Հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման ադրբեջանական պետական քաղաքականությունը բռնազավթված Արցախում շարունակում է երկրաչափական պրոգրեսիայով աճել: Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն այս անգամ ահազանգում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում վանդալիզմի դեպքերի մասին.
««Ադրբեջանական «REAL TV» ալիքն իր յութուբյան հարթակում փետրվարի 4-ին հրապարակեց տեսանյութ օկուպացված Ստեփանակերտից: Տեսանյութի նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցու խաչը հանված է, բացակայում է նաև բակում գտնվող խաչքարը: Հետագայում այլ տեղեկատվության պարագայում հանդես կգանք հավելյալ հրապարկմամբ:
Եկեղեցու հիմքերը դրվել են 2005 թվականի սեպտեմբերին, իսկ կառուցման աշխատանքները տևել են շուրջ 1,5 տարի՝ մինչև 2007 թ.-ի մայիսի 6:
Փետրվարի 6-ին ֆեյսբուքյան օգտատեր Մխիթար Կարապետյանը հայտնել է, որ ֆեյսբուքյան օգտատեր Ռաֆիկ Մեխտիևն իր էջում բռնազավթված Ստեփանակերտից հրապարակել է հերթական տեսանյութը, որում բացակայում էր Ադմիրալ Իսակովի կիսանդրին: Մ.Կարապետյանը հավելեց, որ այդ մասին նաև հրապարակվել է տելեգրամյան ալիքում: Համապատասխան մշտադիտարկումներից պարզեցինք, որ նշված տեսանյութը Ռաֆիկ Մեխտիևը հրապարակել է հունվարի 30-ին: Այդ տեսանյութում ակնհայտ երևում է, որ Ստեփանակերտի Ադմիրալ Իսակովի փողոցում տեղադրված հերոսի կիսանդրին ևս դարձավ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության զոհ:
Ադմիրալ Իսակովի կիսանդրին տեղադրվել է նրա անունը կրող փողոցում՝ 2018 թվականին: Կիսանդրու հեղինակը քանդակագործ Ալբերտ Հարությունյանն է:
Ստեփանակերտում տեղի ունեցած հերթական վանդալիզմի մասին ահազանգեց Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով ադրբեջանցիների կողմից քանդված Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի լուսանկարները։
Փետրվարի 9-ին «Արարատ» տելեգրամյան ալիքը հրապարակեց բռնազավթված Հադրութում տեղի ունեցած հերթական սրբապղծության լուսանկար: Արցախի Հադրութի՝ պատմական Դիզակի տարածքում օկուպանտի կողմից պղծվել է Հադրութի Սբ․ Հարություն եկեղեցու բակում գտնվող վանականներից մեկի տապանաքարը:
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը»:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: