Վաշինգտոնը կշարունակի աշխատել Երևանի ու Բաքվի հետ՝ խաղաղության համաձայանգրին հասնելու համար, երեկ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով պաշտոնական Մոսկվայից հնչող տեսակետին, թե «հապճեպ» պատրաստված, «հում» խաղաղ պայմանագիրը տարածաշրջանին հարատև խաղաղություն չի պարգևի։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Բաքու հանդիպումը, որը պետք է կայանար օգոստոսի 1-ին Բրատիսլավայում ԱՄՆ միջնորդությամբ, խափանվել է։ Ինչպես ասել է Արցախի նախագահը, Բաքուն հրաժարվել է հանդիպել։ Ավելի վաղ հանդիպման մասին հայտարարել էր Արցախի նախագահին առընթեր հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Նույն գիշերը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հանդես եկավ կոշտ հայտարարություններով՝ սպառնալով «հակամարտության վերսկսմամբ», եթե կարգավորումը չկայանա «եռակողմ ձևաչափով»՝ Ռուսաստանի մասնակցությամբ։
Այնուհետև տարածաշրջան է ժամանել Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ԱՄՆ Մինսկի խմբի համանախագահ նշանակված Լուիս Բոնոն, ով պաշտոնապես հանդիպել է միայն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Փաշինյանի, Միրզոյանի կամ Արցախի ԱԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին տեղեկություններ չկան։ Բոնոն անմիջապես մեկնել է Բաքու, որտեղ նրան ընդունել են Ալիևն ու Բայրամովը։
Փորձագետները սկսեցին խոսել ամերիկյան ծրագրի տապալման մասին, և որ Ռուսաստանը կրկին նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում։ Այնուհետեւ հնչեց Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե Բաքուն ցանկանում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից։
Մինչդեռ ԱՄՆ-ն ասում է, որ կշարունակի ջանքերը։ Միլլերը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրիրը հասանելի է՝ «չնայած այս հարցում կողմ չհանդիսացող ցանկացած այլ երկրի մեկնաբանությունների»։
«Ես չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին: Ես ուզում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք անմիջականորեն առնչվում են այս քննարկմանը, անմիջական կողմեր են։ Մենք այդ երկրների հետ անմիջականորեն առնչվում ենք։ Հատուկ բանագնաց Բոնոն անցած շաբաթ մեկնեց տարածաշրջան և անմիջականորեն շփվեց նրանց հետ: Եվ մենք հավատում ենք, որ համաձայնությունը մնում է հասանելի, չնայած այս հարցում կողմ չհանդիսացող այլ երկրների կողմից ցանկացած մեկնաբանության։ Մենք կշարունակենք աշխատել կողմերի հետ՝ դրան հասնելու համար», – հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: