Շուշիի ռեալական ուսումնարանը հիմնվել է 1881 թվականին, շուշեցի մեծահարուստ Մովսես բեկի տանը։
1887-1888 ուսումնական տարում ռեալականում դասավանդում էին ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, մաթեմատիկա, ֆիզիկա, Ռուսաստանի պատմություն, բնագիտություն, աշխարհագրություն, գծագրություն և կրոն առարկաները։
Հայոց լեզու դասավանդվել է միայն 1881-1883 թթ․ և 1906թ-ից հետո. 1896 թվականի տվյալներով, այն ուներ 298 աշակերտ, որից 236 հայեր էին, մնացածը՝ այլազգիներ։
Ուսումնարանը գործել է մինչև 1920 թվականը։ Ռեալական ուսումնարանի հայտնի եռահարկ շենքը կառուցվել է 1901-1908 թթ. մեծահարուստ Գրիգոր Մարտենի Առաքելյանի միջոցներով։ Շենքը ավերվել է 1991-1994 թվականներին առաջին Արցախյան ազատամարտի ժամանակ և ավերված էր մնացել մինչև 2022 թվականը։
Այդ կառույցը անհնար է անվանել այլ կերպ, քան ճարտարապետական գլուխգործոց։ Տարիներ շարունակ այն արցախցիների համար բաց երկնքի տակ գտնվող թանգարան էր, որն իր շուրջ էր հավաքում գեղեցիկ լուսանկարների և ճարտարապետության սիրահարներին։
Շենքի ամեն մի քար և ճարտարապետական որոշում վեհ էր։ Մեծ փայտյա դռներ, բարձր առաստաղներ, լայն միջանցքներ, հաստ պատեր և հսկայական պատուհաններ։ Այդ պատուհաններից էլ երեկոյան ժամերին ներս մտնող լույսի ու ստվերի գեղեցիկ խաղերի կարելի էր ականատես լինել։
Շենքը առաջին անգամ տեսնելիս ներսդ միաժամանակ լցվում էր և՛ պարծանքով, և՛ թախիծով։ Ունենալ այսպիսի յուրահատուկ ճարտարապետական գլուխգործոց եւ թողնել այն նման վատ վիճակում։
2022 թվականի մայիսի 20-ին Ալիեվը հանձնարարեց վերականգնել ռեալական ուսումնարանի շենքը։
Հայկ Հարությունյան