Օրեր առաջ «Ջրմուղ» ընկերությունը կոչ էր արել Ստեփանակերտի բնակչությանը խնայել ջուրը, քանի որ Ստեփանակերտը սնող ջրառներում արդեն իսկ ջրի պակաս կա՝ նշելով, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն ջրամատակարարման դադարեցմանը։ Խնդիրները առաջանում են չոր և շոգ եղանակի պատճառով։ Ջուրը մատակարարվում է արտեզյան պոմպերով, սակայն հոսանքի անջատումները և վառելիքի պակասը հանգեցնում են նրան, որ արտեզյան պոմպերն աշխատում են հզորությամբ կեսի չափ:
Ստեփանակերտի քաղաքապետարանից Step1.am-ին ասացին. «Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակումը ճգնաժամի է հանգեցրել գրեթե բոլոր ոլորտներում, այդ իսկ պատճառով մենք պարբերաբար կոչ ենք անում բնակչությանը խնայել առանց այն էլ սակավ ռեսուրսները։ Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը, ապա շուրջօրյա ջրամատակարարումն ապահովելու համար որոշիչ գործոններն են համակարգը սնուցող գետերի ռեսուրսները, անխափան էլեկտրամատակարարումը, անհրաժեշտ քանակությամբ վառելիքի առկայությունը, որից զրկված ենք շրջափակման պատճառով»։
Ստեփանակերտցիները խոստովանում են, որ եթե տարվա այս եղանակին կարելի է մի քանի ժամ դիմանալ առանց լույսի, ապա առանց ջրի, հատկապես բազմազավակ ընտանիքների համար, դա ուղղակի անհնար է։ Ըստ Օքսանա Գ.-ի՝ «ջրամատակարարումը նույնպես պետք է իրականացվի ըստ ժամանակացույցի»։ «Հոսանքի անջատումները կատարվում են ըստ ժամանակացույցի, և բնակչությունը հարմարվում է ժամանակացույցին։ Երբ ամեն ինչ անջատված է, գազը, ջուրը, լույսը, կապը վատ է, ժամերն օրեր են թվում»,- ասաց ստեփանակերտցի կինը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: