Խորհրդի առաջարկը – «Տարբեր կետերում շահառուների մի շարք ցուցակների հղում անելու փոխարեն ստեղծել հնարավորություն վերանայելու և ճշգրտելու բռնի տեղահանված անձանց շտեմարանը, այդ թվում՝ քննարկելու կուտակված դիմումները և ստանալու նոր դիմումներ՝ մեկ միասնական և ճշգրիտ շտեմարան ձևավորելու նպատակով պետական լիազոր մարմնում»։
Կառավարության արձագանքը – Ներկայացված խնդիրների կարգավորման նպատակով առաջիկայում ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով՝ Ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուների անհատական դեպքերն ուսումնասիրելու համար։ Այս նպատակով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշման մեջ նախատեսվում է կատարել լրացումներ։
Խորհրդի առաջարկը – «Առաջին փուլի շահառու համարել այն ընտանիքներին, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ անշարժ գույքի արժեքի 20% չափով հավելյալ հիփոթեկային վարկ կստանան, կամ բնակարան ձեռք կբերեն կամ բնակելի տուն կկառուցեն 2 րդ և 3 րդ հավելվածների բնակավայրերում»:
Կառավարության արձագանքը – «Նախատեսվում է առաջիկայում Ծրագրին դիմելու հնարավորություն ընձեռել բոլոր թիրախային խմբերին՝ անկախ ընտանիքում անչափահաս երեխաների թվից և այլ խոցելի խմբերին պատկանող անձանց առկայությունից։
Խորհրդի առաջարկը – Հրաժարվել ընտանիքի ամբողջ կազմին պետական աջակցությունից զրկելու մոտեցումից՝ աջակցության դադարեցումը կիրառելով միայն ծրագրի պայմանները խախտած անձի նկատմամբ»։
Կառավարության արձագանքը – Ներկայում քննարկվում է առաջարկի կիրառման մեխանիզմը, մասնավորապես՝ նախատեսվում է Ծրագրի պայմանները խախտած անձանց հասանելիք գումարի չափով հնարավորություն ընձեռել ընտանիքին վճարել վարկի ամսական մարումները։ Այս դեպքում աջակցությունը կշարունակվի, հակառակ դեպքում՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կանցնի պետությանը։
Խորհրդի առաջարկը – «Թույլատրել, որ շահառուները կարողանան միավորել իրենց հավաստագրերը բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերով ստացած հավաստագրերի հետ, ինչպես նաև բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերի հետ համատեղելու կետում ավելացնել նաև երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան ծրագիրը»:
Կառավարության արձագանքը – Գործող կարգով մասնակիորեն նախատեսված է այս դրույթը, մասնավորապես՝ եկամտահարկի վերադարձի և երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի մասով։ Այստեղ նախատեսվում է հնարավորություն ընձեռել նաև օգտվելու բնակարանային ապահովման պետական աջակցության այն ծրագրերից, որոնցում համապատասխան սահմանափակումներ նախատեսված չեն և որոնց պայմանները չեն հակասում Ծրագրի հիմնական պայմաններին։
Խորհրդի առաջարկը – «Հավաստագիր տրամադրել հայտ ներկայացրած ընտանիքի դիմելու օրվա դրությամբ առկա բոլոր անդամներին՝ այդ թվում նորածիններին»:
Կառավարության արձագանքը – Քննարկվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնված երեխաներին Ծրագրի շահառու համարելու հարցը, եթե ընտանիքը հավաստագիրը կստանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
Խորհրդի առաջարկը – «Սահմանել, որ բանկերի կողմից շահառուների վարկունակության գնահատման ժամանակ հավաստագրի գումարը չհաշվարկվի որպես պարտավորություն, քանի որ այն պետք է մարվի կառավարության կողմից»։
Կառավարության արձագանքը – Ներկայացված խնդիրը քննարկվել է գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ, որին ի պատասխան հավելյալ վարկավորում իրականացնող բանկերը հավաստիացրել են, որ հավելյալ վարկ տրամադրելու դեպքում վարկունակության գնահատումն իրականացվում է բացառապես հավելյալ վարկի չափով։ Ուստի նման խնդիր ներկայում առկա չէ։
Խորհրդի առաջարկը – «Բարձրացնել մնացորդային գումարի օգտագործման սահմանաչափը՝ հասցնելով հավաստագրի ընդհանուր գումարի առնվազն 50%-ին»։
Կառավարության արձագանքը – Առաջարկն ընդունելի է։