Տեր Անդրեաս․ Որ Արցախն էլ չարժանանա Անիի ճակատագրին

  • 21:54 28.01.2024

Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցուց եկեղեցուց մինչև Մասյացոտն թեմի Ոսկեհատ, Այգավան, Լուսառատ, Տափերական, փոքր Վեդի համայնքների հոգևոր հովիվ։

Տեր Անդրեաս քահանա Թավադյանը այն եզակի մարդկանցից է, ում սիրում և հարգում է ամբողջ Արցախը։ Սեպտեմբերի 28-ին Արցախը լքելիս իր հետ վերցրել է առաջնորդարանի և Մայր տաճարի որոշ սրբություններ` սուրբ մեռոն, մասունքակիր խաչ, սկիհ, մաղզմա, Ավետարան և որոշ նյութեր թեմի արխիվից։

Step1.am-ի հարցին, թե պահպանվե՞լ է արդյոք Արցախի թեմը, պատասխանը այդքան էլ հաստատակամ չէր։ Թղթով և կնիքով այն պահպանվել է և գոյություն ունի, բայց հոգեւորականներով՝ ոչ։

Բոլոր հոգեւորականները Վեհափառ հայրապետի կողմից նշանակվել են տարբեր թեմերում իրենց ծառայությունը շարունակելու։ Կան նաև հոգեւորականներ, որոնք ծառայում են Ռուսաստանում։

Առաջնորդ Վրթանես սրբազանը տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ունի Արցախի պատմահոգեւորական հուշարձանների պահպանության գրասենյակի տնօրինման հանձնարարություն։

Իր ապագան Տեր Անդրեասը այստեղ դեռ չի տեսնում, որովհետև եկած օրվանից հետ վերադառնալու մասին է մտածում և կարծում է, որ վերադառնալու միակ հնարավորությունը կլինի այն ժամանակ, երբ բոլորը համախմբվեն և սկսեն մեկ մեխի խփել։

“Չգիտեմ, ինչքանով կլինի ճիշտ ասել, բայց կառավարության բոլոր գործողությունները տանում են նրան, որ եկեղեցին դուրս մղվի ժողովրդից։ Բայց եկեղեցին դա հենց ժողովուրդն է, և այդ երկուսը իրարից տարանջատելն անհնար է։ Եւ եթե մեր եկեղեցին դասվեց սովորական կրոնական կազմակերպությունների շարքում, չունենալով իր հատուկ տեղն ու առաքելությունը, ժողովուրդը որպես հայ քրիստոնյա կդադարի գոյություն ունենալ”,- ասում է Տեր Անդրեասը։

Արցախում մնացած եկեղեցիների և կոթողների մասին տեղեկություն չունեն, չեն կարողանում կապ հաստատել ո՛չ ռուս խաղաղապահների, ո՛չ էլ այնտեղ մնացած մարդկանց հետ։ Տեղեկանում են համացանցից և թշնամու տարածած հոլովակներից։

Թեմի տեղափոխման ժամանակ առաջնորդը նամակ էր գրել խաղաղապահներին, խնդրելով պահպանել հոգևոր ժառանգությունը, եկեղեցիներն ու վանքերը։ Այս պահին որոշ չափով պաշտպանություն կա, բայց թե հետո ինչ կլինի, անհայտ է։

«Եթե Աստծուն մեր կյանքի մեջ ներգրավենք, Աստծուն ունենանք մեր կողքին, մեր քայլերի հետ Աստված էլ քայլի և մեր քայլերով ապացուցենք, որ քրիստոնյա ենք` հաղթանակներ կունենանք։ Եթե շարունակենք ապրել աշխարհիկ կյանքով, ասելով, որ ուրիշ երկրներում աշխարհիկ կյանքով լավ են ապրում՝ երջանկություն չենք գտնի, և Արցախն էլ կարժանանա Անիի ճակատագրին»,- ասում է Տեր Անդրեասը։

Հայկ Հարությունյան

f