«Ադրբեջանից հայտարարել են, որ Տավուշում այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն իրենց նախաձեռնությամբ է տեղի ունենալու, ինչը մեզ համար խիստ մտահոգիչ է»,- այսօր ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ինչո՞ւ սահմանազատման-սահմանագծման գործընթացը չի սկսվում Ներքին Հանդից, ինչո՞ւ չի սկսվում Ջերմուկից ու Գեղարքունիքի մարզից, նպատակն ավելի քան պարզ է»,- հարցադրում արեց պատգամավորը։ Նա նշեց, որ հերթական թիրախում Կիրանց-Ոսկեպար ճանապարհն է, այդ ճանապարհին 4-5 հատման վայրեր կան, ադրբեջանական կողմն այդ տարածքների նկատմամբ նկրտումներ ունի։
Գառնիկ Դանիելյանը նշեց, որ հարցին, թե հայկական 32 բնակավայրերի հետ կապված ի՞նչ նպատակներ ունեն եւ պատրաստվո՞ւմ են այդ 32 բնակավայրերը վերադարձնել Հայաստանին, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ այդպիսի բան գոյություն չունի, եւ հայկական կողմը որեւէ սանտիմետր չի ստանալու։
«Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովն այս հարցերի պատասխանները պետք է տա»,- ասաց Դանիելյանը։ «Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմն իր պահանջների մեջ հետեւողական է, եւ հայակական կողմն անընդհատ գնում է զիջումների։ Դրա վառ ապացույցն են Մինսկի խմբի լուծարման, Սահմանադրության փոփոխության մասին հայտարարությունները»,- հավելեց նա։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: