Ալիևը “դարավոր” պատմություն է ստեղծում, հայերն են հրաժարվում են հազարամյա քաղաքակրթությունից

  • 15:29 03.11.2025

Ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Գիտությունների ազգային ակադեմիայի հիմադրման 80-ամյակին։

«Մեր ժողովուրդը ներդրում է ունեցել այն երկրների պետականության մեջ, որտեղ ապրում է, և այսօր էլ ոչ մի երկրում ադրբեջանցիները խնդիրներ չեն ստեղծում և չեն ստեղծի որևէ պետության կամ որևէ այլ ժողովրդի համար։ Հետևաբար, ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը», – ասել է Ալիևը՝ հավելելով. – «Մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները և, իհարկե, գիտնականները պետք է աշխատեն դրան հասնելու համար»։

«Ցավոք, տարիներ շարունակ հայկական կողմը և սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը, և այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները, ասօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գոյչա։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները. դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից բերել, վերաբնակեցրել է Ղարաբաղում՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք և տարածենք դրանք», – հայտարարել է Ալիևը։

Պնդելով, թե Ադրբեջանի պետականությունը դարերի պատմություն ունի, Ալիևը հանձնարարել է գիտնականներին «ավելացնել Ադրբեջանի պատմությունը ուսումնասիրող, փառաբանող գիտական աշխատանքները»։

Անկասկած, այն գիտնականների «ջանքերը», որոնց Ալիևը բնակարաններ և ամառանոցներ է նվիրում, կարդարացնեն նրա սպասումները, և Ադրբեջանը կստանա «դարավոր պատմություն», որը, հնարավոր է, նույնիսկ արտացոլվի «բարեկամական» երկրների պատմական տարեգրություններում: Ալիևը ինքնությունը չի ստեղծում օդից, այլ հիմնված է այն իրավունքների և հողերի վրա, որոնցից հայերը կամավոր հրաժարվում են: Աշխարհի քաղաքական գործիչները ցնցված են հայկական վերնախավից, որը վախենում է նույնիսկ խոսել իր իրավունքների, առավել ևս դիմադրության մասին: Ահա թե ինչու Ալիևը խոսում է Հայաստանի կազմավորման գործում ադրբեջանցիների «ներդրման» և այն մասին, որ Ռուսաստանը և Իրանն են հայերին վերաբնակեցրել Ղարաբաղում: Երևանը, հավանաբար, պաշտոնապես չի առարկի նրան, ավելի հավանական է, որ կաջակցի նրան: