Հեղինակ՝ naira
Պապյան․ ո՞նց աշխարհը Արցախի անկախությունը ճանաչեր, եթե այն ՀՀ-ի մաս էր ճանաչել
Փաշինյանը չհերքեց, որ Google Maps-ում Տիգրանաշենն այլ անվան տակ է գրանցված
Google Maps-ի ողջ պատմության ընթացքում անվանումը (նկատի ունի Տիգրանաշենը–խմբ) չի փոխվել, այն մնացել է այնպիսին, ինչպիսին եղել է, պարզապես որոշ մարդիկ դա նոր են նկատել։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է ՔՊ–ի ընտրական ցուցակը։
Նա սուտ է անվանել այն պնդումը, թե ինքը ինչ-որ բան է հանձնում։
«Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և այդ հիմքով իրականացրել են դելիմիտացիա։ Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը նույնական են համապատասխանաբար Հայկական ԽՍՀ-ին և Ադրբեջանական ԽՍՀ-ին։
Մենք չենք կարող հրաժարվել անկլավների թեմայից, քանի որ մենք ինքներս էլ ունենք Արծվաշեն։ Ես չեմ կարող դրանից հրաժարվել, քանի որ դա քրեական հետապնդման հիմք է, ոչ ոք չի կարող հրաժարվել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Բայց սա հեշտ թեմա չէ։
Այս հարցի լուծման վերաբերյալ այս պահին որևէ պայմանավորվածություն չկա։ Այս թեմայով խոսելիս ես խոսում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքի վերադարձի մասին։ Եթե դելիմիտացիայի ընթացքում տեղի ունենա որոշակի օպտիմալացում, ապա այն կարող է տեղի ունենալ, և այդ գործընթացն այդ դեպքում կանցնի բաց, հրապարակային, թափանցիկ ձևով։
Մի բան ակնհայտ է՝ դելիմիտացիայի արդյունքում Հայաստանի տարածքը կկազմի 29 743 քկմ, սա երկաթե տրամաբանություն է։ Իսկ ճանապարհների և ենթակառուցվածքների խնդիրները կլուծվեն դելիմիտացիայի ընթացքում»,- նշել է Փաշինյանը։
Խոսքը գնում է դեպի Վայոց ձոր և Սյունիք միակ ճանապարհի մասին, որն անցնում է Երասխով և Տիգրանաշենի տարածքով։ Եթե այն փակվի, ապա կդառնա “մեծ ապաշրջափակման” դարաշրջանի (որի ընթացքում ոչ մի ճանապարհ չի բացվել) հերթական փակված ճանապարհը՝ դեպի Արցախ տանող երկու ճանապարհներից և Գորիս-Կապան մայրուղու փակումից հետո։
«Գազի թանկացում չի կարող լինել, մենք պայմանագիր ունենք, որը փոխշահավետ է». Փաշինյան
«Գազի թանկացում չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք, որը գործում է, և այդ պայմանագիրը փոխշահավետ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գազի գնի հետ կապված մենք հստակ ռազմավարական պայմանավորվածությունների ենք եկել»,- շեշտեց Փաշինյանը:
Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե «Գազպրոմ»-ը գազի գնի վերաբերյալ դիմել է Հայաստանի կառավարությանը: Նախօրեին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը որպես իրավասու գերատեսչության ղեկավար պնդեց, որ գազի թանկացման հետ կապված իրենք որևէ տեղեկություն չունեն:
Խուդաթյանի հավաստմամբ՝ առհասարակ նման հարց չի բարձրացրել «Գազպրոմ»-ը, թե գազի գինը պետք է վերանայվի:
Հիծեցնենք, որ մինչև Հայաստանի սահման գազի գինը որոշվում է միջպետական պայմանագրով, սակայն երկրի ներսում գործող գները կարող են լուծվել Գազպրոմի “հիմնավոր” հայտի հիման վրա։
ԱԱԾ–ն ներխուժել է «Մայր Հայաստան»–ի գրասենյակ. ձերբակալում են Անդրանիկ Թևանյանին
Այսօր՝ մայիսի 22–ին, վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ։ Կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը Facebook–ի իր էջում «լայվ» է մտել, որտեղ նա պահանջում է իրավապահներից նախ ծանուցագիր ներկայացնել, նոր սկսել քննչական գործողությունները, որից հետո միայն ինքը կանջատի հեռախոսը։
Իրավապահները պահանջում են անջատել հեռախոսը, քանի որ սա գաղտնի քննչական գործողություն է։ Այնտեղ է նաև Անդրանիկ Թևանյանը։ Այս մասին հայտնում է news.am-ը։
Մայիսի 21-ին ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։
Խոսքը 2024 թվականի իրադարձությունների մասին է․ ըստ ՔԿ-ի, Թևանյանը “622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ»:
Թևանյանը պնդում է, որ 2023-ին վայր է դրել պատգամավորական մանդատը և չէր կարող մասնակցել 2024-ի փակ նիստին։
Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչ էմոցիաներ է ունեցել 44-օրյա պատերազմից հետո
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ ապրումներ է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմից և Լեռնային Ղարաբաղի կորստից հետո։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հարցին, Փաշինյանն ասել է, որ իր գիտակցական կյանքում առաջին անգամը, երբ դադարել է ամեն օր աղոթել, եղել է 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո։
«Դրանից հետո երկարատև ծոմ եմ պահել, մեկ շաբաթ ո՛չ հաց եմ կերել, ո՛չ էլ ջուր եմ խմել։ Եթե դուք հարցնում եք իմ էմոցիաների մասին, դրանք են եղել իմ էմոցիաները։ Բայց հետո սկսել եմ մտածել՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ։ Եվ քայլ-քայլ հասկացել եմ, որ Հայաստանը ղարաբաղյան շարժմամբ դրվել է թակարդի մեջ, և այդ թակարդից պետք է դուրս գալ։ Ես ուրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել այդ թակարդից։ Էմոցիան կապված է ուրիշ բանի հետ, որ ես տեսնում եմ, որ այսօր որոշ մարդիկ, լրտեսական գործունեության տրամաբանության մեջ, Հայաստանն ուզում են հետ տանել կոնֆլիկտի թակարդի մեջ»,- ասել է նա։
Փաշինյանը հավելել է, որ ինքն էմոցիոնալ մարդ է, այդպիսին է եղել նաև լրագրող և ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ։
«Այո, ես էմոցիոնալ մարդ եմ, նորությո՞ւն է ձեզ համար։ Ես ընդդիմադիր պատգամավոր լինելու ժամանակ, լրագրող լինելու ժամանակ էմոցիոնալ չե՞մ եղել։ Ընդհանրապես մարդն էմոցիոնալ է, ես չեմ պատկերացնում մարդ՝ առանց էմոցիայի։ Առանց էմոցիայի մարդը կա՛մ տախտակ է, կա՛մ քյարփինջ է։ Ցավոք սրտի, մենք քաղաքական դաշտում տեսնում ենք այդպիսի բութ գործիքներ, որոնք օգտագործվում են տարբեր ուժերի կողմից»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ հետո վերականգնել է իր աղոթքները և նաև այդ առիթով է սկսել սաղմոսներ սովորել, որովհետև հոգևոր դատարկությունը լցնելու անհրաժեշտություն է ունեցել։
Փաշինյանը չի ասել, արդյո՞ք այն ժամանակ մտածել է հրաժարական տալու մասին։
Ինչ-որ մեկը անկայունացնում է իրավիճակը Բալթիկայում. երեք հիմնական տարբերակ
Ռեժեկնեի նավթամբարը, որտեղ անօդաչու թռչող սարք է ընկել 2026 թվականի մայիսի 7-ին
Անօդաչու թռչող սարքերը խախտում են Լատվիայի օդային տարածքը արդեն երրորդ օրն անընդմեջ։ Լատվիայի ազգային զինված ուժերը հայտարարել են, որ առնվազն մեկ անօդաչու թռչող սարք է հատել երկրի սահմանը հինգշաբթի՝ մայիսի 21-ին։ Օդային սպառնալիքը չեղարկվել է տեղական ժամանակով ժամը 14:57-ին։
Մայիսի 19-ին Էստոնիայի երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարք է խփվել։ Այն խափանվել է ՆԱՏՕ-ի Բալթյան օդային ոստիկանության առաքելության կողմից։ Մեկնաբանելով միջադեպը՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխյին հայտարարել է, որ Ռուսաստանը դիտավորյալ օգտագործում է էլեկտրոնային պատերազմի գորխիքներ (ԷՊ)՝ ուկրաինական բանակի անօդաչու թռչող սարքերը Բալթյան երկրներ ուղղորդելու համար։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունները հաստատում են ՆԱՏՕ-ի աղբյուրները ֆիննական «Իլտալեհտի» հրատարակությունում։
Մայիսի 20-ին Լիտվան հայտարարեց օդային հարձակման տագնապի մասին՝ Բելառուսից անօդաչու թռչող սարքի ներխուժման սպառնալիքի պատճառով։ Վիլնյուսում օդանավակայանը և երկաթուղային կայարանը ժամանակավորապես փակվել են, իսկ երկրի քաղաքական առաջնորդները, այդ թվում՝ նախագահ Գիտանաս Նաուսեդան և վարչապետ Ինգա Ռուգինիենեն, տեղափոխվել են ապաստարաններ։
Մայիսի սկզբին Ռուսաստանի Դաշնությունից Լատվիայի օդային տարածք երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մուտքից հետո երկրում քաղաքական ճգնաժամ բռնկվեց, որը հանգեցրեց պաշտպանության նախարարի և վարչապետի հրաժարականին։ Սա քանդեց իշխող կոալիցիան։
Լատվիայում ճգնաժամը բացահայտեց ՆԱՏՕ-ի պաշտպանության խոցելի կողմերը. վարչապետը պաշտոնանկ արեց պաշտպանության նախարարին՝ երկրի օդային տարածքը հատած անօդաչու թռչող սարքի վրա կրակ չբացելու համար։ Սակայն, երբ պարզվեց, որ անօդաչու թռչող սարքը ուկրաինական էր, այլ ոչ թե ռուսական, վարչապետն ինքը հրաժարական տվեց։
Ինչ-որ մեկը դիտավորյալ անկայունացնում է իրավիճակը Բալթյան երկրներում։ Վերլուծաբանները քննարկում են մի քանի տարբերակ. Ռուսաստանը պատրաստում է հիբրիդային հարձակում Բալթյան երկրներից մեկում՝ Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար ճակատ բացելու և նրանց ուշադրությունը Ուկրաինայից շեղելու համար։ Մեկ այլ տարբերակ է այն, որ Ուկրաինան է Եվրոպային և ՆԱՏՕ-ին ուղղակի հակամարտության մղում Ռուսաստանի հետ։
Մեկ այլ տարբերակ, որը քննարկվում է, Ռուսաստանի կողմից Սուվալկիի միջանցքի բռնագրավումն է՝ Բալթյան երկրները Եվրոպայից անջատելու և Բելառուսի միջոցով Կալինինգրադ ուղիղ ճանապարհ ստանալու նպատակով։
Սուվալկիի միջանցքը Լեհաստանի և Լիտվայի միջև սահմանի մոտավորապես 100 կիլոմետր երկարությամբ հատված է։ Այս տարածքը արևմուտքից սահմանակից է Ռուսաստանի Կալինինգրադի մարզին, իսկ արևելքից՝ Բելառուսի Հանրապետությանը։ Սահմանի այս հատվածը միակ ցամաքային ուղին է, որը Լեհաստանի միջոցով Լիտվան, Լատվիան և Էստոնիան կապում է Եվրոպայի հետ։
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել. ինչո՞ւ չես զոհվել
Արթուր Օսիպյանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճել էր նրա ընտրարշավի ժամանակ, հացադուլ է հայտարարել 2026 թվականի մայիսի 18-ին ձերբակալվելուց ի վեր, ըստ արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի։
Նախորդ օրը 55-ամյա մի տղամարդ ինքնասպան է եղել հոգեբուժարանում՝ մեկ օր ոստիկանություն պահվելուց հետո։ Գյուղապետը նրա մասին հայտնել էր ոստիկանություն՝ «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավի պաստառը պատռելու համար։ Տղամարդը առաջարկել էր ներողություն խնդրել, բայց հիվանդ տղամարդուն քարշ են տվել ոստիկանական բաժանմունք և մեղադրանք առաջադրել քրեական հանցագործության համար։
Human Rights Watch-ը հատուկ հայտարարություն է տարածել տղամարդու ինքնասպանության վերաբերյալ՝ որպես ընտրարշավի ընթացքում տեղի ունեցած աղաղակող միջադեպ։
Իրավապահ մարմինները չեն կարողանում համապարփակ բացատրություն տալ այս միջադեպի, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում մահերի անհամաչափ բարձր թվի համար։ Փակ հաստատություններում մահը այլևս համարվում է ընդունելի, իսկ զոհվելը՝ «ճիշտ բան»։
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանի վերջին հարցից հետո Նիկոլ Փաշինյանը հարձակվել է նրա վրա՝ ասելով. «Ինչո՞ւ դու չես զոհվել մեր տղաների փոխարեն։ Ինչո՞ւ ես դու այստեղ»։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երիտասարդին նույն հարցն է տվել. «Ձեր գերդաստանում վեց տղամարդ կա, ինչո՞ւ ոչ ոք չի զոհվել»։
Քաղաքական պաթոլոգոանատոմների բառապաշարը, որոնք փորձում են հայրենասիրությունը, հաղթանակը, դիմադրությունը և պայքարը չափել մահերի թվով, գնալով ավելի ակնհայտ է դառնում։ 35-ամյա ազգային-ազատագրական շարժման միակ արդյունք են ներկայացնում Եռաբլուրը, մարդկանց սպառնում են որդիների մահով, եթե չքվեարկեն այս կամ այն կուսակցության օգտին, արցախցիներին մեղադրում են «փախչելու» և չմահանալու մեջ, մինչդեռ մարդկային կյանքն ու արժանապատվությունը վերածվում են քաղաքական փոխարժույթի։
«Վերադարձ» Կիոկուշին կարատեի ակումբի 40 մրցանակային տեղեր է զբաղեցրել
«Վերադարձ» Կիոկուշին կարատեի ակումբը մասնակցել է Հայաստանի գավաթի խաղարկությանը․ 40 մարզիկ՝ մրցանակային տեղերում
«Վերադարձ» Կիոկուշին կարատեի ակումբ հասարակական կազմակերպությունը հիմանդրվել է Արցախի տեղահանությունից հետո՝ Արցախի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի բազզայի վրա և հանդիսանում է արցախյան միակ մարզական կազմակերպությունը, որը օրինական գործում է Հայաստանի Հանրապետությունում։ Ակումբը ստեղծվել ու ակտիվ գործունեություն է իրականացնում ՀԿ նախագահ Արմեն Պետրոսյանի անմիջական նախաձեռնության ու ջանքերի շնորհիվ։
Կատարված աշխատանքների և մարզիկների ձեռքբերումների մասին է պատմում ակումբի ղեկավարը
-Տեղահանությունից անմիջապես հետո, հոկտեմբեր ամսում ձեռնամուխ եմ եղել մարզադահլիճ որոնելու աշխատանքներին, միաժամանակ փորձել եմ հավաքել իմ սաներին։ Սկզբնական շրջանում հավաքվել է 50 աշակերտ։ Նոյեմբերի 20-ին արդեն իսկ անց ենք կացրել մեր առաջին պարապմունքը՝ Երևանի հ․ 17 հատուկ դպրոցի մարզադահլիճում։ Այն ձեռք բերելու հարցով դիմել եմ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, բազմաթիվ անգամ հանդիպել եմ դպրոցի տնօրենության հետ։ Քանի որ դպրոցը նախատեսված է հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար, ու մարզադահլիճը չէր օգտագործվում, փորձել եմ համոզել՝ այն մեզ տրամադրելու համար։
«Վերադարձ» Կիոկուշին կարատեի ակումբն արցախյան այն կազմակերպությունն է, որտեղ 104 երեխա ստանում է անվճար մարմնակրթական դաստիարակություն։ Արցախում եղել եմ միակ մարզիչը, որը մարզումները կազմակերպում էր անվճար։ Շրջափակման ժամանակ զրկված էի պետության կողմից տրամադրվող դրամական բավարարումից, սակայն դա չէր խանգարում, որ շարունակվեն պարապմունքները։
Այս երեք տարիների ընթացքում մենք կարողացել ենք անցկացնել մի շարք ներքին առաջնություններ՝ «Արցախը մենք ենք» խորագրով ակումբի փակ առաջնություն, 2 հաշվետու մրցույթ՝ տարին ամփոփելու համար։
Վերջին ամփոփիչ մրցությանը մասնակցել է 134 երեխա։ Ցավոք, չեն լուսաբանվել մեր երեխաների հաջողությունները։ Մասնակցել ենք նաև մի շարք միջազգային առաջնությունների, որոնց թվում են Օյամայի գավաթի, ինչպես նաև Հունգարիայում անցկացված աշխարհի գավաթի առաջնությունները։
Լինելով կազմակերպված կառույց՝ մասնակցում ենք ՀՀ-ում կազմակերպվող տարաբնույթ մարզական առաջնությունների։ Մասնակցել ենք ինչպես 2024, 2025 թվականներին կազմակերպված Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի առաջնությանը, այնպես էլ վերջերս՝ 2026 թվականի խաղարկությանը։ Վերջինը «Միկա» մարզադահլիճում է կազմակերպվել, որին մասնակցել են մոտ 800 երեխաներ՝ Երևան քաղաքից ու ՀՀ տարբեր մարզերից։ Արցախը մասնակցել է 64 հոգանոց կազմով, որոնցից 40 մարզիկ զբաղեցրել են մրցանակային տեղեր․ 12-ը՝ առաջին տեղ։
Մեր ակումբի ստեղծման ու զարգացման գործին, ցավոք, Արցախի ոչ մի ղեկավար, սպորտի որևէ ներկայացուցիչ չի մասնակցել։ Մեր ողջ պատմությունը՝ սկսած Արցախից, մինչև այսօր, միայն իմ միանձնյա աշխատանքի շնորհիվ է։
Մեր մարզական կառույցը միակ կառույցն է, որը իրականացնում է մարմնակրթական և մշակութային խնդիր։ Կենդանի շփման միջոցով մենք պահպանում ենք նաև մեր բարբառը, որը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար։ Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ իմ առաքելությունն իրականացնել ազնվորեն և անել հնարավորը, որ մեր երեխաները շարունակեն մարզվել, կոփվել և միշտ շփվել իրար հետ՝ չմոռանալով Արցախը։
Մեր կարգախոսն է՝ Արցախը մերն է, նպատակը՝ վերադարձ․․․
Կարինե Բախշիյան
Մայիսի 21-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ օդերևութաբանները կանխատեսում են օդի ջերմաստիճանի անկում ամբողջ Հայաստանում։
Մայիսի 21-ին ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով։
Ավելին, մայիսի 21-ից 25-ը երկրի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ՝ ամպրոպով, որոշ վայրերում հնարավոր է կարկուտ։
Մայիսի 21-ին Շիրակում և Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կլինի 15°C, Կոտայքում՝ 16°C, Լոռիում՝ և Արագածոտնում՝ 17°C, իսկ Տավուշում՝ 22°C։ Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում՝ 20°C, իսկ Սյունիքում՝ 24°C։
Երևանում մայիսի 21-ից 25-ը ևս սպասվում են կարճատև անձրևներ՝ ամպրոպով, ինչպես նաև փոթորկային քամի (17-20 մ/վ)։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +20°C։
Երևանում կայացել է Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը
Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:
Ողջույնի խոսքով է հանդես եկել «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ։
Google-ը փոխել է Տիգրանաշենի անվանումը և ընդգծել որպես ոչ ՀՀ տարածք. Մարուքյան
Բազմաթիվ օգտատերեր համացանցում տեղեկություններ են տարածում, որ Google-ը փոխել է Տիգրանաշենի անվանումը և ընդգծել որպես ոչ ՀՀ տարածք։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին որևէ փաստաթուղթ կամ իրավական հիմք չի ներկայացրել, որ Հայաստանի տարածքում գտնվող Տիգրանաշենը անկլավ է, ՀՀ տարածքի մաս չէ և մեզ չի պատկանում։ Չկա որևէ իրավական հիմք, չկա որևէ նյութ։Այն, ինչ ասում եմ, եղել է նաև ՀՀ պաշտոնական դիրքորոշումը՝ ՀՀ տարածքում ադրբեջանական անկլավներ չկան։Տարածվող տեղեկությունները, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի և վարչապետի վերջին հայտարարությունները վկայում են սպասվող արհավիրքի մասին։


