Ստեփանակերտում մահացած հայուհու դին Հայաստան վերադարձնելու համար հարազատները պատրաստ են դիմել դատարան

70-ամյա Վերա Աղասյանը մեկն էր այն 14 ղարաբաղցի հայերից, որոնք Արցախում մնացին 2023 թվականի աշնանը տարածաշրջանից զանգվածային արտաքսումից մեկ տարի անց։ Կինը մահացել է հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում։ Հարազատները դեռ չեն կարողացել ստանալ նրա մարմինը։

Նրանց խոսքով, իրենք ցանկանում են պատշաճ թաղում կազմակերպել՝ հայկական հավատքի ու ավանդույթների համաձայն։

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը նշել է, որ դատարան դիմելն առայժմ միակ հույսն է մահացած կնոջ հարազատների համար։

Խոսելով Ստեփանակերտում գտնվող մնացած 13 հայերի մասին՝ օմբուդսմենը նշեց, որ նրանց մասին տեղեկանում է հարազատներից՝ գրեթե ամեն շաբաթ նրանք հնարավորություն են ունենում մի քանի րոպե հեռախոսով խոսել։

Կարմիր Խաչի առաքելությունը պատրաստ է աջակցել 70-ամյա Վերա Աղասյանի մարմինը Հայաստան արտահանձնելու և հարազատներին հանձնելու գործընթացին, բայց միայն այն բանից հետո, երբ երկու կողմերը՝ հայկական և ադրբեջանական, համաձայնության գան։

Ալվարդ Գրիգորյան

Թուրքիան փակել է օդային տարածքն Իսրայելի նախագահական ինքնաթիռի համար, որը Բաքու էր ուղեվորվում

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի՝ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու համար Ադրբեջան այցի չեղարկելու պատճառը Թուրքիայի կողմից օդային տարածքի փակումն էր նրա ինքնաթիռի համար, գրում է թուրքական Milliyet թերթը՝ հղում անելով իսրայելական և թուրքական դիվանագիտական աղբյուրներին։

Ակնկալվում էր, որ Իսրայելի առաջնորդը կօգտագործի «Սիոնի թև» պաշտոնական օդանավը։ Միևնույն ժամանակ, ֆորումին մասնակցող իսրայելցի նախարարները Բաքու են հասել առևտրային ավիաչվերթներով՝ Վրաստանի միջոցով, նշել է պարբերականը։

«Հայորդի» հիմնադրամը մանուկների համար միջոցառում է կազմակերպել

«Հայորդի» հիմնադրամը նոյեմբերի 17-ին կազմակերպել է Հայաստանում առաջին ամենամեծ հավաքը, որը միավորել է զոհված անձանց այն երեխաներին, ովքեր ծնվել են հոր զոհվելուց հետո։

44-օրյա պատերազմի, 2022թ սեպտեմբերյան ագրեսիայի, տավուշյան մարտերի և արցախյան վերջին պատերազմի, պայթյունի հետևանքով զոհված անձանց երեխաները, որոնք դեռ հորը չտեսած կորցրին, հավաքվել են մեկ վայրում։

Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել հյուրասիրություն, անակնկալ նվերներ, ցուցադրվել է Հայաստանում առաջին կորստի մասին հեքիաթը՝ «Էլի նապաստակը»:

Մասնագետները զրուցեցին, թե ինչպես աջակցել երեխային դժվար պահերին։

Ներկա էին նաեւ ԶԻՆԱՊԱՀ հիմնադրամը և այլ գործընկերներ։ Միջոցառմանը զուգահեռ տարբեր մանկական խաղային ծրագրեր են կազմակերպվել։

Ծրագիրը կազմակերպվում է «Հայորդի» և «Դեկավա» բարեգործական հիմնադրամների համատեղ ջանքերով։

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

 

Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Հայաատանի ազգային հավաքականը 2:1 հաշվով Լատվիայի նկատմամբ հաղթանակ տարավ մրցակցի հարկի տակ։

«Ստացվեց այն, ինչ կանխատեսել էինք, այսինքն՝ ծանր խաղ։ Երկու թիմերի համար էլ սկզբունքային էր այս խաղը։ Երկրորդ խաղակեսում փոխվեց խաղը։ Տղաները կարողացան այն հանձնարարությունը, որ կար, կատարել։ Ամենաառաջին բանը, որ պահանջել էի տղաներից, համբերությունն էր», – ասաց հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնականատար Սուրեն Չախալյանը։

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի 6 տուրերից հետո առաջատարը Հյուսիսային Մակեդոնիան է, Հայաստանի ընտրանին 2-րդն է։

Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. ԶԼՄ-ներ

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի խորքը հարվածելու համար։

The New York Times-ը, AP-ն և Reuters-ը վկայակոչում են հարցին քաջատեղյակ աղբյուրների:

Սպիտակ տունը չի մեկնաբանել այս լուրերը։

Եթե դա հաստատվի, կնշանակի ԱՄՆ քաղաքականության լուրջ փոփոխություն՝ Կիևի կողմից նման գործողություններ թույլ տալու երկարամյա խնդրանքների ֆոնին:

Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Կիևը նախատեսում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում իրականացնել նման հեռահար հարձակումներից առաջինը, սակայն մանրամասներ չի հայտնել։

Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կօգտագործի ATACMS հրթիռները, որոնք ունեն մինչև 300 կիլոմետր հեռահարություն, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել է, որ Արևմուտքը «պատերազմի» մեջ կմտնի Ռուսաստանի հետ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով, իսկ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը շեշտել է, թե այդ դեպքում Ռուսաստանը կարող է ոչնչացնել Ուկրաինայի մայրաքաղաքը սովորական սպառազինությամբ։

ԶԼՄ-ներ․ Փաշինյանը պաշտոնանկ է անում ուժայիններին

Հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը։ Տեղեկությունը հայտնում է Radar Armenia-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, որ ազատման դիմումներ են գրել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների`  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ևս աշխատանքից ազատման դիմում է գրել:

Խոսվում էր նույնիսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասին, սակայն այդ լուրը հերքվեց։

ԶԼՄ-երը գրում են, որ ՔՊ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը վայր կդնեն մանդատները։

Նոյեմբերի 21, կարիերայի առաջին տոնավաճառ, որը կազմակերպում է ՀԲԸՄ-ը

Ս․թ․ նոյեմբերի 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կանցկացվի «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի առաջին տոնավաճառը, որը կազմակերպվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակում, Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ։
Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը ՀՀ-ում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը։
Տոնավաճառի շրջանակում կկազմակերպվեն հանդիպումներ գործատուների և աշխատանք փնտրողների միջև, կանցկացվեն աշխատանք գտնելու հմտությունների զարգացման կրթական միջոցառումներ և կլոր սեղան-քննարկումներ առկա խնդիրների և մարտահրավերների շուրջ։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը:
Նոյեմբերի 21-ին` ժամը 11։00-17։00-ն
«Արմենիա Մարիոթ» հյուրանոց
Հարցերի դեպքում զանգահարել (+374 60) 710 171, (+374 60) 710 180 հեռախոսահամարներով։
«Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագիրը («Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ») իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ)։

Sեպտեմբերի 19-ին Արսենը ծառայության մեջ էր, Հարավի ուղղությունում՝ թշնամու հարվածների տակ

Արսենն Արցախի Ասկերան քաղաքում է ծնվել, մեծացել ու դպրոց գնացել։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել էր ԱՀ ՊԲ շարքերը՝ կատարելու հայ երիտասարդին վերապահված սուրբ առաքելությունը։ 2023-ի սեպտեմբերի 19-ին նա մարտական ծառայության մեջ էր։

Հարավի ուղղությունում էր՝ թշնամու առաջին հարվածների տակ։ Օրեր շարունակ ոչ մի լուր չկար Արսենից շրջափակման մեջ էր։ Մայրը չէր գտնում իր տեղը, և երբ Ստեփանակերտի օդանավակայանում մինուճար որդուն անսպասելի տեսավ, աչքերին չէր հավատում։ Ի՞նչ իմանար, որ արհավիրքը դեռ  առջևում է։ Սկսվել էր Արցախի հայաթափումը, մարդիկ վառելիքի փնտրտուքի մեջ էին։

Սեպտեմբերի 23-ը կամ 24-ն էր, երբ վերջին անգամ տեսա Արսենին։ Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում էի,և հանկարծ նկատեցի Արսենին։ Ընկերոջ՝ Դավիթի հետ էր։ Իրենք ինձ չէին նկատել։ Կանչեցի։ Լսել էի, որ Արսենը վտանգի մեջ է եղել, բայց չգիտեի, որ ողջ ու առողջ վերադարձել է դիրքերից։ Տղաները մտազբաղ ու տխուր էին։ Ակամա հարցրի՝ ինչո՞ւ են այդքան տխուր, երկուսն էլ ինձ նայեցին արտասվաթոր հայացքով ու պատասխանեցին՝ տխուր չենք, հոգնած ենք։ Ու գնացին։ Երկար նայում էի նրանց հետևից ու փառք տալիս Աստծուն, որ ողջ են, և ինքս ինձ նախատելով շարունակեցի ճանապարհս ինչպե՞ս կարող են տխուր չլինել, ինչերի՜ միջով են անցել, քանիքանի՜ տղաներ են զոհվել նրանց աչքերի առաջ։

Եկավ չարաբաստիկ սեպտեմբերի 25-ը՝ Արցախի պատմության ամենացավոտ օրերից մեկը։ Արսենն այնտեղ էր անբաժան ընկեր Դավիթի հետ։ Արսենը ծանր այրվածքներով տեղափոխվեց Երևան, սակայն բժիշկներն ի զորու չէին փրկել նրա կյանքը։ Սեպտեմբերի 27-ին դադարեց բաբախել բազում երազանքներով պարուրված նրա սիրտը։

Արսենի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը կարոտով է հիշում սիրելի աշակերտին, ցավում նրա կորուստը

-Իր համար մի սիրուն հեքիաթ էր հյուսել Արսենը․ կավարտի դպրոցը, կընդունվի համալսարան, հետո կծառայի բանակում, գեղեցիկ ընտանիք կկազմի (սիրած աղջիկ ուներ արդեն) ու իր որդիներին կպատմի իր ու սերնդակիցների պայքարի մասին։ Պատերազմի ժամանակ, մի կերպ դուրս գալով օղակումից, այլ փորձանքի մեջ հայտնվեց։ Պատրաստվում էր ընտանիքը դուրս հանել դավաճանված Արցախից։ Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած առեղծվածային ու ամենակուլ պայթյունին զոհ գնաց Արսենը։

Ընկերները կարոտում են

-Նրա հետ կարելի էր մինչև աշխարհի ծայրը գնալ ու միշտ ապահով զգալ։ Սիրում էր կյանքը, շատ երազանքներ ու նպատակներ ուներ։ Ծառայությունն ավարտելուց հետո մտադիր էր մեծ կյանք մտնել, ծնողներին նեցուկ լինել։

Արսենի ծնողները՝ Վիգենն ու Նարինեն, քույրը՝ Անին, հաստատվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Այդտեղ է իր վերջին հանգրվանը գտել Արսենը։  

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Պարզվում է, միջազգային իրավունքում չկան «էթնիկ զտումներ» և «վերադարձի իրավունք» հասկացություններ

Արցախի օկուպացիայից և բնիկ բնակչության տեղահանումից ավելի քան մեկ տարի անց իրավական գնահատական ​​չի տրվել, թե ինչ է տեղի ունեցել 2020-2023 թվականներին, և ով է պատասխանատու 150 հազար մարդու տառապանքների, կորուստների, ունեցվածքի և իրավունքների համար։

Հայաստանի խորհրդարանը այդպես էլ չի հրապարակել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը և ոչինչ չի ասել Արցախի շրջափակման, ագրեսիայի, օկուպացիայի և տեղահանության մասին։ Ավելին, ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ակնարկել է, որ Ադրբեջանը «իրավունք ուներ»։

Մինչդեռ քաղաքական և իրավական գործընթացները, ինչ-որ մեկի դրդմամբ, տարվել են երկու անպտուղ ուղղություններով՝ էթնիկ զտումներ և վերադարձի իրավունք։

Ինչո՞ւ հենց այս կատեգորիաները ընտրվեցին որպես հիմնական ուղղություններ։

Ինչպես պարզվեց, քանի որ այս երկու հասկացությունները միջազգային իրավունքի կատեգորիաներ չեն։ Այո, ճիշտ եք լսել:

Միջազգային իրավունքով էթնիկ զտումները ճանաչված չեն որպես հանցագործության առանձին տեսակ, այս հասկացության հստակ սահմանում չկա, և կոնկրետ գործողություններ, որոնք կարող են որակվել որպես էթնիկ զտումներ, սահմանված չեն:

Ի դեպ, այս մասին վերջերս հիշեցրել են Freedom House-ի հովանու միջազգային կազմակերպությունների պատրաստած զեկույցի հեղինակները։ Զեկույցի ամբողջական տեքստի ներկայացման ժամանակ, որտեղ 2023 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները որակվում են որպես «էթնիկ զտումներ», հեղինակներին հարցրել են, թե դա ինչ քաղաքական և իրավական հետևանքներ կարող է ունենալ, և նրանք խոստովանել են, որ «էթնիկ զտումները» չեն հանդիսանում հանցագործություն միջազգային իրավունքում։

Էթնիկ զտումները հաճախ համարժեք են արտաքսմանը, որը Ժնևի կոնվենցիաների լուրջ խախտում է, ինչպես նաև հանցագործություն մարդկության դեմ և հետևաբար Միջազգային տրիբունալի իրավասության ներքո է:

Այդ դեպքում ինչո՞ւ Արցախում տեղի ունեցածը չանվանել ուղղակի օկուպացիա և տեղահանություն։ Ի վերջո, բոլորի աչքի առաջ 150 հազար մարդ վտարվել է հայրենի հողից, և նրանց հողը գրավվել է։ Պատասխանը պարզ ՝է որովհետեւ դա ենթադրում է լուրջ քաղաքական պատասխանատվություն։

«Օկուպացիա», «տեղահանում», «ագրեսիա» տերմինների մերժումը և «էթնիկ զտումներ» հասկացության նախապատվությունը հուշում է, որ հանցագործներին խնամքով պաշտպանում են պատասխանատվությունից և արվում է ամեն ինչ, որպեսզի հարցեր չառաջանան տարածքների, կարգավիճակի, իրավունքների եւ ինքնորոշման վերաբերյալ։

Ինչ վերաբերում է «Օսկանյանի կոմիտեի» թեթեւ ձեռքով շրջանառության մեջ դրված «վերադարձի իրավունքին», ապա այս իրավունքը նույնպես հորինվածք է։ «Չնայած միջազգային իրավունքում նման արտահայտություն չեք գտնի, սակայն վերադարձի իրավունքը ավանդական իրավունքի նորմ է։ Այսինքն՝ դարեր շարունակ պետությունները ճանաչել են, որ բռնի տեղահանվածներն իրավունք ունեն վերադառնալ իրենց տները»,- վերջին քննարկումների ժամանակ հայտարարեց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածում ասվում է, որ «յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու յուրաքանչյուր երկիր, ներառյալ իր երկիրը, և վերադառնալու իր երկիրը»: Նախորդ պարբերությունը օգտագործում է «պետություն» տերմինը («Յուրաքանչյուր անձ ունի ազատ տեղաշարժվելու և յուրաքանչյուր պետության ներսում իր բնակության վայր ընտրելու իրավունք»): Ոչ ոք չգիտի, թե ինչպես կարելի է նույնականացնել “սեփական երկրի” և “պետութուն” հասկացությունները։

Այսպիսով, պարզվում է, որ մի ամբողջ տարի հազարավոր մարդիկ, անկեղծորեն հավատալով իրենց նպատակին, ձգտել են «էթնիկ զտումների» և «վերադարձի իրավունքի» միջազգային ճանաչմանը, թեև այս տերմինները չեն ենթադրում քաղաքական և իրավական հետևանքներ հանցագործների համար։ Ընդհակառակը, նրանց պաշտպանում են պատասխանատվությունից։

Նաիրա Հայրումյան

Արցախցիները դարձան սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիրներ

Մրցումները կայացել են Նուրսուլթանում (Աստանա), Ղազախստան, նոյեմբերի 8-ից 10-ը։

98 կգ քաշային կարգում հանդես եկած արցախցի Արման Ավանեսյանն ու 58 կգ քաշային կարգում հանդես եկած Դավիթ Հովսեփյանը, ներկայացնելով Հայաստանը, սամբոյի աշխարհի առաջնությունում նվաճել են բրոնզե մեդալներ։

Ստեփանակերտում ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր են քանդել

Ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր՝ քաղաքի նախկինում քանդված պատմական 6 թաղամասերի հարևանությամբ։ Այսպես, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության  մայրաքաղաքի կենտրոնում քանդվել է շուրջ 8,5 հա բնակելի տարածք։ Այս մասին հայտնում է  Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։

Նա հայտնում է, որ նախկինում գետնին էին  հավասարվել համալսարանին հարակից 3,5 հա և «Եվրոպա» հյուրանոցին հարակից բնակելի 0,5 հա շենքերը։

Հասարակական շինությունները քանդելու առաջին դեպքերը գրանցվել են գարնանը, այնուհետև Ադրբեջանի վարչակազմը քանդել է ԱՀ խորհրդարանի շենքը, Վետերանների միության շենքը և Վերածննդի հրապարակում գտնվող Արմենիա հյուրանոցը։