Մարտի 28-ին Move to Armenia-ի կողմից կազմակերպված Recruit Days տաղանդների միջոցառումը մեկտեղ էր հավաքել 40-ից ավել առաջատար ընկերությունների, բանախոսների և 3000-ից ավել հյուրերի: Middle+ մակարդակի համար նախատեսված միջոցառումը մեծ հնարավորություն է հետաքրքիր նախագիծ կամ թիմ գտնելու, գործընկերների հետ շփվելու, նոր գիտելիքներ ստանալու համար: TEDtalks ձևաչափով ելույթ ունեցան Ucom-ի, Buy.am-ի, Rostelecom-ի և հայկական այլ խոշոր ընկերությունների փորձագետները:
Time ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Լուսինե Վարդանյանն իր խոսքում նշեց, որ կա սխալ կարծիք` իբր արհեստական բանականությունը եկել է գողանալու մեր աշխատատեղերը։ Արհեստական բանականությունը կարող է դառնալ մեր լավագույն դաշնակիցը և ընկերը: Հայտնվել ենք լրիվ նոր իրականության մեջ: Ռոբոտները և մեքենաները գրավում են աշխարհը, ստեղծվել են բազմաթիվ նոր բաներ, որոնք մեզ վախեցնում են: Այսօր տեխնոլոգիաները զարգանում են լույսի արագությամբ և մենք կարող ենք դա օգտագործել ի օգուտ մեզ, ասել է նա։
Imast հավելվածի հիմնադիր Հայկ Հայրապետյանը խոստովանեց, որ 20 տարեկանից սովորություն ուներ ինքն իրեն հարցնելու`ինչումն է իր գործողությունների իմաստը: Սկզբից զբաղվում էր ծրագրավորմամբ, իսկ 2020թ. ստեղծեց իր երազանքի ընկերությունը, որն ուներ 500 աշխատող: 2021թ. նոր իմաստների փնտրտուքում էր: Մտածում էր` ինչ պետք է անեմ հետո: « Բարեգործական հավելվածը ստեղծելու գաղափարը ծնվեց 44-օրյա պատերազմի օրերին: Մարդիկ ուզում էին օգնել, սակայն չգիտեին ինչպես: Ես պատահաբար հայտնվեցի մի միջոցառման, որտեղ Հայաստանի հետ որևէ կապ չունեցող ֆրանսիացին օգնող ծրագրեր էր իրականացնում: Դա ինձ մոտ առաջացրեց ձգտում, որ ես ավելիով փորձեմ օգնել Հայաստանին: Հավելվածը հեռախոսի մեջ ներբեռնելուց հետո դուք կարող եք ծանոթանալ բոլոր ստուգված բարեգործական կազմակերպություններին: Բարեգործություն կարող են կատարել աշխարհի ցանկացած վայրում գտնվող մարդիկ` հավելվածի միջոցով փոքր գումար փոխանցելով: Մեր գաղափարն է շարունակական դարձնել բարի սովորությունները: Մեզ պետք են երիտասարդ, ամբիցիոզ երիտասարդներ մեր ծրագրերին միանալու համար”:
E-commerce կազմակերպության տնօրեն Սերգեյ Մարկոսյանը խորհուրդ տվեց բիզնեսով հետաքրքրված մարդկանց ընտրել իրենց կազմակերպությունը: Այն հնարավորություն է տալիս նոր մասնագիտություն ձեռք բերելով աշխատել աշխարհի բոլոր երկրների համար:
Recruit Days-ը մեծ հնարավորություն է բացահայտելու աշխատանքի բոլոր հնարավորությունները 40+ ընկերություններից, դրանց մշակույթի և առավելությունների վերաբերյալ հարցեր ուղղելու ընկերությունների մենեջերներին, անցնելու էքսպրես-հարցազրույց և ստանալու հաջորդ փուլի հրավեր, լսելու նախագծերի և պրոդուկտի ստեղծման, զարգացման փորձի մասին ընկերության ղեկավարներից:
Տաթեւ Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: