Արցախցի մի խումբ լրագրողներ հուլիսի 22-ին, խաղաղ ակցիա են իրականացրել Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհահատվածին: Ակցիայի մասնակիցներն օկուպացված Շուշիում կազմակերպված Գլոբալ մեդիա-ֆորումի մասնակիցներին կոչ են արել հավատարիմ մնալ իրենց առաքելությանը որպես լրագրող՝ ներկայացնելու ճշմարտությունը և պաշտպանելու մարդու իրավունքները և արժանապատվությունը։ Ակցիային մասնակցում էին Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ երեկ Շուշիում տեղի է ունեցել «մեդիա ֆորում», որին մասնակցել են համաշխարհային լրատվամիջոցների 50 լրագրողներ՝ Ալիեւի մասնակցությամբ։ Հայկական լրագրողական կազմակերպությունները դիմել են ֆորումի մասնակիցներին՝ Շուշիից մեկնել Ստեփանակերտ և ծանոթանալ Արցախում տիրող իրավիճակին, որը ֆորումի կազմակերպիչը շրջափակման և հումանիտար ճգնաժամի է ենթարկել։
«Հաշվի առնելով, որ դուք՝ ավելի քան 120 լրատվամիջոցներից և 50 երկրներից, այցելել եք Ադրբեջան՝ նրա բռնապետական ռեժիմի հրավերով,
հաշվի առնելով աշխարհում խոսքի ազատության ապահովման հարցում Ադրբեջանի ամենաբացասական ռեկորդներից մեկը, այդ թվում՝ ներկայումս ազատազրկման և ճնշումների տակ գտնվող բազմաթիվ լրագրողների առկայությունը,
հաշվի առնելով մանիպուլյացիաների, կեղծիքների և միջազգային լրատվամիջոցների վրա ապօրինի ազդեցության Ադրբեջանի երկարամյա փորձը,
նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ Շուշիի բնիկ հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը կեղծելու ադրբեջանական քաղաքականությունը,
Նկատի ունենալով Ադրբեջանի հակահայկական էթնիկ ատելության և խտրական պետական քաղաքականության լույսի ներքո՝ միջազգային դատարանների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված բազմաթիվ օրինակները,
ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանն ավելի քան 7 ամիս, որից 5 շաբաթը՝ լիակատար, շրջափակել է Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչությյանը՝ նրանց թողնելով առանց սննդի, դեղորայքի, վառելիքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների,
անհանգստանալով Լեռնային Ղարաբաղում վատթարացող սուր հումանիտար ճգնաժամով, սովի բարձր ռիսկերով, նորածինների և չծնված երեխաների մահացության կրկնակի մակարդակով, հղիների շրջանում անեմիայի 90%-ով, հասարակական տրանսպորտի, գյուղատնտեսական և այլ տնտեսական գործունեության դադարեցմամբ, գործազրկության և աղքատության կտրուկ աճով,
հաշվի առնելով Ադրբեջանի մերժումը՝ կատարելու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումները Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու մասին,
հաշվի առնելով միջազգային փաստահավաք առաքելությունների, օտարերկրյա լրագրողների և մարդասիրական կազմակերպությունների համար Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու, իրական իրավիճակն արձանագրելու և զեկուցելու համար Ադրբեջանի խոչընդոտները,
մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լրագրողներս, կոչ ենք անում Ձեզ ձեռնարկել հետևյալ քայլերը.
դադարեցնել Լեռնային Ղարաբաղի, շրջափակման և ընդհանուր հակամարտության վերաբերյալ միայն միակողմանի տեղեկությունների և նարատիվների հաղորդումը,
դադարեցնել խոսքի ազատության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների դեմ բռնապետական ռեժիմի կողմից աղաղակող խախտումներին աջակցելը,
գալ ձեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեր համայնքներ՝ լուսաբանելու մեր ժողովրդի իրական կյանքը և ձեզ Շուշի հրավիրողների ու կերակրողների իրական դեմքը,
հավատարիմ մնալ ձեր առաքելությանը որպես լրագրող՝ ներկայացնելու ճշմարտությունը և պաշտպանելու մարդու իրավունքները և արժանապատվությունը,
զերծ մնալ բռնապետական ձեռքում գործիք դառնալուց և էթնիկ զտումների քաղաքականությունը խթանելուց։
Հակառակ դեպքում դուք ծանր պատասխանատվություն եք կրում մարդկության դեմ շարունակվող այս հանցագործության համար:
Դժոխքի կողքին կեղծ դրախտի մասին հաղորդում տալը ո՛չ մարդկային է, ո՛չ մասնագիտական, ո՛չ օրինական:
Մենք հավատում ենք, որ դուք կարող եք փոփոխություն կատարել աշխարհում և փրկել մարդկային կյանքեր: Մենք ակնկալում ենք ձեր մարդկային և մասնագիտական աջակցությունը՝ ի պաշտպանություն ճշմարտության, մարդու իրավունքների, ազատությունների և արժանապատվության»,-նշել են արցախցի լրագրողներն իրենց կոչ-ուղերձում:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: