Բնակարանային ապահովման հարցը եւ ապրելու տեղը չեն կարող որոշվել առանց արցախցիների կարծիքը հաշվի առնելու

  • 09:28 01.02.2024

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների սոցիալ-տնտեսական ինտեգրման ծրագրերի իրականացման ընթացքին և նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր։

Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, «շոշափվել են Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների բնակարանային խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները՝ հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացման խնդիրը։ Այս համատեքստում մտքերի փոխանակում է տեղի ունեցել հնարավոր աջակցության գործիքների շուրջ, ներկայացվել են տարբեր դիտողություններ ու առաջարկություններ»։

Փաշինյանն ընդգծել է սոցիալական ծրագրերի համակարգման կարևորությունը և պատասխանատուներին հանձնարարել շարունակել ներկայացված գաղափարների և առաջարկների քննարկումը։

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Փաշինյանն ասել էր, որ Արցախի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման հարցով մեծ ժողով է հրավիրվելու։ Մինչ այս տարբեր մակարդակներով քննարկվել են մի քանի առաջարկներ՝ Արցախի բնակիչներին մեկ անձի համար պայմանականորեն 5 մլն դրամի չափով վաուչերների տրամադրում, առանձին թաղամասերի կառուցում, որտեղ արցախցիները կարող էին կոմպակտ ապրել, արցախցիների վերաբնակեցում սահմանամերձ բնակավայրերում, եւ այսպես շարունակ։

«Տարածքային համաչափ զարգացում» կարող է նշանակել, որ նախապատվությունը տրվում է սահմանամերձ տարածքներում արցախցիներին վերաբնակեցնելու տարբերակին։ Տասնյակ հազարավոր արցախցիներ արդեն ապրում են Հայաստանի սահմանամերձ շրջաններում։ Ոմանք նախընտրում են քաղաքային բնակարանները։ Ցանկացած դեպքում մարդկանց ապագայի հետ կապված հարցերը չեն կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի հետ խորհրդակցելու։

f