Եթե Արցախի խնդիրը «ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության ու դրանց հասցեագրման» և հումանիտար ճգնաժամի խնդիր է, ինչպես ներկայացնում են Նիկոլից մինչև աշխարհով մեկ ցրված լոբբիստական կառույցներ, այդ դեպքում պետք է պատասխանել նույն միջազգային հանրության և Բաքվի տրամաբանական հարցադրմանը՝ իսկ ինչու չեք օգտվում Ակնայի ճանապարհից: Կարճ, էժան, հարմարավետ՝ ինչ տարբերություն, թե սնունդը, էներգակիրները, մնացած ապրանքները որտեղից կգան։ «Ակնայի ճանապարհը չի կարող Լաչինի միջանցքի այլընտրանքը լինել» պնդումն այս դեպքում ավելի շատ տվյալ հարցադրման օգտին է. հատկապես ինչու չի կարող:
Իսկ եթե Երևանը և Ստեփանակերտը պնդում են Բերձորի միջանցքի 5+5 կմ արտատարածքային կարգավիճակի և ազատ տեղաշարժի վրա, պետք է նույնպես բացատրեն, թե ինչու։ Իրավունքների ու անվտանգության հասցեագրման ու հումանիտար ճգնաժամի վկայակոչումները, ինչպես քիչ առաջ ցուցադրեցինք, բոլորովին հիմնավորում չեն։ Ավելին, Երևանի այդ հայտարարությունները և գործողությունները միջանցքի կարգավիճակի վերացման առաջնորդություն են նշանակում: Դրանք լրացնում են ավելի վաղ տեղի ունեցածը. հայկական բանակը 5+5 կմ հատվածում, այսինքն Լաչինի էքստերիտորիալ միջանցքի եզրին, սահմանապահներով փոխարինելը պետական սահմանի կարգավիճակ տվեց 10 կմ մի հատվածի, որն ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության այդպիսին չէր՝ չէր կարող ազերբայդժանական սահմանային անցակետ ունենալ, քանի որ սահման չէր։
Նոյեմբերի 9-ի թղթին հղումը նույնպես հիմնավորում չէ՝ գետնի վրա Երևանի գործողությունները հակասում են այդ թղթի համապատասխան կետին։ ՄԱԿ ԱԽ-ին Երևանի դիմումի մեջ բացակայում է միջանցքի 5+5 կմ լայնությամբ արտատարածքային կարգավիճակի, այսինքն՝ այն ազերբայդժանին չպատկանելու մասին հիշատակումը և այդ տարածքը Բաքվի ռազմական ու ոստիկանական ներկայությունից ազատելու պահանջը։ Իսկ ՄԱԿ դատարանին երկրորդ դիմումով Երևանը հաջողությամբ օրինականացրեց Բաքվի անցակետը։
Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի պահանջը բխում է միայն մեկ բանից. Արցախի բնիկ մեծամասնության՝ հազարամյակների ազգային-պետական ավանդույթը չընդհատելու իրավունքից։ Եթե պահանջների հիմքում այս բանաձևը չէ՝ միջազգային հիմնարար երեք սկզբունքների հավասարության հիմքով Արցախի խնդրի կարգավորմամբ, մնացյալը թշնամական ագենտուրային քայքայիչ գործունեություն է՝ գիտակցված թե ոչ, այլ հարց չէ։
Եթե պահանջների հիմքում դրվում է այս բանաձևը, այդ դեպքում առաջանում է կոնկրետ գործողությունների խնդիր՝ հայկական խորհրդարանում հայկական հիմնարար իրավունքների քննարկումից մինչև ուժային գործողություններ՝ այդ իրավունքները պաշտպանելու համար, ինչպես նաև լոբբիստական գործունեության բնույթի ու բովանդակության արմատական փոփոխություն։
«ԼՂ բնակիչների իրավունքներ և անվտանգություն և դրանց հասցեագրում» դեբիլության, հումանիտար ողբի, մոմավառությունների համազգային հեշտանքից դեպի սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացում եւ նպատակային գործողություններ։ Ահա ուղղությունը:
Ահա այստեղ է խնդիրը․ քաղաքական ա՞զգ՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի գիտակցմամբ, թե այստեղ- այնտեղ, մոտ ապագայում արդեն՝ իր «ինքնիշխան տարածքում» ծիսական համայնք՝ ենթակա վերացման։ Առաջինը մերժված է հայկական վերնախավերի ճղճիմ ծագման ու ծախու նկարագրի հետևանքով: Երկրորդին հակումը աչքի առաջ է։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: