Ռուզանը աշխատում էր Արցախում Շիրակացու ճեմարանում որպես մաթեմատիկայի ուսուցիչ, ուներ նաև դասղեկական դասարան։ Պատմում է, որ սեպտեմբերի 19-ին 10:00-ին արդեն խոսում էին պատերազմի մասին, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ նորից լայնածավալ պատերազմ կլինի։
«Դասերից հետո ինչպես միշտ մանկավարժների սենյակում էինք, 6-րդ դասարանի տետրերն էի ստուգում, ու հանկարծ ուժեղ ձայներ լսեցինք և ամբողջ շենքը շարժվեց, նայեցինք պատուհանից՝ Նոր Արեշ թաղամասից արդեն ծուխ էր երևում, հետո ժամին նայեցի՝ 13:10»:
Ռուզանի խոսքով ամենասարսափելին վախեցած երեխաներն էին: «Մեր հարկում միջին դասարաններն էին, ամենուրեք երեխաներ էին լացում, ծնողներին էին ուզում, մենք բոլորին հավաքեցինք, ասացինք, որ հագնեն վերարկուները ու իրենց հետ վերցնեն միայն հեռախոսները: Ես ավագ դասարանների դասղեկն էին, չնայած որ այդ պահին փոքրերի հետ էի, բայց ահավոր անհանգիստ էի իմ դասարաների համար, ովքեր այլ հարկում էին, փորձում էի փնտրել նրանց: Հետո բոլորը իջան մեր հարկ, ըստ հրահանգի ողջ ճեմարանը տեղափոխվեց պետական համալսարանի նկուղ»:
Ուսուցչի համար ամենահուզիչ պահն այն էր, երբ նա հանդիպեց իր դասարանի Ստեփանին, հարցրեց, թե Վահեն որտեղ է՝ «Ստեփանը ասաց, որ կես ճանապարհին էին, տուն էին գնում, երբ ամեն ինչ սկսվեց: Վահեն ասաց, որ պիտի տուն գնա, որպեսզի մայրիկը մենակ չլինի, իսկ Ստեփանը հետ է վերադարձել, որովհետև քույրը դեռ ճեմարանում էր»:
Ռուզանի խոսքով, պետական համալսարանի նկուղում ամեն ինչ խառն էր․ «Ամեն ինչ ահավոր խառն էր, դպրոցականներ, ուսանողներ, դասախոսներ, ուսուցիչներ և մոտակա թաղամասերից այլ բնակիչներ: Պահ կար, որ նույնիսկ ուսուցիչները և դասախոսները արդեն իրենց չէին տիրապետում ՝ լացում էին, դողում էին: Ես երևի մի քիչ սառնասիրտ էի այդ պահին, ասացի, որ իրենց հավաքեն, երեխաներին հիմա աջակցել է պետք, երեխաները պետք է իմանան, որ թիկունք ունեն»:
Ռուզանը հիշում է, որ մի պահ կար, որ ընդհանրապես կապ չկար, և ինքն իր առաջ խնդիր էր դրել, որ մինչ երեխաները կհասնեն իրենց ծնողներին, նա է պատասխանատու այդ երեխաների համար…
Քրիստինա Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: