Ռուբիոն և Վենսը կվարեն Իրանի հետ բանակցությունները. 15-ից 10 կետը միջուկային զենքին է վերաբերում

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը Պակիստան, եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցություններ վարվեն: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով պակիստանյան աղբյուրներին:

Միացյալ Նահանգները Իրանին ուղարկել է Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու ծրագիր: Այս մասին երեքշաբթի՝ մարտի 24-ին, հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով երկու տեղեկացված պաշտոնյաների: 15 կետից բաղկացած փաստաթուղթը Իրանի ղեկավարությանը փոխանցվել է Պակիստանի միջոցով:

Իսրայելական N12 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ծրագրի 10 կետերը ներառում են Իրանի կողմից միջուկային զենքի ծրագրից հրաժարվելը և հարստացված ուրանի պաշարները Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) փոխանցելը, ինչպես նաև հեռահար հրթիռները միայն ինքնապաշտպանության համար օգտագործելու պարտավորությունը: Կա նաև կետ Հորմուզի նեղուցում ազատ նավարկություն ապահովելու մասին: Ռեժիմի փոփոխության կամ որևէ այլ բանի պահանջներ չկան:

Ինչ կստանա Իրանը

1. Բոլոր պատժամիջոցների վերացում:

2. Ամերիկյան օգնություն Բուշերում քաղաքացիական միջուկային ծրագրի (էլեկտրաէներգիայի արտադրություն) խթանման և զարգացման գործում:

3. Պատժամիջոցների վերսկսման սպառնալիքի վերացում:

Միևնույն ժամանակ, մարտի 24-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Միջազգային ծովային կազմակերպությանը տեղեկացրեց, որ «ոչ թշնամական նավերը» կարող են անցնել Հորմուզի նեղուցով, եթե նախապես համակարգեն իրենց գործողությունները Թեհրանի հետ։

Լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Միացյալ Նահանգներին «նշանակալի մրցանակ» է տվել։ «Նրանք երեկ արեցին մի բան, որը զարմանալի էր։ Նրանք մեզ նվեր տվեցին, և այդ նվերն այսօր ժամանեց։ Դա շատ մեծ նվեր էր, հսկայական գումար, և ես չեմ ասի ձեզ, թե ինչ էր դա, բայց դա շատ կարևոր մրցանակ էր։ Այն կապված չէր միջուկային զենքի հետ, այն կապված էր նավթի և գազի հետ, և դա շատ հաճելի արարք էր նրանց կողմից», – ասում է Թրամփը։

«Ըստ էության, Իրանում տեղի է ունեցել ռեժիմի փոփոխություն։ Ռեժիմը փոխվել է, քանի որ այժմ առաջնորդները բոլորովին տարբերվում են նրանցից, ովքեր սկսել են ամեն ինչ, ովքեր ստեղծել են այս բոլոր խնդիրները», – ասաց ԱՄՆ նախագահը։

«Կարծում եմ՝ մենք վերջ ենք դնելու գործողություններին. չեմ կարող ձեզ վստահորեն ասել, բայց մենք արդեն հաղթել ենք այս պատերազմում», – ասաց ԱՄՆ նախագահը։

Ըստ Թրամփի՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ներկայացնում են ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում։ Թրամփը նշել է, որ բանակցությունները վարվում են Իրանում «ճիշտ մարդկանց» հետ՝ առանց նշելու, թե կոնկրետ ում մասին է խոսքը։

Կարապետյանց․ Ինչու՞ է Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ կիրառվում կրկնակի ստանդարտներ

NZHAR Սահմանադրական շարժման համահիմնադիրներ Նինա Կարապետյանց և Արտաշես Իկոնոմով (NZHAR.AM )
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքական ներկայացուցիչ՝ հարյուր հազարավոր մեր քաղաքացիների անունից, ցանկանում եմ երկու հարց բարձրացնել։
1. Ինչու՞ է Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ կիրառվում կրկնակի ստանդարտների պրակտիկա, այլ ոչ թե արդարադատության սկզբունքը, որը ժողովրդավարության հիմքն է։ Ինչու՞ է լռությամբ ընդունվել Արցախի հայերի ցեղասպանությունը։ Նման լռությունը, մեր գնահատմամբ, պայմաններ է ստեղծում նմանատիպ ողբերգությունների կրկնության համար։ Հայտնի է, որ Բաքվի ռեժիմը լայնորեն ճանաչվում է որպես ավտորիտար։ Ավելին, կրկնակի ստանդարտների կիրառումը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ դրսևորվում է նաև Եվրոպական Միության կողմից իրականացվող հիբրիդային գործողություններում, որոնք ուղղված են մեր երկրի ներքին գործերին։ Դրանք ներառում են աջակցություն անձանց, ովքեր անտեսում են սահմանադրական կարգը, նախապատրաստում են սադրանքներ և ընտրական գործընթացների կեղծում, ինչպես նաև սպառնալիքներ հասցեագրում մեր հասարակության մի մասին։ Դժվար է հավատալ, որ նման զարգացումները մնում են աննկատ։ Հետևանքների պատասխանատվությունը չի կարող խուսափելի լինել։
Մեզ համար հասկանալի է Ռուսաստանի ազդեցության նվազեցման ռազմավարական շահը տարածաշրջանում։ Սակայն հարց է առաջանում՝ արդյոք այդ նպատակին հասնելը պարտադիր պետք է իրականացվի հայկական կյանքերի և ճակատագրերի հաշվին։ Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում բազմաթիվ փորձություններ է կրել՝ սկսած քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց մինչև օտար տիրապետության երկարատև շրջանները։ Միջազգայնորեն ճանաչված սահմանի իրավունքը, անկասկած, հիմնարար իրավունք է։
2. Ինչու՞ է արտաքին որոշակի շրջանակների կողմից աջակցություն ստացող անձը, ում հոգեբանական կայունության և վստահելիության վերաբերյալ մտահոգություններ կան, սպառնում սեփական ժողովրդին աղետալի պատերազմով՝ չվերընտրվելու դեպքում։ Չնայած սահմանադրական դրույթներին՝ մեկնարկել է ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավ, որը լուսաբանվում է հանրային հեռուստատեսությամբ՝ առանց իրավական հիմքի։ Նման գործողությունները, եթե տեղի ունենային եվրոպական երկրներում, ամենայն հավանականությամբ, կունենային լուրջ իրավական և քաղաքական հետևանքներ։ Արդյոք սա կրկնակի ստանդարտների դրսևորում չէ՞։
Թույլ տվեք նաև նշել, որ Եվրոպական Միության ներկայիս բյուրոկրատական կառույցներն ավելի ու ավելի են արտացոլում ինքնանպատակ շահերի, սպառողական մոտեցման և այն արժեքներից հեռանալու միտումներ, որոնք ժամանակին բնորոշ էին եվրոպական առաջնորդությանը։ Շառլ դը Գոլի, Հելմուտ Կոլի և 1960-1990-ական թվականների եվրոպական այն գործիչների ժամանակաշրջանը խորհրդանշում էր սկզբունքայնության և պատասխանատվության վրա հիմնված մոտեցում։ Այսօր փոքր ազգերը, այդ թվում՝ մերը, ռիսկի են ենթարկվում դիտարկվել որպես գործիքներ աշխարհաքաղաքական ռազմավարություններում։
Հայաստանը և հայ ժողովուրդը պատկանում են խոր պատմական արմատներ ունեցող քաղաքակրթությանը։ Մենք տարածքային հավակնություններ չունենք մեր հարևանների նկատմամբ, սակայն ունենք բարոյական բնույթի հիմնավոր մտահոգություններ։ Մենք հանձնառու ենք կառուցել ուժեղ, տեխնոլոգիապես զարգացած պետություն՝ խաղաղության և բարեկեցության հիմքերի վրա։ Ցավալի կլիներ, եթե այս ճանապարհին աջակցելու փոխարեն արտաքին դերակատարները նպաստեին մեր ազգային արժանապատվությունը խարխլող ուժերին՝ լինի դա ներքին անկայունության, թե հարևան երկրում ավտորիտար ռեժիմների աջակցության միջոցով։
Հայաստանը քաղաքակրթության օրրան է և պատմական կապեր ունի եվրոպական բազմաթիվ ժողովուրդների հետ։ Մենք հավատարիմ ենք մեր ինքնության, մշակույթի և պատվի պահպանմանը։
Իմ հարգալից կոչը հետևյալն է. մենք կոչ ենք անում վերանայել ներկայիս մոտեցումները։ Դեռևս կա հնարավորություն՝ կառուցելու ընդհանուր եվրոպական տարածք՝ փոխադարձ հարգանքի հիմքի վրա։ Պահանջվում է հրաժարվել կրկնակի ստանդարտների կիրառումից Հայաստանի նկատմամբ և զարգացնել իրական համագործակցություն փոխշահավետ ոլորտներում՝ ոչ միայն ֆինանսական աջակցության, այլև բովանդակային փոխգործակցության ձևաչափով։
Մենք շարունակելու ենք պաշտպանել մեր իրավունքները՝ հիմնված միջազգային իրավունքի և մեր պատմամշակութային ժառանգության վրա։

Արցախի Հանրային խորհուրդը միասնականության է կանչում մայր Հայաստանին ու Սփյուռքին

Արցախի Հանրապետության Հանրային Խորհուրդ

Սիրելի հայրենակիցներ,

Արցախի Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորվել է ոչ սովորական պայմաններում՝ ակնհայտ ներքին ու արտաքին մարտահրավերների ժամանակներում։ Բայց, այնուամենայնիվ, այն ստեղծվել է՝ ի նպաստ Արցախից բռնի տեղահանված ժողովրդի համախմբան ու տարաբնույթ հիմնախնդիրների բարձրաձայնման կարևորության և ի աջակցություն՝ վտարանդի պետական կառույցների գործունեության։

Ներկա քաղաքական ու բարոյահոգեբանական մթնոլորտում, երբ վտանգված են մեր իրավունքներն ու ինքնությունը, պարտադրվում է արժեքների մոռացություն, իսկ պատմական հիշողությունը ջնջելուն ուղղված քարոզն էլ անողոքաբար ակտիվանում, բնականաբար, անխուսափելի է դառնում հակազդեցությունը։ Այս ելակետից՝ Արցախի Հանրային խորհուրդը միասնականության է կանչում արցախահայությանը, համեարշխության կոչ ուղղում մայր Հայաստանին ու Սփյուռքին։

Արցախյան հիմնախնդրի նշաձողն անդառնալի եզրագծերին իջեցնլուց ու հայրենազրկումից հետո՝ անցումը ազգային բարոյական նշաձողերին հղի է անդառնալի հետևանքներով։ Նսեմացված անցյալով, վախվորած ներկայով ապագայի ձգտումները սին են։ Արցախցիների իրավունքների շուրջ խոսույթը բնավ էլ կոնֆլիկտածին չէ, այն ամրագրված է միջազգային սկզբունքներով ու նորմերով։ Պատմությունն ու ողջախոհությունը հուշում են, որ միայն հավատարմություն ու համարձակություն դրսևորելու պարագայում է հնարավոր հաջողություն արձանագրել։

Արցախի Հանրային խորհուրդը քաջ գիտակցում է Խաղաղության գինը։ Պատերազմների փոթորիկներն ու մղձավանջը սեփական մաշկի վրա կրած Արցախի քաղաքացիները չեն կարող չգիտակցել օրակարգերի համատեքստը, բայցև սեփական գոյությամբ չեն կարող ներազգային պառակտումների աղբյուր հանդիսանալ։ Որքան էլ մերժվի «Ղարաբաղյան շարժումը», իսկ պետության հիմնադիր թղթի «Անկախության հռչակագիրն» էլ հակադրվի ներկա իրողություններին, միևնույն է «աշխարհի խղճին» արցախցին կա և նրա պատմությունը, խնդիրները, իրավունքներն ու պահանջները չեն կորսվել։

Ուստի, ՀՀ կառավարության հետ լիարժեք հաղորդակցության բացակայության պայմաններում, Արցախի Հանրային խորհուրդը, հանրային համերաշխությունը համարելով առաջնահերթություն, երկխոսության դուռ է բացում Արցախով ու արցախցիներով մտահոգ բոլոր պատվախնդիր մարդկանց համար՝ հույսով ու հավատով, որ միասնաբար կարող ենք կերտել արժանապատիվ ապագա։

Թրամփի հայտարարությունը Իրանի մասին ֆոնդային շուկայում խա՞ղ է

Ըստ Financial Times-ի՝ Իրանի հետ բանակցությունների մասին Թրամփի գրառումից մոտ 15 րոպե առաջ բորսայի առևտրականները մոտ 580 միլիոն դոլարի նավթային խաղադրույքներ են կատարել։

Մի քանի րոպեում Brent և WTI նավթի ֆյուչերսներով կատարվել է մոտ 6200 գործարք, ինչը կասկածներ է առաջացրել տեղեկատվության հնարավոր ներքին արտահոսքի վերաբերյալ։

Թրամփի հայտարարությունից հետո Իրանը հայտարարեց, որ դա խաղաղության առաջարկ չէ, այլ էներգակիրների չափազանց բարձր գները զսպելու փորձ։

Ամեն դեպքում, նավթի գները կրկին բարձրացան, բայց մի քանի ժամվա ընթացքում շուկայի մի շարք խաղացողներ լավ սերունցք հանեցին։

Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները անընդունելի և դատապարտելի են համարում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պառակտիչ արտահայտությունները՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերաբերյալ։

«Արցախցիներին միտումնավոր անվանարկելը ոչ միայն նվաստացուցիչ է, այլև իրականության կոպիտ խեղաթյուրում։ Խոսքը հազարավոր մարդկանց մասին է, ովքեր զրկվել են իրենց հայրենիքից՝ գոյաբանական սպառնալիքի պայմաններում և բռնի տեղահանման ճանապարհով։ Նրանց արժանապատվության հաշվին քաղաքական շահարկումը անթույլատրելի է։ Երբ պետության ղեկավարի պատասխանատվություն ստանձնած գործիչը սկսում է իր ժողովրդի իրավունքները ներկայացնել որպես «անիրատեսական» կամ «մոլորություն»՝ նա այլևս չի զբաղվում քաղաքականությամբ, նա զբաղված է սեփական անգործությունն ու ձախողումները արդարացնելով։

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման առարկա չէ։ Այն հիմնարար իրավունք է, որը չի կարող չեղարկվել որևէ պաշտոնյայի հայտարարությամբ կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման հայտարարությունների տարածումն ու տիրաժավորումը և ձեռնպահ մնալ հասարակությունը պառակտող հռետորաբանությունից։ Յուրաքանչյուր տեսակետ կամ արտահայտություն, հնչեցված պետական բարձր մակարդակում, անպայման թողնում է հետևանքներ, իսկ այդ հետևանքների պատասխանատվությունը պատմությունը շատ երկար է պահում:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական Հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

23 մարտի, 2026թ․»

Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR-ի դեմ՝ Արցախում պատերազմը ֆինանսավորելու համար

Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար։

Ասված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարության մեջ։

«2023 թվականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կողմից ստեղծված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի հետ համատեղ 2026 թ. մարտի 18-ին Շվեյցարիայում պաշտոնական բողոք է ներկայացրել SOCAR Trading SA ընկերության դեմ:

Բողոքում նշվում է, որ ընկերությունը խախտել է պատասխանատու գործարար վարքագծի միջազգային չափանիշները՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով մի պետության, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների համար:

«Նյութական աջակցություն» էթնիկ զտումներին

Բողոքը պաշտոնապես ներկայացվել է Շվեյցարիայի Ազգային կոնտակտային կետին (SECO)՝ համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ / OECD)՝ Բազմազգ ձեռնարկությունների համար նախատեսված 2011 և 2023 թթ. ուղեցույցների: ՏՀԶԿ Ուղեցույցների «Հատուկ դեպքերի» (Specific Instance) ընթացակարգի համաձայն՝ Շվեյցարիայի Ազգային կոնտակտային կետն այժմ կուսումնասիրի բողոքը և կորոշի հետագա գործողություններն ու իրավական պաշտպանության միջոցները:

«SOCAR Trading»-ը Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR)՝ Շվեյցարիայում տեղակայված դուստր ձեռնարկությունն է, որը հանդիսանում է Ադրբեջանի նավթային ոլորտի առևտրային ու ֆինանսական օղակը և ադրբեջանական պետության եկամտի առանցքային աղբյուրը: 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ամբողջական տեղահանությանը՝ փաստացի վերջ դնելով տարածաշրջանում հայերի դարավոր ներկայությանը։

Հիմնվելով բազմաթիվ հեղինակավոր փորձագետների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի վերլուծությունների վրա՝ բողոքը ներկայացրած կազմակերպությունները պնդում են, որ այս արշավն իրենից ներկայացրել է էթնիկ զտում և, հնարավոր է, ցեղասպանություն:

Բողոքը պնդում է, որ SOCAR Trading-ն իր ֆինանսական և առևտրային գործունեությամբ նպաստել է ադրբեջանական պետության տնտեսական ռեսուրսների համալրմանը և, հետևաբար, ըստ ՏՀԶԿ ուղեցույցների՝ ուներ հստակ պարտավորություն՝ իրականացնելու մարդու իրավունքների մանրակրկիտ, պատշաճ ուսումնասիրություն (due diligence) և արձագանքելու իր գործունեությունից բխող ռիսկերին։»

«Իրենց հայրենիքից մոտ 150,000 հայերի բռնի տեղահանումը Հարավային Կովկասում վերջին տասնամյակների լրջագույն հումանիտար ճգնաժամերից մեկն է», – ընդգծել է Չիկագոյում գործող միջազգային իրավաբան և Կոմիտեի անդամ Գառնիկ Քերքոնյանը: «Այդ գործողությունների համար պատասխանատու պետությանը ֆինանսապես աջակցող ընկերությունները չեն կարող անտեսել միջազգային չափանիշներից բխող իրենց պարտավորությունները»:

Շվեյցարիայի մանդատը Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար

Այսօր Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բողոքարկուները նաև հիշեցրել են, որ ուղիղ մեկ տարի առաջ Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներն ընդունեցին միջնորդություն՝ հանձնարարելով Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտին խաղաղության ֆորում կազմակերպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչների միջև: Մեկ տարի անց նման ֆորում դեռևս չի գումարվել:

Կոմիտեն և նրա գործընկերները հայտնել են իրենց շարունակական ակնկալիքը, որ Շվեյցարիայի իշխանությունները կկատարեն խորհրդարանի այս հանձնարարականը, որը, նրանց համոզմամբ, կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության կառուցման գործում:

«Շվեյցարիան պետք է ակտիվորեն ներգրավվի բնիկ ժողովուրդների պաշտպանության և նրանց ինքնորոշման իրավունքի ապահովման գործում, ինչպես երաշխավորված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ», – ասել է «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանը: «Որպես չեզոք պետություն՝ Շվեյցարիան ունի բարենպաստ դիրք՝ կառուցողական դեր խաղալու այս տասնամյակների հակամարտությանն արդարացի հանգուցալուծում տալու գործում»:

«Տևական խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտումների վրա», – նշել է Ցյուրիխում գործող «Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպություն» (Christian Solidarity International) ՀԿ-ի հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ջոել Վելդկամպը, ով նույնպես ելույթ է ունեցել մամուլի ասուլիսում: «Իրանի հետ նոր հակամարտությունն առավել քան երբևէ պարզ դարձրեց կենսական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության կառուցման կարևորությունը»:

Քայլեր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում․

Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի երկու անդամներ մասնակցում են Ժնևում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի տարեկան նստաշրջանին:

Ելույթ ունենալով լիագումար նիստերին մի քանի հավատարմագրված ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով՝ նրանք Խորհրդի ուշադրությունն են հրավիրել Բաքվի բանտերում հայ պատանդների՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ապօրինի պահման, Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը չկատարելու Ադրբեջանի մերժման (որով պահանջվում է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձն իրենց պատմական հայրենիք), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր և մշակութային հուշարձանների շարունակական ոչնչացման փաստերի վրա»:

«Արցախի բալիկներ»-ի համերգ․ մարտի 30

«Արցախի բալիկներ» վերածնված մանկա-պատանելան համույթը շարունակում է արցախյան ազգագրական գոհարների ներկայացումը հանդիսատեսին։ Ազգային Տիկնիկային Թատրոնի բեմում այս անգամ համույթը մարտի 30-ին կներկայացնի «Ձոն Արցախին» խորագիրը կրող համերգային ծրագիրը։

Ծրագրում ընդգրկված են սիրված այնպիսի երգեր, ինչպիսիք են «Ձոն Արցախին», «Ղարաբաղի բալիկն ենք», «Շուշվա կեղը», «Տմբլաչի Խաչան», «Վեր կաց եղբայր իմ», «Ու՞ր եք տղաներ», «Պիտի ապրենք» և այլն։
Համերգային ծրագիրը կուղեկցվի արցախյան պարերով և թատերականացված ասմունքով։

Համույթի գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Հարությունյան։
«Արցախի բալիկներ» համույթը գործում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության հովանավորությամբ։

Տոմսերի արժեքը՝ 1500, 2000 դրամ

Կազմակերպիչ՝ Գայանե Հարությունյան ԱՁ

Սեպտեմբերի 19-ին մենք մտածում էինք մեռնելու լավագույն տարբերակի մասին, սեպտեմբերի 25-ին տեսանք դժոխքը

Արդեն մի քանի տեղ հանդիպեցի, որ այդ աղջիկը էդքան համարձակ ա խոսել, քանի որ Նիկոլն ա իշխանության, մարդիկ ազատ են արտահայտվում, չեն վախենում, նախկին իշխանությունները լինեին՝ ոչ մեկ չէր համարձակվի… հարցը Նիկոլը չի բոլորովին, ոչ էլ «ժողովրդավար» Հայաստանը. ուղղակի ցանկացած արցախցի տեսել ա աշխարհի վերջը, ու դրանից հետո չի վախենում։ Սեպտեմբերի 19-ին մենք մտածում էինք մեռնելու լավագույն տարբերակի մասին, սեպտեմբերի 25-ին տեսանք դժոխքը. ձեր կարծիքով՝ դրանից հետո ինչ-որ քաղաքական գործչից հնարավո՞ր է վախենալ։ Ծայրահեղ սթրեսային իրավիճակներում, կյանքի ու մահվան շեմին ու համատարած քաոսում մարդը պարզապես թքած ունի այլ մարդկանց ազդեցության, ուժի կամ հեղինակության վրա, իսկ ամեն ինչ կորցնելուց հետո՝ առավելեւս։

Շուշիի հայության ցեղասպանությունից 106 տարի անց

106 տարի առաջ՝ 1920 թվականի մարտի 22-ին, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի վարչակազմի կողմից սկսվեց և չորս օր անընդմեջ՝ մինչև մարտի 26-ը ներառյալ, իրականացվեց հայոց հինավուրց բնակավայրերից մեկի՝ Շուշիի հայության ցեղասպանությունը:

Այդ թվականին Շուշիում ապրում էր մոտավորապես 44.000 մարդ, որից մոտավորապես 24.000-ը հայեր էին, 20.000-ը՝ պարսիկներ, լեռնային մահմեդականներ և այլն: Իրականացված ցեղասպանության հետևանքով հայերի թիվը կտրուկ նվազեց և կազմեց մոտավորապես 5000 մարդ:

Շուշիում իրականացված հայերի ցեղասպանությունը ոչ միայն ոճրագործություն էր հայ ազգի նկատմամբ, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Առաջադեմ մարդկության կողմից այն մինչև օրս չի ստացել ոչ քաղաքական, ոչ էլ իրավական գնահատական, ինչը թույլ է տվել Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերին ձևավորել և ինստիտուցիոնալացնել հայատյաց ու ցեղասպան գաղափարախոսություն՝ անարգել շարունակելով ցեղասպանական քաղաքականության իրականացումն Արցախի բնիկ տեր հայության նկատմամբ:

Հայ ազգի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական քաղաքականությունը նկատի առնելով` ցեղասպանության ուսումնասիրության և կանխարգելման հարցերով զբաղվող համաշխարհային հեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, վերջերս միանգամայն իրավացիորեն Ադրբեջանին համարել է ցեղասպան պետություն:

Հայաստանի Հանրապետությունում ազգային, շետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն և կարողություն ունեցող վարչակազմի ձևավորման պարագայում անհետաձգելիորեն պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր ի շարս հայ ազգի նկատմամբ իրականացված բազմաթիվ հանցագործությունների Ադրբեջանին ենթարկելու պատասխանատվության 1920թ. մարտին Շուշիի հայության ցեղասպանության համար:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Կարո՞ղ եք հստակեցնել, թե որպես ինչ եք ուզում վերադառնալ Արցախ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հիմնովին քանդեց որոշ ընդդիմադիր ուժերի առաջ տարվող ամուլ թեզն այն մասին, որ հիմա գլխավոր հարցը՝ արցախցիների վերադարձն է։ Ռոբերտ Քոչարյանը երեկ նույնիսկ ասել է, որ պետք է սկսեն վերադարձի իրավունքի միջազգային ճանաչումից։ 

Մենք անկեղծ չգիտենք, թե ում պայծառ մտքով է անցել քննադատության չդիմացող այս թեզը ներկայացնել որպես առաջնահերթություն և 2,5 տարի խլացնել և գրեթե մեռցնել դրանով Արցախի շուրջ քննարկումները և հնարավոր լուծումները։ Չգիենք, թե ով է որոշել պնդել այդ ի սկզբանե ճանաչված իրավունքը, այլ ոչ թե արցախցիների քաղաքացիության հարցը, գույքային իրավունքները, տեղահանվածի կարգավիճակը, արցախցիների իրավունքը իրենց պատմական հողի նկատմամբ (հրեաները հիմա նույնիսկ բիբլիական իրավունքի մասին են խոսում)։

Չէ, ընտրվել է երկու “անշառ” թեզ, որոնք, ըստ պայծառ մտքի, պետք է թույլ տան, որ գայլերը կուշտ լինեն և ոչխարները ողջ։ Խոսքը “վերադարձի իրավունքի” և “էթնիկ զտումների” ճանաչելու մասին է, ընդ որում, միջազգային իրավունքի մեջ երկուսի խախտումն էլ իրավական հետևանք չի ենթադրում։ 

Բայց հսկայական լոբիստական ուժեր, միջոցներ, հարյուրավոր նվիրյալներ լծվել են այս թեզերի առաջխաղացմանը, ակամա տորպեդավորելով հնարավոր բոլոր առարկայական բանակցությունները, այդ թվում, ուժի կիրառմամբ “համաձայնագրերի” և այլ անօրինական որոշումների վերաբանակցելը։ Արդյունքում արցախյան թեման գրեթե անհետացել է միջազգային օրակարգից։

Հիմա ընդդիմության դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում իշխող կուսակցության կարծիքից։ Միակ “տարբերությունը”՝ “վերադարձի իրավունքն” է, որը իշխանությունը հեշտությամբ օգտագործում է ոչ միայն ընդդիմության, այլև այդ թեզին անկեղծ հավատացած արցախցիների դեմ։ 

Երբ խոսում են վերադարձի իրավունքի մասին, ես ասում եմ՝ խնդրում եմ, ինձ կասե՞ք դետալիզացված, այդ վերադարձը ոնց է իրականացվելու, ի՞նչ պայմաններով։ Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ենթադրենք, այնտեղ դռները բացում են, ասում են՝ եկեք, այստեղ էլ այն մարդիկ, որոնք ուզում են գնան, գնում են, խնդրում եմ ինձ նկարագրեք պայմանների, եթե չասեմ ամբողջությունը, գոնե մասնակիորեն, արդյո՞ք դա նշանակում է գնում եք և լինում եք անկախ պետություն, թե՞ լինում եք Ադրբեջանի քաղաքացի, Ադրբեջանի անձնագրով գնում եք դպրոց, որտեղ հայերեն չկա։ Թե՞  օրինակ ոստիկանությունում այդ որոշակի տարածքում անպայման պիտի լինեն հայազգի ոստիկաններ, թե՞ ադրբեջանցի ոստիկանը նորմալ է, դատարանը և այս կարգի տասնյակներով հարցեր։ Որովհետև այդ հարցի պատասխանից շատ մեծ բան է կախված, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ կարող են տեսնել այդ մարդկանց անկեղծությունը, և անցյալի մասով, երբ որ իրենք մաքսիմալն էին պահանջում, և երբ մենք ասում էինք նշաձողը իջեցնենք, լուծումներ կգտնվեն, մեզ դատափետում էին ազգային բաներին դավաճանելու համար։

Հիմա տեսնենք կարո՞ղ է պարզվի այդ մարդկանց նշաձողը տասնյակ անգամներով ավելի ցածր է այն նշաձողից, որի մասին մենք էինք այդ օրերին խոսում։ Ես վախենամ հենց այդպես էլ պարզվի, դրա համար այդ մարդիկ որևէ կերպ չեն կոնկրետացնում, թե վերադարձ ասելով ինչ նկատի ունեն։ Խնդրում եմ, էդ մարդկանց տեսնելուց, մի հատ իմ կողմից հարց տվեք, ասեք Արարատ Միրզոյանը ձեզ հարց է տալիս, ինչպե՞ս եք պատկերացնում վերադարձը»,–ասաց ԱԳ նախարարը։

Կարելի է, իհարկե, վիճաբանել նախարարի հետ այս իրավիճակին հասցրած կառավարության քայլերի մասին, սակայն “վերադարձի իրավունքի” մասին նրա ասածը բացաձարկ ճշմարտություն է։ 

Ի վերջո, հրաժարվեք այդ իմպոտենտ թեզից՝ կամ ասեք՝ Արցախի վերադարձ, կամ գոնե պահանջեք արցախցինրի՝ որպես ՀՀ քաղաքացիների բոլոր իրավունքների պաշտպանություն։    

Գալյան․ Կառավարությունը տեղահանվածների նկատմամբ հոգատարություն է գեներացնում

Խնդրում եմ այլևս չփորձեք մեկնաբանել այնպես, որ տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ որևէ ձևով կարող է ատելություն գեներացվել իշխանության կողմից։ Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով մետրոյում միջադեպին, երբ Փաշինյանը արցախցիներին “փախածներ” անվանեց։

«Նախորդ շաբաթ ներառականության մասով մեծ միջոցառում ունեցանք, որը նվիրված էր տեղահանված մեր քույրերի և եղբայրների պաշտպանությանը։ Այնտեղ շատ մարդիկ կային, որոնք հաստատվել են Հայաստանում և օգտվում են սոցիալական ծրագրերից։ Այդ ամենում ես ոչ թե ատելություն նկատեցի իշխանության կողմից կամ, առհասարակ, վարած քաղաքականությունից, այլ ընդհակառակը՝ հոգատարություն, մեծ խնամք ու մեծ պատրաստակամություն աջակցելու։

Բռնի տեղահանված անձանց հետ կապված, այսօր կան և գործում են բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացվում են կառավարության կողմից, իսկ վարչապետը հանդիսանում է հենց այդ կառավարության ղեկավարը»,–ասաց նա։

Հայաստանը դեռ պատրաստ չէ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելուն․ ԱԳՆ

Հայաստանը դեռևս պատրաստ չէ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսել։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ, հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

Նրա խոսքով՝ չնայած «ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսելու մասին» օրենքի ընդունմանը, ներկայումս աշխատանքը հիմնականում կենտրոնացած է տարբեր ծրագրերի և բարեփոխումների իրականացման վրա, որոնց արդյունքներով հանրապետությունը պետք է սկսի համապատասխանել Եվրոպական միության չափանիշներին: «Այն պահին, երբ երկիրը սկսի համապատասխանել եվրոպական չափանիշներին, տվյալ հարցի վերաբերյալ կկայացվի քաղաքական որոշում: Այս փուլում նման որոշում չկա», – նշել է Կոստանյանը: