«Մենք ենք, մեր սարերը» արցախյան երգի-պարի համույթը փետրվարի 29-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում հանդես կգա համերգով, որի հասույթն ամբողջությամբ կուղղվի համույթի գործունեության պահպանմանը:
Համերգի գլխավոր նպատակը Արցախի ներկայացումն է: Արցախյան բարբառով Արցախի երաժշտությունը կարոտի, հետդարձի հույսը պիտի փոխանցի հայրենակիցներին:
2000 թ-ից համույթը հայկական երգն ու պարը տարածել է Արցախի բոլոր բնակավայրերում և արտերկրում:
Համույթի կերտած պատմությունն ու ստեղծագործական բարձունքները խաթարվել են պատերազմի, տեղահանության պատճառով: Հայաստանում համույթի անդամները փորձում են միավորվել և վերականգնել բաց թողնվածը:
Համույթի գեղարվեստական ղեկավար Վիտալի Ղազարյանի խոսքով` ապրած արհավիրքներից հետո շատ դժվարությամբ են երգում, բայց մշակույթը ևս մի զենք է, որը պետք է կիրառել, չկոտրվել:
«Համույթի անդամները շրջափակման ընթացքում գյուղերից ոտքով հասնում էին Ստեփանակերտ, որպեսզի մասնակցեն փորձերին: Այսօր նրանք ուժ են գտել շարունակելու իրենց գործունեությունը: Սա ևս մեկ փաստ է, որ արցախցիներն ուզում են ապրել մայր Հայաստանում: Իհարկե դժվարությունները շատ են, սակայն ինչպես միշտ հայ ժողովուրդը դժվար իրավիճակներում կարողանում է միավորվել և բռունցք դառնալ:
Ռոստելեկոմ Արմենիան առաջիններից էր, որ արձագանքել է մեր նամակ-խնդրանքին և հայտնել իր աջակցությունը: Տերյան մշակութային կենտրոնը մեզ տրամադրեց տարազներ», -պատմում է հասարակական գործիչ Արեգա Հովսեփյանը:
Արցախի մշակույթի պահպանությամբ հետաքրքրված բոլոր մարդիկ կարող են իրենց դրամական աջակցությունն ուղարկել ռեԱրմենիա հարթակում տեղադրված դրամական հայտարարության միջոցով:
Տաթեւ Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: