«Նիկոլն ասաց՝ Արցախն Ադրբեջան է, մենք լռեցինք։ Աշխարհն ասաց՝ ուրեմն հայերը բոլորն էլ համաձայն են»

  • 19:30 29.02.2024

«Արցախն այս պահին չկա, բայց մենք պիտի վերադարձնենք Արցախը, որովհետեւ եթե Արցախը չվերադարձնենք, Հայաստան չի լինելու»,- «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքում ասաց «Միասին» այլընտրանքային շարժման համակարագող Արամ Սարգսյանը։

«Այսօրվա դրությամբ տարբերակը հետեւյան է, որ սկսենք իմպիչմենթի գործըթնաց։ Այսինքն՝ Ազգային ժողովում 35+1 ձայնով սկսենք այս ստորագրահավաքը, որից հետո 72 ժամվա ընթացքում պետք է լինի քվեարկություն։ Մենք հաշվարկեցինք, եթե չունենք մեծ ճնշում ԱԺ մեծամասնություն կոչվածների վրա, ապա այդ գործընթացը հիմա սկսելը նշանակում է բերել պարտության։ Մենք պետք է այստեղ հավաքենք այնքան ժողովուրդ, որն իր կամքը թելադրելու է։ Ուրիշ ելք չունենք»,- ասաց նա։

Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդունել է մի ծրագիր, բայց իրականացրել է այլ բան․ «Ինքն այսօր օրենքից դուրս է, Նիկոլ Փաշինյանն իր կաբինետով օրենքից դուրս է, որովհետեւ խախտել է օրենքը»։ Նա նաեւ ասաց, որ կառավարման համակարգը պետք է փոխել, որպեսզի մեկ անձ չկայացնի որոշումներ, ինչի հետեւանքով հայտնվել ենք այս վիճակում։

«Մեզ անհրաժեշտ է մի քանի օր, մենք պետք է հանդիպումներ ունենանք մարզերում, որպեսզի կարողանանք տեսնել մարզերի տրամադրությունները։ Մարտի 13-ին ձեզ նորից հրավիրելու ենք հրապարակ։ Եթե «գեղը կանգնած լինի», այլեւս որեւէ բան չենք ասելու ձեզ, գնալու ենք գործողության»,- հայտարարեց Արամ Սարգսյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ն այս պահին իր ամենավտանգավոր դարաշրջանն է ապրում։ Հիմա գլխավոր հարցը միավորվելն է։ «Աշխարհը մեզ ուշադիր դիտում է։ Երբ հարց էր առաջանում՝ աշխարհն ինչո՞ւ է այսպես արձագանքում, շատ պարզ պատճառով։ Նիկոլն ասաց՝ Արցախն Ադրբեջան է, մենք լռեցինք։ Աշխարհն ասաց՝ ուրեմն հայերը բոլորն էլ համաձայն են։ Նիկոլն ասում է՝ տալիս ենք, որովհետեւ խաղաղություն ենք ուզում, մենք էլի լռել ենք, չենք ասել, որ համաձայն չենք։ Մենք պետք է ոտքի կանգնեք, որ տեսնեն՝ հայ ժողովուրդն իր արժեքային համակարգին ու իր ազգային շահերին համապատասխան է գործում»,- նշեց նա։

 

f