ՄԻԵԴ-ը 44-օրյա պատերազմի գործով լսումներ չի անցկացրել. ի՞նչ է լինելու «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 44-օրյա պատերազմի վերաբերյալ 4 միջպետական գանգատներից մեկով արդեն պետք է հրավիրած լիներ առաջին նիստը։ Բայց անհայտ պատճառներով այն ձգձգվում է,  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
2020թ–ի պատերամից հետո հայկական կողմը 4 միջպետական գանգատ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի` 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո ՀՀ սուվերեն տարածքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ և 2023թ–ի 2–օրյա պատերազմի ու Արցախի տեղահանության վերաբերյալ։
«Քանի որ դատարանները որոշակի քաղաքական պրոցեսների հետևում են, միգուցե սա նաև կապված է տեղի ունեցող պրոցեսների հետ։ Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ստորագրման գործընթացը իրենց ազդեցությունը թողնում են դատական պրոցեսների վրա ևս»,– ասում է Դրմեյանը։
Նա հիշեցնում է, որ 1 միջպետական գանգատ Հայաստանը ներկայացրել է ընդդեմ Թուրքիայի` 44-օրյա պատերազմի ընթացքում, որից հետո հայցը լրացվել է, գանգատն ամբողջացվել։
2 գանգատ էլ ՄԻԵԴ–ում Ադրբեջանն ունի ՀՀ–ի դեմ։
Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել են մեկական հայելային հայցեր, որոնք այս տարիների ընթացքում պարբերաբար լրացվել են նոր փաստերով։ Եվս 2 արբիտրաժային վեճ էլ ընդդեմ Հայաստանի Ադրբեջանը ներկայացրել է Հաագայի մշտական միջնորդ դատարան. մեկը` էներգետիկ ռեսուրսների և էլեկտրաէներգիայի արտադրության, մյուսը` ԼՂ–ում ու հարակից շրջաններում շրջակա միջավայրին ու կենսաբազմազանությանը, իբր, հասրած վնասի հարցով։
Միջպետական հայցերին զուգահեռ Հայաստանից ՄԻԵԴ են ներկայացվել տասնյակ ու նույնիսկ հարյուրավոր անհատական գանգատներ` պատերազմական տարբեր հանցագործությունների, մարդու իրավունքների խախտման փաստերով` անհատ անձանց և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։
Դրեմյանը հիշեցնում է, որ անհատական գանգատները ֆորմալ առումով քննվում են միջպետական հայցերից առանձին, բայց սովորաբար Եվրոպական դատարանը նախ լուծում է միջպետական գանգատը, ձևավորում է իր դիրքորոշումը կոնկրետ խնդրի վերաբերյալ, ապա դրանից հետո շատ արագ և կարճ ժամկետում անդրադառնում է անհատական գանգատներին։
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության փաստաթղթում կա դրույթ` միջազգային ատյաններից «հայցերի փոխադարձ հետկանչի» կամ «ցանկացած այլ ձևով այդ վեճերը լուծելու մասին»։
Նրա համոզմամբ, եթե անգամ պայմանագիրը ստորագրվի, Հայաստանը պետք է ընտրի միջազգային դատարաններում գործող հաշտեցման ընթացակարգը։
Մյուս կողմից, հայցերը հետ կանչելու տարբերակը, նրա գնահատմամբ, վնասելու է նաև անհատական հայցերի քննության ընթացքին։ Դրանք թեև միջպետական հայցերից առանձին են, բայց միջպետական հացերից հրաժարվելու դեպքում հայցի ժամկետի բացթողնման հարցեր կարող են առաջանալ։
2025թ–ի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաստաթղթում նշված է, որ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն միջազգային իրավական հարթակներում ներկայացված միջպետական ​​հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը։