Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի վիճակագրությունը հետեւյալն է՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ մուտք է գործել 924 943 մարդ, այդ թվում՝ 421 423-ը հայկական փաստաթղթերով։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից դուրս է եկել 924 660 մարդ, այդ թվում՝ 411 773-ը՝ հայկական փաստաթղթերով։
ՀՀ փաստաթղթերով Հայաստան մուտք գործած անձանց թիվը 9 650-ով ավելի է եղել, քան Հայաստանից դուրս եկողների թիվը։ Իսկ ընդհանուր մուտքերի թիվը 283-ով ավելի է եղել ելքի թվից։
Այս տարվա առաջին եռամսյակում Արցախից բռնի տեղահանված 45 690 մարդ է հաշվառվել Հայաստանում։ Ըստ այդմ՝ Հայաստանում հաշվառման գործողություններն այս տարվա հունվար-մարտին կտրուկ աճել են․ եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստանում հաշվառման գործողությունները կազմել էին 16 209, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում է 62 286։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստանում հաշվառված անձանց թիվը նախորդ տարվա առաջին եռամսյակում կազմել էր 118, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակում՝ 77։
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 7 202 մարդ, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցրել է 3 316 մարդ։
Հայաստանի մշտական բնակչության թիվն էլ աճել է 98․2 հազարով։ Ապրիլի մեկի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 039.7 հազար մարդ, իսկ նախորդ տարվա ապրիլի մեկին այդ թիվը կազմել էր 2 մլն 941.5 հազար մարդ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: