Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքից մի կտոր ընծայաբերվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնին

Հայոց առաջին լուսավորիչ, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հիմնադիր Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքից մի կտոր ընծայաբերվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Նշվում է, որ մասունքը, որը պահվում էր Պրահայի կաթոլիկ եկեղեցում, նոյեմբերի 10-ին Մայր տաճարում Սուրբ պատարագի ավարտից հետո, եկեղեցուն հանձնել է Հայաստան ժամանած Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները։
Նշենք, որ կաթոլիկ եկեղեցին սրբերի մասունքները հայկական եկեղեցուն է փոխանցել երեք անգամ՝ 1970, 1994 և 2024 թվականներին։
Ամենահին հայպատումները պատմում են, որ առաջին քրիստոնեության քարոզիչները Հայաստանում եղել են հենց առաքյալներ Թադեոս և Բարթողիմեոսը։ Նրանք են Հայաստան բերել քրիստոնեության լույսը։

“Հաճախակի ենք լսում արցախցիների մահվան ելքերով ավտովթարների մասին”

 Լիանա Աղաջանյանն Արցախի Ասկերան քաղաքից է տեղահանվել։ Բռնագաղթի դժոխային ճանապարհը հաղթահարելուց հետո նրանց մեծ ընտանիքը հաստատվել է Երևան քաղաքում։ Բոլոր արցախցիների պես իրենց կամքին հակառակ են լքել հայրենի հողը և տանից հեռացել ձեռնունայն։ Կարևորը՝ կարողացել են ողջ ու առողջ դուրս գալ և երեք մանկահասակ երեխաների հետ անցնել թշնամու կողքով։ Սակայն չգիտեին, որ նախախնամությունը բոլորովին այլ ճակատագիր է նախատեսել իրենց համար: Բռնատեղահանումից մի քանի ամիս անց ողբերգական մահով դժբախտ պատահարի զոհ է դարձել Լիանայի ամուսինը՝ Կարենը։ Երեք զավակների հայրը ընտանիքի մինուճար որդին էր։

Լիանան չի կարողանում հարմարվել դաժան իրականության հետ։ Ապրում է մղկտացող սրտով ու փորձում իր մեջ խեղդել անասելի ցավն ու կարոտը։ Հանուն երեխաների նա ցանկանում է ուժ հավաքել և գիտակցում է՝ որքան էլ դժվար լինի, նա պետք է պայքարի։

-Կարենն անցել է ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմների միջով։ Մինչև վերջին օրը նա դիրքերում էր։ Այնքա՜ն փորձություններով է անցել Կարենը, այնքա՜ն դժվար օրեր հաղթահարել ու հանկարծ զոհ դարձել դժբախտ պատահարի։ Ես ցավում եմ բոլոր այն մանուկների համար, որոնք անհայր են մնացել։ Եվ այս դժվար օրերին, երբ ցանկանում ենք մի փոքր ուշքի գալ, մեզ շարունակում են հետապնդել դժբախտ պատահարները։ Արցախցիներիս համար հեշտ չէ հարմարվել նոր միջավայրին և մեծ քաղաքի ակտիվ կյանքին։ Հաճախակի ենք լսում արցախցիների մահվան ելքերով ավտովթարների մասին։ Օրեր առաջ պատահարի զոհ դարձավ նաև հորեղբորս 48-ամյա կինը՝ կրկին տակնուվրա անելով կոտրված մեր սրտերը։

Արցախում աշխատում էի հարկային ծառայությունում։ Այդ ընթացքում կարողացա ձեռք բերել նաև մատնահարդարի մասնագիտություն։ Այստեղ աշխատանքի եմ անցել վարսավիրանոցում և ավելի եմ հմտացել այդ գործում։ Միաժամանակ անցել եմ դիմահարդարման դասընթացներ ու ստացել հավաստագիր։ Իհարկե, դժվարություններ կան, բայց Փառք Աստծո, ամուսնուս ծնողների հետ մեկտեղ կարողանում ենք հոգալ մեր ընտանիքի կարիքները, լուծել երեխաների խնամքի և կեցության հետ կապված հարցերը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Իրանը կոչ է անում Թրամփին նոր քաղաքականություն որդեգրել Թեհրանի նկատմամբ

Իրանը կոչ է անում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին նոր քաղաքականություն որդեգրել իր նկատմամբ։

Մինչև նոյեմբերի 5-ի ԱՄՆ նախագահական ընտրությունները թեկնածու Թրամփին սպանելու բացահայտված պլանի գործով ամերիկացի իրավապահները մեղադրանք են առաջադրել Իրանի քաղաքացու դեմ:

Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թրամփին կոչ է արել վերանայել «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, որը նա կիրառել է Իսլամական Հանրապետության դեմ իր առաջին ժամկետում։

«Թրամփը պետք է ցույց տա, որ չի հետևում անցյալի սխալ քաղաքականությանը», – լրագրողներին ասել է Զարիֆը։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ամերիկյան մեղադրանքներն անվանել է «լիովին անհիմն»։

Թրամփի որդին գրել է, որ Զելենսկին շուտով կզրկվի «նպաստից»

DW

ԱՄՆ ընտրված նախագահի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, հանդես է եկել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության ֆինանսավորման կրճատման վերաբերյալ մեկնաբանությամբ։ Նա Instagram-ում տեղադրել է տեսանյութ, որի վրա գրել է. «POV (անգլերենից՝ Point of view, Պատկերացրու)՝ 38 օրից դու կզրկվես քո նպաստից»։

Տեսանյութի հիմքում եղել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախկին փոխնախագահի թեկնածու Սառա Փեյլինի հրապարակած տեսանյութը։ Դրանում երևում է, թե ինչպես է Դոնալդ Թրամփը կանգնած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողքին։ Տեսախցիկը կենտրոնանում է Զելենսկու խոժոռ դեմքին, կադրն աստիճանաբար դառնում է սև-սպիտակ, վերևից սկսում են ընկնել դոլարի թղթադրամներ, իսկ հետո հայտնվում է Թրամփ կրտսերի գրությունը։

38 օրից, դեկտեմբերի 17-ին, ընտրիչները իրենց նահանգներում կվավերացնեն ԱՄՆ նախագահի և փոխնախագահի ընտրության արդյունքները։

Կաթողիկոսի մոտ եմ գնացել գերիների հարցով, առաջարկ եմ արել, չմերժեց, արդյունքը հետո կտեսնենք. Անդրանիկ Քոչարյան

Գերիների հարցով ես անձնապես էլ եմ զբաղվել. ես  նշել եմ հնարավորությունը, որը ես տեսել եմ, որ եկեղեցու միջոցով կարող էինք արդյունք արձանագրել: Ես ինքս գնացել եմ վեհարան, այդ առաջարկով հանդես եմ եկել: Հիմա չեմ կարող  գնահատել արդյունքը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին՝ Գարեգին Բ կաթողիկոսն իրեն մերժե՞լ է, նա պատասխանեց. «Ոչ, չմերժեց, գործողություններ եղան, արդյունքի մասին, բնականաբար, պետք է ապագայում նայվի, թե այդ գործողությունն արդյունք տվեց, թե այլ գործողություններ: Բայց գերիների հարցում առանց հանրայնացնելու պետք է զբաղվել մինչեւ վերջին գերու հետ գալը: Հիմա տեսնում եք, որ առաջին պատերազմի զոհվածների, անհետ կորածների խնդիր է արծարծվում եւ այդ շրջանակներում էլ կարող է ստեղծվեն հնարավորություններ գերիների, անհետ  կորածների հանձնախմբերը աշխատեն միասին եւ փորձենք հասնել ամբողջական լուծման»:

Երևանում կայացել է արցախցի լուսանկարիչ Վլադիմիր Գևորգյանի Շուշի լուսանկարների ցուցահանդեսը

Երևանում կայացել է արցախցի լուսանկարիչ Վլադիմիր Գևորգյանի <<Պիցրանանք Շուշի>> խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որին ներկայացվել են հինավուրց բերդաքաղաք Շուշին պատկերող 45 լուսանկարներ։ Ցուցահանդեսը նախաձեռնել է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության, ՀԱՍԵ Արցախի թեմի և ՀԲԸՄ-ի աջակցությամբ։

Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ցուցահանդեսն առհավատչյան է նրա, որ արցախցիներն ապրում են Արցախով։ Հոգով, մտքով շարունակում են հասնել Արցախ ու բարձրանալ Շուշի։

Իրենց կարծիքներով ու շնորհավորական խոսքերով հանդես են եկել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, զոհված որդիների հայր Միքայել Հաջյանը։ Ցուցահանդեսը կգործի նաև նոյեմբերի 11-ին, Մելիք Ադամյան 2/2 հասցեում։

Freedom House-ը ներկայացրել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի ամբողջական տարբերակը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրավիրել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի մամուլի ասուլիս: 2024 թ․ հուլիս ամսին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում հրապարակվեց զեկույցի ամփոփագիրը։ Ամբողջական զեկույցը հրապարակվել է նոյեմբերի 11-ին մամուլի ասուլիսի շրջանակում։

Զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և Truth Hounds կազմակերպությունների կողմից:

Freedom House կազմակերպության Հայաստանում ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը նշեց, որ դա առաջին փորձն է հավաքագրել փաստերն այն մասին, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում վերջին 4 տարվա ընթացքում։ Նա նշեց, որ փաստերը հաստատում են՝ տեղի ունեցած հարձակումները, ահաբեկումը, մարդու գրեթե բոլոր իրավունքների խախտումները եւ ի վերջո տեղահանությունը պլանավորված քաղաքականության մասեր են, որի նպատակը՝ անհնար դարձնել հայերի կյանքն Արցախում։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Ալեն Շադունցը հիշեցրել է, որ փաստահավաք առաքելության ժամանակ խորացված հարցազրույցներ են վարվել Արցախի 71 բնակավայր ներկայացնող 330 անձի հետ։ Պարզվում էին եւ սահմանամերձ գյուղերի հետ կապված իրադարձությունները, եւ ռուս խաղաղպահների հետ հարաբերությունները։ Այդ հարցազրույցները համեմատվում էին նաեւ տվյալ իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի հռետորականության հետ, հնչող ատելության խոսքի, ինչը եւ ապացուցում է բոլոր գործունեությունների կանխամտածված բնույթը։

Ալեն Շադունցն ասաց, որ նույն քաղաքականությունը շարունակվում է հիմա՝ մշակութային ժառանգության ոչնչացմամբ եւ սեփականության իրավունքի խախտմամբ։

Նա ասաց, որ զեկույցի գլխավոր եզրակացույունը՝ տեղի են ունեցել էթնիկ զտումներ, եւ նման պայմաններում ապրելը անհնարին էր։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանի խոսքով, հարցվածները նշել են, թե 2020 թ․ պատերազմից հետո շատերը վերադարձել են Արցախ, հավատալով, որ ռուս խաղաղապահները կապահովեն իրենց անվտանգությունը եւ արժանապատիվ կյանքը առնվազն 5 տարի։ Բայց հետո պարզվեց, որ օկուպացված բնակավայրերի բնակիչները չեն կարող վերադառնալ իրենց տները, եւ հենց ռուսներն էին զսպում նրանց։ Դա նշանակում է, որ ոչ մի ինտեգրում չի կարող լինել։ Առավել եւս, որ ռուսների ներկայությամբ խափանվում էին գյուղատնտեսական եւ այլ գործունեությունները։ Հետո սկսվեց շրջափակումը, եւ պարզ դարձավ Բաքվի ձգտումը՝ նվազեցնել կենսունակության ներքին ռեսուրսը, հետո խզել կապն արտաքին աշխարհի հետ։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբան Սերգեյ Գրիգորյանը ներկայացրեց բլոկադայի ժամանակաշրջանը, հիշեցնելով, որ 2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը փակելուց հետո 2023-ի ապրիլին Բաքուն անցակետ տեղադրեց Կորնիձորում։ Իսկ արդեն հուլիսիսց ամբողջությամբ դադարեց նույնիսկ մարդասիրական օգնությունը։ Դա ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության, այլեւ Միջազգային դատարանի որոշումների կոպիտ խախտում էր։

Դա էթնիկ զտումների ծրագրի մի կոմպոնենտ է, որը զուգակցվում էր ահաբեկություններով, հարձակումներով, բոլոր կյանքի համար անհրաժեշտ կոմունիկացիաների դադարեցումով, եւ ի վերջո տեղահանությամբ։

Երևանի և Բաքվի միջև պայմանագրի “արագ ծննդաբերությունը” ընդհատվեց։ Ինչու՞ Թրամփը զանգեց Արամ I-ին

Նոյեմբերին ԱՄՆ-ի վարչակազմը ակտիվորեն խթանում էր Երևանին ու Բաքվին արագորեն ստորագրել «խաղաղության համաձայնագիր», և պաշտոնական Երևանն էլ ձայնակցում էր այս ջանքերին։ Ասվում էր, որ համաձայնագիրը կարող էր ստորագրվել COP29-ի շրջանակներում Բաքվում՝ ներառելով հայ պաշտոնյաների մասնակցությունը և գերիների վերադարձը։ Սակայն պայմանագիրը չկնքվց, եւ գործընթացը կանգ առավ ԱՄՆ ընտրությունների արդյունքում, երբ հաղթեց Դոնալդ Թրամփը։

Այսօր Բաքվում սկսվեց COP29-ը, եւ պարզվեց, որ աշխարհի առաջնորդները՝ Բայդեն, Շոլց, Մակրոն, Պուտին, Սի Ծինպին և այլք՝ հրաժարվել են մասնակցել կոնֆերանսին։ Դեռ չի հայտարարվում Թրամփի մասնակցության մասին։ Հայաստանը մինչեւ վերջ չհայտարարեց իր մասնակցության մասին, թեկուզ Արարատ Միրզոյանը նշել էր, որ պատրաստ է մեկնել Բաքու, եթե հաջողվի պայմանավորվել գերիների վերադարձի շուրջ։

Պաշտոնական բանակցությունները կանգ առան, ինչը նշանավորում է, որ գերիների հարցում համաձայնության չի հաջողվել հասել։ Հնարավոր է, որ Թրամփի ընտրվելը դանդաղեցրել է «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, և այդ գործընթացը կվերսկսվի Թրամփի գլոբալ քաղաքականության նոր համատեքստում։

Այս պահին Թրամփի ներկայացուցիչները դեռ չեն հայտնել, թե ինչպես են նրանք պատկերացնում Հայկական հարցի լուծումը։ Այնուամենայնիվ, ակնհայտ է մի բան՝ Թրամփը մինչ ընտրությունները զանգահարեց Կաթողիկոս Արամ Առաջինին և խոսեց հայկական հարցերի մասին։ Նա չզանգահարեց Փաշինյանին, հնարավոր է՝ ուզում էր ընդգծել, որ հայ ժողովրդին տեսնում է որպես դիասպորա՝ ազդեցիկ ազգ, բայց առանց պետության։ Բայց չի բացառվում, որ Փաշինյանին չզանգահարելը նշանակում է, որ նա չի ճանաչում նրան որպես հայ ժողովրդի իրավունքների ու շահերի արտահայտող։

Թրամփը մտադիր է նշանակել հատուկ ներկայացուցիչ, որը զբաղվելու է Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների ամրապնդմամբ։ Արցախի հարցով նա հայտարարեց, որ տեղի են ունեցել էթնիկ զտումներ, և 120 հազար քրիստոնյա վտարվել է իրենց հայրենիքից։

Աշխարհաքաղաքական այս սուր շրջադարձը չի նշանակում իշխանության փոփոխություն Հայաստանում, քանի որ Հայաստանի քաղաքական լանդշաֆտը այնքան դատարկված է, որ ԱՄՆ նոր կառավարությանը դժվար կլինի գտնել համապատասխան գործընկեր։ Չափազանց խոսուն է, որ Թրամփը զանգահարել է սթյուռքի ներկայացուցիչներին, այլ ոչ թե Հայաստանի ղեկավարությանը։

«Դեպի Գանձասար գնացող ճամփեն հրթիռակոծել էին, դեռ փոշին էր բարձրանում, ճամփին էլ դիակ, էլ վիրավոր…»

Forrights

«Խաղաղ ժամանակ եղել եմ արհեստավոր, երբ պատերազմ է եղե, եղել եմ հրետանավոր»,- կարճ իր կյանքի մասին այսպես է պատմում 45- ամյա արցախցի Հակոբ Գրիգորյանը։

Երեք երեխաների հայր Գրիգորյանը 2020-ի պատերազմի ժամանակ ոտքերի շրջանում վիրավորում է ստացել, սակայն կարճ ժամանակ անց վերադարձել է առաջնագիծ։ Իսկ 2023-ի սեպտեմբերին գնացել է նորակոչիկ որդի կողքին լինելու, նաեւ ծառայող տղաներին հաց է հասցրել։

«Բլոկադայի ժամանակ տղաս զորակոչվեց, երկու անգամ ոտքով գնացինք տեսանք։ Այլ ձեւ գնալու տարբերակ չկար։ Մտածում էինք՝ տղա է, թող գնա ծառայի։ Երբ պատերազմը սկսվեց, աղջիկները դպրոցում էին, գնացի բերեցի ռմբակոծությունների տակ ու էլ մտածելու բան չկար՝ նստեցի մեքենան, որ գնամ տղայիս գտնեմ»,- պատմում է Գրիգորյանը։

Հիշելով ճանապարհին իր տեսածը նա ասում է՝ եղել է հրետակոծություն՝ իր բոլոր հետեւանքներով.«Դեպի Գանձասար գնացող ճամփեն հրթիռակոծել էին, դեռ փոշին էր բարձրանում, ճամփին էլ դիակ, էլ վիրավոր… հասկացանք, որ շարունակելը վտանգավոր է, վիրավորրին հասցրինք գյուղի բուժկետ…Աստծուն խնդրել եմ, որ մեր արածը տեղ հասնի, վիրավորը ողջ մնա… հետ գնացինք, հարցուփորձ անելով իմացանք, որ տղաներին գյուղից հանել են, շրջանաձեւ պաշտպանության են անցել, հերթապահություն են անում։

Հրամանատարությանը տեսա։ Նրանցից անչափ գոհ եմ, քանի որ ճիշտ ու գրագետ մոտեցում են ունեցել։ Նորակոչիկներին՝ մալադոյներին առանձնացրել են, պահել են ամենավերջին ռեզերվի համար, քանի որ նրանք իրանց գործին դեռ լավ չէին տիրապետում»։

Հակոբը հիշում է, որ այդ պահին իրեն զգացել է երկու քարի արանքում, քանի որ մի կողմից ցանկանում էր որդու կողքին լինել, բայց մյուս կողմից էլ ընտանիքը ռմբակոծվող Ստեփանակերտում էր։ «Ի վերջո որոշեցի վերադառնալ Ստեփանակերտ։ Չցանկացա տղայիս հետս վերցնել, հանել ծառայությունից։ Ո՞նց կլինի, եթե ինքը կարող է մնալ ու ինչ-որ մեկի կյանքը փրկել։ Եթե որդուս վերցնեի, հետս բերեի Ստեփանակերտ, ինձ բան չէին ասի, բայց ինքս որոշեցի, որ նա պետք է մնա ծառայության մեջ… Երկու օր անց լուր տարածցվեց, որ այն տեղանքը, որտեղ որդիս էր, թուրքերը վերցրել են։ Ո՞նց են վերցրել, անցած գիշերն այնտեղ էի։ Սկսեցի մտածել, թե այդ դեպքում ինչ է եղել տղաների հետ, որդուս հետ։ Ոչ մի ինֆորմացիա հնարավոր չէր գտնել։ Մի զինվորի հոր պատահաբար հանդիպեցի, ասաց, որ որդին կարողացել է զանգել, որ տղաները նահանջել են, Սեյրիշեն գյուղում են։

Մեր տանը, հարեւանների տանը ինչքան սնունդ կար, հավաքեցի ու գնացի տղաների մոտ։ Հասա, մեքենաները ծառերի տակ պահած, տղաներ ամբողջությամբ ցեխի մեջ… Որդուս որ տեսա, շատ հուզվեցի»։

Վստահանալով որ որդին լավ է, Գրիգորյանը կրկին վերադարձել է Ստեփանակերտ, իսկ երկու օր անց զինվորները զորացրվել են եւ որդին վերադարձել է ընտանիքի մոտ։

Ստեփանակերտը լքելիս Հակոբը որոշել է իր հետ վերցնել իր մեդալներն ու անձը հաստատող փաստաթղթերը։ Դրանք պահել է մի մեքենայի մեջ, որը ինքն է վարել, իսկ կնոջն ու երեխաներին ուղեկցել է այլ մեքենա. «Մտածեցի, որ եթե մեդալներն ու իմ իրերը գտնեն, ինձ բռնեն, մերոնք այդ մեքենայի մեջ չլինեն»։

Բարեբախտաբար Հակոբի մեքենան առանց խոչընդոտ անցել է Հակարի կամուրջն, ու Գորիսում ընտանիքը վերամիավորվել է։

Ընտանիքն այժմ ապրում է Կոտայքի Արամուս համայնքում։ Հակոբը զբաղվում է արհեստավորի իր գործով, ասում է՝ չգիտի, թե ինչ է իրենց սպասում, սակայն այս պահին ամենակարեւորն այն է, որ ընտանիքը ապահով է, իսկ որդին արդեն կամաց-կամաց հաղթահարում է պատերազմում իր ապրածի ու անցածի ծանր հեգաբանական հետեւանքները։

Անի Գևորգյան

Բաքվի ճնշման արդյունքում է հետ կանչվել Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիրը»ֆիլմն «Օսկար»-ի մրցանակաբաշխությունից

Բաքուն հաստատեց՝ իր ճնշման արդյունքում է Հորդանանը հետ կանչել Արցախի մասին պատմող հայ ռեժիսորի ֆիլմը «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությունից։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Հորդանանի կողմից «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացրած ժապավենի բովանդակությունը «հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։

«Ֆիլմն ի վերջո չի ներկայացվել «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը, և դրա ցուցադրությունը Հորդանանում դադարեցվել է։ Մենք ողջունում ենք հորդանանյան կողմի այդ որոշումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիրը» վավերագրական ֆիլմը պատմում է Արցախի և արցախցիների մասին։ Ֆիլմի գլխավոր հերոսը 11-ամյա Վրեժն է, որը երազում է ատամնաբույժ դառնալ Արցախում գտնվող իր գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ փախչում է, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում, բայց արդեն ավերված հայրենիք։ Վրեժին բաժին են հասնում նոր փորձություններ, նա ստիպված է լինում պատրաստվել նոր ռազմական գործողությունների, պայքարել ծանր տրավմաների դեմ:

Թրամփը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պաշտոնյա կնշանակի

Միջազգային ավետարանիչ ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համակիր Ջոել Թենին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է, որ կստանձնի մի պաշտոն, որն ուղղված է «Հայաստանի ու ԱՄՆ միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը»։

«Լրացուցիչ մանրամասները՝ երդմնակալությունից հետո: Թող Տերը օրհնի մեր երկու ազգերին՝ առաջնորդելով նրանց Իր արդարությամբ և պարգևելով հարատև բարգավաճում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թենին:

© factor.am

«Ժամանակի զուր վատնում». աշխարհի առաջնորդները հրաժարվել են մասնակցել COP29-ին Բաքվում

Euronews

Միջազգային կլիմայական կոնֆերանսն,որը այսօր բացվել է Բաքվում, այս տարի շատ ավելի համեստ կլինի, քան անցյալ տարվա բանակցությունները Դուբայում:

Հաջորդ շաբաթ աշխարհի առաջնորդները, բանակցողները, լոբբիստներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կհավաքվեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում COP29 կոնֆերանսի շրջանակում:

Այս ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսը կոչվում է «ֆինանսական», քանի որ այս տարի երկրները պետք է սահմանեն կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման նոր գլոբալ նպատակ: COP30-ին նախորդող այս հանդիպմանը, որը տեղի կունենա հաջորդ տարի Բրազիլիայում, երկրները պետք է ներկայացնեն նաև իրենց ազգային պարտավորությունները կլիմայի հարցում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 100 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը կոնֆերանսին:

Սակայն մի շարք համաշխարհային առաջնորդներ և կառավարական պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ չեն մեկնի Բաքու: Բացատրենք, թե ովքեր և ինչու չեն մեկնի:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մի շարք եվրոպական առաջնորդներ հայտարարել են, որ չեն մեկնի COP29:

Այս շաբաթվա սկզբին Եվրահանձնաժողովի նախագահի խոսնակը հաստատեց Euronews-ին, որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չի մասնակցի համաժողովին:

Ֆոն դեր Լյայենի ներկայացուցչի խոսքով՝ քանի որ Եվրահանձնաժողովը գտնվում է անցումային փուլում, «նախագահը կկենտրոնանա իր ինստիտուցիոնալ պարտականությունների վրա»: Ուրսուլա ֆոն դեր Լյայենի երկրորդ ժամկետը ԵՀ-ի նախագահի պաշտոնում սկսվում է դեկտեմբերի 1-ից:

Նրան փոխարինելու է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ինչպես նաև եվրահանձնակատարներ Վոպկե Հյոկստրան (կլիմայի հարցերով) և Կադրի Սիմսոնը (էներգետիկայի հարցերով):

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ չի մասնակցի կլիմայական գագաթնաժողովին՝ համաժողովի անցկացման վայրի պատճառով: Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները լարված են անցյալ տարվանից, երբ Փարիզը դատապարտեց Բաքվի գործողությունները Ղարաբաղում:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ չի մեկնի COP29՝ ներքին քաղաքական խնդիրների պատճառով. չորեքշաբթի Գերմանիայում կոալիցիան փլուզվեց: Նա նախատեսում էր այցելել Բաքու, սակայն ստիպված եղավ չեղարկել ուղևորությունը:

Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը… Ո՞վ չի մեկնի Բաքու: Քանի որ COP29-ը տեղի է ունենում ԱՄՆ-ում ընտրություններից մի քանի օր անց, նախագահ Ջո Բայդենն էլ չի մասնակցի համաժողովին: Սա երկրորդ տարին անընդմեջ է, որ նա բաց է թողնում համաշխարհային կլիմայական բանակցությունները: ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի Ջոն Պոդեստան՝ նախագահի ներկայիս ավագ խորհրդականը միջազգային կլիմայական քաղաքականության հարցերով:

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան նույնպես չեղարկել է իր ուղևորությունը՝ անցած ամիս ստացած գլխի վնասվածքի պատճառով: Երկիրը կանցկացնի COP30-ը հաջորդ տարի Բելեմում:

Անգլիայի թագավոր Կարլոս III-ը նույնպես չի մասնակցի համաժողովին. Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է չուղարկել նրան որպես իր ներկայացուցչին, քանի որ նա շարունակում է վերականգնվել հիվանդությունից հետո: Թագավորը վաղուց հանդես է գալիս կլիմայական փոփոխությունների պաշտպանության համար և մասնակցել է ՄԱԿ-ի նախորդ համաժողովներին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես չի մեկնի ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին, իսկ երկրի պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Միխայիլ Միշուստինը: Հոկտեմբերին Ուկրաինայի դեսպանն ԵՄ-ում՝ Վսևոլոդ Չենցովը, Politico-ին հայտարարել էր, որ միջազգային հանրությունը պետք է հրաժարվի բանակցություններին մասնակցելուց, եթե Պուտինը մասնակցի դրանց:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հարավային Աֆրիկայի Հանրապետության վարչապետ Սիրիլ Ռամաֆոսան և Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն նույնպես չեն մասնակցի այս տարվա կլիմայական համաժողովին:

Օգոստոսին Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Ջեյմս Մարապեն հայտարարեց, որ երկիրը չի մասնակցի COP29-ին՝ ի նշան բողոքի խոշոր երկրների կողմից «կլիմայի փոփոխության զոհերին արագ աջակցության բացակայության» դեմ: Մարապեն նշեց, որ սա անում է բոլոր փոքր կղզի պետությունների շահերի համար:

Օվկիանոսով շրջապատված և աշխարհում երրորդ տեղը զբաղեցնելով արևադարձային անտառների տարածքով՝ Պապուա Նոր Գվինեան ծայրահեղ խոցելի է կլիմայի փոփոխության հետևանքների հանդեպ: Երկիրը տուժում է ծովի մակարդակի բարձրացումից և բնական աղետներից:

Մի քանի շաբաթ առաջ, արտաքին գործերի նախարարը հաստատեց, որ իր երկիրը հրաժարվում է մասնակցել բարձր մակարդակի բանակցություններին կլիմայական գագաթնաժողովում: Նա դա անվանեց «ժամանակի զուր վատնում»: