Հեղինակ՝ naira
Այվազյան․ Մեր անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են, եւ ճանապարհ է բացվում ապագա ագերսիվ գործողությունների համար
«Այսօր տեղի ունեցող գործընթացները հակասում են միջազգային իրավունքին, հակաօրինական են եւ հակասում են ՀՀ պետական շահերին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի տարածքները թշնամուն զիջելու ծրագրին։
«Մեզ ուզում են ասել, որ եթե լինի սահմանազատված եւ սահմանագծված սահման, ապա դա լրացուցիչ խթան կհանդիսանա տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։ Այդքան էլ համոզված չեմ, բավական երկրներ կան, որոնք իրենց սահմանները ո՛չ սահմանազատել են, ո՛չ էլ սահմանագծել, մենք ունենք, օրինակ, Հայաստան-Վրաստան սահման, բայց երբեք այդ խնդիրը չի ներկայացվել մեր կամ Վրաստանի համար ազգային անվտանգության սպառնալիք։ Կառավարության ղեկավարն ասում է, որ եթե չգնանք սահմանազատմանն ու սահմանագծմանը, այլընտրանքը պատերազմն է։ Այսինքն՝ այս գործընթացը տեղի է ունենում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման ներքո, ինչն արդեն իսկ նշանակում է, որ այս ամբողջ գործընթացը հակասում է միջազգային իրավունքին»,- ասաց նա։
Արա Այվազյանը նշեց, որ միջազգային տարբեր դերակատարներ ողջունեցին այս քայլը։ «Կարծում եմ՝ մենք շատ հասունացել ենք, եւ այդ հայտարարությունները մեզ չեն կարող ոգեւորել կամ համոզել, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Այդ նույն միջազգային դերակատարները քար լռություն էին պահում 44-օրյա պատերազմի ժամանակ, ռազմական հանցագործությունների իրականացման պարագայում, Արցախի տեւական շրջափակման եւ ի վերջո հայաթափման ընթացքում։ Հասկանում ենք, որ այսօր ուժային քաղաքականությունը դարձել է միջազգային հարաբերությունների գերիշխող միջոց։ Եվ հասկանում ենք, որ միջազգային իրավունքը գործում է ընտրովի, յուրաքանչյուր դերակատար փնտրում է իր շահերը։ Բայց մենք էլ պետք է միմիայն առաջնորդվենք մեր շահերով, միակողմանի զիջումները, նույնիսկ համաձայնեցված սահմանը չեն ապահովելու ո՛չ անվտանգությունը, ո՛չ կայունությունը։ Հակառակը, մեր կենսական տարածքները, անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են, եւ ճանապարհ է բացվում ապագա ագրեսիվ գործողությունների համար։ Անդադար զիջումներով, որոնք ավարտվեցին Արցախի հայաթափամամբ, էթնիկ զտումներով, մենք չենք հանդարտեցնում Ադրբեջանի ուժային քաղաքականությունը։ Բոլորն այսօր ուժային մեթոդով են առաջ տանում իրենց շահերը, բայց ինչպես ֆիզիկայի օրենքում, ուժը կգնա այնքան, մինչեւ չտեսնի հակաուժ։ Եվ ուժ ասելով՝ ես առաջին հերթին նկատի ունեմ քաղաքական-դիվանագիտական միջոցները։ Հայաստանը պետք է փոխի իր արտաքին քաղաքականության բովանդակությունը, ռազմավարությունը եւ կառուցի այնպիսի հակաուժ, որը կզսպի մեր թշնամիների ծավալապաշտական նկրտումները»,- ասաց նա։
Ըստ Արա Այվազյանի՝ խաղաղության կհասնենք միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կդառնա այն հակաուժը, որը կբալանսավորի հակառակորդի թշնամական ու ծավալապաշտական ձգտումները․ «Այն, ինչ կատարվում է այսօր եւ դա ներկայացվում է որպես խաղաղություն, դա շատ լավ մշակված մեծ ռազմավարություն է, որի նպատակն է հայ ժողովրդին պարտադրել մեր հակառակորդների կամքը»։
Նշենք, որ դիվանագետների կողմից ձեւավորվել է Դիվանագետների համահայկական խորհուրդ, որի անդամներն այսօր ասուլիս էին հրավիրել։
Արա Այվազյան․ ոչ մի Ալմաթայի մասին իմ ժամանակ չի խոսվել
ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի վերաբերյալ որեւէ հատուկ փաստաթուղթ չի եղել ԱԳՆ-ում։ «Մեր ժամանակ որեւէ հատուկ փաստաթուղթ չի եղել։ Ինչ եղել է, հետեւյալն է՝ միջազգային դիտորդները, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկ անգամ այցելել են տարածաշրջան, եղել է երկու հայտարարություն՝ մեկը 2020 թվականի դեկտեմբերի 3-ին, մյուսը՝ 2021 թվականի ապրիլի 12-ին։ Եվ հակառակ Ադրբեջանի պնդումների, որ Արցախի հարցը փակված է, եւ միջազգային միջնորդները՝ համանախագահները, եւ անհատ երկրները շատ հստակ արձանագրել են, որ ուժի կիրառման միջոցով հարցը չի կարող ունենալ իր վերջնական լուծումը։ Ես որոշ չափով արտահայտել եմ այն մոտեցումները, որոնք համահունչ էին հայկական կողմի մտահոգություններին ու առաջարկներին»,- ասաց Արա Այվազյանը։
Այսօր ՀՀ իշխանությունները, հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին, հայտարարում են, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։ Հարցին, թե Ալմա-Աթայի հռչակագիրը որտեղի՞ց հայտնվեց, Այվազյանը պատասխանեց․ «Հարցը պետք է հասցեագրեք այսօրվա արտաքին գործերի նախարարությանը եւ կառավարությանը»։ Արա Այվազյանը նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ որեւէ հիշատակում կամ աշխատանքային քննարկում չի եղել այդ փաստաթղթի շուրջ։
Ոչ ոք ոչինչ չի թաքցնում. բոլոր դիմակները գցված են
Ոսկեպարի մոտակայքում, եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա սկսվում է ականազերծումը, որից հետո այդ տարածքները կհանձնվեն պետության կողմից՝ առանց հանրաքվեի, առանց պետական ընթացակարգերի և այլ «ձևականությունների»։
Դիմակները գցված են, և ոչ ոք չի թաքցնում, որ պետություն չկա. կա, ինչպես Դավիթ Կարաբեկյանն է ասում, Կրեմլի ֆեյք, որտեղ ամեն ինչ որոշվում է պետական կառույցների վրայով։ Եվ եթե նախկինում այն ծածկված էր թզենու տերեւով, ապա դրա կարիքը չկա՝ ամոթը վերացել է։
Նիկոլ Փաշինյանը բացահայտ ասում է, որ մենք շտապ պետք է հանձնենք այն, ինչ «մերը չէ», որպեսզի ամեն վիճահարույց մետրի համար չվազենք ատյաններով և հանրաքվեներ չանենք։ Միաժամանակ իշխանությունները Տավուշի պաշտպաններին մեղադրում են Ռուսաստանի գործակալ լինելու մեջ։
Որպես “ապացույց” որոշ հասարակական կազմակերպություններ բացահայտ կոչ են անում փոխարինել հայ սահմանապահներին ռուսներով։
Իշխանությունները, նրանց կամակատարներն ասում են, որ ավելի լավ է այդ հողերը տալ թշնամուն, քան թույլ տալ, որ Ռուսաստանն ու «նախկինները» վերադառնան իշխանության։
Ֆուտբոլի մարզիչներն ասում են՝ հետեւիր գնդակին, ոչ թե խաղացողին։ Մեր դեպքում, հետեւիր հողին. այս կամ այն կողմից թափված կեղտը չի կարող ծածկել գլխավորը՝ Հայաստանը հանձնում է իր հողի ռազմավարական առումով կարևոր հերթական հատված, և կարծես բոլորը հոգու խորքում համակերպվել են դրա հետ։
«Մեզ ասում են՝ միակողմանի հանձնմանը գնում ենք, որ խուսափենք պատերազմից, բայց սա ամենամեծ սուտն է»
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի եկեղեցու տարածքում այսօր դրաձյալ փորձում են ականզերծման աշխատանքներ իրականացնել, սակայն բնակիչները թույլ չեն տալիս։
«Ականազերծում են, որ մեր հողերը նվեր տան ադրբեջանցիներին։ Ով համաձայնում է միները հանել, հայ ազգի թշնամի է, հրաման տվողը դավաճան է»,- հայտարարեցին գյուղացիները։ Նրանք կոչ են անում, որ ականազերծման աշխատանքներն իրականացնողները դադարեցնեն ու անհապաղ հեռանան տարածքից։
Բնակիչները նաեւ հանդիպում են պահանջում հրամանատարի հետ։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց․ «Մարդիկ պահանջը ձեւակերպել են՝ այս գործընթացն ապօրինի է, ոչ ոք իրավունք չունի այս տարածքները, այս հողերը հանձնի։ Բացառում ենք որեւէ փոխզիջումը, կառավարությունից պահանջը մեկն է՝ հրաժարվել ապօրինի գործընթացից։ Հայաստանի սահմանների փոփոխության հարցը հանրաքվեով պետք է լուծվի, ոչ ոք չի կարող միանձնյա որոշել ու լուծել»։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն ասաց, որ այստեղ միայն հողի խնդիր չէ, վճռվում է ինքնություն ունենալ-չունենալու հարցը․ «Մեզ անընդհատ ասում են՝ այս միակողմանի հանձնմանը գնում ենք, որ խուսափենք պատերազմից, բայց սա ամենամեծ սուտն է։ Ամենամեծ ու մահաբեր, սարսափելի պատերազմը մեզ արդեն հայտարարված է մեր ներսից՝ սեփական իշխանության կողմից։ Հիմա էլ ի՞նչ պատերազմի մասին է խոսքը, եթե սեփական իշխանությունը ներսից ոչ միայն հանձնում է հողը, այլ ընդհանրապես ապամոնտաժում է ողջ ինքնությունը»։
Ինչո՞ւ են այսօր հետաձգվել Երեւանից եւ դեպի Երեւան չվերթները
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել, «Ազատության»-ը փոխանցեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։
Խոսքը, մասնավորապես, Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթների, ինչպես նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթների մասին է։
Որպես հետաձգումների պատճառ Մողրովյանը նշեց թռիչքուղիների վերանորոգումը։
«Ազատության» հարցին, թե ուղևորներին ժամանակին իրազեկե՞լ են այդ մասին, եթե դրանք տրանզիտ թռիչքներ էին, ուղևորները փոխհատուցում կստանա՞ն, մամուլի քարտուղարը պատասխանեց՝ ուղևորները պետք է ճշտեն իրենց ավիաընկերություններից։
Հետաձգվել է նաև Երևանից Քիշնև չվերթը, օդանավակայանից հորդորում են այս հարցով ևս դիմել ավիաընկերությանը։
Մողրովյանի խոսքով՝ չվերթները կվերականգնվեն 13։30-ից։
Հիշեցնենք, որ այսօր տեղեկություններ կային Հայաստանի օդային տարածքի փակ լինելու մասին։
Վանդալները սկսեցին փոխել Արցախի պետական համալսարանի արտաքին տեսքը
Կրթությունը բարբարոսների գլխավոր թշնամին է։
Մեր հայրենիքը, մեր պետությունը կտոր-կտոր սահմանափակելով՝ դառնալու է պարզապես հուշ ու երազանք․ Բագրատ սրբազան
Տավուշում երեկվանից փակ է միջպետական ճանապարհը։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամբողջ գիշեր նաեւ կանայք ու երեխաներն են եղել դրսում։
«Այս ամբողջ շարժումը հանուն ճշմարտության ու հանուն հայրենիքի է։ Այստեղ մեծ սուտ է խոսվել, շատ մեծ սուտ, եւ այդ ստրի պատմությունն է, որ մենք պետք է ամեն իմաստով չեզոքացնենք։ Այս ժողովուրդն ինչո՞ւ է փողոցում, որովհետեւ խաբված է, մարդը խաբել է։ 2021 թվականին եկել այս մարդկանց քվեները գողացել է բառիս բուն իմաստով՝ մեկ բառ չասելով, թե ինչ է տեղի ունենալու այստեղ։ Եվ 2024 թվականին, փոխանակ գար ներողություն խնդրեր, ահաբեկել ու վախեցրել է պատերազմով։ Հետեւաբար, ճշմարտությունը պետք է հաղթանակի, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա։
Այսօր Տավուշի մարզ է այցելելու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ըստ տեղեկությունների՝ հանդիպելու է տավուշցիների հետ։ Բագրատ սրբազանն ասաց, որ նախօրոք Տավուշի վարչական ղեկավարներին հրահանգներ են տվել։
«Կանչել են մեր վարչական ղեկավարներին՝ փորձելով ամբողջ գործընթացը տեղափոխել մեր վարչական ղեկավարների պատասխանատվության դաշտ։ Այսինքն՝ ինչ տեղի ունենա, իրենք կլինեն ուղղակի առաջին պատասխանատուն։ Եվ սա հանցագործություն է, վարչական ղեկավարներն ի՞նչ պետք է անեն, մարդկանց պետք է համոզեն, թե պետական սահմանն ինչպես պետք է լինի՞, իրենք պետք է որոշե՞ն, թե ինչպես պետք է լինի։ Ընդամենը չորս օր առաջ եկել ասել են՝ ձեզ հետ կհամաձայնեցնենք, հետո հրապարակում են քարտեզներ, գրված փաստաթղթեր, որոնք բացարձակ չեն խոսում այն մասին, որ դրանք չորս օրվա մեջ են տեղի ունեցել։ Այսինքն՝ ամեն ինչ նախօրոք արել են, եկել ժողովրդի վրա են բարդում։ Հիմա էլ վարչական ղեկավարներին կանչում են, որ ի՞նչ անեն։ Արդեն հող են նախապատրաստում, որ այս մարդկանց պատասխանատվության տիրույթ տեղափոխեն հարցը։ Դա անընդունելի է, սա ամբողջ հայոց պետականության հարցն է, հարցը պետք է լուծվի ՀՀ օրենքների համաձայն եւ միջազգային պայմանագրերի սկզբունքներով»,- ասաց Բագրատ սրբազանը։
Նա կոչ արեց հայ հասարակությանը դիրքորոշում հայտնել՝ համաձա՞յն են այս գործընթացների հետ, միասնության կոչ արեց։ «Դիմում եմ նաեւ զինվորականներին՝ նախկին եւ ներկա։ Նախ որեւէ ապօրինի գործ չեք անելու, ձեր համազգեստը ձեր պատիվն է։ Նախկին զինվորականներին՝ սա ձեր պահած հայրենիքն ու պետությունն է, հետեւաբար, ձեր ձայնն ու ներկայությունը ցույց տվեք, չի կարող հայոց զինվորականությունը լուռ մնալ այս իրավիճակի առջեւ։ Արցախը հանձնվեց, կերան Արցախը, հիմա անցել են Տավուշին, վաղը գալու են Տիգրանաշեն, մեր հայրենիքը, մեր պետությունը կտոր-կտոր սահմանափակելով՝ դառնալու է պարզապես հուշ ու երազանք, այն, ինչի մասին խոսում է մարդը՝ պատմական Հայաստան։ Դիմում եմ մեր ոստիկանությանը, իրավապահ ողջ համակարգին՝ որեւէ տեսակի ապօրինի քայլ չկատարեք։ Ոչ ոք չասի՝ ծառայության մեջ ենք, հրաման ենք կատարում, այդ հրամանը կարող է լինել ձեր տան վրա, կկարատե՞ք։ Սա էլ ձեր տունն է, մեծ տունն է։ Այս ժողովուրդն այստեղ կանգնած է հայոց պատվի համար»,- հայտարարեց նա։
Հայասերի դժվարին ճանապարհը. նրանց բախտ է վիճակվել լինել բնակարանով ապահովված 1000 ընտանիքների ցուցակում
Հայասեր Վարդանյանը ծնվել է Մարտունու շրջանի Աշան գյուղում։ Այասերի մայրը՝ Զեմֆիրան, ծնվել և մեծացել է Բաքվում։ Նա ականատես է եղել 1988 թվականի այն սարսափելի իրադարձություններին։ 1988 թվականի դեկտեմբերին նա ստիպված է եղել լքել հայրենի քաղաքը և տեղափոխվել Արցախ։
Չնայած այն ժամանակվա բոլոր դժվարություններին, նա երբեք չէր հուսահատվում, առաջ էր նայում և չէր կորցնում հույսը։ Ունի չորս որդի, որոնցից ավագը Հայասերն է։
2013 թվականին Հայասերն ամուսնացել է և ընտանիք կազմել։ Հետագայում նրա ընտանիքը համալրվեց երկու որդիով։ Ավագ որդին 9 տարեկան է, իսկ փոքրը՝ 4 տարեկան։
2016 թվականին Հայասերը ինքնակամ դարձավ 4-օրյա պատերազմի մասնակից։ Պատերազմի ավարտից հետո նա շարունակել է ծառայել բանակում։ Ինչպես շատ արցախցիներ, նա էլ է աշխատել ու կյանքի մեծ ծրագրեր կազմել։ Եվ ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե 2019 թվականի հունվարին դժբախտ պատահար չլիներ, որի արդյունքում նա ողնաշարի վնասվածք ստացավ։
Հայասերը վիրահատվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում։ Որից հետո հետագա բուժման համար ուղարկվել է Երևան, որտեղ անցել է բուժման երկար, հոգնեցուցիչ ճանապարհ։ Ավարտելուց հետո նա վերադարձավ հայրենիք։ Վերականգնումը տեղի է ունեցել Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում։ Կենտրոնի մասնագետներն արել են ամեն ինչ, որպեսզի այն որոշ չափով անկախանա։ Այնուհետև վերականգնողական կենտրոնի մասնագետները տնային այցելություններ են կատարել, ցուցաբերել բուժօգնություն և տրամադրել անհրաժեշտ բժշկական պարագաներ։
2023 թվականի սեպտեմբերյան մեկօրյա պատերազմի ավարտից հետո, ինչպես բոլոր արցախցիները, նրանք նույնպես ստիպված են եղել լքել հայրենի գյուղը՝ թողնելով երեք տուն, երկար տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերված ողջ ունեցվածքը, ինչպես նաև հարազատների գերեզմանները։
Չնայած իր վիճակին, անկողնային խոցերին, Հայասերը կարողացել է ընտանիքին ինքնուրույն դուրս բերել գյուղից։ 8 ժամում նրանք կարողացան հասնել Ստեփանակերտ։ Ճանապարհին սարսափելի խցանումներ էին։ Հայասերի մայրը գնում էր մեքենայի առջև և վարորդներին խնդրում թույլ տալ անցնի այն մեքենան, որտեղ գտնվում էր Հայասերի ընտանիքը:
Երբ հասան Ստեփանակերտ, Հայասերին փոխարինեց նրա կրտսեր եղբայրը։ Նրանք հինգ օր ճանապարհին էին։ Հայասերի մայրը արցունքն աչքերին հիշում է այդ դժոխքը. ճանապարհին ուտելիք չունեին, բոլորը սոված էին։ Հայասերի երեխան ջերմություն ուներ։ Այս վիճակում նրանք հասել են Հայաստան, որտեղ տեղավորվել են Տաշիր քաղաքում։
Նրանց բախտ է վիճակվել հայտնվել բնակարանով ապահովված 1000 ընտանիքների ցուցակում։ Պայմանները, իհարկե, իդեալական չեն՝ սանհանգույցը բակում է, ուստի Հայասերը չի կարողանում ինքնուրույն օգտվել։ Հայասերը գամված է անկողնուն եւ շարժվում է միայն հաշմանդամության սայլակով։
Չնայած անցած բոլոր փորձություններին, Հայասերն ու իր ընտանիքը ցանկանում են հավատալ լավագույնին և հույս ունենալ, որ մի օր կկարողանան վերադառնալ Արցախ։
Արսեն Աղաջանյան
Լավրովն ընտրում է Փաշինյանին․ ինչի մասին է աղմկում ՀՀԿ-ն
«Մենք դիմում ենք դաշնակից Ռուսաստանի իշխանություններին և բարեկամ ռուս ժողովրդին, որպեսզի դադարեցնեն խաղաղապահ զորքերի դուրսբերման գործընթացը և սկսեն լայն գործընկերային քննարկումներ այս հարցի շուրջ»,- հանկարծ արթնացավ և հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ-ն։
Եվ կրկին, եկեք հիշենք դասականը `յա, իրո՞ք: Ցանկանու՞մ եք, որ ռուսական զորքերը մնան և շարունակեն այն, ինչ անում են 2020 թվականի նոյեմբերից սկսած՝ այն է՝ Արցախի օկուպացիան և բնիկ բնակչության արտաքսումը։ Ինչո՞ւ եք ուզում, որ ռուս խաղաղապահները մնան՝ հայկական սրբավայրերն ու ունեցվածքը պաշտպանելու համար։ Նրանք դա չէին անում նույնիսկ այն ժամանակ, երբ հայերը դեռ ապրում էին Արցախում, ինչո՞ւ հիմա պետք է անեն։ Թե՞ ուզում եք, որ Տավուշ ու Սյունիք չտեղափոխվեն ու մնան Արցախում։
ՀՀԿ-ն կատարում է Կոպիրկինի ծրագրի իր մասը։ Բայց քանի դեռ Փաշինյանը կա, Մոսկվային ՀՀԿ-ն պետք է միայն սազանդարության համար։
«Կարծում եմ՝ Հայաստանում կան այնպիսիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը և՛ Հայաստանի անվտանգության, և՛ տնտեսական զարգացման համար, այդ թվում՝ ՀՀ կառավարության ղեկավարը, ով վերջերս ելույթ ունեցավ խորհրդարանում և ասաց, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում, սակայն դրանց նշանակությունը չի կարելի գերագնահատել մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման համար։ Նա նաև ասաց. «Մենք գնահատում ենք մեծ դրական բաները, որոնք եղել և կան մեր հարաբերություններում»: Ինձ թվում է, որ դրանք շատ կարևոր խոսքեր են, քանի որ սա ինչ-որ չափով արձագանք է Հայաստանին Ռուսաստանից արագացված տեմպերով տարանջատելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի ամբարտավան և անամոթ գործողություններին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը։
Նա հույս հայտնեց, որ շփումներ կլինեն Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև, որտեղ այս բոլոր հարցերը կարող են քննարկվել առանց «արևմտյան չարակամների կողմից նետված» փաստարկների։
Ի դեպ, նման շփումներ կարող են լինել մայիսի սկզբին, բայց Մոսկվայում Փաշինյանը պետք է զեկուցի, որ ամբողջ համաշխարհային հանրությանը համոզել է, թե Ալմա-Աթայի հռչակագիրը այլընտրանք չունի, որ ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզներն անվիճելի են, որ նա արդեն հանձնել է «օտար» գյուղերը եւ ղազախ խաղաղապահներին հրավիրել Հայաստանի նոր սահման։ Ներկայումս ընթանում է հաշվետվության ակտիվ նախապատրաստումը։ Բլինքենը և Միշելը կհաստատեն զեկույցը:
Ի՞նչ կասի ՀՀԿ-ն այդ ժամանակ. որ լավ կլինի ռուս սահմանապահներ լինեին, բայց ղազախներն էլ վա՞տ չեն։
Խուրշուդյանը կոչ կանի պատժել նենգ ոսկեպարցիներին
Մարդիկ Ոսկեպարի մոտ թույլ չեն տվել ականազերծել եկեղեցու մոտ տարածքը՝ թշնամուն փոխանցելու համար։ Նման «նենգ» քայլը դատապարտում են Հայաստանը միայն լեգիտիմ սահմաններով սիրողները։ Փաշինյանի՝ Հայաստանը լուծարելու ծրագրի գլխավոր խոսնակ դարձած Հովսեփ Խուրշուդյանը կպահանջի պատժել իրենց լավը չիմացող ոսկեպարցիներին։
4 հայկական գյուղ թշնամում հնաձնելուց հետո /ինչը արձանագրել են Բաքուն եւ Անկարան/ ՔՊ պատգամավորները փորձում են արդարացնել այդքայլը։ Նրանց միանում են նաեւ “արեւմտամետները”, եւ դժվար է պատկերացնել, թե նրանք ինչպե՞ս են բացատրում այդ քայլը իրենց երեխաներին, ծնողներին, իսկ ոմանք՝ զուգընկերներին։ Հավանաբար, ասում են, որ հանուն երեխաների ապագայի են գնում ստոր քայլերի։
Հովսեփ Խուրշուդյանն, օրինակ, որպես ձեռքբերում է ներկայացնում այն, որ Բաքուն համաձայնվել է սկսել դեմարկացիան/դելիմիտացիան 1976թ․քարտեզների հենքով։ Յա, իրո՞ք, կասեր դասականը։ Իսկ ի՞նչ լավ բան կա այդ քարտեզների մեջ։
Բայց Խուրշուդյանը կանխագուշակել է դասականի հարցը եւ նախապատրաստվել։ Պարզվում է, մեզ թույլ են տվել չտալ Հայաստան-Վրաստան ճանապարհը, փոխարենը մենք «չենք հավակնում» այն կողմի ինչ-որ ճանապարհի։ Կարելի է թվաբանությունից թույլ լինել, բայց որ զրոյից երկու անգամ հանես եւ դրական պատասխան ստանաս, անհավանական է։
Ուռաաա, վայ՝ կեցցե, Հայաստան-Վրաստան ճանապարհը մնալու է մեր վերահսկողության տակ։ Էս ի՛նչ լավ է, թե չէ մինչ հիմա ուրիշն էր վերահսկում։ «Այսինքն թանկարժեք շրջանցիկ ճանապարհի /թունելի կառուցման անհրաժեշտություն գոնե այս պահի դրությամբ չի առաջանում», ասում է Խուրշուդյանը։ Կարել ի է ասել, որ եթե Սեւանն էլ չտանք, կարիք չի լինի ջուր ներկրել Վոլգայից եւ թանկարժեք ջրանցք կառուցել։
Խուրշուդյանը պատմության համար արձանագրում է, որ «այս հատվածում այսպիսի դելիմիտացիայի հետեւանքով Հայաստանը վերադարձնում է հարյուրավոր հեկտարների տարածք, իսկ Արդբեջանը Հայաստանին՝ կարծես ոչինչ»։ Հետո կասի, որ իրականում սա ոչ թե Փաշինյանին արդարացնելու, այլ զգուշացնելու փորձ էր։ Չհավատաք։
Դու մի ասա, «այս որոշմամբ էապես կանխվում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի ռիսկը՝ իր բնակավայրերի «ազատագրման» պատրվակով»։ Այսինքն, դու ճանաչում ես քո հողը ադրբեջանական տարածք է, դրանով իսկ հրավիրելով նրանք «ազատագրել», հետո ինքնակամ տալիս ես, որ ուժով չվերցնեն։ Փայլուն է։
Խուրշուդյանն եւ այլոք պետք է իմանան, որ նման հայտարարությունները դավաճանության հոդվածով քրեական գործի ապացույց են լինելու, եւ տողատակերոի «նամյոկները» չեն ընդունվի։
Ոսկեպարի բնակիչները թուլ չեն տվել ականազերծման աշխատանքներ իրականացնել
Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքներում ՀՀ զինված ուժերն այսօր փորձել են ականազերծման աշխատանքներ իրականացնել, սակայն գյուղի բնակիչները խոչընդոտել են։ Այս մասին Ոսկեպարից ուղիղ եթերով հայտնեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
«Այստեղից պարզ երեւում է, որ իշխանությունը կրկին ու կրկին խաբել է, եւ սա մեծագույն կեղծիք է, թե կան պայմանավորվածություններ, սահմանն այստեղով չի անցնելու, որովհետև հստակ երեւում է, որ միակողմանի հանձնման գործընթացը շարունակվում է։ Հակառակ դեպքում որեւիցե պատճառ չէր լինի, որ Ոսկեպար գյուղի եկեղեցու շրջակա հատվածը փորձեին ականազերծել»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։
Նշենք, որ Կիրանց գյուղի բնակչներն այսօր դարձյալ փակել են գյուղի ճանապարհը, բողոքի ակցիա է նախատեսվում նաեւ Ոսկեպար գյուղում։