեց, որ 8-րդ դասարանի հայոց պատմության դասագրքի մի հատված, որտեղ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին բնութագրվում է որպես «միացում», շուտով կվերագրվի։

Միևնույն ժամանակ, ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն չի դիմում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մեծ բարեկամ Ադրբեջանի կամ Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի պատմության շատ ավելի խնդրահարույց դասագրքերին։

Ի վերջո, դեռևս 2010 թվականին Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության հետազոտողները վերլուծեցին ԱՊՀ երկրների և նախկին ԽՍՀՄ պատմության դասագրքերը և եկան այն եզրակացության, որ բացի Հայաստանից և Բելառուսից, այնտեղ կան Ռուսաստանի մասին շատ տհաճ բաներ։ Այս մասին 2010 թվականի դեկտեմբերին գրել էին բազմաթիվ թերթեր։

«Դեպի ինդուստրիալացման կուրսի իրականացման արդյունքում Ադրբեջանը գյուղատնտեսական երկրից վերածվել է ագրոարդյունաբերականի։ Նոր աշխատատեղեր ստեղծելով՝ վերջ դրվեց գործազրկությանը, ասում են «Ադրբեջանի պատմություն» ավագ դպրոցի դասագրքի հեղինակները։ Եվ հետո, առանց ապացույցների, թմբկահարում են. «Միևնույն ժամանակ, ինդուստրիալացումը Ադրբեջանը վերածեց ԽՍՀՄ-ի հումքային բազայի»։

Այնուհետև նրանք հայտնում են, որ «ադրբեջանցիների խիզախության առաջին լուրերը եկել են Բրեստի ամրոցից», որտեղ, ըստ նրանց, կռվել է 44 ադրբեջանցի (ըստ պաշտոնական ցուցակների, պաշտպանների թվում եղել է միայն մեկ ադրբեջանցի՝ Ախվերդիև Խալիլը)։ Ստուգողներն ապշած են պատմությունից, թե ինչպես են ադրբեջանցիները հերոսաբար կռվել Հիտլերի ստեղծած «հատուկ ազգային զորամասերում», և «գերմանացիները (!!! – հեղինակի նշում) բարձր են գնահատել նրանց մարտական ​​որակները՝ նրանցից շատերին պարգևատրելով մեդալներով։ Մենք պարծենալու բան գտանք…

Բայց ադրբեջանցի հեղինակները պերեստրոյկայի մասին գլխում հասնում են աբսուրդի ամենաբարձր աստիճանի։ «Գորբաչովը հատկապես աչքի էր ընկնում իր ատելությամբ մուսուլմանների և թյուրքական աշխարհի հանդեպ»,- պատմում են պատմաբանները երեխաներին։ «Գորբաչովը սկսեց իրագործել թյուրք ժողովուրդներին Արևմտյան Ռուսաստան և սլավոնա-քրիստոնեական այլ հանրապետություններ վերաբնակեցնելու ծրագիր և նրանց հողերը բնակեցրեց քրիստոնյա բնակչությամբ»: Այսպիսով, պարզվում է, որ այստեղից են ստեղծվել ադրբեջանական բնակեցված սփյուռքները Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքում: Դասագրքի հեղինակները չեն ասում, թե այսօր ով է խանգարում «վերաբնակեցված» ադրբեջանցիներին վերադառնալ պատմական հայրենիք։ Հարցը, ըստ երեւույթին, դեռ ուսումնասիրվում է։

5-րդ դասարանի Ղրղզստանի դասագրքում մենք գտանք այս գոհարը. «Իր ամբողջ երեք հազարամյա պատմության ընթացքում ղրղզ ժողովուրդը չի եղել այնպիսի ողորմելի վիճակում, որքան ցարական իմպերիալիզմի իրավահաջորդների՝ կարմիր միլիտարիստների օրոք… Կամ նույն Աբրովը Ուզբեկստանից գրում է. «Մենք ժառանգել ենք բնակչության ցածր կենսամակարդակը։ Այս ցուցանիշով հանրապետությունը զբաղեցրել է Միության վերջին տեղերից մեկը»։ Իսկ անկախություն ձեռք բերելուց հետո ուզբեկների կենսամակարդակը կտրուկ բարձրացավ։ Այդ դեպքում ինչո՞ւ են Ուզբեկստանի քաղաքացիներն այսօր գնում Ռուսաստան՝ ցանկացած աշխատավարձով աշխատելու պատրաստակամությամբ։ «Комсомольская правда», N184, 08.12.2009, с. 10 – 11.

Բայց նախկին խորհրդային հանրապետությունների դպրոցական դասագրքերի հիմնական հատկանիշը ի դեմս Ռուսաստանի և ռուսների «երդվյալ թշնամու» կերպարի իմպլանտացիան է, որոնք, իբր, եղել են բոլոր տեսակի աղետների աղբյուրը։ «Ռուսները դարերի պատմության ընթացքում կողոպուտներ, ավերակներ և սպանություններ բերեցին մեր ժողովրդին», – նրանք մատաղ սերնդի մեջ սերմանում են դասագրքերի էջերից։ Եվ այս առումով, կրկնում ենք, հաճելի, այսպես ասած, բացառություն միայն Հայաստանն ու Բելառուսն են կազմում։

Ռուսաստանի կազմում հայտնվելը հաճախ միայն բացասական է գնահատվում։ Հիմնական շեշտը դրված է անկախության կորստի վրա, իսկ դրական կողմերն ընդհանրապես չեն նշվում։ Այսպիսով, ուկրաինացի դպրոցականները Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանին մեկնաբանում են որպես Մոսկվայի կողմից Ուկրաինայի անկախության ճանաչում։ Միևնույն ժամանակ, երեխաները պատկերված են որպես ֆիկտիվ «ուկրաինական կազակական պետություն», որը հետագայում դաժանորեն ոչնչացվեց Ռուսաստանի կողմից:

Ամենա «հիվանդագին» թեման ԽՍՀՄ ժամանակաշրջանն է՝ ներկայացված «ազատասեր» ժողովուրդների և օկուպանտների շարունակական առճակատմամբ։

Ղազախական դասագրքից մի մեջբերում սպանում է. «Ղազախ ժողովրդի պայքարը ռուսական գաղութատիրության դեմ երկար տևեց՝ ընդգրկելով 18-րդ դարի երկրորդ կեսը մինչև 90-ականները։ (!) XX դար»:

Վրացական ձեռնարկը կրկնում է դա՝ պնդելով, որ «ռազմական օկուպացիոն ռեժիմի» հաստատման արդյունքում երկրի բնակչությունը «հայտնվել է ծանր իրավիճակում և ստիպված է եղել պայքարել ռուսական տիրապետության դեմ՝ հանուն պետական ​​ինքնիշխանության վերականգնման»։ Այլ երկրների դպրոցականներին նույնպես վառ կերպով պատմում են խորհրդային ցեղասպանության ժամանակ էթնիկ զտումների սարսափների մասին»։

Խորհրդային Միության փլուզումը տեղի ունեցավ անսպասելիորեն, այդ թվում՝ հանրապետական ​​վերնախավի մեծամասնության համար։ Եվ հետո նրանք սկսեցին գոյության նոր ձև փնտրել՝ իրենց իշխանությունը պահպանելու միակ նպատակով։ Գրեթե ամենուր շեշտը դրվում էր այն բանի վրա, ինչը հակադրվում էր նախկին գաղափարախոսությանը և կարգին՝ եթե Միությունում ինտերնացիոնալիզմ էր, ապա անկախ հանրապետությունում պիտի լիներ ազգայնականություն։ Ազգ է ձևավորվում, դրա համար պետք է գտնել մի բան, որը կմիավորի ժողովրդին։ Իսկ թշնամու կերպարը (որը շատերի համար ներկայացնում է Ռուսաստանը) առանցքն է։

«Правда», N137, 10.12.2009, с. 3

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

russia-artsakh.ru

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Աստվածածնի վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը

Այսօր` օգոստոսի 18-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաղողօրհնեքը` Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։

Տոնի առթիվ այսօր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո խաղողը կօրհնվի։

Հայաստանը հին աշխարհակարգի կողմնակից է. Նորի համար “դուխը” չի հերիքում

Ժամանակակից աշխարհում երկխոսությունն առավել քան երբևէ կարևոր է աշխարհակարգն ամրապնդելու և խաղաղ ապագա կառուցելու համար։ Այս մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 9-11-ը Երեւանում անցկացվելիք «Երևանյան երկխոսության» առաջին համաժողովի մասին իր ուղերձում։

Ըստ ՀՀ ԱԳՆ ղեկավարի, այսօր փոխվում է գլոբալ հարաբերությունների պատկերը, խարխլվում է միջազգային իրավունքը, իսկ բազմաբևեռ համակարգը ճգնաժամ է ապրում։ Ժողովրդավարությունը բախվում է մարտահրավերների, իսկ խաղաղության և անվտանգության ոլորտում անբավարար համագործակցությունը սպառնում է խարխլել աշխարհակարգի հիմքերը:

Դատելով նախարարի խոսքերից՝ հայ քաղաքական միտքը աշխատում է ներկայիս աշխարհակարգը պահպանելու ուղղությամբ, թեև բոլորի համար արդեն ակնհայտ է, որ այն փլուզվում է, նոր աշխարհակարգ է լինելու, և յուրաքանչյուր երկիր պետք է պատկերացնի իր տեղը դրա մեջ:

Հայկական «հեղափոխական» իշխանությունը, որը կառավարում է Հայաստանը ավելի քան 6 տարի, այս ընթացքում չի առաջարկել Հայաստանի դերի իր տեսլականը գալիք աշխարհակարգում։ «Դուխը» հերիքել է միայն առաջարկել, որ Հայաստանը վերածվի գորշ խաչմերուկի թյուրքական աշխարհի համար, իսկ մնացած հայերը դառնան սպասարկող անձնակազմ, որը կվարձատրվի բեռնատարների վարորդների թողած դոնորներով:

«Միևնույն ժամանակ նկատելի է ավելի սերտ համագործակցության որոնում և Եվրոպայի և Ասիայի միջև երթուղիներ հաստատելու ցանկություն, ինչպես նաև նորարարության ոլորտում զգալի առաջընթաց: Այս ամենը ցույց է տալիս, որ արժեհամակարգի վրա հիմնված հզոր, ռացիոնալ խաղացողների հետ գործընկերությունն առավել քան երբևէ դարձել է կարևոր»,- նշեց Միրզոյանը։

Նույնիսկ անզեն աչքով այս խոսքերը՝ անդառնալի գլոբալ փոխակերպումների ֆոնին կարող են դիտվել որպես գոյատևելու և նսեմացված գոյություն ունենալու փորձեր՝ ոչ թե որպես ազգային պետություն, այլ «ուժեղ խաղացողների» սպասարկում։ Հայկական իրավունքների ծանր իրավական քեյսը ապահով թաքնված է «խաչմերուկի» տակ, որպեսզի նույնիսկ «ուժեղ խաղացողները» չմտածեն օգտագործել այն։