
ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատորներ Էդ Մարկիի (դեմոկրատ, Մասաչուսեթս) և Շելդոն Ուայթհաուսի (դեմոկրատ, Ռոդ Այլենդ) գլխավորությամբ, և Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերի (դեմոկրատ, Նյու Յորք) աջակցությամբ, նամակ են հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով Թրամփի վարչակազմին պահանջել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։
Ամերիկայի Հայ Դատի Կոմիտեի տվյալներով՝ Թրամփի վարչակազմին ուղղված նամակում սենատորները կոչ են արել թույլ տալ միջազգային դիտորդներին մասնակցել Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարություններին և կիրառել Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցներ Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։
Սենատորների նամակում մանրամասն նկարագրվում է 2020 թվականի Արցախյան պատերազմի, 2023 թվականի Արցախի շրջափակման և ցեղասպանական էթնիկ զտումների ժամանակ գերի վերցված առնվազն 23 հայ ռազմագերիների Ադրբեջանի կողմից շարունակական կալանավորումը: Ձերբակալվածների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ, արտաքին գործերի նախարարներ և խորհրդարանի ղեկավարներ, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Դավիթ Իշխանյանը։
Նամակում ընդգծվում է, որ «երկու տարի է անցել այն բանից, երբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ իրականացված շրջափակումը և ռազմական ագրեսիան բերել են 120,000 հայ քրիստոնյաների բռնի տեղահանման տարածաշրջանից, ինչը հանգեցրեց այն բանին, ինչը միջազգային իրավական փորձագետները անվանում են էթնիկ զտում»:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախագծում բացակայում են հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ որևէ դրույթ: Մագնիտսկու պատժամիջոցները շարունակում են մնալ ռազմագերիների ազատ արձակումն ապահովելու և Հայաստանի դեմ հետագա ագրեսիան կանխելու կարևոր գործիք», – նշվում է նամակում: