Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Արցախի ժողովուրդը չներքաշվի Հայաստանում ներքաղաքական խաղերի մեջ, ասաց Ղարաբաղյան ազատագրական շարժման ակտիվիստ Գագիկ Ավանեսյանը՝ մեկնաբանելով փետրվարի 29-ին Երևանում կայանալիք հանրահավաքը։
«Մի շարք ընդդիմադիր և իշխանական ուժերի ակտիվացումը հուշում է, որ գործընթացները տանում են դեպի արտահերթ ընտրություններ։ Կրկին կարգախոսը կլինի հասարակության բաժանումը «սևերի և սպիտակների»: Արցախի հարցը մշտապես օգտագործվել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներում, և, որպես կանոն, պոպուլիստական և քարոզչական նպատակներով։ Սա տեղի է ունենում եւ հիմա. անբարեխիղճ կերպով օգտվելով արցախցիների ծանր վիճակից, որի խնդիրները վերջին ամիսներին Հայաստանի իշխանության ապաշնորհ քաղաքականության «շնորհիվ» միայն վատթարացել են, հայաստանյան ընդդիմություն կոչվածը փորձում է թամբել դժգոհությունը։ Այս բոլոր գործընթացներում արցախցիների հիմնական խնդիրը՝ ներքաղաքական գործընթացներում «սակարկության առարկա» չդառնալն է։ Որպեսզի «սևի ու սպիտակի» բաժանմանը չավելացնեն «ղարաբաղցիներն ու հայաստանցիները»։ Ավելին, արցախցիները Հայաստանում ընտրելու և ընտրվելու իրավունք չունեն և չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Պետք է հաշվի առնել նաև, որ հանրահավաքի կազմակերպիչները ստեղծված իրավիճակից ելք և Արցախի խնդրի լուծման կոնկրետ մեխանիզմներ չեն առաջարկում»,- նշել է Ավանեսյանը։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: