«Օրրան»-ի 160 շահառու երեխաների «Տաշիր Արենան» հրավիրել է ամանորյա կրկեսային շոուի

«Օրրան» բարեգործական կազմակերպության 160 շահառու երեխաների օրերս «Տաշիր Արենան» Տաթևիկ Կարապետյանի նախաձեռնությամբ հրավիրել էր ամանորյա կրկեսային շոուի։ Գունագեղ բեմադրությունը և ջերմ մթնոլորտը երեխաների համար հեքիաթային տրամադրություն էր ստեղծել։ Այդ մասին հայտնում է news.am-ը։

Աննկարագրելի էին Արցախում մեծացած ութամյա Յանի հույզերը․ նրա մանկության վաղեմի երազանքն էր գոնե մեկ անգամ հաղորդակցվել կրկեսի կախարդական աշխարհին և անձամբ զգալ դրա հմայքը։ Նա, շունչը պահած, աչքերը լայն բացած, հետևում էր ակրոբատների ճկուն շարժումներին, որոնք ուղեկցվում էին լուսային և ձայնային էֆեկտներով։ Յանը խոստովանեց, որ իրականացավ իր երազանքներից առաջինը՝ մասնակցել կրկեսային ծրագրին, իսկ երկրորդը մնում է նրա ու շատերի ամենամեծ ցանկությունը՝ վերադարձը Արցախ։

Ինչպես ասաց Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, «Տաշիր Գրուպի» նախաձեռնությունները ապացուցում են, որ բիզնեսն ու հասարակությունը կարող են ձևավորել փոխվստահության վրա հիմնված հարաբերություն, իսկ իրականացվող անշահախնդիր քայլերը՝ ամրապնդել հավատը բարության, կարեկցանքի և սոցիալական պատասխանատվության արժեքների արժեքների նկատմամբ։

Կալինինգրադի շրջափակման փորձը լարվածությունը կբարձրացնի աննախադեպ մակարդակի. Պուտին

Կալինինգրադի մարզի շրջափակման փորձը կբարձրացնի լարվածությունը մինչև աննախադեպ մակարդակ, հնարավոր է՝ հանգեցնելով լայնածավալ ռազմական հակամարտության, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում:

Նրան հարցրել են, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե եվրոպական պետությունները շրջափակեն Կալինինգրադի մարզը:

Պուտինը հույս է հայտնել, որ դա տեղի չի ունենա:

«Եթե մեզ այսպես սպառնան, մենք կվերացնենք այդ սպառնալիքները: Եվ բոլորը պետք է հասկանան և գիտակցեն, որ նման գործողությունները պարզապես կհանգեցնեն հակամարտության աննախադեպ սրացման: Նրանք այն կբարձրացնեն բոլորովին այլ մակարդակի և կընդլայնեն, հնարավոր է՝ հանգեցնելով լայնածավալ զինված հակամարտության», – ասել է նա:

Euronews. բենզին են ներկրում, բայց հայ գերիները դեռ Բաքվում են

Ադրբեջանը երկաթուղով նավթամթերք է ուղարկել Հայաստան, ինչը տասնամյակների ընթացքում առաջին նման արտահանումն է և զգալի առաջընթաց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ջանքերում,  գրում է Euronews-ը։

Երկու կողմերի պաշտոնյաներն էլ նշել են, որ այդ արտահանումը քաղաքական հռետորաբանությունից այն կողմ անցնող կարևոր քայլ է և ցույց է տալիս խաղաղության գործնական տնտեսական օգուտները։

Երկու կառավարություններն էլ ընդգծել են ռազմական գործողությունների պատճառով տարիներ շարունակ կասեցված երկաթուղային հաղորդակցության վերականգնման խորհրդանշական կարևորությունը՝ որպես տարածաշրջանային ավելի լայն կապերի վերականգնման հիմք։

Սակայն նման ժեստերի ֆոնին հիմնական հարցերը մնում են չլուծված՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագիրը և Բաքվում փակ դատական ​​նիստերը, որտեղ մարդու իրավունքների պաշտպաններին և լրագրողներին մուտքն արգելված է։ Այդ փաստերը քննադատության են արժանացել և կասկածի տակ են դրել վստահության կառուցման և մարդասիրական համաձայնագրերի լիարժեք իրականացումը։

Թուրքիան և Քաթարը միացել են Մայամիում Ուկրաինայի հարցով բանակցություններին

Այսօր ԱՄՆ Մայամի քաղաքում նախատեսված է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցման վերաբերյալ խորհրդակցությունների նոր փուլ։ Բանակցությունները կանցկացվեն ընդլայնված կազմով։

Բացի Ուկրաինայից և Միացյալ Նահանգներից, բանակցություններին կմասնակցեն Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականներ։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

Լրագրողների խոսքով՝ բանակցություններին կմասնակցեն նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Կատարի վարչապետը։

Արցախցի ընտանիքներին աջակցելու հարցում Սայիդա Պողոսյանին օգնում են բազմաթիվ մարդիկ

Արցախից բռնի տեղահանված շատ ընտանիքներ դեռեւս գտնվում են սոցիալապես ծանր վիճակում։ Սայիդա Պողոսյանն ընկերների աջակցությամբ այս օրերին փորձում է միջոցներ հայթայթել՝ արցախցի սոցանապահով ընտանիքների երեխաների ամանորյա երազանքն իրականություն դարձնելու համար։ Հայաստանի տարբեր մարզերից նամակներ ու աջակցության հայտեր են ստացվում, երեխաները տաք հագուստ, կոշիկ, սնունդ ու նվերներ են խնդրում։

Կան երեխաներ, ովքեր առողջական, տեսողական, շարժողական եւ այլ լուրջ խնդիրներ ունեն եւ Ձմեռ պապիկից խնդրել են ոչ թե խաղալիքներ, այլ օպտիկական ակնոցներ, դեղեր, բժշկական պարագաներ։ «Այս նամակները կարդալիս ես բառացիորեն կորցրել էի խոսելու ունակությունս։ Հավատացեք՝ այս երեխաների մանկությունը զրկված է անհոգությունից, այն ծանրաբեռնված է հոգսերով, ցավով ու խնդիրներով»,- ասում է Սայիդա Պողոսյանը։

Step1.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ցավոք, արցախցիները դեռեւս ունեն չլուծված հարցեր, կարիքները շատ են։ «Մեկ շաբաթում 1700-ից ավելի կարիքների հայտ է լրացվել, այդ թվում են շատ երեխաներ, ովքեր ակնկալիք ունեն Ձմեռ պապիկից ամանորյա նվերներ ստանալու։ Ինձ համար էլ է անընդունելի, որ երեխան Ձմեռ պապիկից սպասում է տաք հագուստ, կոշիկ, բայց քանի որ իրենք բնակվում են մարզերում՝ սահմանամերձ գյուղերում, մենք ընտրել ենք երեխաներին եւ փորձելու ենք անել անհնարինը, որ նրանք կարողանան Ամանորը դիմավորել նոր հագուստով ու նոր հույսով»,- ասաց Սայիդա Պողոսյանը։

Նա նշում է, արցախցիների շրջանում դեռեւս մեծ է գործազրկության ցուցանիշը։ «Ես ձեզ օրինակ բերեմ, արցախցիներից մեկը, որը լավագույն զինվորականներից է, ընդունել է ՀՀ քաղաքացիություն, որպեսզի աշխատանքի անցնի պետական համակարգում, բայց իրեն չեն ընդունում։ Եվ այս պահին դատական գործընթաց կա այդ հարցով, թե ինչու լավագույն մասնագետին աշխատանքի չեն ընդունում Պաշտպանության նախարարությունում։ Այսինքն՝ դեռ խտրական վերաբերմունքը շարունակվում է, եւ այս ամենը բերում է նրան, որ մի օր պետք է արթանանք ու տեր կանգնենք մեր իրավունքներին»,- ասաց նա։

Սոցանապահով արցախցի ընտանիքներին աջակցելու հարցում Սայիդա Պողոսյանին օգնում են բազմաթիվ մարդիկ․ «Ամեն տարի իմ ընկերներն են նախաձեռնության հիքմում կանգնած եղել։ Այս տարի էլ աշխարհի տարբեր երկրներից կրկին ընկերներս են աջակցում եւ Հայաստանում ապրող շատ հայրենակիցներ, ովքեր 2020 թվականից այս նախաձեռնության հիմքում կանգնած են։ Այստեղ հայն է, ով անտարբեր չէ իր հայրենկացի նկատմամբ»։

Սայիդա Պողոսյանը նաեւ տեղեկացնում է, որ հավատարիմ մնալով նախորդ տարվա ոգեշնչող ավանդույթին՝ այս տարի եւս հայտարարում են «1000 ընկեր-1000 դրամ» գաղափարի շուրջ միավորման մասին։ «Յուրաքանչյուրիդ անձնազոհ աջակցությունը հնարավորություն է ընձեռում, որ գալիք հրաշալի տոնին մեր փոքրիկն ապահովենք ձմեռային տաք հագուստով եւ կոշիկներով»,- նշում է նա։

Ովքեր ցանկանում են օգնել, գործում են հետեւյալ հաշվեհամարները՝

IDram 077207219

4318 2700 0055 6090

IDBank

4083 0600 1534 0876

AmeriaBank

Sayida Poghosyan

5454 7900 0066 2235

Converse Bank EUR

4847 0300 0012 4962

Converse Bank AMD

19300918737101 USD

Converse Bank

Converse Bank RUB

19300077594358

 

 

Հայաստանը կգնի 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.

«Միջնադարյան հայկական փայտագործության այս եզակի նմուշը՝ 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկը, կառավարության այսօրվա որոշմամբ կգնվի Լոնդոնի միջազգային աճուրդից և կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան»։

Նկարագրված մշակութային արժեք ներկայացնող դռան փեղկը ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում Սէմ Ֆոգի պատկերասրահում: Հաշվի առնելով նկարագրված փեղկի արժեքավոր նշանակությունը Հայաստանի, հայ մշակույթի և կրոնի համար՝ որոշվել է ձեռք բերել փեղկը և տեղափոխել այն Հայաստան: Հայաստան տեղափոխելուց հետո արժեքը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում։

Արժեքի ձեռքբերման համար բրիտանական պատկերասրահը առաջարկել է վաճառքի գին՝ 330.0 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 165.0 մլն դրամ): Պետք է կատարվեն նաև տեղափոխման և ապահովագրության ծախսեր: Ընդհանուր անհրաժեշտ հատկացումը կազմում է 175,360.0 հազար դրամը, որը կհատկացվի Մշակույթի զարգացման հիմնադրամին և վերջինիս կողմից կապահովվեն բոլոր գործարքները:

«Մինչև 1990-ական թվականները մեզ հայտնի էր միայն 8 նման կտորի մասին [տեղեկություն], և փայտի փորագրության նմուշները բացառիկ են: Այս պարագայում խոսում ենք մի նմուշի մասին՝ այդ 8-ից մեկի, որը շրջանառության մեջ է դրվել 1980-ականների վերջերին և գտնվել է Նյու Յորքի մասնավոր հավաքածուում:

Բոլորովին վերջերս Արշիլ Գորկու մի կտավ ենք ձեռք բերել, որը շուտով կլինի Հայաստանում. այդ աշխատանքի ժամանակ ենք նկատել այս փեղկը: Սա հին հայկական եկեղեցիների մուտքի համար օգտագործված փեղկ է՝ Բագրատունյաց շրջանին բնորոշ: Իրականացվել են նաև համապատասխան ռադիոածխածնային վերլուծություններ, որոնք վկայում են նրա տարիքի մասին: Կան նաև հրապարակված հոդվածներ, որոնք վկայում են դռան մշակութային նշանակության մասին: Նաև գործուղել էինք մասնագետ, որը տեղում համոզվել է, որ այն, ինչ ձեռք ենք բերում, բացառիկ նշանակություն ունի:

Նախատեսում ենք, որ փեղկը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում»,- հայտարարել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Թրամփը կասեցրել է «Գրին քարտի» ծրագիրը

Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը կարգադրել է կասեցնել «գրին քարտի» խաղարկության ծրագիրը՝ հայտարարելով, որ այն թույլ է տվել Բրաունի համալսարանում հրաձգության մեջ կասկածվողին մուտք գործել ԱՄՆ։

«Այս սարսափելի անձին երբեք չպետք է թույլատրվեր մուտք գործել մեր երկիր», – X-ում գրել է Նոեմը։

«Գրին քարտի» խաղարկության միջոցով մինչև 50 հազար մարդու հնարավորություն է տրվում ստանալ ԱՄՆ-ի մշտական բնակության իրավունք՝ հիմնականում այն երկրներից, որոնք քիչ են ներկայացված ԱՄՆ-ում։

2017 թվականին՝ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում, նա ևս պնդում էր ծրագրի չեղարկման վրա՝ Նյու Յորքում Ուզբեկստանից ներգաղթյալի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումից հետո։

2025 թվականի լոտոյին դիմել է մոտ 20 միլիոն մարդ, որից ընտրվել է 130 հազարը։ Սակայն հաղթելուց հետո նրանք դեռ պետք է անցնեն մանրակրկիտ ստուգում՝ ԱՄՆ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար։

Թրամփը «համոզեց» Լուկաշենկոյին, բայց չի կարողանում «ճնշել» Ալիևի՞ն․ ազատություն գերիներին

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից անօրինական կերպով պահվող հայ գերիներին։

«Այս պատանդները գործնականում մոռացվել են միջազգային հանրության կողմից, չնայած այն հանգամանքին, որ պահվում են մի պետության կողմից, որը վերջին հինգ տարիների ընթացքում երեք անգամ ռազմական գործողություններ է սկսել հայերի դեմ։ Նրանց ազատ արձակումը նախագահի համար մեծ մարդասիրական և աշխարհաքաղաքական հաղթանակ կլինի», – ասվում է X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված հայտարարության մեջ։

Նամակի հեղինակները կարծում են, որ բոլոր հայ գերիների վերադարձը կհաստատի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Թրամփի հայտարարած առաքելությունը։ Լեմկինի ինստիտուտը նշել է, որ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել է պաշտպանել հայ քրիստոնյաներին։

Հիշեցնենք, որ վերջերս Թրամփի միջնորդությամբ «Եվրոպայի միակ բռնապետ» Ալեքսանդր Լուկաշենկոն ազատ արձակեց հարյուրից ավելի քաղբանտարկյալների, այդ թվում՝ քաղաքական հակառակորդների, որոնք երկարատև բանտարկության մեջ էին։

BBC-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի դատախազությունը պահանջում է ցմահ բանտարկություն Լեռնային Ղարաբաղի նախկին պետական ​​նախարար և ռուսաստանյան միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի համար։

Բաքվի ռազմական դատարանը քննում է Հայաստանի քաղաքացի Վարդանյանի դեմ քրեական օրենսգրքի 20 լուրջ հոդվածներով առաջադրված մեղադրանքները, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է երկարատև բանտարկություն։ Դրանք ներառում են ագրեսիվ պատերազմ վարելը, խոշտանգումները, ահաբեկչությունը, պատերազմի օրենքների և սովորույթների խախտումը, մարդկանց առևանգման կազմակերպումը և այլն։ Մեղադրանքները ներառում են 1992-1994 թվականների Առաջին Ղարաբաղյան պատերազմի իրադարձություններին վերաբերող մդրվագներ։

Գործարարը հերքում է մեղքը և դատավարությունը որակում քաղաքական։

BBC-ն հիշեցնում է, որ առնվազն 20 հայ պահվում է Բաքվի բանտերում՝ առանց պատշաճ դատավարության, և Երևանը նրանց անվանում է պատանդներ և քաղբանտարկյալներ ադրբեջանական իշխանությունների ձեռքում։

«Այս տարվա փետրվարին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որում դատավարությունները որակեց «բեմադրված», «կոպիտ ընթացակարգային խախտումներով և խոշտանգումների ակնհայտ նշաններով»։ Արտաքին գործերի նախարարությունը հիշատակեց ինչպես չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներին, այնպես էլ սովորական ռազմագերիներին։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նույնպես հատուկ բանաձևով պահանջեց հայ գերիների ազատ արձակումը», – հաղորդում է BBC-ն։

“Չեմ հասկանում, ինչի պետք է տանից գնայինք։ Պատերազմն ինչ է, ինչի՞ համար է”

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ ստեղծվել է ՙՙԱրցախից Հայաստան՚՚ խորագրով մարդկային պատմությունների շարք, որը ներկայացնում է պատմություններ Արցախից բռնի տեղահանված տարբեր ընտանիքների մասին:  

Պատմում է ընտանիքի մայրը․

Հոկտեմբերի 1-ին հասանք Հարթագյուղ։ Արցախից դուրս էինք եկել սեպտեմբերի 25-ին, իսկ 28-ին արդեն Գորիսում էինք։ Մեզ երկու տարբերակ առաջարկվեց՝ գնալ Վանաձոր կամ Սպիտակ։ Քանի որ ամուսնուս՝ Արմենի առողջական վիճակը թույլ չէր տալիս Վանաձորում մնալ (շատ խոնավ է), որոշեցինք գնալ Սպիտակ: Գյուղապետի աջակցությամբ մնացինք Հարթագյուղում:

«Հարմարվելը…նորմալ, եթե կարելի է ասել։ Ամուսինս՝ Արմենը, զինվորական է, պատերազմի մասնակից, վիրավորվել է պատերազմի ժամանակ, հիմա զինվորական թոշակ է ստանում։ Ես չեմ կարող աշխատել՝ տանն եմ մնում, խնամում եմ նրան։ Օրս սկսվում է պայուսակներ կարելով ու երեխաներին խնամելով։ Տան բոլոր հոգսերը իմ ու մեծ աղջկաս վրա են։ Բժիշկ է երազում դառնալ։»

«Ոչ մի բաժանում ղարաբաղցիների ու հայաստանցիների միջեւ չեմ զգացել։ Առաջին իսկ օրը գյուղապետն ու իր ընտանիքը մեզ ընդունեցին շատ ջերմ:

Կյանքս առավոտյան երեխաների համար նախաճաշ պատրաստելով է սկսվում, ճանապարհում եմ դպրոց, հետո խնամում ամուսնուս:

Մեծ աղջիկս է օգնում, չնայած չի սիրում տնային գործեր անել, ավելի շատ կենտրոնացած է իր ապագա մասնագիտության վրա»։

«Առաջին ու ամենակարեւոր նպատակը՝ տուն ունենալն է:

Հետո՝ երեխաներիս ուսման հարցը»:

«Զգում եմ կարոտ… Մարդիկ այստեղ բարեհամբույր են, բայց ամեն քայլափոխը Արցախն է հիշեցնում։ Հաճախ քարտեզով նայում ենք մեր գյուղը, մեր տունը, այգին։ Տները քանդված են, դպրոցն էլ, մեր բակը, տանիքը… ծառերն էլ չկան: Սիրուն այգի էր: Հիմա ամեն ինչ քանդում է, ոչինչ չեն կառուցում:

Ես սովորություն ունեմ ամեն ինչ նկարելու, բայց տեղահանման օրը ոչինչ չնկարեցի: Չէի ուզում հիշել»:

Պատմում է ընտանիքի հայրը․ Սկսել եմ ծառայել 2013-ից: 2020թ նոյեմբերի 7-ին վիրավորվեցի, 9-ին՝ պատերազմն ավարտվեց: Մարմինիս ամեն հատվածը վիրավորված էր: Միայն մի ոտքս ու ձեռքս են անվնաս մնացել։ Ամիս ու կես կոմայի մեջ էի:

7 ամիս կինս Երեւանում մնաց, հիվանդանոցում ինձ էր խնամում: Երեխաները տանը մենակ էին մնում: Մեծ աղջիկս այն ժամանակ 9 տարեկան էր ու տան ամբողջ հոգսը իր վրա էր մնացել՝ և դաս էր անում, և փոքրերին պահում, լողացնում, լվացք անում, ուտելիք պատրաստում: Հարեւանները չէին էլ կռահել, որ տանը մեծ չկար:

Պատմում են երեխաները

Լիլիա (12)․ Ղարաբաղում մեր տունն էի շատ սիրում, բայց այստեղ դպրոցն ավելի լավն է: Չեմ հասկանում, ինչի պետք է տանից գնայինք։ Պատերազմն ինչ է, ինչի՞ համար է: Կարոտում եմ Ղարաբաղից ընկերներիս, խաղալը, իսկ էստեղ ընկերներ չունեմ, մերոնց հետ եմ խաղում։ Ղարաբաղում ես պարի էի գնում, Սամվելը` կարատեի, էստեղ ոչ մի տեղ չենք գնում»։

«խաղաղությունը այն է, երբ մարդիկ իրար ոչ մի բան չեն անում ու հանգիստ ապրում են»:

Լուսինե (14)․ չեմ սիրում Հայաստանի կյանքը, երեւի սիրում եմ ընկերասիրությունը ու երազում եմ սրտաբան դառնալ։ Պատրաստ եմ 15-20 տարի սովորել դրա համար։ Հույս ունեմ, որ մի քանի տարուց վերադառնալու են հայրենիք: Երազում եմ հետ գնալ Արցախ ու որ պապան ապաքինվի, բայց դժվար թե լավանա:

Սամվել (9)․ երազում եմ, որ հայրիկը առողջանա ու վերադառնանք Ղարաբաղ: Ու կվադրոցիկլ եմ ուզում։ Ուզում եմ զինվորական դառնալ, որովհետեւ հայրիկս է զինվորական եղել, ու բոլորն են զինվորական եղել:

Խաղաղությունը այն է, երբ մարդիկ իրար չեն սպանում ոչ մի երկիր մյուսի վրա չի հարձակվում: Բայց ես չեմ կարծում, որ խաղաղություն կլինի: Էսքան տարի ամեն օր սպանել են…»։

 

ԵՄ առաջնորդները համաձայնության եկան Ուկրաինային 90 միլիարդ եվրո հատկացնելու հարցում

16-ժամյա հանդիպման ընթացքում ԵՄ առաջնորդները չկարողացան համաձայնության գալ Ուկրաինայի համար ֆինանսավորման սխեմայի շուրջ՝ Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների օգտագործմամբ: Այնուամենայնիվ, Ուկրաինան դեռևս սնանկության եզրին չէ. ԵՄ-ն հաստատել է Կիևի համար 90 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն, որը ապահովվել է ԵՄ բյուջեից վարկով։

«Հաստատվել է Ուկրաինային 2026-2027 թվականների համար 90 միլիարդ եվրոյի աջակցություն տրամադրելու որոշումը», – սոցիալական ցանցերում գրել է ԵՄ գագաթնաժողովի նախագահ Անտոնիո Կոստան՝ ժամեր տևած բանակցություններից հետո։

Փաշինյան․ Մեղրիի երկաթուղային հատվածը Ռուսաստանի վերահսկողության տակ չէ

Խնդրել եմ ռուս գործընկերներին հրատապ կարգով զբաղվել Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման հատվածների երկաթգծի ամբողջական վերականգնմամբ։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնել է, որ մոտ ժամանակներս կբարձրացնի նաև Իջևան–Ղազախ հատվածի հարցը։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտություն կա նաև այդ հատվածը արագ վերականգնելու համար։ Փաշինյանը հույս է հայտնել, որ ռուս գործընկերները կյանքի կկոչեն այդ խնդրանքը։

Նա հավելել է, որ Մեղրիի երկաթուղային հատվածը Ռուսաստանի վերահսկողության տակ չէ, ուստի այն պետք է հանձնվի Հայաստանին։ «Սա Հայաստանի ինքնիշխան տարածքն է և մենք այս տարածքի վերահսկողությունը որևէ մեկին չենք վստահել։ Այնտեղ երկաթուղի չկա, ուստի այն պետք է կառավարվի որևէ մեկի կողմից», – հավելել է նա։

Վարչապետը հիշեցրեց, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում հռչակագրի ստորագրումից հետո խոսակցություններ են շրջանառվել, որ փաստաթուղթն ուղղված է Ռուսաստանի դեմ։ «Ես ասացի, որ սա նոր հնարավորություններ է բացում հայ-ռուսական հարաբերությունների համար։ Ռուսաստանը և Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն են հաստատել, ինչը տեղի չէր ունեցել անկախ Հայաստանի և Ռուսաստանի ողջ պատմության ընթացքում՝ մինչև օգոստոսի 8-ին փաստաթղթի ստորագրումը», – նշել է նա։

Վարչապետը հավելել է, որ TRIPP-ը երկկողմանի նախագիծ է և երրորդ կողմերի ներգրավումը կարող է քննարկվել միայն երկկողմանիորեն։ Փաշինյանը եզրափակել է ասելով, որ դա հստակ է։

«Դիվանագիտական ​​նրբություններ». Փաշինյանը, որը մեղադրում է կաթողիկոսին ՌԴ շպիոն լինելու մեջ, մեկնում է Ռուսաստան

Գարեգին Բ կաթողիկոսի շուրջ այսօր տեղի ունեցած բուռն իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է այս կիրակի չմասնակցել «շրջիկ» պատարագին, քանի որ պետք է մեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին։

Այսօր Էջմիածնում հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ պաշտպանելու կաթողիկոսին «սև եպիսկոպոսների» հարձակումներից։ ԱԱԾ մեքենայով Էջմիածին բերված տասը ապստամբ եպիսկոպոսներ ընթերցեցին մի հայտարարություն և շտապ հեռացան։ Կաթողիկոսը կոչ արեց նրանց զղջալ և վերադառնալ եկեղեցի։ Ոստիկանությունը ձերբակալություններ չի կատարել։ «Սև եպիսկոպոսները» գրեթե ոչ մի կողմնակից չունեին։ Իրավիճակի սրման հետ մեկտեղ Բյուրական եկեղեցու քահանա Հայր Վրթանեսը վատացավ։ Նա սրտի կաթված ստացավ և վիրահատվեց։

Մինչդեռ, Էջմիածնի իրադարձություններից առաջ Նիկոլ Փաշինյանը կրկին պնդեց, որ կաթողիկոսի վրա հարձակումները պայմանավորված են դրսից նրան վերահսկմամբ։ Նա որևէ ապացույց չներկայացրեց՝ փոխարենը հղում անելով որոշակի լրատվամիջոցների հրապարակումներին։ Ի դեպ, այսօր Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հրապարակեց հոդված, որում պնդվում էր, որ կաթողիկոս Գարեգին Բ-ն, իբր, կարող է փախչել Ռուսաստան։

Հարցին, թե ինչու քրեական գործ չի հարուցվել, եթե վարչապետը տեղյակ է արտաքին կառավարման ապացույցների մասին, Փաշինյանն ասաց, որ կան դիվանագիտական ​​նրբություններ։

Այլ կերպ ասած, դիվանագիտական ​​նրբությունները թույլ չեն տալիս կաթողիկոսին ուղղակիորեն մեղադրել Ռուսաստանից կառավարվելու մեջ։ Նույն դիվանագիտական ​​նրբությունները թույլ են տալիս Նիկոլ Փաշինյանին մասնակցել Ռուսաստանում կազմակերպվող տուսովկաներին՝ ԵՄ-ից միջոցներ հայթայթելով «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարելու համար։

Էջմիածնում այսօրվա իրադարձությունները կարող են նշանավորել կաթողիկոսի դեմ այս տարվա մայիսի վերջին սկսված արշավի գագաթնակետը։ Փաշինյանը ակնհայտորեն չի կարողանում մարդկանց մոբիլիզացնել պայքարի համար, իսկ «շարժական պատարագները» և «սև եպիսկոպոսները» ակնհայտորեն անբավարար են, նույնիսկ Հայաստանի ոստիկանության և անվտանգության ուժերի լիակատար աջակցությամբ։