
Եթե Ադրբեջանի իշխանությունները քրեական պատասխանատվության ենթարկվեն իրենց գործած հանցագործությունների համար, դրա արդյունքը կարող է լինել նաեւ արցախցիների վերադարձը։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Կալիֆորնիայի առաջին ատյանի դատարանի դատավոր, Ճշմարտության եւ Արդարադատության կենտրոնի համահիմնադիր Գասիա Աբգարյանը։
Նշենք, որ Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնն այս օրերին Երեւանում անցկացնում է «Հանցագործությունները խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով համաժողովը։
«Ես զբաղվում եմ Ադրբեջանի քրեական հանցագործություններով։ Կարեւոր չէ՝ ում դեմ են այդ հանցագործությունները՝ արցախցու, թե՞ հայաստանցու։ Օրինակ՝ Բավքի բանտում գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի իրավունքների պաշտպանությամբ նույնպես զբաղվում ենք։ Մեր աշխատանքի առանցքում այն է, թե ինչպես պետք է Ադրբեջանին եւ իր հովանավորներին քրեական պատասխանատվության ենթարկել»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով արցախցիների իրավունքներին եւ վերադարձի հարցին, Գասիա Աբգարյանը նշեց․ «Չպետք է սուտ խոսեմ, ես վերադարձի ոչ մի հնարավորություն չեմ տեսնում այսօր։ Գիտեմ, որ արցախցիներն այդ հույսով են ապրում։ Վերադարձը կարող է լինել արդյունք, երբ մենք արդեն Ադրբեջանին հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկենք։ Դա կարող է լինել արդյունքը, բայց այսպես հետ վերադառնալը, առանց Ադրբեջանի հանցագործությունները բացահայտելու եւ իրենց պատժելու, հնարավոր չեմ համարում։ Ո՞ր հայը կգնա կապրի այսօրվա Արցախում, եթե այն ամբողջությամբ Ադրբեջանի տիրապետության տակ է։ Դրա համար փուլ առ փուլ պետք է այդ հարցը լուծել։ Մենք աշխատում ենք, որ իրենց հանցագործ ճանաչենք, որպեսզի դրա արդյունքը լինի արցախցիների վերադարձը»։
Գասիա Աբգարյանի խոսքով՝ արդեն 5 տարի է՝ աշխատանք են տանում Արդբեջանի իշխանությունների հանցագործությունները միջազգային ատյաններ ներկայացնելու ուղղությամբ։ Նա ասաց, որ փաստեր են հավաքել, զեկույցներ են պատրաստել ու ուղարկել Միջազգային քրեական դատարան եւ այլ միջազգային դատարաններ։
Այս համաժողովում քննարկվում են նաեւ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերում փոփոխություններ կատարելու հարցերը, որպեսզի ագրեսիան համարվի հանցագործություն եւ քրեականացվի։ Շատ երկրներ կողմ են ՄԱԿ-ի փաստաթղթերի եւ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության փոփոխություններին, որոնք թույլ կտան ոչ միայն ագրեսիան համարել միջազգային հանցագործություն, այլեւ ստեղծել ագրեսիան կանխելու եւ պատժելու միջազգային մեխանիզմներ՝ ընդլայնելով ՄՔԴ-ի լիազորությունները: Բանախոսները նշել են, որ առանցքային նշանակություն ունի ագրեսիայի հանցագործության նկատմամբ ընդլայնված իրավազորության ապահովումը Միջազգային քրեական դատարանի համար։
Գասիա Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ագրեսիան առանձին քրեական հանցագործություն է, տարբեր երկրներ պետք է այդ օրենքն ընդունեն։ Այսօր Հայաստանը տուժող երկիր է, ուզում ենք Հայաստանը դա անի ոչ միայն հանցագործությունների համար, այլ նաեւ դա Հայաստանին կտա քաղաքական եւ ռազմական ելք։ Դա ինքնապաշտպանություն կտա Հայաստանին»։
Ադրբեջանը, Արցախից բացի, օկուպացրել է նաեւ Հայաստանի տարածքները եւ շարունակում է նկրտումներ ունենալ ՀՀ տարածքների նկատմամբ։ Գասիա Աբգարյանի խոսքով՝ Ադրբեջանն անօրինական ճանապարհով օկուպացրել է Հայաստանի տարածքը, եւ դա պետք է անընդհատ բացահայտվի։ Նրա խոսքով՝ Սյունիքի ժողովուրդը հայտնվել է ադրբեջանական թիրախում, ամեն օր նրանց ուղղությամբ կրակում են։ «Դա հանցագործություն է, եւ ինչպես մյուս հանցագործությունները, դա եւս պետք է բացահայտվի»,- հավելեց նա։
Ռոզա Հովհաննիսյան