Տոնոյանը Փաշինյանի՝ իր հանդեպ վերաբերմունքը պայմանավորում է 44-օրյա պատերազմի մասին իր մտքերով

  • 11:44 29.02.2024

Կալանավորված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, հանդես է եկել հայտարարությամբ։ Այն տարածել է նրա փաստաբան Ալբերտ Բենգլյանը։

«Փետրվարի 14-ին կայացած Քրեակատարողական ծառայության 2023 թ․ գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անարձագանք թողնել չեմ կարող:

․․․Հիշյալ խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Արդարադատության նախարարի ելույթներով հիմնավորվեց 2 կարևոր փաստ: Նախ այն, որ իմ նկատմամբ քրեական հետապնդումն ունի քաղաքական ենթատեքստ, ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից և այդ միջամտությունը այն աստիճան խորն է, որ վերջինս հետևում է իմ բոլոր քայլերին, այդ թվում՝ մորս հետ տեսակցություններին և այդ մասին չի խորշում խոսել հրապարակայնորեն:

Թե ինչու է իմ նկատմամբ քրեական հետապնդումը կրում քաղաքական բնույթ, կարծում եմ, բոլորին էլ պարզ է։ Իսկ ինձ տրամադրված կարճաժամկետ մեկնման ընթացքի հանդեպ Փաշինյանի սևեռուն ուշադրությունը, համոզված եմ, կապված էր իմ` ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստերում արտահայտված մտքերի և դիրքորոշումների հետ: Հիմնական «մտահոգիչ» պատասխանները հանրային չեն եղել և դրանց չհրապարակելը բխում է բացառապես ՀՀ անվտանգության ապահովման և ազգային շահերից և պայմանավորված չէ վարչապետի կերպարին չվնասելու «մտավախությամբ»: Հատկապես, որ դժվար է հավելյալ վնաս հասցնել անձի, որը չի խորշում անգամ դեպքից շուրջ 6,5 ամիս անց ներխուժել անձնական տարածք և շահարկման առարկա դարձնել այն, ինչը սրբություն է բոլոր նորմալ մարդկանց համար:

Կարծում եմ, որ որևէ գիտակից մարդ՝ հետևելով գործող զարգացումներին և ծանոթանալով նշված խորհրդակցությունը, այլևս չի կարող հավատալ, որ իմ գործը շինծու և հրահանգավորված չէ, իմ նկատմամբ կալանքն օրինական է և հնարավորություն կա արդարադատություն իրականացնելու»:

ՀՀ, ք. Երևան, ԵԿՔԿՀ
Փետրվարի 29, 2024թ»։

f