Իմ նախնիներն ապրում էին Գիշի գյուղում:Գիշին միակ գյուղն է, որտեղ երկու գյոլ կար, որոնք անվանում էին ծով` Երե Ծովը, Ներքե Ծովը: Տատիկ-պապիկներիս գերեզմաններն այնտեղ են: Մայրս Պառավաթումբ գյուղից է: Լեգենդի համաձայն` զինվորները տատիկից հաց են ուզել, և չի տվել: Հրամանատարը հրամայել է հող լցնել պառավի վրա ու գոյացել է թումբ: Պապիկս թիթեղագործ էր և լավ զուռնա էր նվագում: Գյուղում 3 ընկերներով խումբ էին ստեղծել և հարսանիքներին մասնակցում էին: Մեր ազգում պապիկից հետո ես եմ երաժիշտ` քանոնահար եմ: Ամեն ամառ գյուղ էի գնում` Նանունց աղբյուրը, Վեսկե խաչը…
Սովորել եմ Ստեփանակերտի 8-րդ դպրոցում: Ամենացավալին կողքիս նստող տղայի զոհվելու փաստն է` 2020 թ.: 1990-ականներին նկուղներում միասին էինք մեծացել: Մենք արդեն մի անգամ այդ պատերազմն ապրել էինք: Դպրոցի ճամփին նայում էինք երկնքին. եթե սպիտակ գիծ է, ուրեմն օդային տագնապ կհնչի: 5-6 տարեկանից սկսած` պատերազմը մեր ուղեկիցն էր:
1988թ. ջարդերը մեկնարկել են Տող գյուղից: Ադրբեջանցիները մի ամբողջ ընտանիքի են մորթել: Երկու տղա երեխաներ թաքնվել են մահճակալի տակ և ողջ մնացել: Հետագայում մորքուրն է նրանց որդեգրել: Պատերազմը սկսվել է Տող գյուղից, այդ ընտանիքի պատմությունից…
1990-ականների պատերազմը ծանր էր, եթե այդ բառը կարող է նկարագրել մեր զգացածը… Ապրում էինք բազարի թաղում, առաջին հարկում: Բաղնիքանման գաղտնի տեղ էր: Ես ու եղբայրս, որպես տան փոքրեր, քնում էինք տախտակի վրա, մնացածները` նստած: Իմ մանկության ընկերներ Լիլիթի ու Գրիշիկի տունը ռմբակոծվում է: Շատ երկար են փնտրում նրանց… Միայն Գրիշիկի մարմինն են գտել այգում: Ինձ համար 90-ականների ամենածանր դրվագը նրանց մահն էր: Սովն ու ցուրտը այնքան էլ չէինք զգում: Ստեփանակերտը պահում էին գյուղերը: Պատերազմի ժամանակ մարդիկ շարունակում էին զբաղվել հողագործությամբ:
2020թ. Հադրութի կորստից հետո իմ հիշողությունները թողել եմ այնտեղ: Ես իմ անցյալը ֆոտոների տեսքով թողել եմ այնտեղ: Ինչքան էլ լավ լինի, մեր ուշքն ու միտքը լինելու է մեր հողի վրա: 1990-ականներին մի պահ Ջերմուկում էինք ապրում, ու երբ հետ գնացել եմ տուն, չոքել եմ գետնից պաչել: Փոքր էի, բայց հայրենիքի հանդեպ սերը մեծ էր: Այսօր դա անհնար է, բայց հույսը կա: Ճիշտ է, հիմա բեռն ընկել է մեր երեխաների վրա… Ցավոք, մենք միասնական չենք:
2020թ. պատերազմի ընթացքում ամուսինս վիրավորվել էր, Հադրութի մեր տուն էլ չէինք կարող վերադառնալ: Արցախի հետ կապը միշտ պահել ենք: Շատ ծրագրեր էինք իրագործում`«Գուպար» ազգային ավանդական խաղերը, «Դիզակի գույները» միջազգային սիմպոզիում: Մեր նպատակն էր Արցախում ունենալ մի ներդրում, մեր մշակութային կյանքն աշխուժացնել:
Հիմա իմ տունը քարտեզով տեսնում եմ: Զորամասին մոտիկ լինելու պատճառով այն վերածվել է հյուրանոցի: Տներում ոչինչ չկա, ամբողջ գույքը որպես աղբ թափել են պատուհաններից:
Շրջափակման ընթացքում մայրս Արցախում էր: Ամեն անգամ սնվելիս մտածում էի, որ իմ եղբայրը, հարազատները դրա կարիքն ունեն…
«Դիզակ Արտ» կենտրոնը ոտքի է կանգնել ու կարծես մեր պարտքն ենք համարել մասնակցել ցույցերին: Ամբողջ աշխարհին ուզում էինք ասել, որ երեխաները սոված են, սպասում են… Կար ժամանակ, երբ ամաչում էի խոսել տնեցիների հետ…
2023թ. սեպտեմբերի 19-ին մի ամբողջ օր հեռախոսով փորձում էի մայրիկիս տեղն իմանալ: Միայն հաջորդ օրն ենք խոսել: Հադրութը կորցնելիս այնպիսի զգացողություն էր, կարծես միակողմանի որբ ես… Արցախն ամբողջությամբ կորցնելով որբացել ենք: Հայրենիք ենք կորցրել… Մենք այն սերունդն ենք, որ տեսել է հայրենիքի կորուստ: Ներկան` ահավոր, ապագան չի երևում:
Եթե հնարավորություն լինի գնալ Արցախ, հայրիկիս գերեզման այցելելուց հետո կգնայի Հադրութի շրջանի Տյաք գյուղ: Այն ինձ համար սրբավայրի պես է:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: