Հայաստանում լուսանկարիչ Սևակ Ասրյանի «Հիշողության ուժը» առաջին ցուցահանդեսը, որը կտևի փետրվարի 13-27-ը, հրավիրում է դիտողներին հետաքրքրաշարժ ճանապարհորդության դեպի Արցախի գեղատեսիլ վայրեր: 2016-ից 2023 թվականների լուսանկարները ներկայացնում են Արցախի տեսողական հիշողությունն ու պատմությունը:
Նկարները Արցախի յոթ տարբեր շրջաններից են, որոնք մեզ համար հիշողություն են դարձել։ Պատմական իրադարձությունների հետ կապված՝ ցուցահանդեսը կամուրջ է դառնում անցյալի և ներկայի միջև։ Աշխատանքների մի մասը նախկինում ներկայացված էին Ստեփանակերտում։
Ցուցահանդես-վաճառքի նպատակը ոչ միայն տեսողական հիշողությունը պահպանելն է, այլ նաև Արցախի յուրահատուկ բնությունը ցույց տալը։
Ստեփանակերտում ծնված և մեծացած Սևակ Ասրյանը տեսախցիկի միջոցով պատմում է իր հայրենիքի մասին։ Աշխատանքները ոչ միայն գեղարվեստական լուսանկարներ են, այլ նաև մի քանի պատերազմներում նրա ապրած ժամանակի վկայությունն են:
«Ինձ համար շատ կարևոր է բոլորին այսօր այստեղ տեսնել։ Այս ծրագիրը պիտի իրականացվեր Արցախում, բայց պատերազմն ու տեղահանությունը փոխեցին ընթացքը։ Առաջին ցուցահանդեսի ժամանակ մենք ցույց տվինք 44-օրյա պատերազմի ընթացքում հակառակորդի գրաված տարածքները։ Հիմա ստացվեց այսպես․․․ Ես կյանքում չէի պատկերացնի, որ այս վայրերը կվերածվեն հիշողության»,-ասաց Սևակ Ասրյանը։
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: