
Step1.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ ընկերակցությունների խորհրդի նախագահ Սարգիս Շահինյանը։
-Պարոն Շահինյան, Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի հարցով խաղաղության համաժողով կազմակերպելու մասին բանաձևի ընդունումից հետո մինչ օրս համաժողովը չի կազմակերպվել։ Վերջերս շվեյցարացի 18 պատգամավորներ բաց նամակ էին հղել երկրի նախագահին և կառավարությանը՝ խիստ քննադատելով անգործությունը և սահմանված մեկամյա ժամկետի խախտումը։ Նաև շվեյցարիացի պատգամավորները կոչ են անում, որ կառավարությունը գոնե նախնական քննարկումներ սկսի Արցախի ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։
-Պատգամավորների ցանկությունն այն էր, որ Շվեյցրիայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն ցուցաբերեր՝ ընդհանրապես լսելու Արցախի նեկայացուցիչներին։ Երկու նամակ կա, մեկն ուղղված էր Շվեյցարիայի նախագահին, երկրորդ նամակն ուղղված է արտաքին գործերի նախարարին՝ Իգնացիո Կասիսին։ Դրա մասին ես հետո ավելի մանրամասն կխոսեմ, որովհետեև մենք պատրաստվում ենք մամուլի ասուլիս կազմակերպել ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա Լուգանոյում, դեկտեմբերի 3-ին և 4-ին։
Շատ պարզ է, թե ինչու է արցախցիների դերը կարևորվում, որովհետև նրանք այս խնդրում ընդգկված կողմ են։ Մենք չենք խոսում այլոց մասին, մենք խոսում ենք այդ ժողովրդի մասին, որը 2022-ի դեկտեմբերից բլոկադայի ենթարկվեց, իսկ 2023-ին բռնի վտարվեց։ Զարմանալի չէ այն, որ արցախցիները ներգրավվեն գործընթացում։ Շվեյցարիան, թե պաղեստինցիների, թե Կոսովոյի դեպքում պատրաստակամություն ցուցաբերեց, որ չճանաչված պետությունների ներկայացուցիչները կարող են ընդգրկվել խոսակցությունների մեջ մյուս կողմի հետ, որը պետականություն ունի՝ կամ Իսրայելի, կամ Կոլումբիայի, կամ Սերբիայի։ Սերբիայի դեպքում, իհարկե, խնդիրը լրիվ այլ էր, որովհետև Սերբիան ենթարկվեց ռմբակոծության։ Եվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումներ կան։ Իսկ Ղարաբաղի օգտին Անվտանգության խորհրդի կողմից որոշումներ չկան։ Սա պետք է հիշենք։
-Ինչո՞ւ Շվեյցարիայի կառավարությունը չի կազմակերպում Արցախի հարցով համաժողովը, ի՞նչ խոչընդոտող գործոններ կան։
-Երկու պատճառ կա։ Մեկն այն է, որ ասում են՝ Շվեյցարիան միմիայն ճանաչված պետությունների հետ է նստում ու խոսում։ Դա դատարկ խոսք է, որովհետև այդպես չէ։ Իսկ իրական պատճառն այն է, որ Շվեյցարիան շատ մեծ հետաքրքրություն ունի Ադբեջանի նավթի և գազի նկատմամբ։ Եվ Շվեյցարիան միակը չէ, Շվեյցարիան գտնվում է ԵՄ ընդհանուր քաղաքականության մեջ։ Նաև Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից մի քանի անգամ ընդգծվեց, որ գազի խնդիրը շատ կարևոր է։ Երբ 37 միլիարդի տարեկան շրջանառություն ես ստանում, դրա համեմատ տուրք ես ստանում, սա Շվեյցարիայի համար շատ կարևոր է։
Մի մոռացեք, որ SOCAR-ը միմիայն գազով և նավթով չի զբաղվում, շատ ավելի լայն գործունեությամբ է զբաղվում՝ կարևորագույն և հազվադեպ մետաղների առևտուր է անում Ժնևի միջոցով և այլն։ Այսինքն՝ այդ տեսակ կարևոր առևտրային էլեմենտ կա հողի վրա, և Շվեյցարիայի համար շահավետ է, որ այդ գործունեությունը պահպանվի և շարունակվի։ Այսինքն՝ մենք հակակշիռ ուժ չունենք՝ բացի մարդկային իրավունքների պաշտպանությունը։
-Իսկ Հայաստանի իշխանության դիրքորոշումը ո՞նց եք գնահատում այս հարցում, որովհետև նախորդ տարի Շվեյցարիայի արտգործնախարարն ասաց, որ նաև Հայաստանի իշխանությունը չի ցանկացել, որպեսզի այդ համաժողովը կազմակերպվի։
-Հենց դա է խնդիրը։ Եվ եթե դուք արտաքին գործերի նախարարության պատասխանը կարդաք, հենց դա է ասում։ Այսինքն՝ ոչ միայն Ադրբեջանն է դեմ, այլ Հայաստանի վարչախումբն էլ է դեմ։ Ես գնահատում եմ, որ սա ոչ հայ ժողովրդի շահերից բխող դիրքորոշում է, ոչ էլ Հայաստանի ու Ղարաբաղի։ Ղարաբաղի համար պարզ է, թե ինչու ոչ, այսինքն՝ մենք կարևորագույն հայաբնակ տարածք ենք կորցրել և Նախիջևանի ճակատագրին ենթարկել։ Այս վարչախումբը, այս տրամաբանությունն առաջ տանելը չի նպաստում մեր դիվանագիտական ջիղը ցուցաբերելուն։
Այս ամենը միմյանց հետ կապված է կարմիր թելով. այսինքն՝ այն, ինչ դուք հարցրիք, այն, ինչ Ադրբեջանը անում է՝ ներխուժելով հայկական տարածքներ, ուժեղացնելով իր դիրքերը, մարդիկ ուղարկելով, դիվերսիոն գործողություններ սարքելով և այլն։ Այսինքն՝ մենք պետք է լրիվ ուրիշ քաղաքականություն որդեգրենք՝ ոչ թե ի նպաստ պատերազմի, այլ ի նպաստ հաշտության, բայց հաշտությունը պետք է ունենա իրական և իրավաբանական հիմք, ոչ թե այն հիմքը, որ դիմացինը մեզ պարտադրում է։ Այստեղ լրիվ ասիմետրիկ կացության մեջ ենք գտնվում, ինչը բանակցության մեջ միմիայն և միմիայն պարտության է տանում։
-Այսինքն՝ Շվեյցարիայում դեռ աշխատանքը շարունակվո՞ւմ է՝ նաև հայ համայնքի կողմից, որպեսզի արցախցիների ու Արցախի հարցն օրակարգում լինեն։
– Այդ աշխատանքը տարվում է ոչ միայն հայկական համայնքի կողմից, այլ նաև ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, որոնք հետաքրքրված են այս գործը պահպանելով։ Օրինակ՝ այդ մամուլի ասուլիսը, ինչի մասին նշեցի, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 3-ին, կազմակերպվել է «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» ոչ կառավարական կազմակերպության կողմից, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության և Շվեյցարիայի հայկական և հայամետ ընկերակցությունների խորհրդի կողմից, որի նախագահը եմ ես դեռ մինչև դեկտեմբերը։ Այսինքն՝ մենք պետք է հիշենք, որ այս ամենը հետևողականություն ունի։
Մեր խորհրդի ծրագիր-կանոնագրի մեջ նշված է, որ Արցախի ժողովրդի իրավունքները պետք է պաշտպանվեն։ Եվ մի տկար ժողովրդի իրավունքները պաշտպանելը հեշտ բան չէ, մանավանդ երբ դիմացինն այդքան տիտանական ուժ ունի և այդքան հսկայական թե ռազմական, թե նյութական, թե դիվանագիտական ուժ է ցուցադրում, այդ տեսակ համախոհներ ունի, որոնք մենք չունենք։ Հիմա ինչո՞ւ չունենք՝ դա այլ պատմություն է, բայց իրականությունն այն է, որ մենք չունենք, մենք մենակ ենք։
Ռոզա Հովհաննիսյան