«Լուսարար» թերթը Արցախի կրթության նախարարության պաշտոնական թերթն է: Այն ժողովրդի մեջ հայտնի է որպես «դասատվոցը թերթ»:
Լուսարարը առաջին անգամ լույս է տեսել 1999 թ., սկզբում ամենամսյա էր, իսկ հետո ամենշաբաթյա: Թերթը պարտադիր էր բոլոր դպրոցների համար: Այնտեղ լուսաբանվում էր Արցախի կրթական կյանքը, օլիմպիադաների և ստուգումների արդյունքները: Այն տրամադրվում էր ըստ ներկայացված հայտերի, բայց որպես կանոն բոլորը հայտագրվում էին, օրինակ` Հադրութի շրջանի Մարիամաձոր համայնքի դպրոցի հայտագրված թերթերի քանակը 18 էր:
Թերթը լույս էր տեսնում Ստեփանակերտում ու հասնում Արցախի բոլոր շրջանների դպրոցներ:
Հետպատերազմյան դժվար ժամանակահատվածում և համացանցի անհասանելիության պարագայում «Լուսարարը» կրթական ոլորտի գլխավոր տեղեկատուն էր և բոլոր դպրոցները անհամբեր սպասում էին թերթին, նամանավանդ, եթե այդ համարում պետք է գրեին իրենց դպրոցի մասին:
Այս տարվա մայիսի 18-ին Հ.Թումանյանի թանգարանում փոքր դարակի վրա տեսանք «Լուսարար» թերթի մի քանի օրինակ, որոնցից մեկը բաժին հասավ նաև մեզ, որպես «դասատվոց ընտանիք»:
Լուսարարը 24 տարի Ստեփանակերտում տպվելուց հոտո այս տարի առաջին անգամ հրապարակվել է Երևանում, բարեգործական հիմունքներով, մեր ընտանիքի ուսուցիչները եւս նկատել են , որ «Լուսարարը» մնում է որպես հին ու բարի թերթ:
Այս անգամ «Լուսարարը» բովանդակությամբ ոչ այդքան կրթության, դպրոցների մասին էր, այլ հիշողությունների, հարազատ գյուղերի, կարոտի:
Քրիստինե Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: