
Երևանի Կապույտ մզկիթի պատմական համալիրի հանդիսությունների դահլիճը անվանվել է հայ ականավոր բանաստեղծ և իրանական մշակույթի ու գրականության բարեկամ Եղիշե Չարենցի անունով։ Նրա անունով հուշատախտակը բացել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին, ով աշխատանքային այցով օրերս գտնվում էր Հայաստանում։
«Եղիշե Չարենցը ժամանակակից հայ գրականության ականավոր դեմքերից մեկն էր։ Նա խորապես հետաքրքրված էր Իրանի մշակութային և գրական ժառանգությամբ, մասնավորապես՝ Ֆիրդուսու «Շահնամե» էպոսով։ Չարենցը նպաստել է Երևանի Կապույտ մզկիթի պահպանմանը՝ որպես Իրանի և Հայաստանի պատմական և մշակութային ժառանգության խորհրդանիշ», – ասվում է Իրանի դեսպանատան հայտարարության մեջ։
Կովկասի մուսուլմանների գրասենյակը (ԿՄԳ) և Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեն հայտարարություններ են տարածել այս անվանակոչման վերաբերյալ՝ այն անվանելով սրբապղծություն։
Վարչությունը միջադեպը գնահատել է որպես Ադրբեջանի կրոնական և հոգևոր ժառանգության նկատմամբ անբարոյական վերաբերմունք և աղավաղում, ինչպես նաև վանդալիզմ և սադրանք։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Կապույտ մզկիթը կառուցվել է 18-րդ դարում՝ Հուսեյնալի խանի հրամանով և ադրբեջանական ճարտարապետության մարգարիտ է։ Դրա պատմությունը կեղծելու և այն որպես իրանական մզկիթ ներկայացնելու փորձերը դատապարտված են ձախողման, ասված է հայտարարության մեջ։
Երկու ամիս է ընդամենն անցել այն պահից, երբ Ալիևի օգնականը օտարերկրյա դիվանագետներին տարավ Արցախ և Գանձասարն ու Դադիվանքը «ալբանական» եկեղեցիներ անվանեց, մեղադրելով հայերին դրանց «պղծման» մեջ։ Իսկ 2025 թվականի հուլիսի 4-ին Ալիևը Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանին տարավ Շուշի, որտեղ ցույց տվեց Ռուբեն Վարդանյանի կողմից վերականգնված իրանական մզկիթը։ Ալիևը պնդում էր, որ մզկիթը ավերվել է հայերի կողմից, չնայած հենց իրանական կողմն էր, որ տրամադրել է շինարարներին և ճարտարապետներին դրա վերականգնման համար 2014-2019 թվականներին։
Այնուամենայնիվ Իրանի առաջնորդը կրկին շնորհավորեց Ալիևին Արցախի օկուպացիայի կապակցությամբ՝ ակնհայտորեն հույս ունենալով կանխել Բաքվի միջամտությունը մոտալուտ պատերազմին։ Պատերազմը սկսվեց երկու շաբաթ անց. ԱՄՆ-ն 2025 թվականի հունիսի 22-ին ուղիղ ռազմական հարվածներ հասցրեց Իրանին («Կեսգիշերային մուրճ» գործողություն)։
Այժմ Իրանի փոխնախագահը Չարենցի անունով է անվանակոչել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը՝ ակնհայտորեն կանխելու համար, որ Հայաստանը միանա ԱՄՆ-ի կողմից Իրանի շրջափակմանը։ Այս շրջափակման արդյունքում Իրանը և Հայաստանը կարող են հայտնվել նույն իրավիճակում, ինչ Արցախը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո։ Սակայն Հայաստանը, հավանաբար, չի գնահատի Իրանի ուշացած քայլը և դժվար թե կարողանա թռնել անդունդ տանող գնացքից։
Ինչ վերաբերում է Երևանի Կապույտ մզկիթին, այն Իրանի Իսլամական Հանրապետությանը երկարաժամկետ վարձակալության է տրվել (99 տարի ժամկետով՝ 1990-ականների կեսերից), մինչդեռ հողի և շենքի օրինական սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է։ 20-րդ դարի վերջին մզկիթում լայնածավալ վերականգնողական աշխատանքներ են իրականացվել, որոնք ֆինանսավորվել են Իրանի կառավարության կողմից։
Մզկիթը կառուցվել է 1766 թվականին Հուսեյն Ալի Խան Ղաջարի կողմից, որն այն ժամանակ Էրիվանի խանության խանն էր, իսկ Հայաստանը Պարսկական կայսրության մաս էր կազմում: Թուրքմենական ցեղի ներկայացուցիչներն են հիմնադրել Ղաջարների շահերի դինաստիան, որը կառավարել է Իրանը 1795-ից մինչև 1925 թվականը: Բաքուն այժմ Ղաջարներին համարում է ադրբեջանական շահեր, իսկ Երևանը՝ ադրբեջանական քաղաք: