Հայացք Եվրոպայի խորհրդից․ ինչ կարիքներ ունեն փախստակնները

  • 21:31 20.11.2025

Արձագանքելով 2023 թվականի սեպտեմբերին տեղահանված անձանց և փախստականների զգալի հոսքին դեպի Հայաստան՝ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է գործողությունների փաթեթ՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը և ուժեղացնելու փախստականների, հատկապես խոցելի խմբերում ընդգրկված անձանց իրավունքների պաշտպանությունը։

Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում: Այս վեց ծրագրերը միասին նպատակ ունեն պաշտպանել տուժած բնակչության մարդու իրավունքները:

Օրերս Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներ են այցելել Հայաստան։ ՀՀ Հանրային ռադիոյի հետ բացառիկ հարցազրույցում նրանք խոսել են, մասնավորապես փախստականների աջակցության փաթեթի արդյունքների մասին։

-Մենք մարդասիրական կազմակերպություն չենք, որ հենց զբաղվում է փախստականների միգրացիայի հարցերով, բայց ունենք որոշակի դերակատարում և մեր հատուկ ներկայացուցիչը՝ փախստականների միգրացիայի հարցերով։ Երևանյան քննարկումը ցույց տվեց, որ կարևոր դերակատարում և լավ արդյունքներ ենք ունեցել փախստականների աջակցման փաթեթի շրջանակում։

Դիտարկումները փաստում էին, որ փախստականների մեծ մասը բնակվում է համայնքներում ու հասկացանք նաև, որ կանայք ու երեխաները առանձնակի մոտեցման կարիք ունեն։

Ծրագրի ևս մեկ նպատակն է բարելավել տեղահանված անձանց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը՝ ապահովելով նրանց իրավունքների և առկա ծառայությունների մասին տեղեկություններից օգտվելու հնարավորությունը։ Փախստականների մեծ մասը համայնքներ է գնացել, որտեղ չկային բազային պայմաններ ընդունելու մարդկանց հոսքը։ Մեր հիմնական նպատակն էր համայնքներն ուժեղացնել, մարդկանց տեղավորելու համար միջոցներ ապահովել։

Մենք տեսանք, որ փախստականները կարողանում են օգտվել համայնքների աջակցությունից։ Հիմնականում տեղավորվում են այնտեղ, աշխատանք գտնում, ոմանք էլ ցանկանում են տուն գնել այնտեղ։ Դա տեսանք Վեդիում։ Համայնքներում մեր աջակցությունը սկսել ենք 2 տարի առաջ, ու դրա ազդեցությունը բավականին դրական է։ Մարդիկ ինտեգրվում են համայքներում։ Միանշանակ կա Հայաստանում մնալու նրանց ցանկությունը։

Աշխատում ենք ավելի փոքր համայնքների հետ, քանի որ այդտեղ հոսքերի ազդեցությունն ավելի մեծ է։ Կարիք եղավ աջակցություն ցուցաբերել կանանց, որ վերականգնվեն, վերակառուցեն կյանքը։ Հոգեբանական աջակցության լուրջ կարիք կար։ Նրանց համար կարևոր էր իմանալ սեփական իրավունքները։ Իհարկե, կարևոր էր ապրուստի միջոց գտնելը։ Կար նաև հմտությունների բաց, որը պետք էր լրացնել։ Երբ ծրագիրը մեկնարկեց, կարողացանք քաղհասարակության աջակցությամբ փոքր դրամաշնորհներով լրացնել այդ բացերը։

Իրագործեցինք փոքր բիզնեսի զարգացման, կանանց զորացման ծրագրեր։ Մասնակցել են ինչպես փախստական, այնպես էլ տեղաբնակ կանայք, ինչը մեծ նշանակություն ունի ինտեգրման համար։

Տեղահանության հետ կապված ցանկացած աշխատանքում մեծ է լրատվամիջոցների դերը։ Ունեցել ենք ծրագրեր, որտեղ լրատվամիջոցների օգնությամբ լուսաբանվել են դրական ելքերով մի շարք պատմություններ։

Տեղահանվածների շարքերում են բանիմաց ու ճանաչված մասնագետներ, որոնք իրենց որակավորումը Հայաստանում չեն ստացել ու կանգնել են որոշակի խնդիրների առաջ։ Մենք աջակցել ենք այդ մարդկանց, որ կարողանան ձեռք բերել համապատասխան փաստաթղթեր ու մտնեն Հայաստանի աշխատաշուկա։