
Հայաստանը մինչև նույնիսկ ինձ, իմ նախորդները, իմ գործընկերները հսկայածավալ աշխատանք են արել, ներկայացրել են միջազգային ատյաններում բոլոր բողոքները, դիմումները, ես նույնիսկ ավելացնելու բան չեմ ունեցել, որովհետև այնպիսի որակյալ աշխատանք է կատարված եղել մինչև իմ այս պաշտոնում հայտնվելը, որ ուղղակի մենք պետք է սպասենք արդեն այլ գործընթացների, օրինակ, միջազգային դատական ատյանների որոշումներին։ Այս մասին ասե է Միջազգային իրավական հարցերով ՀՀ նոր ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ խոշտանգումների բազմաթիվ ահազանգեր կան, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։
«Նաև պետք է սպասենք արդեն խաղաղության գործընթացի զարգացումներին, դիվանագիտական այն մեծ աշխատանքին, որ այսօր կատարում են մեր մի շարք կառույցներ, Արտաքին գործերի նախարարությունը, մի շարք հատուկ ծառայություններ և այլն։ Թույլ տվեք այս հարցով որևէ այլ բան չմեկնաբանեմ, որովհետև մնացած ընթացիկ բանակցությունները իրենց տիրույթում են։ Իմ տիրույթում է միայն հետևել, որ մեր միջազգային վեճերը, որոնցով մենք բարձրացրել ենք գերիների այդ ցավոտ հարցը և անհետ կորածների հարցը, ի վերջո ստանա դատական ճիշտ արձագանք»,– ընդգծեց նա։
Նա նաև ասաց, որ ոչ մի հրաման չկա՝ միջազգային ատյաններից Հայաստանի հայցերը հետ կանչելու մասին։ Հիշեցնենք, որ նման քայլ նախատեսված է Հայաստան-Ադրբեջան պայմանագրով։ Եւ հենց պայմանագիրը կստորագրվի, Հայաստանը ստիպված կլինի հրաժարվել իր բոլոր իրավական պահանջներից։