ՀՀ իշխանություններն ուղղակի չեն շփվում արցախցիների հետ․ Մետաքսե Հակոբյան

  • 12:00 20.02.2024

Երեւանում Արցախի ներկայացուցչությունում Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ միջոցառում է անցկացվում։ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ են քննարկում։

«Օրվա խորհդրի հետ կապված հարցեր են։ Այդպիսի ավանդույթ եղել է, Արցախում էլ է այդպես եղել։ Մենք առավոտյան այնտեղ Եղբայրական պանթեոն էինք այցելում, այսօր այստեղ Եռաբլուր այցելեցինք։ Հաջորդիվ օրվա խորհրդի հետ կապված միջոցառումներ են անցկացվելու, ինչը հիմա տեղի է ունենում Արցախի նեկայացուցչությունում։ Այստեղ են նաեւ նախկին գումարումների Ազգային ժողովի պատգամավորներ, մարդիկ, որոնք Շարժման, նաեւ փետրվարի 20-ի որոշման ակունքներում են եղել։ Այդ ամենի հիշողություն, վերաիմաստավորում, վերագնահատում, վերաարժեվորում»,- ասաց նա։

Հարցին, թե ՀՀ իշխանություններին հրավիրե՞լ են Արցախի ներկայացուցչություն, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ այս պայմաններում դա հնարավոր էլ չէ, քանի որ ՀՀ իշխանություններն ուղղակի չեն շփվում իրենց հետ։ «Չեն էլ փորձում որեւէ կերպ առնչություն կամ շփում ունենալ, որ գային այս միջոցառմանը»,- ասաց նա։

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Մետաքսե Հակոբյանը նշեց․ «36 տարի առաջ մեր ճակատագիրը որոշող որոշում կայացրինք, մենք այդ որոշման արդյունքում տվեցինք մեր ամենաթանկը։ 36 տարի շարունակ մեր քաջորդիներն ուղղակի գիտակցաբար գնացին հանուն այդ որոշման։ Հիմա մենք 36 տարի անց արձանագրում ենք, որ հազարամյակներ ի վեր Արցախում այդպիսի բան չէր եղել, բայց այսօր Արցախն ուղղակի հայաթափվել է։ Եվ այսօր մենք առավել քան կարիք ունենք միասնական լինելու։ Մենք մեր օրակարգում այլ խնդիր չպետք է ունենանք, քան միասնականությունն է, որովհետեւ այստեղ լինելով՝ ես հողի վրա եմ ամեն ինչ տեսնում, որ մեր հանրությունը պատրաստ է լինել միասնական, պայքարել հանուն իր ինքնության, հայկականության։ Ուղղակի պետք է ճիշտ կազմակերպել, եւ միասնականությունն իր արդյունքը կտա»։

f