Արցախյան լրատվամիջոցներից մեկում տեղեկություն հայտնվեց, որ Մարտակերտի կենդանաբանական այգուց Ռուբեն մականունով առյուծին կուղարկեն Հարավային Աֆրիկա։
Առյուծը Արցախից Հայաստան է տեղափոխվել 2022 թվականի դեկտեմբերի 4-ին Վայրի բնության հիմնադրամի (FPWC) կողմից։ Նշվում է, որ Ռուբենը երբեք չի շփվել այլ առյուծների հետ, սակայն ճանապարհին կմիանա նրանց ու կապրի վայրի բնության մեջ։
Դիմեցինք Մարտակերտի շրջանի Վանք գյուղի «Էկլեկտիկա» զբոսաշրջային գոտու պատասխանատու Նվերու Ա.-ին, ով հաստատեց, որ Ռուբեն անունով առյուծը երկար տարիներ ապրել է գյուղի կենդանաբանական այգում։ Կենդանաբանական այգին, ինչպես Վանքի շատ այլ վայրեր, հիմնադրել է բարերար Լեւոն Հայրապետյանը։
Նրա խոսքով, նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ կենդանաբանական այգին գործել էր և բաց է եղել այցելուների համար։ Բայց պատերազմից հետո Հայրապետյանի հարազատները ցանկություն են հայտնել կենդանաբանական այգին Արցախից դուրս բերել։ «Մենք դիմել ենք շրջվարչակազմին՝ խնդրելով միջամտել, որպեսզի կենդանաբանական այգին մնա Արցախում։ Դա Արցախի միակ կենդանաբանական այգին էր, ու միշտ այցելուներ կային։ Սակայն իշխանությունները չկարողացան միջամտել սեփականատերերի, մասնավորապես Հայրապետյանի ժառանգների որոշմանը։ Սկզբում տարան գայլերին, արջերին, հետո առյուծին»։
Խոսելով զբոսաշրջության ոլորտի մասին՝ նա նշեց, որ պատերազմից հետո Վանքում արտաքին զբոսաշրջությունը լիովին մարեց, իսկ հունիսից սկսած տոտալ շրջափակումը ամբողջությամբ կաթվածահար արեց նաեւ ներքին զբոսաշրջությունը։
«Բայց մենք փորձում ենք ինչ-որ կերպ դիմանալ: Մենք պահում ենք անձնակազմը, քանի որ հուսով ենք, որ շրջափակումը կավարտվի։ Կան մի քանի նախագծեր, որոնք պետք է վերակենդանացնեն առնվազն ներքին զբոսաշրջությունը, եթե վառելիքի վիճակը լավանա»,- ասաց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: