Հայաստանի կառավարությունը չունի հաշվարկ, թե Արցախի կորուստն ինչ ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության վրա։
Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին․ «Արցախի կորստով Հայաստանի տնտեսական կորուստը որքա՞ն է կազմել»։ Պատգամավորը նշեց, որ Արցախում սպառվում էին հայաստանյան արտադրության որոշ ապրանքներ, բայց Հայաստանում էլ սպառվում էին Արցախում արտադրված ապրանքները։ Արցախի կորստով այդ ապրանքները Արցախից բերելու փոխարեն դրսից ենք ներմուծում՝ վճարելով արտարժույթով։
Նախարարն ասաց, որ հաշվարկ չկա։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից ապրանքների արտահանման եւ ներմուծման փոփոխության հետ կապված ազդեցությանը, մենք նման վերլուծություն չունենք։ Համենայնդեպս ես դրա մասին տեղյակ չեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել, թե ինչ ազդեցություն է դա թողել Հայաստանի տնտեսության վրա։ Բայց կարող եմ ասել՝ քանի որ 2023 թվականին էլ բլոկադայի մեջ էր գտնվում Լեռնային Ղարաբաղը, այնտեղից ոչ մի ապրանք ոչ ներմուծվում էր, ոչ արտահանվում, ապա 2024 թվականի ցուցանիշները 2023-ի հետ հնարավոր չէ համեմատել»,- հավելեց Վահե Հովհաննիսյանը։