Ծարի Կարապետ քահանայի աղոթք-խնդրանքը

1254 թվականին, երբ Կարապետ քահանան իրեն սնուցող եղբոր հիշատակին խաչքար էր կանգնեցնում Ծարում, տարածքում գեթ մեկ կովկասյան թաթար չկար, իսկ ադրբեջանցու մասին խոսելն արդեն տգիտություն է։

Մինչդեռ այսօր, պատմական իրողությունների հետ հաշվի չնստելով, ադրբեջանական քարոզչությունը փորձում է սեփական պատմական անցյալը կառուցել ուրիշներից փոխառված էթնոնիմի շուրջ՝ ներկայանալով Արցախի պատմական Վայկունիք գավառի, հետագայում՝ Ծարի կամ Վերին Խաչենի, ապա նաև Քարվաճառի տերերի դերում։

Առավել մտահոգիչ է, որ նման կեղծ պատմագիտական թեզերը երբեմն արձագանք են գտնում նաև հայ հասարակության որոշ շրջանակներում։ Երբ պատմական փաստերի փոխարեն ընդունվում են չհիմնավորված պնդումներ, դա արդեն ոչ միայն գիտելիքի պակասի, այլև սեփական պատմական ժառանգության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի դրսևորում է։ Պատմությունը սեփականաշնորհելու փորձերին պետք է հակադրել փաստերը, սկզբնաղբյուրներն ու գիտականորեն հիմնավորված ճշմարտությունը։

Միջնադարյան Արցախի՝ պատմական Վերին Խաչենի վարչական և մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը՝ Ծարը, տարածաշրջանի նշանավոր, ծաղկուն ու բազմամարդ բնակավայրերից մեկն էր։

Իր ռազմավարական դիրքով, քաղաքական ու հոգևոր նշանակությամբ այն դարեր շարունակ կարևոր դեր է ունեցել երկրամասի հասարակական և մշակութային կյանքում։ Բնակավայրի մասին պահպանված առաջին գրավոր հիշատակությունները վերաբերում են 11-րդ դարին։

Ծարի Սուրբ Սարգիս եկեղեցու շրջակայքում տարածվում էր երբեմնի միջնադարյան ընդարձակ գերեզմանոցը, որն աչքի էր ընկնում գեղաքանդակ խաչքարերով և վիմագրական հարուստ ժառանգությամբ։ Ըստ վիմագրական տվյալների, գերեզմանոցն ակտիվորեն գործել է զարգացած և ուշ միջնադարում՝ հատկապես 13–18-րդ դարերում։

18-րդ դարի կեսերին՝ Ծարի հայաթափումից հետո, բնակավայրում հաստատված փարախկանլի քրդական ցեղի ներկայացուցիչներն աստիճանաբար հայկական եկեղեցիները վերածել են կացարանների և անասնագոմերի, կամ ավերել դրանք։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո ՝ հատկապես 1950-ական թվականներին հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման գործընթացը նոր թափ է ստացել։ Այդ շրջանում Ծար և Չրաղ բնակավայրերում հաստատված քրդական բնակչության շրջանում, որն աստիճանաբար հանդես էր գալիս ադրբեջանցի էթնոնիմով, տեղի միջնադարյան եկեղեցիներն ու գերեզմանոցները ենթարկվել են հիմնահատակ ավերման։ Հուշարձանների սրբատաշ քարերը, խաչքարերի և տապանաքարերի բեկորները վերածվել են սովորական շինանյութի։ Դրանք օգտագործվել են ինչպես մասնավոր բնակելի տների, այնպես էլ հասարակական և պետական նշանակության շինությունների կառուցման ընթացքում՝ հանգեցնելով պատմական միջավայրի ու միջնադարյան գերեզմանոցների նյութական ժառանգության զգալի կորստի։

Ծարի ավերված միջնադարյան գերեզմանոցի պահպանված մի շարք խաչքարերից իր գեղաքանդակ հորինվածքով առանձնանում է Կարապետ քահանայի կանգնեցրած խաչքարը։ Այն 1993 թվականին տարածքի ազատագրումից հետո հայտնաբերվել է հողաշերտի տակից  և կանգնեցվել երկաստիճան պատվանդանի վրա։

 

Կոթողի կենտրոնական հատվածում՝ կիսաշրջանաձև խաչախորանի ներքո, մեծադիր, հյուսվածազարդ, զույգ եռաբողբոջ խաչաթևերով ծաղկած խաչն է, որի հիմքից սկիզբ են առնում և դեպի վեր զարգանում վարպետորեն ոճավորված, ոլորապտույտ արմավաճյուղերը։ Հիմնախաչի ստորին հատվածում երկու պարզատիպ խաչաքանդակներ են, զույգ շրջանաձև ավարտվող խաչաթևերով։ Կենտրոնական հորինվածքը կողքերից և վերևից ներփակված է հյուսկեն, ծաղկազարդ եզրագոտով։

Խաչքարի թիկունքին 12 տողից բաղկացած արձանագրությունն է. «Կամաւ{վ}ն Ա(ստուծո)յ,| ես՝ Կարապետ քահ|անայ, կանգ(ն)եց|ի զխաչս եղբա|ւր իմոյ Գրիգո|րայ, որէ սնո(ւ)ցող | իմ եւ էր աղ(ո)թաւ|որ, որք կարդէք | աղաւթս յիշե|ցէք, թ(վին) ՉԳ (1254)։ | զԳրի(գ)որ, զԿարայ|պետն։»։

Անցել են դարեր, սակայն այս արձանագրության մեջ ամփոփված հիշատակն ու աղոթքի խնդրանքը շարունակում են մեզ կապել մեր նախնիների հետ։ Աղոթքով հիշենք նրանց և ուխտենք ազատել գերության մեջ հայտնված նրանց քարեղեն հետքերը։

Արմինե Հայրապետյան