
Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվող ցանկացած երկիր «խիստ պատժամիջոցների կենթարկվի», – հայտարարել է Թրամփը։
Ռոյթերսի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունը պատրաստում է օրինագիծ, որը թույլ կտա պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվող ցանկացած երկրի նկատմամբ։
Այս օրինագիծը ԱՄՆ-ին լիազորություն կտա մինչև 500% մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ներմուծվող ապրանքների վրա, որոնք գնում են ռուսական էներգիա և ակտիվորեն չեն աջակցում Ուկրաինային։
«Ինչպես գիտեք, ես եմ առաջարկել սա [պատժամիջոցները – խմբագրի նշում], ուստի Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվող ցանկացած երկիր կենթարկվի շատ խիստ պատժամիջոցների», – կիրակի օրը ասել է Թրամփը։
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ Սենատը հետաձգեց այս օրինագծի քննարկումը «մինչև Պուտինի հանդիպումը Թրամփի հետ», – հաղորդել է Bloomberg-ը։
Հրապարակման համաձայն՝ պատժամիջոցները հիմնականում կանդրադառնան Չինաստանի և Հնդկաստանի վրա։ Թրամփը հավելել է, որ այս ցանկին կարող է ավելացվել նաև Իրանը։
Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ ԱՄՆ Սենատը մեկ ամսվա ընթացքում կքվեարկի այս օրինագծի շուրջ։
Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել «Լուկոյլի», «Ռոսնեֆտի» և դրանց դուստր ձեռնարկությունների նկատմամբ։ «Դոժդ»-ի փորձագետը այս պատժամիջոցները անվանել է պատերազմի սկզբից ի վեր ամենաարդյունավետը։ Նոյեմբերի 14-ին հաղորդվեց, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կասեցրել է «Լուկոյլի» դեմ պատժամիջոցների մի մասը՝ ընկերությանը ժամանակ տալով վաճառելու իր արտասահմանյան ակտիվները, հաղորդում է «Դոժդը»։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ներկայումս գտնվում է Հայաստանում՝ քննարկելու ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունները՝ «Թրամփի ճանապարհի» և տարածաշրջանում «խաղաղության գործընթացի» համատեքստում։ Արդյո՞ք ԱՄՆ նոր պատժամիջոցները կազդեն Հայաստանի վրա, որը գրեթե բացառապես Ռուսաստանից է ստանում իր գազը, ինչպես նաև իր բենզինի մեծ մասը։