7 տարվա սպասումից հետո լույս է տեսել Արցախի ռազմական շինարարության պատմությանը նվիրված մենագրություն

  • 12:15 06.06.2024

Արցախի «Կաճառ» գիտական ​​կենտրոնի նախաձեռնությամբ լույս է տեսել «Ռազմական շինարարությունը Արցախում 1991-2006 թթ.» մենագրությունը՝ նվիրված բանակի և զինված ուժերի կառուցման գործընթացի ձեռքբերումներին ու կարևոր փուլերին։

Հեղինակը ռազմական փորձագետ և լրագրող, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, Կաճառ գիտական ​​կենտրոնի տնօրեն և հիմնադիր, պահեստազորի մայոր, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանն է։

Մենագրությունը սահմանափակ տպաքանակով է հրատարակվել ռազմական և քաղաքական գործիչների, մասնագետների, ինչպես նաև պատմությամբ և ռազմագիտությամբ հետաքրքրվող բոլոր անձանց համար։ Ներառում է 416 էջ նյութ, որը կարող է հիմք դառնալ ազգային անվտանգության հայեցակարգային հիմքերի վերանայման և պաշտպանունակության բարձրացման հետևողական քաղաքականության կառուցման համար:

Մենագրության հեղինակը նշել է, որ գրքի ավելի վաղ հրատարակման համար խոչընդոտ են հանդիսացել արցախյան պատերազմներն ու տեղահանությունը։

Հարությունյանը հավելեց, որ Արցախի «Կաճառ» գիտական ​​կենտրոնը, չնայած ֆինանսական դժվարություններին, շարունակում է իր գործունեությունը Հայաստանում։ Կատարվել են մի շարք գիտական ​​աշխատանքներ, այդ թվում՝ հրատարակվել է «Կաճառի» հերթական համարը, որը պատմում է Հադրութի մասին (https://tert.nla.am/cgi-bin/koha/opac-search.pl?idx=&q=%D4%BF%D5%A1%D5%B3%D5%A1%D5%BC&weight_search=1)։

Ալվարդ Գրիգորյան