Առհասարակ գերեզմանոցները հարուստ տեղեկություններ են հաղորդում ոչ միայն ննջեցյալների, այլև շատ հաճախ տարածքի պատմության վերաբերյալ։ Թերևս դա է պատճառը, որ մեր թշնամին 1921 թվականին Արցախը Ադրբեջանին բռնակցելուց ի վեր վերացնում է հայկական գերեզմանոցները։ Եվ ոչ միայն Արցախի, բռնազավթված բոլոր հայկական տարածքներում ձեռագիրն ու պատկերը նույնն է։
Տապանագրերի թեմատիկան էլ տարբեր է լինում, կարոտի, ողբի, խոհափիլիսոփայական, երբեմն նաև հումորով համեմված։ Բալայան Մարտիրոսը ապրում էր Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղում։ Ապրեց ընդամենը 60 տարի, «ձին հեծնեց» ու տեղափոխվեց այլ «բնակավայր»։ Տապանաքարի վրա կարդում ենք․ «Մարտիրոսն էի Բալայանց, ինքս անուսում՝ խելքս բնական․ աշխարհումս շինեցի արհեստական բօլօր բանանց, բայց էլի չի մնացի՝ գնացի ինչպես սօվօրութիւն էր պապականց»։ Գրեց, թողեց գնաց։
Գերեզմանն այսօր բռնազավթված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, հետևաբար և վտանգված է։
Պողոսագոմեր գյուղը բռնազավթվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ադրբեջանական ագրեսիայի ու էթնիկ զտման արդյունքում։ Գյուղի հիմնադրման թվական է համարվում 1747 թիվը։ 1992 թվականի հունիսի 3-ին նույնպես թուրքերը զավթել էին գյուղը, իսկ 1993 թվականի փետրվարի 5-ին հայկական զինված ուժերը ազատագրել են գյուղը։ 2018 թվականի տվյալներով գյուղն ուներ 49 տուն 178 բնակիչ։ Պողոսագոմերում երբևէ թուրք չի ապրել։
Step1.am
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: