Արցախի հարցով հայ լոբիստների հաջողությունը ԱՄՆ-ում

Անցած շաբաթ ԱՄՆ հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի հանձնառությունը՝ «ապահովելու Արցախի փախստականների վերադարձը, հայ գերիների ազատ արձակումը և քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությունը»:

Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Թրամփ-Վանսի վարչակազմը, անցած շաբաթ աննախադեպ քայլ կատարելով, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ակտիվորեն խրախուսում է Երևանին և Բաքվին ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»:

2025 թ․ սեպտեմբերի 25-ի նամակում, որը ստորագրված է Պետդեպարտամենտի օրենսդրական հարցերի վարչության ներկայացուցիչ Պոլ Գուալյանոնեի կողմից, նաև նշված է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Ադրբեջանում կալանավորված հայերի դատավարություններին և հաստատում է, որ «ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները Բաքվում այցելում են դատական նիստերին հնարավորության դեպքում», փոխանցում է հանձնախումբը:

Ըստ Հայ դատի՝ Գուալյանոնեն նամակը եզրափակել է՝ ընդգծելով, որ Պետդեպարտամենտը շարունակում է «կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում»:

Ավանդական հայկական լոբբին աշխատում է ԱՄՆ և այլ երկրների հետ երեք հիմնական ուղղությամբ․ արցախցիների վերադարձ, Բաքվում պահվող գերիների ազատ արձակում և Արցախում մշակութային ժառանգության պահպանում։ Ինքնին այս հարցերի ընտրությունը ոչ թե չի հակասում, այլև “լրացնում է” Հայաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը, որի իմաստն է՝ չանդրադառնալ Արցախյան խնդրի քաղաքական բաղադրչին և կենտրոնանալ միայն հումանիտար խնդիրների վրա։ Կան այլ լոբիստական խմբեր, որոնք քաղաքական հարցեր են առաջ տանում, բայց նրանց ազդեցությունը դեռ թույլ է։ 

“Արցախցիների վերադարձի” քաղաքականությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում ոչ միայն արցախցիների, այլև այն մարդկանց մոտ, որոնք չեն պատկերացնում, թե ինչպես պետք է արցախցիները վերադառնան, գերիներն ազատվեն, իսկ մշակույթը պահպանվի առանց քաղաքական լուծումների և միջազգային երաշխիքների։ Արցախյան հանրային ինստիտուտները հայտարարություններ են տարածել, ամրագրելով այն քաղաքական պայմանները, որոնք հնարավոր կդարձնեն վերադարձը։ Այդ պայամնների մեջ է՝ Արցախի հարցի օրինական լուծումը ինքնորոշման իրավունքի և միջազգային երաշխիքների հիման վրա։

ՀՀ իշխանությունները պնդում են, թե իբր Արցախի հարցը լուծված է 1991 թ․ Ալմա-Աթայի ստից հռչակագրին համաձայն, թեկուզ չկա որևեէ լեգիտիմ փաստաթուղթ, որտեղ դա ամրագրված է։ Հակառակ այդ պնդման միջազգային հարթակներում Արցախի հարցը դեռ չլուծված է համարվում։

Կոնգրեսի հայկական խմբի նամակը, որը նախաձեռնել էին կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեյվիդ Վալադաոն, հորդորում էր բոլոր կողմերին ներգրավել հենց այս չլուծված հակամարտությունում։

Ավելի վաղ Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը։ Բանաձեւը հորդորում է համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն սկսել արցախահայության հետ եւ տալ անհրաժեշտ բոլոր երաշխիքները նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների վերաբերյալ։

Կոնգրեսին ուղղված նամակում Հայ լոբիստները նաև կոչ են արել Միացյալ Նահանգներին աջակցել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը, որը Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ընդունված դիվանագիտական ​​միջոցառում է։ Այն նպատակ ունի ստեղծել միջազգային բանակցային հարթակ՝ հայերի անվտանգ, պաշտպանված և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը միջնորդելու համար։ Այս նախաձեռնությունը հուլիսի 10-ին Կոնգրեսի ճեպազրույցի կենտրոնական թեման էր, որին մասնակցել են Կապիտոլիումի բլրի ավելի քան 200 աշխատակիցներ, քաղաքականության փորձագետներ և մարդու իրավունքների պաշտպաններ։ Սակայն ԱՄՆ նախագահի վարչակազմը չի պատասխանել այդ նախաձեռնությանը։

Դրա փոխարեն սեպտեմբերի 29-ին «Քրիստոնեական համերաշխության միջազգային» (ՔՀԻ) կազմակերպությունը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացրեց լրացուցիչ միջոցառում՝ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությունը որպես ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի անհրաժեշտ լրացում, մասնավորապես՝ վերադարձի իրավունքի իրականացման նպատակով։

Միջոցառմանը մասնակցել են Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը, Շվեյցարիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի) անդամներ Էրիխ Վոնտոբելը և Նիկոլաս Վալդերը, ինչպես նաև հայտնի բանակցող Փոլ Ուիլյամսը։

Միաժամանակ, ելույթ ունենալով տարբեր միջազգային հարթակներում, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ արցախցիների վերադարձի հարցը ոչ միայն իրատեսական չի համարում, այլև դրա մեջ վտանգ է տեսնում։

Հայ լոբիստական կազմակերպությունների գործունեությունը չափազանց արժեքավոր է այն առումով, որ Արցախի հարցը նախկինի պես վիճելի և չլուծված է համարվում միջազգային հարթակներում։ 

Ընտրությունները Սիրիայում ցույց տվեցին, որ պետությունն արդեն բաժանված է մասերի

Կիրակի օրը Սիրիայում տեղի ունեցան Բաշար ալ-Ասադի անկումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները։

Անցումային շրջանում օրենսդրության համար պատասխանատու Ժողովրդական ժողովի ուղղակի ընտրություններ նախատեսված չէին։ Դրա փոխարեն «ընտրական կոլեգիաները» կընտրեն 210 խորհրդարանականների երկու երրորդին, իսկ մնացածին կնշանակի ժամանակավոր նախագահ՝ Թուրքիայի պրոքսի Ահմեդ ալ-Շարաան։

Քվեարկությանը չեն մասնակցում Սիրիայի երեք նահանգներ՝ Ռաքքան և Հասական, որոնք վերահսկվում են քրդերի կողմից, և Սուվեյդան, որտեղ տեղի են ունեցել արյունալի բախումներ կառավարական ուժերի և դրուզ աշխարհազորայինների միջև։ Ժամանակավոր իշխանությունները հետաձգել են ընտրությունները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հիշեցնենք, որ Իսրայելն է կանգնած դրուզների ետևում։

Ըստ էության, ընտրությունները ցույց տվեցին, որ թուրքամետ սիրիական իշխանությունները չեն վերահսկում ամբողջ երկիրը։ Չնայած Էրդողանը վերջերս հայտարարեց, որ թույլ չի տա, որ Սիրիան քայքայվի, իրականում դա արդեն տեղի է ունեցել։

ԵՄ-ն դժգոհ է Վրաստանի ընտրություններից, բայց չի հայտարարել դրանց չճանաչման մասին

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել ընդդիմության դեմ «համապարփակ ճնշման պայմաններում», ասվում է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի և ընդլայնման, արևելյան հարևանության, վերակառուցման և Ուկրաինայի հարցերով հանձնակատար Մարթա Կոսի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է կիրակի՝ հոկտեմբերի 5-ին։

«Ամիսներ շարունակ անկախ լրատվամիջոցների վրա հարձակումները, քաղաքացիական հասարակության դեմ ուղղված օրենքները, ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների ձերբակալությունները, ինչպես նաև իշխող կուսակցության օգտին ընտրական օրենսդրության փոփոխությունները լրջորեն սահմանափակել են արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի կողմից միջազգային դիտորդներին մասնակցելու թույլտվություն չտալը «խաթարել է ընտրական գործընթացի թափանցիկությունը»։

Երկրում հնարավոր նոր զանգվածային բողոքի ցույցերից առաջ Կալլասը և Կոսը կոչ են արել ցուցարարներին և վրացական իշխանություններին պահպանել «հանգստություն և զսպվածություն»։ Նրանք նաև խնդրել են վերջիններից հարգել քաղաքացիների հավաքների և խոսքի ազատության իրավունքները։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է բոլոր մունիցիպալիտետներում տեղի ունեցած ընտրություններում։ Այն ստացել է ձայների ավելի քան 81%-ը՝ չնայած ռեկորդային ցածր մասնակցությանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ ընտրություններին մասնակցել է գրեթե 1.5 միլիոն ընտրող՝ ընդհանուրի 40%-ից մի փոքր ավելին։ Նախորդ ընտրություններում մասնակցությունը կազմել է գրեթե 52%։

Ընդդիմադիր կուսակցությունները խոստովանում են, որ ընտրությունները բոյկոտելու իրենց որոշումը, հնարավոր է, սխալ է եղել։

Պատերազմը վաղուց Ռուսաստանում է. հրդեհ Բրյանսկի մոտ, բլեքաութ Բելգորոդում

Ուկրաինան երկուշաբթի՝ հոկտեմբերի 6-ի գիշերը, հարձակվել է Ռուսաստանի մի քանի շրջանների տարբեր թիրախների վրա։

Հոկտեմբերի 5-ի երեկոյան սկսվելուց ի վեր հաղորդվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման կամ Ռուսաստանի տարբեր քաղաքներում օդային տարածքի փակման մասին։ Անօդաչուներ են խփվել Բելգորոդի և Վորոնեժի մարզերում, ինչպես նաև Ղրիմի երկնքում։ Ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Տամբովի, Նիժնի Նովգորոդի, Յարոսլավլի, Կալուգայի, Կրասնոդարի, Սոչիի և Գելենջիկի օդանավակայաններում։ Ստավրոպոլի երկրամասում հայտարարվել է անօդաչուների սպառնալիք, իսկ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է մայրաքաղաքի ուղղությամբ շարժվող անօդաչուի խոցման մասին։

Հոկտեմբերի 6-ի առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ միջոցները գիշերը ոչնչացրել են 251 թռչող սարք Ռուսաստանի Դաշնության 15 շրջաններում, Ղրիմում և Ազովի ու Սև ծովերի ջրերում։

Ռուսական Shot Telegram ալիքի տվյալներով՝ Դերժինսկում, որտեղ գտնվում է պայթուցիկ նյութերի գործարան, և Նիժնի Նովգորոդում լսվել է ավելի քան 10 պայթյուն։

Telegram-ի ալիքները, այդ թվում՝ ռուսականները, հաղորդում են Ղրիմի հարավ-արևելքում գտնվող Թեոդոսիայի վրա հարձակումների մասին: Ասում են, որ հրդեհ է բռնկվել քաղաքում գտնվող նավթամբարում: Ուկրաինական Telegram-ի «Կրիմսկիյ վետեր» («Ղրիմյան քամի») ալիքը հաղորդում է, որ Եվպատորիայի և Ույուտնոյե գյուղի միջև գտնվող ռազմական բազայում տեղակայված ռադարներից մեկը վնասվել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով։

Telegram-ի ալիքները հաղորդում են, որ Կլինցի քաղաքում գտնվող ջերմաէլեկտրակայանը հրդեհվել է Կլինցի շրջանի համար հրթիռային նախազգուշացում տալուց հետո: Նրանք նաև հրապարակում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ենթադրաբար նկարահանվել են տեղի բնակիչների կողմից հրդեհի պահին։

Սոցիալական ցանցերի օգտատերերը նաև հաղորդում են, որ Բրյանսկի մարզի Կլինցի քաղաքում ջեռուցումն անջատվել է, իսկ մոտակա Ստարոդուբ քաղաքում էլեկտրաէներգիան անջատվել է։

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram ալիքում հայտնել է, որ «էլեկտրամատակարարման զգալի վնասի» պատճառով գրեթե 40,000 տեղացի բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Հաղորդվել է նաև հինգ վիրավորի մասին, այդ թվում՝ 10-ամյա երեխայի և 15-ամյա դեռահասի։

Նա նշել է, որ վերականգնողական աշխատանքները կարող են ավարտվել արդեն հոկտեմբերի 6-ին։ Սակայն, երկուշաբթի օրվա հարձակումներից հետո, դպրոցների և մանկապարտեզների աշխատանքային ժամերը կարող են փոխվել։

Հոկտեմբերի 6-ի գիշերը նահանգապետը հայտնել է, որ «Ուկրաինայի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի հարձակումները շարունակվում են»։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան, սակայն վնասվել են շենքեր և տրանսպորտային միջոցներ։ Առավոտյան նահանգապետը հավելել է, որ 5,400 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Կենսաթոշակի սուտի «բարձրացում». թող պաշտոնյաները փորձեն մեկ ամիս ապրել միջին կենսաթոշակով

2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Հայաստանը կվերանայի կենսաթոշակների չափը, հայտարարեց սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանական նիստի ժամանակ։ Նա նաև պատասխանեց քննադատություններին, որ կառավարությունը չի կարողացել կատարել իր խոստումը՝ մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակը սպառողական զամբյուղի մակարդակին բարձրացնելու վերաբերյալ։

Ըստ Թորոսյանի՝ կենսաթոշակներն ու նպաստները կբարձրացվեն կենսաթոշակառուների և սոցիալական ապահովագրության նպաստ ստացողների կողմից կատարված անկանխիկ գնումների դիմաց կանխիկ վերադարձի միջոցով։ Ներկայումս քեշբեքը՝ կանխիկ վերադարձը կազմում է 12%, իսկ 2026 թվականից սկսած՝ այն կբարձրանա մինչև 20%, և միջինում կենսաթոշակները փաստացի կավելանան 3000-3500 դրամով։

Կառավարությունը երբեմն մոռանում է, որ մենք ապրում ենք Հայաստանում, այլ ոչ թե Լյուքսեմբուրգում։ Մեր կենսաթոշակառուների մեծ մասը զուրկ է ժամանակակից տեխնոլոգիաներից և նախընտրում է գումարը կանխիկ պահել։

Պարզվում է, որ այս բարձրացումը ոչ մի կերպ չի ազդի նրանց վրա, և նման փոշակառուները պետք է բավարարվեն չնչին կենսաթոշակով, որը հեռու է սպառողական զամբյուղի մակարդակից։

Քեշբեք համակարգը նույնպես որոշակի կատարելագործման կարիք ունի։ Օրինակ՝ կոմունալ վճարումների համար քեշբեք չկա։

Թող կառավարության անդամները փորձեն մեկ ամիս ապրել միջին կենսաթոշակով։ Գուցե այդ ժամանակ նրանք փոխեն իրենց միտքը։

Արսեն Աղաջանյան

Հոկտեմբերի 5-ին Չարենցավանում վերջին տարիներին առաջին անգամ նշվեց Քաղաքի օրը

Քաղաքի օր։ Չարենցավան, Ալվարդ Գրիգորյան

Հոկտեմբերի 5-ին Չարենցավանում վերջին տարիներին առաջին անգամ նշվեց Քաղաքի օրը․ տոնավաճառներ, ցուցահանդեսներ, մշակութային և մարզական միջոցառումներ, ինչպես նաև օտարերկրյա հյուրեր և զբոսաշրջիկներ։
Առանձին տաղավար էր տրամադրված արցախցի արհեստավորներին, ովքեր առաջարկում էին հուշանվերներ և արցախյան ավանդական խոհանոց։

«Է»-ն՝ հորից, աստղիկները՝ օրագրում, հեծանիվ ունենալու և Արցախ վերադառնալու երազանքը

Էլենը ծնվել է Արցախում։ Երբ հայրը գրանցում էր նրա ծնունդը, երկար ժամանակ բացատրում էր աշխատակցին, թե ինչպես պետք է հայերեն, ծահանաձև «Է» գրել դստեր անվան մեջ։

2023 թվականի սեպտեմբերին ընտանիքի կյանքը գլխիվայր շրջվեց։ Նրանք հայտնվեցին հազարավոր մարդկանց շարքում, ովքեր բռնի կերպով տեղահանվեցին Արցախից։ Էլենի մայրը հիշում է՝ երկար ժամանակ պատերազմից և ելքից հետո աղջիկը վախենում էր ամեն աղմուկից՝ կարծելով, թե նորից ռմբակոծություն է։ Իսկ երեք սարսափելի օրերը «դժոխային ճանապարհին» նա հիշում էր արցունքներով։ Ժամանակի ընթացքում Էլենը հաղթահարեց իր վախերը։

Հայրը վստահ է․ ուժն ու տոկունությունը հենց իր մեջ են, իսկ «Է» տառը կարծես պահապան լինի ու դարձնի նրան տարիքից ավելի իմաստուն։

Այժմ ընտանիքը ապրում է Չարենցավանում։ Էլենը սովորում է երկրորդ դասարանում։ Նրա օրագիրը լի է բազմաթիվ աստղիկներով՝ որպես փոքրիկ հույսի շողեր, ապացույց, որ պատերազմի միջով անցած երեխայի սիրտը կարող է ուրախանալ ու հաղթել։

Վերջերս ուսուցչուհին հանձնարարել է գրել իր կյանքի պատմությունը։ Էլենը հաջողությամբ կատարեց առաջադրանքը, ստացավ ևս մեկ աստղիկ, իսկ մայրը սիրով պահեց դստեր պատմությունը իր հեռախոսում։

Էլենը երկու մեծագույն երազանք ունի։ Առաջինը՝ վերադառնալ տուն՝ Արցախ։ Երկրորդը՝ ունենալ հեծանիվ։ Բայց սա պարզապես մանկական ցանկություն չէ։ Նա երազում է, որ կվերադառնա և նոր հեծանիվով կշրջի իրենց բակում՝ այնտեղ, որտեղ իր ծիծաղն էր հնչում ընկերների ծիծաղի հետ։ Այն նույն ընկերների, որոնցից պատերազմն ու բռնի տեղահանումը բաժանեցին նրան։

Էլենի երազանքները միայն հեծանիվի ու տան մասին չեն։ Դրանք մանկության, խաղաղության և կյանքի վերադարձի մասին են, որտեղ կարելի է կրկին ուրախանալ՝ առանց վախի։

Ալվարդ Գրիգորյան

Նունեի պատմության շարունակությունը․ ես պարզապես ուզում եմ միանալ իմ երեխաներին

Լուսանկարում` հայ երեխաները ապրիլի 24-ի միջոցառմանը, Գապ

Մի քանի օր առաջ Step1.am-ին դիմել է Շահումյանից, Շուշիից բռնի տեղահանված Նունեն, որը 2023-ից բնակվում էր Ֆրանսիայում, բայց օրերս բռնի ուժով դեպորտ է արվել Հայաստան։ Ընդ որում, նրան կտրել են ընտանիից։ Մեր հոդվածը մեծ արձագանք է գտել, հատկապես, արցախցիների շրջանում, որոնք մտածում են ապաստան գտնել այլ երկրում կամ որոնց հարազատներն արդեն այնտեղ են։ 

Ներկայացնում ենք Նունեի պատմածի շարունակությունը, որտեղ նա մանրամասներ է ներկայացնում։ 

– Ես նաեւ Գապ քաղաքի հայ համայնքին եմ դիմել, Ռիչարդ Գազիկյանն է ղեկավարը, կինն էլ նրա օգնականն է: Ես նույնպես ներգրավվել էի համայնքային կյանքին, տարբեր մշակութային միջոցառումներ էինք կազմակերպում, երեխաներին տառաճանաչություն սովորեցնում, տարբեր ազգային-մշակութային միջոցառումներ էինք կազմակերպում: Ես հիմնականում կնոջ հետ էի շփվում, Գազիկյանը հայերեն լավ չէր հասկանում եւ նրա համար ամեն ինչ պետք էր լինում ֆրանսերեն թարգմանել, չնայած հայկական ազգանուն է կրում: Կինն էր ամեն կազմակերպչական միջոցառումներ համակարգում:

Կարծում եմ, որ նրանց շատ հնարավորություններ ունեին պրեֆեկտի հետ հանդիպելու, զբաղվելու իմ հարցերով, չէ՞ որ նրանք վաղուց են Ֆրանսիայում ապրում եւ պետք է որ ներսից ամեն ինչ ավելի լավ իմանան: Սակայն ամեն անգամ տարբեր պատճառներ էին ի հայտ գալիս: Երբ արդեն մամուլում հրապարակումներ են եղել, սկսել են նոր հետաքրքրվել: Ես նրանցից ձայնային մեսիջ եմ ստացել, որտեղ ասում են, որ մի տեղ պետք է գտնեմ իմ համար Հայաստանում, որպեսզի ես դրսում չմնամ: Ես ասել էի, որ Զվարթնոցի բակում եմ լուսացրել գիշերը, եղած շորս փռել եմ գետնին, նստել եւ այդպես լուսացրել, ասել եմ, որ ես գնալու տեղ չունեմ: Շուրջբոլորս անտարբերություն էր, թեկուզ հայկական հողում եմ, բայց այս մթնոլորտից ինձ ավելի վատ եմ զգում, քան ֆրանսիացիների վերաբերմունքից: Նրանք գոնե օտար են: Սա ի՞նչ անօրեն աշխարհ է, ով է գրել այդ օրենքները, սա անարդար է:

Առաջարկում էին Արցախի ներկայացուչություն դիմել. Կա՞ նման բան, ես տեղյակ չեմ:

Ես չեմ ցանկանում հայ համայնքի մասին բողոքելու տպավորություն ստեղծել, ես պարզապես իմ երեխաներին եմ կարոտում: Նրանք արդեն փոքր չեն, անգամ ինձ ասում էին՝ մաման մեր ընկերուհին է, մենք կարող ենք մեր հարցերը նրա հետ քննարկել այլեւս: Նրանք հոր կողքին են այս պահին, բայց մոր կարոտն այլ է, դա միայն մայրերը կարող են հասկանալ: Սա նույնն է, ինչ թռչնի ձագերից առաձնացնել նրանց մորը:

Կարդում եմ իմ տեսանյութի տակ գրած մեկնաբանությունները, մեկն ասում է՝ տեսնես ինչ է արել, չի կարող պատահել, որ առանց պատճառ արտաքսեն եւ այլն: Ես պարզապես նրանց ցանկանում միբան ասել. առանց մարդուն ճանաչելու չարժե ենթադրություններ անել: Այս պահին գործընթաց է գնում եւ մի շտապեք առանց մանրամասներին տեղյակ լինելու անհարիր մեկնաբանություններ գրել, ես այն վիճակում չեմ այս պահին, որ ձեզ հետ օնլայն “մարտ” վարեմ:

Ցավալին էլ այն է, որ կանայք են նման մեկնաբանություններ գրում: Որտեղի՞ց ձեր մեջ այդքան թույն: Ես իմ տեսանյութի երկրորդ մասը կհրապարակեմ` հուսալով, որ ձեր կասկածները կփարատեմ:

Կուրսընկերուհիներս են զանգում, բոլորն ինչ-որ կերպ փորձում են աջակցել: Ճարտարից, Հադրութից, Թաղավարդից: Այնքան ենք մտերմացել, որ նկարագրել չեմ կարող, նրանց հոգատարությունից մի քիչ կազդուրվել եմ, բայց հասկանում եմ, նրանք էլ ընտանիքներ ունեն, նրանք էլ դժվարություններիմեջ են: Բոլորը ցրված են Հայաստանով մեկ, շատ դժվար է տեսնել այս ամենը: Կարծես ճահիճի մեջ լինենք: Մեր առողջությունը պարզապես քայքայվում է այս սթրեսից, ջղայնությունից, ներշնչանքներից, այս անորոշությունից, ու սա անում ենք հասկանալով, հետո էլ ասում են՝ ամեն ինչ անցողիկ է, առողջությունն է կարեւոր: Իսկ չե՞ն ասում, որ եթե չկա հոգեկան առողջություն, չկա նաեւ ֆիզիկական առողջություն:

Ինչեր ասես, որ չեմ տեսել Ֆրանսիայում հայերի շրջանում. Էլ թմրամոլներ, էլ արցախցու անվան տակ Ֆրանսիայում ապաստան գտածներ, բայց միթե՞ ես էի միակ “օրինախախտը”: Բոլորն ապշած են, ով ինձ ճանաչում է, հարցնում են “Նունե, ինչպե՞ս կարող է նման բան հենց քեզ հետ տեղի ունենալ”:

Գիտեմ, որ էմոցիանալ եմ խոսում, բայց այս անորոշությունն ինձ հանգիստ չի տալիս:

Այս պահին ես իմ երեխաների լուսանկարները նայելով եմ ապրում: Երեխաներ են անցնում, նայում են նրանց` իմ երեխաներից կարոտ առնում: Ես չեմ ուզում այսպես ապրել, ես ուզում եմ վերադառնալ իմ երեխաների մոտ պարզապես:

Չգիտեմ, հազար բան է մտքովս անցնում. մտածում եմ գնալ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց մի շոր փռել եւ նստել այնտեղ, թող ֆրանսիացին տեսնի, թող հայը տեսնի, թող մտածեն ինչ ցանկանում են, ինձ համար մեկ է ամեն ինչ այլեւս: Ես ընդամենը հինգ րոպե ժամանակ եմ խնդրում դեսպանատնից` իմ հարցերի պատասխանները ստանալու համար:

Մարութ Վանյան

 

1. 1951 թվականի Ժնևի կոնվենցիայի ընդհանուր կանոն

1951 թվականի Ժնևի փախստականների մասին կոնվենցիայի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ապաստան խնդրել ցանկացած երկրում, եթե նա ունի հալածանքների հիմնավորված վախ և չի պաշտպանվում իր քաղաքացիության երկրի կողմից։

Այնուամենայնիվ, կոնվենցիան ավտոմատ կերպով չի տալիս ապաստան ստանալու իրավունք՝ այն միայն տալիս է դիմում ներկայացնելու և վտանգի չվերադարձվելու իրավունք (չվերադարձնելու սկզբունք)։

Այսպիսով, տեսականորեն, Ֆրանսիայում ֆիզիկապես գտնվող ղարաբաղցի հայը կարող է այնտեղ ապաստանի դիմում ներկայացնել։

2. Ինչպես են ԵՄ-ն և Ֆրանսիան դա կիրառում գործնականում

Եվրամիությունում, այդ թվում՝ Ֆրանսիայում, ապաստանի ընթացակարգերը կարգավորվում են նաև Դուբլին III կանոնակարգով (ԵՄ թիվ 604/2013 կանոնակարգ)։ Այս օրենքը որոշում է, թե որ երկիրն է պատասխանատու ապաստանի հայցի քննարկման համար։

Սովորաբար, պատասխանատու երկիրը հետևյալն է՝
• ԵՄ առաջին երկիրը, որտեղ անձը մուտք է գործել, կամ
• Երկիրը, որն արդեն իսկ պաշտպանություն կամ բնակության իրավունք է տրամադրել այդ անձին։

Սակայն Հայաստանը ԵՄ երկիր չէ, ուստի Դուբլինի համակարգը այստեղ այլ կերպ է կիրառվում. հիմնական հարցը դառնում է այն, թե արդյոք դիմորդն արդեն իսկ պաշտպանված է այլուր։

3. Ֆրանսիայի իրավական դիրքորոշումը նման դեպքում

Եթե ղարաբաղցի հայը դիմում է ապաստանի համար Ֆրանսիայում, Ֆրանսիայի փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության գրասենյակը (OFPRA) կուսումնասիրի, թե արդյոք՝
1. Անձը ունի՞ Հայաստանի քաղաքացիություն կամ հնարավորություն ունի՞ պաշտպանություն ստանալու Հայաստանից։
• Եթե այո → Ֆրանսիան կարող է օրինականորեն մերժել ապաստանի հայցը՝ պնդելով, որ Հայաստանն արդեն իսկ առաջարկում է արդյունավետ պաշտպանություն։

2. Անձը կարող է ցույց տալ, որ Հայաստանը չի պաշտպանում կամ չի կարող պաշտպանել իրեն, օրինակ՝ եթե նա այնտեղ հալածվում կամ խտրականության է ենթարկվում, չունի բնակարանի, իրավունքների կամ անվտանգության հասանելիություն։
• Եթե այո → Ֆրանսիան պետք է անհատապես քննի ապաստանի հայցը և չի կարող նրանց հետ ուղարկել (չվերադարձնելու պարտավորություն)։Այսպիսով, հիմնական հարցը ոչ թե այն է, թե արդյոք նրանք ցանկանում են ապաստան խնդրել Հայաստանում, այլ այն, թե արդյոք Հայաստանն իսկապես կարող է և ցանկանում է պաշտպանել նրանց։

Եթե Հայաստանի պաշտպանությունը համարվի միայն ձևական կամ անբավարար, ապա Ֆրանսիայում դիմորդը դեռ կարող է ճանաչվել որպես փախստական՝ համաձայն Ժնևի կոնվենցիայի 1A(2) հոդվածի։

4. Պարզ ասած


• Ղարաբաղցի հայը կարող է դիմել ապաստանի համար Ֆրանսիայում։
• Սակայն Ֆրանսիան կստուգի, թե արդյոք Հայաստանն արդեն իսկ նրանց պաշտպանություն է առաջարկում։
• Եթե այո → Ֆրանսիան կարող է մերժել ապաստանը (որը իրավաբանորեն արդարացված է Ժնևի կոնվենցիայով)։
• Եթե ոչ՝ և եթե Հայաստանի պաշտպանությունը իրական, անվտանգ կամ մշտական չէ → Ֆրանսիան պետք է քննարկի նրանց ապաստանի հայցը։
5. Իրավական հղումներ


• 1951 թվականի Փախստականների մասին կոնվենցիան, հոդվածներ 1 և 33 (փախստականի և չվերադարձման սահմանումը)։
• ԵՄ որակավորման դիրեկտիվ (2011/95/EU), հոդվածներ 2 և 4։
• Դուբլին III կանոնակարգ (EU 604/2013)՝ պատասխանատվության որոշում։
• OFPRA ուղեցույցներ ծագման երկրի վերաբերյալ. Հայաստան (թարմացված 2024 թվականին)՝ օգտագործվում է Ֆրանսիայի կողմից՝ գնահատելու համար, թե արդյոք Հայաստանը ապահովում է արդյունավետ պաշտպանություն։

 

Ուսուցչի օր. Արցախում դպրոցները միշտ սրբություն էին համարվում

Այսօր Ուսուցչի օրն է։ Արցախի համար, որտեղ դպրոցները միշտ սրբազան են համարվել, սա հատուկ օր էր։

Դասերը դպրոցներում շարունակվել են նույնիսկ 1991-94 թվականների պատերազմի թեժ պահերին։ Դասընթացներ չեն եղել միայն 44-օրյա պատերազմի ժամանակ, սակայն հետո երեխաները վերադարձել են և անմիջապես անցել դասերին։

Նրանք դաս էին անում այն գյուղերում, որոնք հանկարծակի դարձել են առաջնագծային, իսկ կիսաօկուպացված Թաղավարդում թշնամին ցանկապատի մյուս կողմում էր։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, չնայած ինը ամիս տևած շրջափակմանը, սովին և տրանսպորտի բացակայությանը, արցախցի երեխաները կրկին դպրոցում էին։

Լուսանկարները՝ Մարութ Վանյանի

Միքայել Սրբազանի դատավճիռը արմատապես փոխել է իրավիճակը Հայաստանում

Երեկ Հայաստանի դատարանը Միքայել Սրբազանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման մի քանի  խոսքերի համար։ Փետրվարին լրագրողը հարցազրույցի ժամանակ Սրբազանից հարցրեց, թե ինչպես պետք է հեռացվի գործող կառավարությունը և արդյոք ուժային մեթոդն ընդունելի է։ Սրբազանն ասաց, որ նույնիսկ այդ ձևով պետք է հեռացվեն իշխանությունները՝ հանուն Հայաստանի։

Դեռևս փետրվարին Դանիել Իոննիսյանը բողոք ներկայացրեց դատախազություն՝ խնդրելով հետաքննել, թե արդյոք Սրբազանի խոսքերը իշխանության բռնի տապալման կոչ են։ Դատախազությունը նման կոչ չի գտել։ Սակայն, այն բանից հետո, երբ Հայաստանում սկսեց ձևավորվել ընդդիմադիր շարժում, որին կարող էր միանալ Միքայել Սրբազանը, նա կալանավորվեց։ Այնուհետև դատարանը նրան մեղավոր ճանաչեց կառավարությունը տապալելու կոչ անելու մեջ և դատապարտեց երկու տարվա ազատազրկման։

Նույնիսկ Դանիել Իոննիսյանը դժգոհեց պատժի խստությունից, որը, իհարկե, դեռ կարող էր վերանայվել։ Հայաստանում ոչ ոք հրապարակավ չաջակցեց դատավճռին, չասեց՝ լավ են արել, արժանի է։

Այնուամենայնիվ, փաստն ինքնին արմատապես փոխեց իրավիճակը Հայաստանում։

Առաջին անգամ ձախողվել է ներկայիս կառավարության՝ հասարակությունը սևերի և սպիտակների, «կողմի» և «դեմի» բաժանելու յոթ տարվա քաղաքականությունը։ Սրբազանի դատավճիռը ցույց տվեց, որ նույնիսկ կառավարության ամենահավատարիմ կողմնակիցները չէին համարձակվում հրապարակայնորեն հայտարարել, որ այն «տեղին է»։ Հասարակական կարծիքը բացարձակապես պարզ և միանշանակ է. սա դատավճիռ չէ Սրբազանի, այլ կառավարության, կեղծ արդարադատության համակարգի և «ժողովրդավարության բաստիոնի» ընտրած ուղու վերաբերյալ։

Երկրորդ հիմնարար փոփոխությունը՝ բողոքի ցույցերի բացակայությունն է, որի ընթացքում կարելի է սադրանքներ բեմադրվել, ոստիկանական ուժեր տեղակայվել և շոու սարքել՝ մեղադրելով ընդդիմությանը, Ռուսաստանին, Արցախի ժողովրդին, մի խոսքով, բոլորին։ Հնարավոր է, որ այս դատավճիռը կայացվել է բողոքի ցույցեր հրահրելու և ևս մեկ արյունալի «մարտի 1» բեմադրելու նպատակով։ Ոստիկանությունն ու կարմիր բերետավորները, որոնք մարզվել էին զանգվածային բողոքի ցույցերի համար և կառավարության միակ մնացած հենարանն են, հայտնվեցին անգործության մեջ։ Հայաստանի քաղաքացիները ընտրել են այլ ուղի՝ զրկելով կառավարությանը նրա միակ զենքից՝ օրինական բռնության իրավունքից։ Հաջորդ քայլը կարող է լինել զանգվածային քաղաքացիական անհնազանդությունը՝ առանց փողոց դուրս գալու։

Եվս մեկ դրամատիկ փոփոխություն. իշխանությունները լիովին կորցրեց Գյումրին։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը անվիճելի հանրային հարգանք է վայելում, և նրան դատապարտելը վերջնականապես խզել է գյումրեցիների կապերը գործող իշխանության հետ։ Սա տեղի ունեցավ հատկապես Փարաքար համայնքի ընդդիմադիր առաջնորդ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունից հետո։

Ժամանակը ցույց կտա, թե ինչ գործնական փոփոխությունների կհանգեցնի Սրբազանի դատավճիռը։ Նա հետևյալ ուղերձն է հղել. “Այս չարիքի իշխանությունը՝ բաղկացած միջակություններից եւ բացարձակ ոչնչություններից եւ իրենց սպասարկող ողորմելի կամակատարներից, իր ավարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը՝ իմ ապօրինի եւ շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստյան, հազարավոր զոհերի եւ անհետ կորածների ու գերիների առկայության հետ։

Սա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտառակությունը, թեեւ որքան թքես անամոթի երեսին, իր համար անձրեւ է թվալու։ Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր։ Առայժմ այսքանը…

Սիրելի գյումրեցիներ, հարազատներ,

Շնորհավորում եմ մեր քաղաքի օրվա առիթով եւ շնորհակալ եմ զորակցության եւ սատարումի համար: Մաղթում եմ, որ այսօր լավ ուրախանաք եւ ժպիտն անպակաս լինի ձեր գեղեցիկ դեմքերից: Այդ ժպիտը ավելացնել եմ փորձել վերջին 26 տարիներին եւ այսօր ձեր ցնծությունը լավագույն նվերը կլինի ինձ՝ բանտի պատերից ներս, որտեղ Աստված ինձ հետ է միշտ…»։

Արցախ կամերային նվագախումբը հրավիրում է համերգի

Սիրելի հանդիսատես,
Սիրով հրավիրում ենք հոկտեմբերի 13-ին կայանալիք համերգին։
Կան գարուններ, որոնք գալիս են աշնանը՝ ջերմացնելու սիրտը և երեկոն։
Այդպիսին է լինելու մեր երաժշտությունը՝ հոգեթով և անկեղծ։
Ծրագրում․
Դվորժակ – Նոկտյուրն Սի մաժոր
Բրիտտեն – Պարզ սիմֆոնիա
Բարբեր – Ադաջիո լարայինների համար
Դվորժակ – Սերենադ լարայինների համար
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր – ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյան
Վայրը՝ Կամերային երաժշտության տուն
Ժամը՝ 19։00
Ձեր ներկայությունը միջոցառմանը կհաղորդի առանձնահատուկ նշանակություն։
Տոմսերը հասանելի են հետևյալ հղմամաբ` https://www.tomsarkgh.am/hy/event/49829 և Կամերային երաժշտության տան տոմսարկղում։